Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նորից ու նորից հունցելով փարիսեցիների խմորը

Նորից ու նորից հունցելով փարիսեցիների խմորը
31.08.2022 | 07:21

Գրված է` քո Տեր Աստծուն պիտի չփորձես:

Սաղմ. 90; 11-12, Երկ. 6; 16

Փորձել Աստծուն, նշանակում է ստուգել Նրան` համարելով անվստահելի, ուղղորդել Նրան` համարելով անկատար, ծաղրել Նրան` համարելով ծաղրանքի ենթակա:
«Աստված չարից չի փորձվում եւ Ինքն էլ չի փորձում ոչ ոքի» (Հակ. 1; 13): Այսինքն, նրանք, ովքեր փորձում են Աստծուն փորձել, ընդամենը փորձելու խղճուկ փորձեր են անում:
Աստծուն փորձում են «եթե, ապա` նախ ապացույց, հետո հավատ» մակարդակում, այսինքն` ի սկզբանե բացառելով հավատը: Աստծուն փորձում են՝ բողոքելով անարդարությունից և աշխարհում չարի հաղթանակից, տրտնջալով սեփական բախտից: Փրկչին փորձեցին բոլոր կերպերով` ինչպես վայել էր միայն Ճշմարիտ Աստծուն: Սատանան Նրան հանգիստ չթողեց անգամ Խաչի վրա. «Եւ մոտով անցնողները հայհոյում էին Նրան, շարժում էին գլուխներն ու ասում. «Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթե Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»: Նույնպես եւ քահանայապետները, օրենսգետներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթե Իսրայէլի թագավոր է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ դրան կհավատանք: Եթե դա հույսը դրել էր Աստծու վրա, թող Նա այժմ դրան փրկի, եթե ուզում է դրան. քանի որ ասաց, թե՝ Աստծու Որդի եմ» (Մատթ. 27; 39-43):


Փարիսեցիների կողմից ուղղորդվող խելահեղ ամբոխը` վստահ իր իրավացիությանը, տոնում էր «պանծալի հաղթանակը ինքնակոչի դեմ», Ով մտավ Երուսաղեմ որպես Թագավոր և որպես հանցավոր դուրս եկավ դեպի Գողգոթա: «Նախ դուք ձեզ զգու՛յշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետեւ չկա ծածուկ բան, որ չհայտնվի, եւ գաղտնի բան, որ չիմացվի, քանի որ, ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ, եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մեջ, պիտի քարոզվի տանիքների վրա: Բայց ասում եմ ձեզ՝ Իմ սիրելիներին, մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք: Վախեցե՛ք Նրանից, Ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք Նրանից» (Ղուկ. 12; 5): Արդյո՞ք փորձել Աստծուն չի նշանակում նաեւ` վախենալ մահկանացու, խոտի պես չորացող ադամորդուց (Ես. 51; 12), հույս տածել մարդու նկատմամբ, «որի շունչը իր ռունգերում է» (Ես. 2; 22): Մարդկության հարաճուն ողբերգությունը հենց մարդուց վախենալու ու մարդու վրա հույս դնելու և առավել` Աստծուց չվախենալու ու Նրան չհուսալու հետեւանք է: «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է` նույնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ. 6; 7): Հիսուսին էլ ծաղրելու ծիծաղաշարժ փորձեր արեցին, բայց Աստծուն անհնար է ծաղրել: Այդպիսի փորձերը հասցնում են լոկ խելակորույս հուսահատության:


«Պատերազմը մղվում է ռազմավարությամբ, եւ հաջողությունը կախված է սրտի խորհուրդներից» (Առ. 24; 6):
Այս ճշմարտությունը վերաբերում է ոչ միայն հոգևոր պատերազմին: Հայրենիքի համար մղվող պատերազմի հաջողությու՛նն էլ կախված է նրանից, թե արդյո՞ք մեր մտքում խորհում ենք ինքնապաշտպանության, թե՞ վրեժի մասին, մեր սրբությունները պահելու՞, թե՞ մարդասպանական մոլուցքը բավարարելու մասին: Մեր մարտակոչն է` «Մահ իմացեալ անմահությու՞ն է», «Հացն ու գինին, Տեր Կենդանին, յա Մարաթուկ բարձրիկ Աստվածածին, յա Խաչ պատերազմին, ինչ վեր իմ աջ թեւի՞ն», թե՞ ` «թուրքի սենցն ու նենցը», ֆիրմային հայհոյանքներ, հիշոցներ ու լուտանքներ: Արդյո՞ք չենք փորձում Ամենատես Աստծուն, որի բարեհաճությունից է կախված մեր հաղթանակը, երբ հայրենասիրության քողի տակ, պարպված ազնիվ մղումներից, ոչ թե կյանքն ենք ուզում պաշտպանել, այլ կամենում ենք մահ սփռել: Եթե մենք երբևէ սուր չենք պարզել հոգևոր թշնամու դեմ, մենք կընկնենք մեր իսկ հեղգության հետևանքով մեր դեմ հառնած ու մեզ հետապնդող մարմնավոր թշնամու սրից: «Եւ երբ Հիսուս զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին Նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: Բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետեւ Ինքն ամենքին ճանաչում էր եւ կարիք չկար, որ որեւէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ» (Հովհ. 2; 24-25):


Մեր նախնիների հոգում կանթեղված հավատի թողած ժառանգության մասին հավաստի փաստեր կան, այդ հավատի շնորհիվ է, որ մենք դեռ կանք ու առանց խղճի որևէ խայթի մսխում ենք այդ ժառանգությունը: Արդյոք չե՞նք փորձում Աստծուն, երբ մեզնից դուրս մեղավորներ, հանցապարտներ ու պատասխանատուներ ենք փնտրում` նորից ու նորից հունցելով փարիսեցիների խմորը, որից մեզ պատվիրում է զգուշանալ Տերը: Զգույշ լինենք, որ ինքնամեծարանքը չշփոթենք աստվածպաշտության հետ, որ ինքներս չխաչենք Տիրոջը, հետո առաջարկենք, որ ինքնուրույն իջնի ու մեզ զարմացնի: Եվ կամ չխաչենք ու սպասենք, թե երբ Նա մեզ համար Հորից թողություն կխնդրի. ցավոք, կան քրիստոնյաներ, ում դա զվարճացնում է: Դա նրանց միակ մխիթարությունն է ցավով ու ատամների կրճտումով առլեցուն իրենց կյանքում:


Չփորձենք Աստծուն: Չշեղվենք Խաչի Ճանապարհից, չխուսափենք խաչակրության արժանապատիվ ընթացքից, չզրկվենք խաչելության պարծանքից:
Մնանք Խաչի բարձունքում` միայնակ, բայց մեծահոգի:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 9101

Մեկնաբանություններ