Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ապականեցին ամեն բան

Ապականեցին ամեն բան
09.09.2022 | 07:21

Նրանով ապրում ենք եւ շարժվում ենք եւ կանք:

Հռոմ. 17; 28

Հոգի Աստված կամենում է, որ Իրեն երկրպագեն Հոգով և ճշմարտությամբ, սակայն մարդը միշտ Աստծո ներկայությունը ընկալում է նյութական արտահայտության մեջ:
Սուրբ Եփրեմ Ասորու «Ճառընտիրից» քաղվածաբար ներկայացնենք մի ուշագրավ հատված Ենոքին և Եղիային նվիրված ճառից: Հատվածը վերաբերում է կռապաշտ ազգերի հիմարությանը, որ Աստծուց հեռանալու և Նրան մերժելու հետևանքն էր: Փորձելով որևէ կերպ լցնել իրենց հոգու դատարկությունը, որ Ճշմարիտ Աստծուց հեռանալու արդյունք էր, մարդիկ աստվածացնում էին` ինչ պատահի. անշունչ, շնչավոր ու բանական արարչությունը, մարդկային մարմնի գեղեցկությունն ու տխեղծ կրքերը: Տողերը ինքնին խոսուն են, ասելիքը` բովանդակալից: Մեկնաբանությունից խուսափում ենք` ընթերցողին խիստ սուբյեկտիվ կարծիք չպարտադրելու զգուշավորությամբ: «Բոլոր արվեստներից առաջ այն ժամանակ գտնված երկու արվեստի մասին է ասում Գիրքը՝ երգի ու քնարի եւ պղնձի ու երկաթի դարբնության (տե՛ս Ծննդ., Դ 21-22). քնարը՝ պիղծ երգերի համար, դարբնությունը՝ պատերազմի:


Ուրիշ էլ ի՞նչը հասու կդարձնի մեզ ասված այն խոսքին, թե հետեւում էին մեղքերին ու մահվանը:
…Ինչո՞ւ անարժան քող դրեցիք մեր բնության վրա. վերցրո՛ւ այդ քողը եւ կտեսնես բնության գեղեցկությունը, վե՛ր բարձրացրու արտաքինին սեւեռված միտքդ եւ կտեսնես իսկական բնության գոյացությունը: Ինչո՞ւ ես չարչարվում` ուղղելու այն, ինչ բարի է, ինչո՞ւ ես ջանում արվեստի միջոցով իմանալ այն, ինչ քո առջեւ է՝ առանց արվեստի հասու լինելու համար, Աստծո կողմից ուղիղ հաստատվածն ինչու՞ ես ապականում: Ինչից ոչինչ չի պակասում, պակասում է հավելվածը: Ինչու՞ ես չարչարվում՝ կտրվելով Քրիստոսից, ինչու՞ ես հոգնում՝ պարսավելի լինելով: Աստված մեր բնությունն իբրեւ աման պիտանի բաներով լցնելով՝ կնքեց այն, իսկ հեթանոսները, բացելով կնիքը, դատարկում են այն, իրենք իրենց կարիքի մեջ թողնելով՝ Արարչին են մեղադրում: Ճարտարորեն հորինում են բնությունը, փոխում են այն, փչացնում առավել չափով եւ տրտնջում են Աստծուց՝ իբրեւ չար բան Արարողից:
Մերժեցիր բնականը եւ համառում ես անբնականի համար, ապականեցիր Աստծունը եւ կամենում ես կանգնեցնել քոնը, հալածում ես ճշմարիտը, խնամք ես տանում կեղծին, ցանկանում ես այն, ինչ դեւից է, եւ ատում ես այն, ինչ Աստծուց է: Ո՛վ մտքի դատարկություն, ո՛վ անխրատների համառություն. ապականեցին ամեն բան եւ չեն ճանաչում Ուղղողին:
Նրանք նման են անբան անասունների, որովհետեւ ուրախանում են անօրեն (գործեր անելու) ազատությամբ: Բանականություն չունեցողները չգիտեն, թե ինչ է անբանությունը. ինչպե՞ս կարող ենք պարսավել նրանց: Իսկ մարդկանց ես պարսավում եմ, քանի որ նրանք գիտեն, թե որն է անօրինությունը, եւ ուրախանում են դրանով:


Լավ է ասում սուրբ Պողոսը, թե՝ «Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ հիմարացան: Եւ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների: Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցված լինելով ամենայն անիրավությամբ» (Հռոմ. Ա 22, 23, 28): Հիմարությունն անբանություն է: Բանական բնության անբանությունը նրա հեղափոխումն է»:
Այս խոսքը մեր իրականության հետ շատ աղերսներ ունի, մասնավորապես` արվեստով միջնորդավորված կապը արտաքին աշխարհի հետ և ներքին մարդու գեղեցկության անտեսումը: Շուտով մեր հայրենի հողում արվեստի մի կոթող է հայտնվելու, որ արդեն իսկ հակասական կարծիքների տեղիք է տվել: Երկիր- սրբավայրը վերածվելու է երկիր-զբոսավայրի: Շոու-բիզնես: Արտաքին շքեղություն և ներքին սնանկություն: Սա աշխարհում աննախադեպ չէ, մեզ համար է օտարոտի ու մերժելի, և միայն արվեստին կամ մշակույթին կամ զբոսաշրջությանն ու պետական եկամուտներին վերաբերող խնդիր չէ Սուրբ Էջմիածնի անավարտ վերանորոգության ֆոնին: «Ես Եմ Կյանքը» Ասողը դառնալու է կուռք մեր Հայոց հողում: Հասարակ ժողովուրդը հետևելու է մատուցված օրինակին և խրախուսվելու է այդպես վարվելու համար: Դեռ ակներև չեն բոլոր հնարավոր կողմնակի վնասները և վտանգները, բայց լավ բաների չսպասենք: Սրտերի մեջ օթևան փնտրողը փոխարինվելու է մի պատիր նմանակով, որպեսզի մարդը իր սրտի մեջ չփնտրի և իր սրտում չօթևանի Հիսուսին:

Կենդանի Աստծուն պետք չէ վերածել արվեստի գործի, ինչպես իրենց չաստվածներին անում են կռապաշտները, որովհետև կուռքը այդ չաստվածների լեգիտիմ լինելիության միակ հնարավորությունն է: Իսկ Կենդանի Աստված, ընդհակառակը, մեռնում է` հենց որ դառնում է կուռք, որովհետև, որպես կուռք ընկալվելով, դադարում է լինել Միակը և կարող է լինել առավելագույնը նախընտրելի: Մարդու կրոնական զգացումը բնական է, բայց նա միայն մեկ հնարավորություն ունի Ճշմարիտ Աստծուն պաշտելու. «Գիտենք, որ այս աշխարհում կուռքերը ոչինչ են. որովհետեւ չկա ուրիշ Աստված, բացի միակ Աստծուց, թեպետեւ այսպես կոչված աստվածներ կան թե՛ երկնքում, եւ թե՛ երկրի վրա. արդարեւ, կան բազում աստվածներ եւ բազում տերեր: Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով: Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա» (Ա Կորնթ. 8; 4-6):

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6330

Մեկնաբանություններ