Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք չպետք է երես թեքենք բարոյականությունից»

«Մենք չպետք է երես թեքենք բարոյականությունից»
13.06.2012 | 00:10

Հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետը հատուկ նիստում քննարկել է 1915 թ. հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «The Times of Israel»-ը հաղորդում է, որ Իսրայելի խորհրդարանը նախկինում խուսանավում էր հայերի ցեղասպանության վերաբերյալ հրապարակային քննարկումներից` չցանկանալով պրոբլեմներ ունենալ Թուրքիայի հետ, որը հրեական պետության շատ քիչ դաշնակիցներից է Իսրայելի նկատմամբ թշանամաբար տրամադրված Մերձավոր Արևելքում: Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ելույթում շեշտել է, որ խնդրի

քննարկումը ոչ մի կապ չունի իսրայելաթուրքական հարաբերությունների հետ: «Իբրև հրեաներ, իբրև մարդ արարածներ` մենք չենք կարող անտեսել այս խնդիրը, և մենք չպետք է երես թեքենք բարոյականության մեր պատկերացումներից: Իբրև միջազգային ասպարեզում Հոլոքոստի ժխտման դեմ պայքարող երկիր, մենք չենք կարող ժխտել այլ ժողովրդի ողբերգությունը»,-ասել է Ռիվլինը: ԽԱԴԱՇ կուսակցության պատգամավոր Դով Խանինը հայտարարել է, որ կարելի է վիճել թվերի ու անվտանգության խնդիրների շուրջ, բայց սիրիական անապատներ վտարված հարյուր հազարավոր հայերի մահը փաստ է: Նա հիշեցրել է, որ ժամանակին Ադոլֆ Հիտլերը Հոլոքստի վճիռ ընդունեց, որովհետև վստահ էր, որ ինչպես հայերի դեպքում, հրեաների դեպքում էլ ոչ ոք այդ մասին չի հիշի: 2011-ի դեկտեմբերին, երբ Կնեսետի կրթության և գիտության հանձնաժողովում առաջին անգամ քննարկվում էր ցեղասպանության հարցը, Մերեց կուսակցության ներկայացուցիչ Զախավա Գալիոնը ասել էր. «Երկար տարիներ Իսրայելը ուշադրության կենտրոնում էր պահում Թուրքիայի հետ իր հարաբերությունները: Դա կենտրոնական հարցն է հայ ժողովրդի սպանության ընդունման տեսակետից, և այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Իսրայելի Կնեսետը այդ փաստը պետք է ընդունի»: Հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորների մեծամասնությունը կողմ էր ցեղասպանության ճանաչմանը և այդ կոչն էր անում խորհրդարանին: 2012-ի փետրվարին, սակայն, Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը դեմ հանդես եկավ ցեղասպանության ճանաչմանը` «Իր հիմնադրման օրից Իսրայելը չի համաձայնել Հոլոքոստ եզրույթի կիրառմանը ոչ մի այլ պատերազմի և ոչ մի այլ ողբերգության դեպքում: Մենք գտնում ենք, որ այն, ինչ ապրել է հրեա ժողովուրդը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, համեմատության ենթակա չէ: Մենք չենք ընդունում Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում այլ կոնֆլիկտները և գազանային սպանությունները հերթական Հոլոքոստի վերածելու փորձերը»: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն էլ գործընկերոջը պատասխանեց, որ հայերը չեն էլ փորձում նույնացնել հոլոքոստն ու ցեղասպանությունը: Ընդհանրապես` Հայաստանում հոռետեսորեն են վերաբերվոմ Իսրայելի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը, գտնելով, որ Իսրայելը թեման օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակադրումով:

Դիտվել է՝ 7964

Մեկնաբանություններ