Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Չինաստանը զզվել է զիջումների սպասելուց»

«Չինաստանը զզվել է  զիջումների սպասելուց»
06.05.2014 | 00:09

Նախկին խորհրդային տարածության համար ծավալված լարված պայքարն այսօր, ըստ էության, դարձել է համաշխարհային արտաքին քաղաքական օրակարգի առավել կոշտ ու գերիշխող հարցը։ Սակայն Արևմուտքի և Ռուսաստանի կատաղի դիմակայության պայմաններում ստվերում է մնում ՉԺՀ-ի հարաճուն դերը, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու ռազմական։ Եվ դա նկատվում է ամենուր, թեև, իհարկե, արմատավորման առաջավոր գիծն անցնում է Կենտրոնական Ասիայով, ինչի մասին մենք կանոնավորապես տեղեկացնում ենք ձեզ։ Բայց, որ ամենահետաքրքրականն է, եթե Չինաստանն առաջ հետևողականորեն ու բավական հաջողությամբ իր մասին հայտարարում էր տարածաշրջանի բոլոր նոր պետություններում, ապա վերջերս, կարծես, սկսել է առանձնապես շեշտը դնել «երևելի բարեկամներ» ձեռք բերելու վրա։ Այսպիսին Պեկինի համար ավելի ու ավելի շատ է դառնում Դուշանբեն։

Այսպես, ապրիլի սկզբին ՉԺՀ ազգային պաշտպանության նախարար Չան Վանցյուանը հայտարարեց, որ Չինաստանը պատրաստ է Տաջիկստանին հարյուր միլիոն դոլարի ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու։ Եվ դա այն դեպքում, երբ վերջին տարիներին Չինաստանը Դուշանբեին 18 մլն դոլարի ռազմատեխնիկական օգնություն էր ցուցաբերել։ Նախարարը հաղորդեց, որ Չինաստանը մշտապես կպաշտպանի Տաջիկստանի պետական անկախության ամրապնդումն ու նրա պաշտպանական հզորության ուժեղացումը, ինչպես նաև օգնություն կցուցաբերի ուժային կառույցների հակաահաբեկչական պատրաստության գործում։ ՈՒ թեև դա արվել էր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների խորհրդի նիստի օրերին, այդուամենայնիվ, այդ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների բնույթ է կրում, և դա նշվել է Տաջիկստանի նախագահի հետ Չինաստանի նախարարի պաշտոնական հանդիպման ժամանակ։ Էմոմալի Ռահմոնն իր հերթին նշել է, որ քննարկվել է տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության, անջատականության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի ասպարեզում երկու երկրների համագործակցության թեման։ Խոսվել է զորավարժությունների անցկացման ու սահմանների պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։ Հարկ է նկատել, որ, փորձագետների գնահատմամբ, Տաջիկստանի զինված ուժերը ծայրաստիճան թույլ են և խոցելի ցանկացած սպառնալիքի պարագայում, այդ թվում՝ թալիբների, իսկ հանրապետության տարածքում գտնվող ռուսական 201-րդ ռազմաբազան մարտական հզորությամբ գերազանցում է Տաջիկստանի բոլոր զինված ուժերին միասին վերցրած։
Բացի այդ, ապրիլին Տաջիկստանի ու չինական ընկերությունների միջև համաձայնագիր ստորագրվեց Տաջիկստանի ազատ տնտեսական գոտում նավթի վերամշակման արտադրական կարողությունների կառուցման ու գործարկման մասին, և այդ նպատակով 80 հա հող է հատկացվել։ Այժմ ներդրողները պատրաստվում են սկսելու գործարանի շինարարությունը, որն սկզբում կվերամշակի 300 հազար տոննա հում նավթ, այնուհետև 800 հազար և 1,2 մլն տոննա։ Սարքավորանքը կլինի չինական, հումքը՝ ներմուծված և տեղական։ Առաջին հերթի շինարարության արժեքը կկազմի 60 մլն դոլար։
Նավթամշակման գործարանի կառուցումը մի երկրում, որն էներգակիրների սեփական պաշարներ չունի, նույնքան մասնավոր ու տարաշխարհիկ ձեռնարկում կլիներ, որքան տաջիկական բանակը զորացնելու ջանքերը, եթե չլիներ մի կարևոր հանգամանք, որը վերջերս լուրջ անհանգստություն առաջ բերեց ռուսական լրատվամիջոցներում։ Հայտնի է դարձել, որ արդեն այս տարի Չինաստանը ծրագրում է Կենտրոնական Ասիայով նոր էներգետիկ երթուղի գցելու աշխատանքներ սկսել։ Չինացիների նման գործողությունները հետաքրքիր են առանձնապես Եվրոպայում գազային պատերազմների հնարավորության և Ռուսաստանի ռեսուրսային ճնշումը թուլացնելու ձգտման պայմաններում։ Մարտին Չինաստանի ազգային նավթային կորպորացիան հայտարարեց, որ Տաջիկստանի գազի ազգային տնօրենության հետ համաձայնագիր է ստորագրում երկրի տարածքով անցնելիք նոր գազամուղի համատեղ կառուցման և շահագործման վերաբերյալ։ ՈՒղի է բացվում Թուրքմենստանից չինական կենտրոնասիական գազամուղի չորրորդ ճյուղի՝ «Դ գծի» շինարարության համար՝ ՈՒզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Մտադրություն կա նախագիծը ավարտելու մոտավորապես 2016 թ., և մասնագետների գնահատմամբ՝ այդ գիծն ամենաթանկը կլինի. միայն Ղրղզստանի հատվածի շինարարությունը կարժենա 1,5 մլրդ դոլար։ 2020 թ. բոլոր չորս գծերի կարողությունը կհասնի տարեկան 80 մլրդ խմ-ի, ինչը կազմում է Չինաստանի կողմից ներմուծվող գազի ավելի քան 40 տոկոսը։ Գազամուղի ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 7 հազար կմ, իսկ հարաճուն ծավալներն այն կդարձնեն ոչ միայն ամենաերկարը, այլև խոշորագույններից մեկը։
Գազամուղի բոլոր նախորդ գծերից հիմնական տարբերությունն այն է, որ «Դ գիծը» շրջանցելու է Ղազախստանը։ Հարկ է նկատել, որ նախկինում Չինաստանը խուսափում էր Ղրղզստանով ու Տաջիկստանով տարանցում կատարելուց, հնարավոր է, այդ երկրներում տիրող անկայուն վիճակի պատճառով, հնարավոր է և՝ տեղանքի բարդության։ Եվ ահա հիմա, կարծես, չեն խանգարում ո՛չ անվտանգությունը, ո՛չ այն, որ այդ երկրները գրեթե լիովին կախված են ներմուծումից, և դա գազի տարանցմանն սպառնացող վտանգների հարց է բարձրացնում, ո՛չ էլ նախագծի թանկությունը։ Չինական իշխանությունները ոչ մի կերպ չեն հաղորդում այդ երթուղու ընտրության պատճառները, իսկ Չինաստանին էներգակիրներ մատակարարելու գործում շահագրգիռ բոլոր կողմերին մնում է միայն գուշակություններ անել այդ փոփոխության պատճառների մասին։ Այսպես, որպես այդ երթուղու ընտրության հնարավոր պատճառ առաջ է քաշվում Ղազախստանի տարանցիկ գծերի վրա հնարավոր գազային դիվերսիաների կազմակերպման վարկածը, մյուս պատճառն այն է, որ, երկու նոր երկիր ներառելով տարանցման համակարգում, Չինաստանը ծրագրում է ընդլայնել իր տարածաշրջանային ներկայությունը։ Ինչևէ, «Դ գծի» ծրագրերն ի հայտ եկան գազի մատակարարումների ծավալների մեծացման մասին Թուրքմենստանի հետ նոր համաձայնագրի կնքումից հետո, և գազամուղների տարբեր երթուղիները, անշուշտ, դրա հետ փոխկապակցված են։ Ռուս փորձագետներն ասում են, թե «Չինաստանն անսպասելի հնարք է կատարում գազային պատերազմների աղմուկի ներքո», և երկյուղում են, որ նոր նախագիծը մատնանշում է Ռուսաստանից գազի ներմուծման բանակցությունների սառեցման հնարավորությունն ու հիմնական շեշտը կենտրոնասիական գազի վրա դնելու Պեկինի որոշումը։ Հիշեցնենք, չինական CNPC-ը և ռուսական «Գազպրոմը» ահա արդեն տասը տարի ձգտում են համաձայնության գալ գազի գնի հարցում։ Սակայն առայժմ ոչ մի արդյունք. Պեկինը մինչ օրս հրաժարվում է Մոսկվային վճարելուց այնքան, որքան Եվրոպայի սպառողներն են վճարում։ Ռուսաստանում անհանգստություն են արտահայտում այն կապակցությամբ, որ գազամուղի նոր նախագիծը և տարածաշրջանից մատակարարումների ավելացումը «կարող են նշանակել, որ Չինաստանը զզվել է զիջումների սպասելուց»։ Ինչևէ, հարկ է նկատել, որ եթե Չինաստանին և Ռուսաստանին, այնուամենայնիվ, հաջողվի համաձայնության գալ, ապա տարբեր աղբյուրներն ու տարբեր երթուղիները Չինաստանի համար գրավական կլինեն այն բանի, որ նրա էներգետիկ անվտանգությանը, փաստորեն, ոչինչ չի սպառնա։
Վերադառնալով այն հարցին, թե Չինաստանը Տաջիկստանում նոր հենակետեր է գտնում իր համար, հարկ է նկատել, որ այդ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2013-ին կազմել է ավելի քան 1,5 մլրդ դոլար, իսկ վերջին վեց տարում հանրապետության տնտեսության մեջ չինական ներդրումների ծավալը մոտեցել է 500 միլիոնի նիշին։ Այսպես, վերջերս պայմանագիր ստորագրվեց 30 մլն դոլար ընդհանուր արժողությամբ երկու գործարանի կառուցման վերաբերյալ։ Չինաստանը ֆինանսավորում է նաև բարձրավոլտ էլեկտրագծերի և ավտոճանապարհների շինարարություն։ Ընթացիկ տարում Չինաստանը պատրաստվում է Տաջիկստանին 51 մլն դոլարի վարկ տրամադրելու երկաթուղու կառուցման համար։ Ինչ վերաբերում է հիշատակված «Դ գծին», ապա այդ նախագիծը Դուշանբեին հնարավորություն կընձեռի ներգրավելու ավելի քան 3 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ Չինաստանից։
Ի՞նչն է այդ երկրի նկատմամբ այդքան մեծ հետաքրքրության պատճառը։ Ռուսաստանի ԳԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից Կնյազևը, օրինակ, ասում է, թե Տաջիկստանը սահմանակից է Իրանին և նրա հետ սերտորեն կապված է մշակութային առումով, «իսկ Իրանը Չինաստանի կողմից դիտարկվում է իբրև սպառնալիքի աղբյուր, միաժամանակ նաև ապագա պաշարների աղբյուր»։ Խոսք կա նաև մի վարկածի մասին, թե Չինաստանի մտահոգության պատճառներից մեկն էլ տարածաշրջանում իսլամիստական պետության ստեղծման առայժմ տեսական, բայց խիստ անցանկալի նախագիծն է։ ՈՒստի և Պեկինի համար կարևոր են և՛ սահմանակից տարածքներում կայունության ապահովումը, և՛ այդտեղ իրադարձությունների զարգացման վերահսկողությունը։ Եվ, իհարկե, միայն «արևելյան հաճոյախոսությունից» չէ, որ նախագահ Ռահմոնը վերջերս ավելի ու ավելի հաճախ է Չինաստանն անվանում «լավ հարևան, ամենահավատարիմ բարեկամ, հուսալի գործընկեր» և ողջունում ՉԺՀ-ի հետ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ