Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չփորձե՛նք Աստծո համբերությունը

Չփորձե՛նք Աստծո համբերությունը
31.05.2022 | 07:23

Սրբի հետ սուրբ կլինես, Տե՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ: Ընտրյալների հետ ընտրյալ կլինես եւ խոտորվածներին կկործանես:
Սաղմ. 17;26-27


Երբ խաղաղության ժամանակ չենք հիշում մեր քրիստոնյա լինելու մասին, ներքին, հոգևոր դաշտում անընդմեջ ընթացող պայքարի մասին, և միայն Աստծու՛ց եկող ճշմարիտ խաղաղության մասին, երբ բավարարվում և մխիթարվում ենք գաղջաթմբիրով, ձևապաշտությամբ, Աստծուն որևէ բանով պարտական չլինելու պատրանք-համոզմունքով, վրա է հասնում թշնամու սուրը, և մենք հանկարծ ստիպված հիշում ենք, որ մենք չենք ապրում միայն ուտելու և սպառելու համար, որ մենք թուրք չենք, հայ-քրիստոնյա ենք ու պիտի մեր սրբությունները արյան գնով պահենք: Բայց ընդունենք, որ դա «քիչ մը» փարիսեցիություն է, մեզ վրա շատ թանկ նստող փարիսեցիություն. «Ապա ուրեմն՝ մտաբերեցե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք եւ հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին եւ մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրեւ որդիների.
-Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից, քանի որ Տերը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է: Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրեւ որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում, որովհետեւ, եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք եւ ոչ թե հարազատ որդի» (Եբր. 12; 3-7): Երբ մենք անմասն ենք մնում քաղցր խրատից, վրա է հասնում դառը պատիժը:


Խաղաղ ժամանակ մեզ թույլ ենք տալիս ամեն ինչ լինել` հեթանոս ու անառակ, գաղջ ու փնթի, և միայն աղետի ու պատերազմի դեպքում ենք մեր ինքնությունը նույնականացնում` որպես հայ-քրիստոնյա: Է՜հ, հայի հետին խելքը մերը լիներ:
Պարտավորությունները պատշաճ չկատարած և պարտքերը չվճարած` դառնում ենք պահանջատեր, և հնչում է պարտադրանքի պես. «Թող հարազատս չհատուցի մեղքերիս համար,- տողատակում քողարկված սպառնալիքով,- այլապես Քեզ չե՜նք ների»: Դա դեռ լավագույն դեպքում: Կամ հնչում է զարմանքի պես. «Ո՞ր մեղքիս համար»,- և ենթադրաբար, հարցը հռետորական է. չի ակնկալում պատասխան և չի ընդունում հակաճառություններ: Դրանով ավելի ու ավելի ենք ծանրացնում մեղքը, և ավելի ու ավելի շատ արյուն է պահանջվում քավության համար: Եվ դա, իհարկե, մեր արյունը չէ, ավա՜ղ:
«Եւ դարձյալ ինձ ասաց. -Այս գրքի մարգարեական խոսքերը կնքված մի՛ պահիր, քանզի ժամանակը մոտ է: Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտություն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարություն անի եւ ով սուրբ է, թող սուրբ լինի: Ահա գալիս եմ շուտով, եւ Ինձ հետ են Իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Ես Եմ Ալֆան եւ Օմեգան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը:


Երանելի՜ են նրանք, որ պահում են Նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու Կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով: Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն» (Հայտ. 22;11-15):
Իսկ նրանց, ովքեր կատարել են կեղտոտ կամ մաքուր լինելու իրենց ընտրությունը, սպասում է ԽՈՍՏՈՒՄԸ.
«Եւ գահի վրա նստողն ինձ ասաց. Ահա՛վասիկ ամեն բան նոր եմ դարձնում: Ապա ինձ ասաց. Գրի՛ր, այս խոսքերը ճըշմարիտ եւ վստահելի են: Դարձյալ ինձ ասաց. Եղավ. Ես Ալֆան եւ Օմեգան Եմ, Սկիզբը եւ Վախճանը. Ես ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից: Ով հաղթի, պիտի ժառանգի այս ամենը. եւ Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, եւ նրանք Ինձ համար պիտի լինեն որդիներ: Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտ. 21;5-8): Ողորմած Աստված խոստանում է լինել արդարադատ, երբ կհասնի հատուցման օրը` յուրաքանչյուրին արժանին կշռելու ու չափելու:


Այս օրհասական ճգնաժամից հետո վրա կհասնի մի ավելի մեծ աղետ` «երրորդ համաշխարհային» անվամբ, իսկ դրանից վերապրածների համար մի նոր, վերջնական ընտրություն Քրիստոսի և Հակաքրիստոսի միջև, ժամանակավոր նեղության և ժամանակավոր հարմարավետության միջև:
Քանի դեռ չի հասել հատուցման ահեղ օրը, երբ ամեն ինչ այլևս կլինի անդառնալի ու անշտկելի, խստապարանոց չլինենք ու չփորձենք Աստծո համբերությունը, այլ ջանանք այս մեղավոր աշխարհում, անցողիկ կյանքում կենցաղավարել որպես հնազանդ զավակներ, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության և նախանձախնդիր ու հետամուտ են Աստծո սուրբ կամքի կատարմանը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 5610

Մեկնաբանություններ