«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՆԺԱՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

ՆԺԱՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
18.11.2011 | 00:00

Օրերս Փարիզում ավարտվեց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Առաջ անցնելով ասենք, որ տղամարդկանց մեր ընտրանին կարողացավ պահպանել լոնդոնյան օլիմպիական խաղերի մասնակցության չորս տեղը, կանանցը կիսով չափ նվազեց, դարձավ երկու: Օրվա մարզական հրատապ նորությունները բաց չթողնելու պատճառով մեր մարզիկների մրցելույթների մանրամասն անդրադարձի կողքին ստիպված էինք առանձին քաշային կարգերում ծավալված պայքարը ներկայացնելը թողնել հետոյին: Այսօր լրացնում ենք այդ բացը և ոչ միայն:
ՆԱԵՎ ՀԵՌԱԿԱ ԴԱՍԵՐ
Կանանց 75 կգ քաշային կարգում դժվար էր հավատալ, թե որևէ մեկը կարող էր խառնվել Ղազախստանը ներկայացնող Սվետլանա Պոդոբեդովայի և ռուս Նադեժդա Եվստյուխինայի գործերին, ու դա շատ պարզ պատճառով. երկուսն էլ այլ ճախրանքի «թռչուններ» են: Մրցակցությունն այստեղ կրկին ցույց տվեց, թե որքան թանկ է յուրաքանչյուր մոտեցումը, որի արժևորումը թեպետ կա և մեր մարզիկների մոտ, սակայն տեխնիկական, հոգեբանական պատրաստվածության առումով իրականացումը չափազանց վատ է ստացվում: Աշխարհի գործող չեմպիոնի մեկ վրիպումը բավական եղավ, որ Եվստյուխինան բաց չթողնի իր շանսն ու միկրոմրցամարտն ավարտի չեմպիոնական տիտղոսով: Ավելին, հաջողությունից ոգևորված, պոկում վարժության երրորդ մոտեցումով նա սահմանեց աշխարհի նոր ռեկորդ` երկամարտում հավաքելով 393 կգ (130+163): Պոդոբեդովայի արդյունքն էր 287 կգ (131+156): Բրոնզե մեդալը բաժին հասավ հյուսիսկորեացի Ջու ՈՒն Կիմին` 265 կգ (114+151):
Տղամարդկանց 85 կգ քաշային կարգն առանձնացավ նրանով, որ Բ խմբում հանդես եկած բելառուս Անդրեյ Ռիբակովը 178 կիլոգրամ արդյունքով արժանացավ պոկում վարժության չեմպիոնի կոչմանը: Ինչ վերաբերում է մրցանակային եռյակին (երկամարտ), առաջինն իրանցի Քիանուշ Ռոստամին էր` (382=173+209), երկրորդը` ֆրանսիացի Բենջամեն Հենեքինը (378=170+208), երրորդը` լեհ Ադրիան Զիելինսկին` աշխարհի անցած տարվա հաղթողը (376=174+202):
Ինչ խոսք, որ քաշային այս կարգը մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է, քանի որ այստեղ ունենք Արա Խաչատրյան, ով այս առաջնությունը բաց թողեց մրցումների նախաշեմին ստացած վնասվածքի պատճառով ու էապես թուլացրեց մեր հավաքականի հարվածային պոտենցիալը: Մարզասերները, հարկավ, լավ գիտեն, որ Արան մեր ընտրանիում օլիմպիական հեռանկարով դիտարկվող մարզիկ է, երկամարտի կտրվածքով Տիգրան Մարտիրոսյանի հետ մեր օլիմպիական հույսը:
94 կիլոգրամ քաշային կարգում ամուր նյարդերի իսկական դաս տվեց Ղազախստանը ներկայացնող Իլյա Իլինը: Ծանրորդը հրում վարժությունում առաջին մոտեցումով (մրցակիցներն արդեն ավարտել էին մրցելույթները) նախ ապահովագրվեց զրո ստանալուց, ապա երկրորդ մոտեցումով հաղթահարեց 226 կիլոգրամ կշռող ծանրաձողը: Երկամարտի նրա արդյունքը 407 կիլոգրամ էր: Ի դեպ, մարզիկը չօգտագործեց երրորդ մոտեցումը, քանի որ ունեցած արդյունքը միանգամայն բավարար էր չեմպիոնի կարգավիճակով տուն դառնալու համար: Ահա այսպիսի բացահայտ առավելություն: Նույնքան կիլոգրամով երկրորդը ճանաչվեց ուկրաինացի Արտյոմ Իվանովը (186+221): Երրորդն իրանցի Սաիդ Մոհամադպուրկարկարաջն էր (402=181+221):
105 կգ քաշային կարգում տոն տվողները ռուսաստանցի մարզիկներ Հաջիմուրադ Ակաևն ու Դմիտրի Կլոկովն էին, ովքեր երկամարտի 430 (198+232) և 428 (196+232) կիլոգրամ արդյունքով դարձան ոսկե ու արծաթե մեդալակիրներ: Սա բացառիկ բան էր, որ երկու մրցանակակիրներն էլ արդյունավետ օգտագործեցին բոլոր վեց մոտեցումները: Ի դեպ, նույնը կրկնեց նաև վրացի Գիա Մաչավարիանին, սակայն, փայլուն կատարելով հրում վարժության իր երրորդ մոտեցումը, ուկրաինացի Օլեքսիյ Տարախտիյը կարողացավ նրանից խլել երկամարտի բրոնզե մեդալը (410 =181+229):
Ի՞ՆՉ ՀԱՎԱՍՏԵՑ ՓԱՐԻԶԸ
Առաջին հերթին այն, որ Չինաստանը կա և մնում է ծանրամարտի կայսրություն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականների մակարդակով (սակայն կանանց առայժմ թողնենք մի կողմ): Բավական է ասել, որ չին ծանրորդները Փարիզից հեռացան առաջին չորս` 56, 62, 69, 77 կգ քաշային կարգերի ոսկե, 56-ի ու 77-ի արծաթե, 69-ի բրոնզե մեդալներով:
Երկրորդ` ավանդաբար ուժեղ հավաքականների կողքին ավելի ու ավելի լիարյուն է սկսում իր հավակնությունները ցույց տալ Իրանը` բավարար չհամարելով միայն գերծանր քաշային կարգում չեմպիոն ունենալը (այստեղ փոխչեմպիոնն էլ էր իրանցի): Մեր հարևաններն ակտիվորեն իրենցով են անում նաև 85 ու 94 կգ քաշային կարգերը, որտեղ ունեցան թե՛ չեմպիոն, թե՛ փոխչեմպիոն: Հատկապես զարմացնում է քսանամյա Քիանուշ Ռոստամին: Դեռևս մեկ տարի առաջ 77 կգ քաշային կարգում նա չորրորդն էր` 354 կիլոգրամ արդյունքով, իսկ այստեղ (85 կգ) հաղթող հռչակվեց 382 կիլոգրամով: Ընդ որում, հրում վարժությունը մարզիկը սկսեց 209-ից, հպարտ մենակության մեջ, ու քանի որ ոսկին արդեն գրպանում էր, միանգամից գրոհեց 219-ը, որն աշխարհի նոր ռեկորդ է: Ճիշտ է, քաշը չկարողացավ ֆիքսել, սակայն ծանրաձողը երկու անգամ էլ հայտնվեց նրա գլխավերևում: Պակաս հզոր չէ նաև տասնութամյա Սաիդ Մոհամադպուրկարկարաջը, ում ինքնասիրությունը հաստատ վիրավորվեց երրորդ տեղում հայտնվելու փաստով: Իրանցիների առնչությամբ ընթերցողի ուշադրությունը հատկապես ուզում ենք սևեռել նրանց տարիքի վրա (առանձնապես մեծ չէ և գերծանր քաշային Բեհդադ Սալիմկորդասիաբին, ով իր քսաներկուսում աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն է):
Չինացիներին ու իրանցիներին հանած, եթե ուշադիր նայում ենք, տակը բան չի մնում` մի 94 ու մի 105 կգ քաշային կարգ: Վերջինում անվիճելի առաջատար է ռուսաստանցի Հաջիմուրադ Ակաևը (աշխարհի ոսկու համար նրան իր պոտենցիալով կարող է հակակշռել միայն բելառուս Արամնաուն (նա, ի դեպ, չկար ոչ միայն Փարիզում, այլև Անթալիայում), առաջինում` ղազախստանցի Իլյա Իլինը:
Ինչ խոսք, որ վերն ասվածը բնավ էլ չի նշանակում, թե օլիմպիական ոսկիները բացառապես այս երկրների գրանցում կունենան: Թող ոչ մեկը չշտապի մեր տղաներին խաղից դուրս համարել: 77-ում որքան էլ լավն են չինացիները, մենք, ի դեմս Տիգրան Մարտիրոսյանի, պիտի որ կարողանանք մեր խոսքն ասել ու Հայաստան բերել այնքան երկար սպասված օլիմպիական ոսկին: Եթե ոչ ոսկե, ապա մեդալներից մեկնումեկի հաշվարկով խաղից դուրս չէ նաև Արա Խաչատրյանը (85 կգ), ինչպես չի կարելի մրցանակային եռյակից դուրս համարել Ռուբեն Ալեքսանյանին:
Փարիզյան անհաջողությունը որքան էլ ծանր նստվածք թողեց, այդուհանդերձ, թույլ տվեք լինել լավատես ու շարունակել հավատալ մեր ծանրամարտի աստղին: Սակայն ամբողջ ցավն այն է, որ աշխարհի առաջնություններում առաջիկա առնվազն երկու-երեք տարիներին մենք կարող ենք բացառապես ապավինել միայն վերը հիշատակված մարզիկներին: Եվրոպայում մենք դեռևս կարող ենք «թպրտալ», որովհետև այստեղ այլ ծանրություններ են, բայց այդ նույն Եվրոպայի վերջին` կազանյան առաջնությունում մենք կարողացանք երկամարտի ընդամենը մեկ մեդալ ունենալ` ի դեմս Արայիկ Միրզոյանի (77 կգ) բարձրացրած 347 կիլոգրամի (նա, ի դեպ, տեղափոխվել է 85 կգ քաշային կարգ): Իսկ թե արծաթ բերած այս քաշը որքան մրցունակ կարող է լինել աշխարհում, ընդամենը պիտի նայել մի փոքր վերև:
Ընթերցողը կարող է հարցնել` իսկ Առաքել Միրզոյանի պարագա՞ն:
Ստիպված եմ նորից հիշել Պլատոնի ու ճշմարտության մասին հայտնի թևավոր խոսքը: Մինչև այժմ նրա ունեցած լավագույն արդյունքը եղել է 336 կիլոգրամը, այն էլ 2009 թվի Եվրոպայի առաջնությունում: Այս ծանրությունը նա բարձրացրել է 69 կգ քաշային կարգում: Ավելի ծանր քաշում նրա առավելագույն արդյունքը եղավ այս առաջնության 338-ը: Սա շա՞տ է, թե՞ քիչ: Կարծիք կազմելու համար դատեք իրանցի Քիանուշ Ռոստամիի օրինակով, ով նույնպես քաշ է փոխել, սակայն երկամարտում բարձրացրած քաշը ծանրացրել է 28 կիլոգրամով: Եթե կա մեկը, ով կարող է համարժեքություն տեսնել երկու և քսանութ կիլոգրամների միջև, ուրեմն փառք նրա թվաբանական գիտելիքներին: Եվ, ընդհանրապես, երևի արդեն վաղուց ժամանակն է ինքներս մեզ «կուտ չտալու» ու ասելու, թե, օրինակ, Կազանում մեր ունեցածը փորձարարական կազմ էր, դրա համար էլ` արդյունքները համեստ: Ճիշտ է, Տիգրան Մարտիրոսյանի, Արա Խաչատրյանի, Ռուբեն Ալեքսանյանի բացակայության պայմաններում իսկապես փորձարարական էր, սակայն, ի՞նչ է, ավելի ուժեղներն ունեինք ու չտարա՞նք:
Դառնալով կին ծանրորդներին` այստեղ երեք երկրի հեգեմոնիա է` շահած մեդալների իրենց համապատասխան չափաբաժնով. Ռուսաստան (3, 1, 1), Չինաստան (2, 2 2), Ղազախստան (1, 2, 0): Թեպետ նրանք տարան Փարիզի առաջնության գրեթե ողջ ոսկին (մեկ ոսկի էլ կա Բելառուսի ակտիվում), սակայն սա չի նշանակում, թե այստեղ ամեն ինչ վերջնականապես ամրագրված է այս «լիմիտավորումով»: Տեղաշարժեր կարող են լինել ինչպես եռյակի ներսում, այնպես էլ այլ երկրների մասնակցությամբ. այդ երկրների մեջ է նաև, հուրախություն մեզ, Հայաստանը: Սակայն տխրեցնողն այն է, որ ուժեղների մրցավեճին առաջիկայում մենք կարող ենք մասնակցել լոկ Մելինե Դալուզյան, Հռիփսիմե Խուրշուդյան տանդեմով, իսկ նրանցից հետո խոշոր վակուում է: Ծանրորդուհիների մեր աճող սերունդը բավականին երկար ճանապարհ ունի անցնելու` մեծահասակների մրցահարթակում լիարյուն խոսելու համար:
Փարիզն այլևս անցյալ է: Համարենք, որ այն մեր ծանրամարտի ամենամռայլ էջն էր, բայց նաև չցիկլավորվենք այս բարդույթով: Մենք ավելի ծանր ոչ թե տարի, այլ տարիներ ենք ունեցել` ի դեմս 2000-2005 թվականների, երբ գնում էինք աշխարհ ու Եվրոպա ու «շվշվացնելով» տուն դառնում: Պարզապես պիտի համախմբվել, եղածն առողջ վերլուծել ու շարժվել առաջ: Նժարին հայկական ծանրամարտի հեղինակությունն է, երկրի պատիվը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ