Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԽԱՂԵՐՈՒՄ

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԽԱՂԵՐՈՒՄ
02.12.2011 | 00:00

Նոյեմբերի 30-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղային առաջին օրվա հանդիպումներն աչքի ընկան հյուրընկալված թիմերի արդյունավետ խաղով, որոնք երեք պարտության դիմաց տոնեցին չորս հաղթանակ, երեք խաղ ավարտեցին ոչ-ոքի:
A խմբում հունական ՊԱՕԿ-ն արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ ու հավաքած տասնմեկ միավորով գլխավորեց ոչ միայն խմբային աղյուսակը, այլև վաղօրոք ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: Երկրորդն այստեղ «Շեմրոկ Ռովերսի» նկատմամբ սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթանակ տոնած ու տասը միավոր հավաքած ռուսական «Ռուբինն» է: Կազանյան թիմը երեք միավորով գերազանցում է անգլիական հեղինակավոր ակումբին:
B խմբում միմյանց հետ մրցեցին խմբի առաջատարները` բելգիական «Ստանդարդն» ու գերմանական «Հանովերը»: Վերջինիս պարտության մատնելով 2:0 հաշվով` «Ստանդարդը» տասնմեկ միավորով դարձավ խմբի անվիճելի առաջատար: Չնայած կրած պարտությանը` «Հանովերը» շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում, քանի որ ուկրաինական «Վորսկլային» անգամ հաղթելու դեպքում դանիական «Կոպենհագենը» չէր կարող հասնել նրան: Խմբի հետնապահները միմյանցից բաժանվել են խաղաղ` 1:1:
C խմբում հյուրընկալվելիս մրցակիցների նկատմամբ հաղթանակ են տոնել թե՛ հոլանդական «Էյնդհովենը», թե՛ Թել Ավիվի «Հապոելը»: Առաջինն առավելության է հասել լեհական «Լեգիայի» (3:0), երկրորդը` ռումինական «Բուխարեստի» նկատմամբ` 3:1: Սկզբունքորեն «Լեգիայի» համար այդ պարտությունը նշանակություն չուներ, քանի որ լեհ ֆուտբոլիստներն էլ, հոլանդական թիմի նման, լուծել են հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:
I խմբում իսպանական «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ, իսկ ֆրանսիական «Ռենը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0:0, խաղացել իտալական «ՈՒդինեզեի» հետ: Այստեղ աղյուսակը տասը միավորով գլխավորում է «Ատլետիկոն»` միաժամանակ լուծելով փլեյ-օֆֆ դուրս գալու հարցը: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում է «ՈՒդինեզեն», երրորդում` «Սելթիկը»` համապատասխանաբար ութ և հինգ միավորով:
H խմբում չափազանց գոլառատ խաղ է ստացվել սլովենական «Մարիբոր» և բելգիական «Բրյուգե» թիմերի հանդիպման ժամանակ: Վերջինս հյուրընկալվելիս կարողացել է չորս գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով երեքը:
Սեփական հարկի տակ 1:0 հաշվով անգլիական «Բիրմինգհեմի» նկատմամբ առավելության է հասել պորտուգալական «Բրագան» և «Բրյուգեի» հետ գլխավորում է խմբային աղյուսակը: Այստեղ անգլիական թիմը յոթ միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, ինչը դեռևս չի նշանակում, որ վերջնականապես զրկվել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:
G խմբի անվիճելի առաջատար ուկրաինական «Մետալիստը» համոզիչ 4:1 հաշվով հյուրընկալելիս առավելության է հասել ավստրիական «Աուստրիայի» նկատմամբ: Խմբի մյուս` շվեդական «Մալմյո» և հոլանդական «Ալկմար», հանդիպման ժամանակ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, ինչը վերջինիս հնարավորություն է տալիս վերջին խաղում հաջող մրցելույթի դեպքում շարունակելու հետագա պայքարը:
Երեկ կայացան Եվրոպայի լիգայի մյուս խմբերի հանդիպումները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ