Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդ երբվանի՞ց է լրագրողի հնչեցրած հարցը «դաս տալ» կոչվել

Այդ երբվանի՞ց է լրագրողի հնչեցրած հարցը «դաս տալ» կոչվել
13.09.2012 | 18:03

Ամերիկյան հայտնի Huffington Post կայքը, ըստ Tert.am կայքի, տարածել է տեղեկություն, համաձայն որի, ԱՄՆ-ի իշխանությունները Միջին Արևելքի, Աֆրիկայի, Կովկասի առնվազն 7 երկրում գործող ամերիկյան դեսպանատներին նախազգուշացրել են պատրաստ ու զգոն լինել հնարավոր հարձակումներից խուսափելու համար:

Ամերիկյան կայքում թվարկված ահաբեկիչ երկրներն են` Բուրունդի, Քուվեյթ, Սուդան, Թունիս, Զամբիա, Եգիպտոս: Եվ, ի զարմանս մեզ, 7-րդ տեղում` մուսուլմանական երկրների շարքում, ահաբեկչական գործողությունների տեսանկյունից իբրև վտանգավոր երկիր հիշատակվում է նաև քիրստոնյա Հայաստանի անունը:

Ամերիկյան իշխանությունների զգոնության կոչը` ուղղված մուսուլմանական վերոհիշյալ երկրներին, իհարկե, հասկանալի է, քանի որ օրեր առաջ Լիբիայի Բենգազի քաղաքում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի դեսպանի և դեսպանատան 3 աշխատակիցների սպանությունը: Նախօրեին էլ հարձակման էր ենթարկվել Եգիպտոսի դեսպանատունը: Մոտ 3000 սալաֆիականներ դեսպանատան շենքի վրայից հանել են ամերիկյան դրոշը` փոխարենը տեղադրել սև դրոշ. «Չկա այլ աստված Ալլահից բացի» գրությամբ:
Սակայն անհասկանալին Հայաստան պետության անվան հիշատակումն է:
Պարզաբանման նպատակով դիմեցինք ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ` արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարությունը տեղյակ է, որ Հայաստանը հայտնվել է ահաբեկիչ 7 երկրների ցանկում, որոնցում, ըստ ԱՄՆ-ի, կարող են իր դեսպանատները ենթարկվել հարձակման:
ԱԳՆ խոսնակի պատասխանն այսպիսին էր. «Հայաստանը լիովին կատարում է Վիեննայի կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները` օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ»:
Անշուշտ, կասկածից վեր է, որ «Հայաստանը լիովին կատարում է Վիեննայի կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները` օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ»:

Սակայն, անհանգստացնողն այն է, որ քրիստոնյա Հայաստանը, ԱՄՆ-ի ներկայացմամբ, հայտնվել է մուսուլմանական երկրների ցանկում և դիտվել վտանգավոր ահաբեկիչ երկրների շարքում: Հետևաբար, բացի վերոնշյալ փաստն արձանագրելուց, թե «Հայաստանը լիովին կատարում է Վիեննայի կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները», ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնելու ՀՀ ԱԳՆ-ն` բողոքի ձայն բարձրացնելու և Հայաստանի անունն այդ ցանկից հանելու ուղղությամբ: Մեր հարցին` ԱԳՆ խոսնակի պատասխանն առավել զարմացնող էր. «Ոնց որ դաս տալու տոնայնություն եմ նկատում, հավելյալ մեկնաբանություններ չունեմ»:


Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց է լրագրողի հնչեցրած հարցը սկսել «դաս տալ» համարվել: Եվ վերջապես, այն, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակն այս կարևորագույն փաստի առնչությամբ ասելիք, մեկնաբանություն չունի, խիստ մտահոգիչ է: ՈՒ եթե այս կառույցը լռում է մեր երկրին առնչվող կարևորագույն իրավիճակներում, ապա հերթական անգամ փաստում է իր վախվորած, անգործունյա լինելը:


Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Հ.Գ.- Քիչ առաջ ստացանք ԱԳՆ խոսնակի արձագանքը: Փոխանակ անդրադառնալու լրագրողի հարցին և տեղեկացնելու, թե այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնելու Հայաստանի արտաքին գերատեսչությունը, Տիգրան Բալայանն արդարացման տոնով գրում է. «Դիվանագիտության մեջ մեկնաբանության բացակայությունն արդեն իսկ մեկնաբանություն է»: Եթե ԱԳՆ խոսնակի ասածն ի գիտություն ընդունենք, կնշանակի, որ ՀՀ ԱԳՆ-ի չմեկնաբանությունները պետք է ընդունել որպես լիարժեք մեկնաբանություններ, հետևաբար, անգործությունն էլ` տքնաջան աշխատանք:

Դիտվել է՝ 7469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ