Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Աստված մարդուն ստեղծել է կատարյալ

Աստված մարդուն ստեղծել է կատարյալ
28.08.2022 | 12:01

Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կտան:

Ղուկ. 1; 48

Այս երանելի կինը խոնարհ էր, շատերի համար աննկատելի, ոմանց համար` նախատինքի արժանի, ոմանց կողմից` բամբասված ու հալածված, բայց Աստծո կողմից բարձրացվեց, մեծարվեց ու պատվվեց` որպես Երկնքի Թագուհի և Փրկության Մայր:
Այդ կինը իր վրա ավելորդ ուշադրություն չի հրավիրել ո՛չ բարձր ձայնով, ո՛չ շքեղ հագուստներով կամ ավելորդ արդուզարդով, որովհետև գեղեցկության Աղբյուրը` Սուրբ Հոգին, ամենաճոխ կերպով զարդարել է նրա հոգին գեղեցկագույն շնորհներով ու առաքինություններով:


Արտաքին մխիթարություններ փնտրում են և ի ցույց մարդկանց, արտաքին ինչ-ինչ դրդևորումներով փորձում են ինքնահաստատվել աղքատ ներաշխարհ ունեցող կամ հոգեպես սնանկ մարդիկ, ովքեր չգիտեն, թե իրապես ինչով և ինչպես կարող են լցնել ու իմաստավորել իրենց կյանքը: Պետրոս առաքյալի` կանանց ուղղված հորդորը հենց այդ է փաստում. «Թող ձեր արտաքի՛նը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ. մի ժամանակ այսպե՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծու վրա հույս դրած կանայք» (Ա Պետր. 3; 3-5):


Փոխանակ քննեն և հետազոտեն իրենց ներաշխարհը, բացահայտեն սեփական ինքնությունը, իրենց ողջ կարողությամբ կենտրոնանում են արտաքին իրողությունների, հարափոփոխ ու հարահոս աշխարհի վրա: Կանայք շտկում են «բնության թերությունները», շպարվում են գրավիչ լինելու մղումով, սակայն, հակառակ սեռի պանծալի ներկայացուցիչներին կանխելով, այդ կանանց շուրջն են խմբվում դևերը և դառնում են կանանց գրավչության իսկական միջնորդներ ու մենեջերներ: Մի քիչ զավեշտալի ու շատ տխրալի է այն փաստը, որ գեղեցիկ, գրավիչ և յուրօրինակ դառնալու հույսով կանայք կրկնօրինակում են ուրիշներին, դրսից թելադրված միտումներին և, ի հետևանս, կորցնում են իրենց յուրատիպ հմայքը, անգամ` սեփական դեմքը: Շուրջբոլորը նույն դեմքերն են, նույն սանրվածքները, նույն գլուխները` միանման պարունակությամբ:
Անգամ Եվային սատանան չէր կարող գրավել նման անլուրջ ու ստորակարգ բաներով, այդ պատճառով նա Աստծո նմանությունը դեռևս չկորցրած Եվային խաբեց աստվածանալու հնարավորության գաղափարով` ավելի բարձրին ու կատարյալին հասնելու մտահղացում առաջ բերելով: Նա գիտեր, որ իր համար առաջնային խնդիր է մարդուն այդ նմանությունից զրկելը, որովհետև մարդը կանցներ իր ազդեցության տիրույթ, և նրա ամբողջական դիմազրկումն ու կատարյալ անկումը հնարավոր կդառնար նրա առջև մի շարք «օվերտոնյան պատուհաններ» բացելով:


Աստված չի արգելում հիգիենան և չի չեղարկում էսթետիկան, եթե այդ ամենը ընդգծում է Աստծո տված գեղեցկությունը կամ հետամտում է առողջապահական նպատակներ, սակայն սեփական դեմքը կամ մարմինը անճանաչելիության աստիճանի այլափոխելը մերժում է և համարում է նողկալի ու արգահատելի երևույթ: Աստծո դիրքորոշումը, անշուշտ, ականջահաճո չէ շատ շատերի համար, բայց չի դադարում Աստծո դիրքորոշում լինելուց: Հասկանալի է գեղեցիկ և թույլ սեռի անհանգստությունը և ջանքը սեփական ինքնավստահության ձեռքբերման կամ վերականգնման ու ինքնահաստատման ուղղությամբ, գրավիչ չլինելու տագնապն ու սարսափը, սակայն նորից ու դարձյալ երկրորդում ենք առաքելական հորդորը. ձեր ջանքերը ուղղեք սեփական ներաշխարհի, էության բացահայտմանը, ինքնության հայտնաբերմանը: Սիրելի՛ կանայք և, ինչու ոչ, տղամարդիկ, ձեզանից յուրաքանչյուրը յուրահատուկ է իր ծննդյան փաստով և թանկ է Աստծո համար առանց որևէ հավելյալ միջամտության: Ձեզանից յուրաքանչյուրը մի տիեզերք է` լի առեղծվածներով ու հրաշալիքներով: Մեր ջանքը գլխավորապես պետք է միտված լինի սեփական ինքնաճանաչողությանը, քանզի բոլորս էլ կանգնելու ենք Արդար Դատավորի առաջ և պատասխան ենք տալու մեր սեփական արարքների ու ընտրության համար, ինչքան էլ որ այդ ամենը լինի ուրիշի արածի անհաջող կամ կատարյալ կրկնօրինակումը: Կրկնելով ուրիշներին` մենք ժխտում ենք ինքներս մեզ: Այդ կերպ վարվելը արդարանալի է միայն ու միայն, եթե օրինակենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին` մեր անձը ուրանալով և մեր խաչը ուսած Նրան հետևելով: Աստծո պատկերն ու նմանությունը չկորցնելու անհրաժեշտության գիտակցումը մեծ կախում ունի հոգևոր գիտակցության աստիճանից: Հոգևոր գիտելիքի աղբյուրը Սուրբ Գիրքն է, բայց Սուրբ Գրքի պատգամը անըմբռնելի ու այնկողմնային չէ, այլ որքան խորն է, նույնքան էլ պարզ է` հասանելի և՛ հանճարների իմաստությանը, և՛ գիտունների խորագիտությանը, և՛ անուսների պարզամտությանը: Սակայն որոշիչ դերը, այնուամենայնիվ, մնում է մարդու դիտավորությանը և ընտրությանը, Աստծո Խոսքը ընդունելու պատրաստակումությանը կամ մերժելու հանդգնությանը: Աստված մարդուն ստեղծել է կատարյալ և պսակել է ազատ կամքով, որով մարդը մերժեց իր Արարչին` զրկվելով դրախտից, և ընդունեց իր Փրկչին` ժառանգելով Երկինքը: Աստված երբեք չի բռնանում մարդուն Իր իսկ շնորհած ազատ կամքի վրա: Այդ չարն է միայն, որ եղծում ու աղճատում է մարդու մեջ Աստծո հետ առնչվող ամեն բան: Նա մարդու ազատ կամքը ներկայացնում է իբրև մի բոլորովին անկախ բան, որով նա կարող է ընտրել կամ մերժել ցանկացած բան, և, այդպես պատրելով մարդուն, նրան է պարտադրում իր չար ու ստոր կամքը: Իրականում մարդու կամքի ազատությունը Աստծո կամքին հնազանդվելու կամ չհնազանդվելու ընտրության հնարավորությունն է, որը շատ որոշակի է ու միանշանակ:

Սուրբ Կույսը իր ազատ կամքով ընտրեց հնազանդությունը Հոր կամքին և ժառանգեց խոնարհության պտուղը` երանությունը բոլոր հավիտյաններում:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 8186

Մեկնաբանություններ