Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Միշտ անհագ ու վտիտ

Միշտ անհագ ու վտիտ
29.04.2022 | 08:47

«Արդ՝ այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանաք այնպես, ինչպես որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ. նրանց մտքերը մթագնած են, եւ իրենք օտարացած են Աստծո կյանքից՝ իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որն իրենց սրտի կուրության հետեւանքն է: Նրանք իրենց հույսը կտրեցին եւ ագահությամբ անձնատուր եղան անառակության եւ ամեն տեսակ պիղծ գործերի: Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին» (Եփես. 4;17-20):


Առաքյալը զգուշացնում է քրիստոնյաներին հեռու մնալ հեթանոսական անառակ խրախճանքներից և աշխարհային մխիթարություններից, որովհետև քրիստոնյաները ճանաչում են Ճշմարտությունը և հարության հույսն ունեն, ինչից որ զուրկ են հեթանոսները: Հեթանոս՝ էթնոս բառը, որ հունարենից թարգմանվում է ազգ, ժողովուրդ, իսկ Սուրբ Գրքի համատեքստում՝ այլ՝ Աստծո ժողովրդից տարբեր ազգ կամ ժողովուրդ, այլազգի, այլակրոն կամ այլադավան, այսօր կորցրել է իր իմաստը և ոչինչ չի նշանակում, որովհետև այսօր արագորեն տարրալուծվում են ազգային ու դավանական սահմանները կամ սվաղվում «մարդու իրավունքներ» սրտակեղեք արտահայտությամբ: Առաջին հայացքից, բոլոր մարդիկ, ավելի ճիշտ՝ յուրաքանչյուր մարդ ազատ է պաշտելու ում կամ ինչ ուզի, բայց այսօր տեսնում ենք հալածանք Ճշմարտության հետևորդների նկատմամբ:

Նախաքրիստոնեական աշխարհը նեոհեթանոսական աշխարհից տարբերվում է նրանով, որ առաջինը չէր ճանաչում Ճշմարտությունը և մոլորության մեջ էր, չէր տեսել Լույսը և խավարի մեջ էր, այնինչ երկրորդը, ճանաչելով Ճշմարտությունը, մերժում է այն՝ նախընտրելով մոլորությունը, և փակում է աչքերը ու շրջում դեմքը՝ չտեսնելու համար Լույսը: Քրիստոսից հետո աշխարհում ավելացան մոլորությունները, որովհետև ի հայտ եկան գայլեր, որ նախընտրեցին ոչ թե բացահայտ, այլ ոչխարի մորթով քողարկված շրջել ու որս փնտրել. իրենք՝ միշտ անհագ ու վտիտ, պարարտ ոչխարների տեսք ստացան ու շատ գոհ մնացին իրենց նոր հանդերձանքից: Մոլորության մոլախոտերի կողքին սկսեց աճել նաև որոմը, որը այնքա՜ն նման է ցորենի: Այսօր արդեն բազմաթիվ են որոմները ճշմարտության ցորենի կողքին, և բազմաթիվ են նրանք, ովքեր կերակրվում են որոմահացով և մնում են միշտ թերսնված: Եկեղեցու դեմ հոխորտացող այժմյան աղանդները նախկին հերետիկոսություններն ու հերձվածներն են՝ անվանափոխված ու թարմացած, որոնց դեմ պայքարի հետևանքում Եկեղեցին հստակեցրեց ու հաստատեց իր Հավատամքը: Եթե Եկեղեցուց ներս Քրիստոս Կյանք է ու Փրկիչ, ապա աղանդների համար Նա ընդամենը գովազդ է կամ հրավիրատոմս, որովհետև մարդը ենթագիտակցորեն ձգտում է Փրկչին ու փրկությանը: Փրկության ու խաղաղության փնտրտուքով մտնում է մարդը աղանդի լայն դռներով, տեղավորվում ընդարձակ դահլիճների հարմարավետ աթոռներին և իր խղճի համար երգում օրորոցային՝ ալելուիա: Օրհներգով քողարկված՝ աստվածանարգությունը սահուն կերպով իր զոհերին քաշում է անհոգության, անառակության ու այլասերման հորձանուտի մեջ՝ վկայակոչելով Աստծո բարությունը և ներողամտությունը, կամ էլ՝ հուսադրելու փոխարեն հուսալքում՝ մատնանշելով նրանց մեղքերի առատությունը. փրկության փոխարեն առաջնորդում է ստույգ կործանման:

Դժբախտությունն այն է, որ հերթական աղանդը իր մոլորությունը որպես միակ ճշմարտություն է ներկայացնում, աղանդին անդամակցությունը՝ փրկության միակ պայման, արդյունքում սովորական մարդու համար, ով փնտրում է իր հոգու փրկության ճանապարհը, Եկեղեցին դառնում է պարզապես հերթական հնարավորություն աղանդների կողքին, թեև իսկապես Ճշմարտություն է քարոզում ու փրկության է առաջնորդում: Հեշտասերները այդպես էլ խրվում-մնում են այլասերման տիղմի մեջ, իսկ նրանք, ովքեր ամբողջ սրտով Տիրոջն են փնտրում, ազատվում են չարի որոգայթներից ու որսացանցերից: Մենք ամեն օր ականջալուր ենք լինում այն խայտառակությանը, որ աղանդին ստրկացած մոլորյալները կամ չեն ուզում, կամ չեն կարողանում թաքցնել, բայց փորձում են թաքցնել՝ նորանոր, բազմաթիվ մարդկանց մոլորեցնելու հնարավորությունից չզրկվելու նպատակով: Աշխարհում բարոյականություն հետապնդող միակ գաղափարախոսությունը հետապնդվում է՝ ոչնչացվելու նպատակով. այն սեպ է՝ խրված ժամանակավոր ու հավիտենական մահվան միջև, խախտում է մահվան ամբողջականությունը և հիմքից սասանում նրա ամբողջատիրության հիմքերը:

Քրիստոսի Եկեղեցին ևս երբևէ զերծ չի եղել նման գայթակղություններից, բայց եթե առաքելական շրջանում նա դեռ նոր էր փորձում թոթափել հեթանոսական մտածողության մնացուկները քրիստոնյա նորադարձների կյանքից ու կենցաղից, ապա այսօր Եկեղեցին ունի անցած ճանապարհ, և այսօրվա քրիստոնյաներըևւս չպետք է անտեսեն առաքելական պատգամը.
«Սրանք ցամաքած աղբյուրներ են եւ մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջները հավիտյան նրա՛նց համար են պահված. քանզի մեծախոս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, որոնք ստուգապես փախել էին մոլորության մեջ թափառողներից: Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը, քանի որ մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է. որովհետեւ, եթե մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը. քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ հետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց:


Նրանց հարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թե՝ Շունը վերստին է դառնում իր փսխածին, եւ թե՝ լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ» (Բ Պետրոս 2; 17-22):

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 5642

Մեկնաբանություններ