Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քանի դեռ մինչև վերջ արմատախիլ չենք արել անհայրենիքությունն ու ապազգայնությունը»

«Քանի դեռ մինչև վերջ արմատախիլ չենք արել անհայրենիքությունն ու ապազգայնությունը»
05.09.2022 | 07:22

…2016թ. հունվարի 9-ը, ժամը 21:00, Մարտունի 3 զորամաս. Արամայիս Ոսկանյանն իրականացնում էր հերթական մարտական հերթապահությունը: Հերոսը կանգնած էր դիրքում, զենքն ուսին հետևում էր ընդամենը մի քանի քայլ բաժանող սահմանագծի անցուդարձին:

Եվս 30 րոպե, գիշերային լռությունը դադարեց, երբ հերոսին մոտեցավ 1-ին անգամ դիրք ելած զինվորներից մեկը և անհանգստացած հայտնեց, որ ձայներ է լսում ու ցանկանում է գնալ դիտակետ՝ ստուգելու: Քաջ հայորդին միանգամից վերցնում է ջերմադիտակը, հրահանգում է զինվորին փոխարինել իրեն և շտապում է դիտակետ: 21:30. հնչեց կրակոց… Թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս անմահացավ հերոսը: Իրեն վստահված Մարտունի 3-ը մնաց անառիկ, իսկ ինքը դարձավ անմահների գնդի մարտիկ… «Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են, մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»,- սրանք Հերոս Արամայիս Ոսկանյանի խոսքերն են եղել: Իսկ Արամայիս Ոսկանյանի համար հերոսի իդեալը եղել է իր բանակ զորակոչվելուց դեռ երկու տարի առաջ Արցախի դեմ հերթական ոտնձգությունը կանխելիս անմահացած, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր Արմեն Հովհաննիսյանը, որի լուսանկարը չէր հանում իր դիմագրքի էջից: Հերոսի կյանքի բանաձևն էր արդեն թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Բոլոր դիրքապահները թագավոր տղաներ են»: Իր ամենաթանկին՝ միակ զավակին տալով հանուն Արցախի գոյության և Հայաստանի սահմանների անառիկության, չի եղել մի օր, որ հերոսամայր Անուշ Հակոբյանը, անփարատելի ցավը սրտում անթեղած, չշարունակի կրթել սերունդներին, որոնք վաղվա ազգն են: Չի եղել օրվա մեջ մի ժամ ու վայրկյան, որ տիկին Անուշը չապրի Հայրենիքի ճակատագրով:

Ու թերևս ոչ ոք երբեք չէր պատկերացնի, թե մի օր որևէ բարձրաստիճան պաշտոնյա Արցախն ազատագրած ու իրենց կյանքը տված անմահ քաջերին կհայտարարի «հանուն ոչնչի զոհվածներ», կնսեմացնի նրանց կերտած հաղթանակը և մեր գոյապայքարը… 2020 թվական: Սեպտեմբեր: 44 օր օր տևած ու մինչ օրս չվերջացած պատերազմն ավարտվեց Արցախը դավաճանաբար թշնամուն հանձնելով… Չարաբաստիկ նոյեմբերի 9-ի ուշ գիշերին հերոսամայր Անուշ Հակոբյանն իր էջում՝ դիմելով հերոս որդուն, գրել էր ծանրագույն տառապանքից ծնունդ առած այս տողերը, որոնք մինչ օրս դաջվել են սրտումս. «Կյանքդ տվեցիր հանուն ոչնչի, հոգիդ՝ Աստծուն, պատիվդ՝ մորդ».: Շարունակ, նորից ու նորից էի կարդում գրառումը… Ուզում էի գտնել ամենաանհրաժեշտ բառերը, որ արձագանքեմ: Չէի կարողանում: Մտածում էի, թե արդյո՞ք հոգու նույն ցասումը չեն ունեցել մեր հայդուկների մայրերը, երբ կորցրել ենք Արևմտյան Հայաստանը... Բայց ազգն այն ժամանակ կարողացավ իր մեջ վերագտնել ի՛ր նկարագիրը ու Հրայր Դժոխքների, Աղբյուր Սերոբների կերպարներով դաստիարակել սերունդներ և ունենալ ազատագրված Արցախ: Հետո համարձակություն և ուժ ունեցա գրելու, որ հանուն անմահացած քաջերի պիտի մինչև վերջ պայքարենք ազգադավների դատը տեսնելու և միայն դրանից հետո ազգային պետություն կառուցելու համար: Իսկ Արամայիս Ոսկանյանն ու մեր հազարավոր եղբայրները լինելու են մեր հաջորդ սերունդների հերոսները: Ու նրանց շուրթերին պիտի հնչի հերոսի խոսքը. «Մենք մի թիզ հող էլ չունենք թշնամուն տալու»: Արամայիս Ոսկանյանի պաշտպանած Մարտունի 3-ում՝ նույն դիրքում այս պատերազմում զոհվեց նաև իմ քեռու տղան՝ 19-ամյա հրետանավոր Կոլյա Պարույրի Նիկողոսյանը: Նրանք չզոհվեցին «հանուն ոչնչի»… Այդ մեր հզոր եղբայրների փառքն ու հերոսական անցյալը ոչնչացրեցին: Իսկ Արցախի ազատագրումով հիմք էր դրվել Պատմական արդարությանը հասնելու մեր հաջորդ հանգրվաններին… Սիրելի Հերոսամայր , մեր պատերազմը, այո, չի ավարտվել: Պայքարելու ենք:

Հանուն Արամայիս Ոսկանյանի և մեր մյուս քաջերի, հետ ենք բերելու Արցախը՝ այս անգամ արդեն հերոսներ ունենալով ազգային հոգևոր պայքարի և դիվանագիտական մաքառումների դաշտում, երբ ստեղծենք, իսկապես, ազգային պետություն: Հ.Գ. Արամայիս Ոսկանյանի անմահանալուց հետո պետության կողմից որոշում էր կայացվել, որ հինգ տարի անց Գավառի դպրոցը անվանակոչվելու է հերոսի անունով: Սակայն Արցախը թշնամուն հանձնող իշխանությունների տեղական ներկայացուցիչները չեղյալ են հայտարարել այդ որոշումը… Ու չեն էլ թաքցրել իրենց պատճառաբանությունը՝ հերոսի ծնողներն ընդդիմադիր մտավորականներ են: Այս մասին գրելու եմ առանձին: Ու քանի դեռ մինչև վերջ արմատախիլ չենք արել անհայրենիքությունն ու ապազգայնությունը, չենք կարող մեր պայքարը հասցնել հուսալի հանգրվանի:

Հասմիկ Պողոսյան

Դիտվել է՝ 12265

Մեկնաբանություններ