«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ադրբեջանը Իրանի խաղաղասիրության երաշխիքներ է ուզում

Ադրբեջանը Իրանի խաղաղասիրության երաշխիքներ է ուզում
06.05.2014 | 10:45

ՈՒկրաինայում տիրող ճգնաժամը և Ղրիմի շուրջ ծավալված իրադարձություններն ասես ստվերած լինեն իրադարձային հետաքրքրություն ներկայացնող մի շարք փաստեր։ Եվ, մասնավորապես, Ադրբեջանի ու Իրանի միջև արձանագրված ակտիվության մի թանձր շերտ։ Այն, ինչ հիմա նկատվում է, շատ նման է ապշերոնցի տարատեսակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կիսածրագրված «ուխտագնացության»` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։ Եվ Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում արծարծված թեմաներն էլ վկայում են, որ Բաքվում որոշել են յուրովի պատրաստվել ինչպես ամբողջ ԱՊՀ-ում, այնպես էլ Անդրկովկասում սպասվող աշխարհաքաղաքական վայրիվերումներին։ Ըստ որում, Իրանի մայրաքաղաքից հնչող հայտարարությունների զգալի մասը ուղղակիորեն առնչվում է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի հակամարտությունը դեռ հեռու է վերջնական լուծումից, դրանում մի ամբողջ շարք միտումներ ենք տեսնում։
Նախ, մենք տեսնում ենք, որ Ի. Ալիևը իրանական կողմին ասես հասկացնում է, որ Բաքուն մոտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հարաբերությունները խզելուն։ Մինչ այս այցն էլ ¥ընդ որում` բավական տարօրինակ¤ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում այն մասին, որ իբր, միջազգային հանրությունը «ոչինչ չի անում», որ Հայաստանի դեմ պետք է ինչ-որ «միջազգային պատժամիջոցներ» գործեն և այլն։ Ավելին, Բաքուն հրաժարվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ընդունելուց, երբ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի խորհրդի հերթական նիստը վերջերս տեղի ունեցավ Ապշերոնում։ Դրա հետևանքով հայկական կողմը Բաքվում տեղի ունեցած քննարկումների թեմաների մասին իրազեկվեց Ռուսաստանի և ԱՊՀ ՀԱՊԿ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջոցով միայն։ Բաքվի վերաբերմունքը, նույնիսկ եթե այն համարենք զուտ ձևական և սեփական հանրությանը միտված, այդուամենայնիվ, բացարձակապես աներկմիտ է, ու դա նաև Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում նրա դերի հանդեպ վերաբերմունք է։
Կարծում ենք, որ շտապ մեկնումը Թեհրան և այնտեղ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ Ռուսաստանի հանդեպ իր անվստահության ցուցադրումը, անկասկած, կապված են Ղրիմի հարցի լուծման հետ։ Ով էլ և որքան էլ ասի հիմա, թե իբր ԼՂՀ-ի խնդիրը ոչ մի նմանություն չունի Ղրիմի հետ, իրականում այդ երկու հարցերը միմյանց հայելային արտացոլանք են փաստորեն, և շատ նման։ Դա նույնիսկ երևում է այն ուղուց, որ երկու տարածքներն ու ժողովուրդներն անցել են արդեն հեռավոր 1991-ին. միայն Ղրիմն է հանրաքվեի դրել ինքնավար հանրապետության վերականգնման հարցը ¥չմոռանանք` 1991 թ. հունվարին դեռ ԽՍՀՄ փլուզման մասին խոսք անգամ չկար¤, իսկ Լեռնային Ղարաբաղը, որ հանրաքվեն անցկացրեց 1991-ի դեկտեմբերին, անկախության ու պետական ինքնիշխանության հարց էր առաջադրում։ Բայց երկու դեպքում էլ խոսվում էր և խոսվում է հայրենիքի հետ վերամիավորվող տարածքների ուղու մասին, որոնք մի ժամանակ ապօրինաբար մտցվել էին «ոչ հարազատ» միութենական հանրապետության կազմի մեջ։ Բնականաբար, Բաքվում էլ լավ են տեսնում այս նմանությունները, ինչպես մյուս մայրաքաղաքներում։ ՈՒստի և Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացրեց ոչ միայն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, այլև հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ բանակցությունների ժամանակ։ Եվ խոսեց այն մասին, որ այդ հարցում «Իրանի աջակցությունը շատ կարևոր է»։ Իհարկե, ստեր էլ բստրվեցին, իբր, «օկուպացված տարածքներում հայերն ավերել են մեր պատմական, կրոնական հուշարձանները»։ Բայց Իրանն այն վայրը չէ, ուր ադրբեջանցիները կարող են առհասարակ ինչ-որ բանից գանգատվել. ՅՈՒՆԵՍԿՕ-ում է գտնվում Թեհրանի պաշտոնական բողոքն այն մասին, որ Ադրբեջանում, ըստ էության, պղծել են միջնադարյան պարսից մեծ պոետ Նիզամի Գյանջևիի շիրիմը։ Եվ իրանցիները բոլորից լավ գիտեն, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ ԼՂՀ-ում ոչ մի մզկիթ չեն քանդել ու չեն պայթեցրել, ընդհակառակը, վերականգնել են և այն էլ իրանցի մասնագետների օգնությամբ։ Ինչը չես ասի Ադրբեջանի մասին. բավական է հիշել Նախիջևանի տարածքում գտնվող հայկական խաչքարերի ոչնչացման փաստը։
Հասկանալի է, թե ինչ աջակցության մասին է երազում Ի. Ալիևը. որպեսզի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» գերակայություն լինի։ Ափսոս, նա մոռացել է իր իրանցի զրուցակիցներին բացատրել, որ, ըստ էության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը իրապես ոչ մի առնչություն չունի ԼՂՀ-ի անկախության հարցի հետ, քանի որ 1991 թ. երկու հանրապետություններն էլ միաժամանակ դուրս եկան ԽՍՀՄ-ի կազմից։ Իսկ Հ. Ռուհանին և Ա. Խամենեին ոչ մի «գերբնական» բան չեն խոստացել։ ՈՒղղակի հիշեցրել են, որ Իրանն այդպես էլ հրապարակայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմն է, այդ հիմքի վրա հանդես է գալիս հակամարտության հանգուցալուծման օգտին, և Թեհրանը «պատրաստ է օգնելու»։ Սակայն ուշադրության առնենք Հ. Ռուհանիի ճառի երկու կետ.
1) «Բոլորը պետք է օգնեն` տարաձայնությունը դիվանագիտական ու խաղաղ ճանապարհով կարգավորելու»,
2) «Փոփոխությունները տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ անընդունելի են»։
Երկրորդ կետի առնչությամբ տարընթերցում լինել չի կարող. իրանական իշխանությունները նրբորեն հիշեցրել են Ի. Ալիևին, որ Իրանի նկատմամբ նրա քաղաքականությունը վերջին մի քանի տարում միտված է եղել արտատարածաշրջանային ուժերին «ծառայություններ մատուցելուն»։ Ներեցեք, բայց Անդրկովկասում անկախ Աբխազիայի և Հարավային Օսիայի ի հայտ գալը, ինչպես կարելի է դատել Իրանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների և Ռուսաստանի հասցեին ուղղված «դատապարտման» բացակայությունից, Թեհրանի համար չդարձավ «անընդունելի փոփոխություն տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ»։ Ընդհակառակը, հենց 2008 թ. իրադարձություններից հետո Իրանն ակտիվացրեց իր քաղաքականությունը Վրաստանում և նույնիսկ իր հյուպատոսությունը բացեց Աջարիայում։ ՈՒ հետո, այս ամենը, անգամ եթե պատկերացնենք, թե վաղը ճանաչված կլինի ԼՂՀ-ի անկախությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը չի փոխում։ Դրանով էլ այն աշխարհաքաղաքականություն է, որ կապված է Անդրկովկասի և ամբողջ Առաջավոր Ասիայի արտաքին շրջակայքի հետ և ոչ թե քաղաքական աշխարհագրության ներքին փոփոխությունների։ Այսինքն, Իրանի նախագահը այդ ձևով իր «դիտողություններն» է արել հենց այն առնչությամբ, որ նա վերջին 3-4 տարում Ադրբեջանը իսկական ռազմահետախուզական դրախտ է դարձրել արտատարածաշրջանային ուժերի համար, և նա, առաջին հերթին, նկատի է ունեցել և ունի ԱՄՆ-ը և Իսրայելը։
Իսկ ահա առաջին կետը քողարկված ձևով, մեր կարծիքով, հասկանալ է տալիս, որ, չնայած ապշերոնցի հյուրի խնդրանքին, Իրանը չի կարծում, որ նույն Ռուսաստանը պետք է մեկուսացված լինի հակամարտության կարգավորման գործից։ Իսկ Ռուհանիի և Խամենեիի մտքերի շարունակությունը Ադրբեջանի նախագահը լսեց արդեն ապրիլի 14-ին` Բաքվում, երբ Իրանի դեսպան Մոհսեն Պակայինին հայտարարեց. «Մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք և կզարգացնենք համագործակցությունը մեր երկրների միջև, ոչ ոք չի կարող ազդել երկու ինքնիշխան պետությունների տնտեսական հարաբերությունների վրա։ Ռուսաստանն ու Իրանը չեն վախենում Արևմուտքի սպառնալիքներից»։
Ստացվում է, որ «ղարաբաղյան ուղղությամբ» Ի. Ալիևի այցի արդյունքները գրեթե ձախողված են։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Թեհրանը դիվանագիտորեն հասկացրել է, որ քաղաքական առումով մտադիր չէ վատություն անելու Ռուսաստանին։ Այլև Ռուհանին ու Խամենեին Ի. Ալիևին ոչ մի հավաստիացում չեն տվել այն մասին, որ Իրանն իր ամբողջ ազդեցությունը և կապերը կօգտագործի համոզելու Հայաստանին ու ԼՂՀ-ին ինչ-որ բանում փոխելու իրենց մոտեցումները։ Սակայն մենք հիշում ենք` Լեռնային Ղարաբաղի հարցում իր հաշտեցման միջնորդությունը վերականգնելու պատրաստակամության առնչությամբ 2008 թվականից հնչող հայտարարություններում Իրանը միշտ ընդգծել է. դա հնարավոր կլինի, եթե իրեն դիմեն հակամարտությանը մասնակցող բոլոր կողմերը։ Բայց Իրանը չի ցանկացել, չէր էլ կարող Ադրբեջանին որևէ երաշխիք տալ, թե իրանական կողմը կսկսի «մշակել» հայկական պետությանը։ Հասկանալի է, որ Ի. Ալիևը այս ամենը գիտակցել է և, ըստ երևույթին, կփորձի հետագայում շարունակել իրանական պետական գործիչների «մշակումը»։ Մասնավորապես հայտնի է, որ նա Հ. Ռուհանիին հրավիրել է «իրեն հարմար ժամանակ այցելելու Ադրբեջան»։ Սակայն մենք հիշում ենք, որ Իրանի նախագահը չի շտապում անգամ գերտերությունների հետ հանդիպումների հարցում։ Այո, հրավերն ընդունված է, սակայն Իրանի նախագահը պիտի որոշի իրեն «հարմար ժամանակը», ինչպես նաև բանակցությունների օրակարգը։
Այժմ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, թե ինչու էր Ի. Ալիևի այցը տարօրինակ։ Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, դա պաշտոնական այց էր, և տեղի ունեցավ ապրիլի 9-ին։ Սակայն միջազգային հարաբերությունների պրակտիկայում մեկօրյա պաշտոնական այցերն այնքան էլ տարածված չեն։ Հայտնի է, որ նախօրեին` ապրիլի 8-ին, Թեհրանում էր եղել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը. երևի նա էլ նախապատրաստել էր Ի. Ալիևի բլից-պաշտոնական այցը, համաձայնեցրել ժամկետները և այլն։ Բայց, արարողակարգին, ինչպես նաև հարևան պետությունների ղեկավարների փոխհարաբերությունների ավանդույթին հակառակ, Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Ի. Ալիևին դիմավորեց ոչ թե Իրանի նախագահը, այլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզին` իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ համանախագահը։ Ի միջի այլոց` անչափ փորձառու կադրային դիվանագետ, միաժամանակ նաև մինչև 1992 թ. Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ անմիջականորեն կապված անձ։ Այդ հենց նա էր 1992 թ. մարտի կեսերին որպես Իրանի փոխարտգործնախարար ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկությունների փաթեթը և բազմիցս բանակցություններ վարել ԼՂՀ-ի ղեկավարության հետ, անգամ դրանց մի այնպիսի նրբին մասի առնչությամբ, ինչպիսին էր անձնական միջնորդությունը բանակցություններում Լեռնային Ղարաբաղը որպես լիիրավ կողմ ճանաչելու անհրաժեշտության մասին ԼՂՀ-ի իշխանությունների հայտարարությունը Ադրբեջանին փոխանցելու գործում։ Իսկ ինքը` Իրանի նախագահ Հ. Ռուհանին, ադրբեջանցի հյուրին ողջունեց նախագահական պալատի առջևի հրապարակում միայն։ Այս ամենը թույլ է տալիս բավական հոռետեսորեն վերաբերվել Բաքվի ԶԼՄ-ների այն հաղորդումներին, թե իբր «այցը տեղի է ունեցել Իրանի նախագահի հրավերով»։ Մի՞թե այսպես են վարվում հրավիրված հյուրի հետ և այն էլ` Արևելքում։ ՈՒստի տեղին է ենթադրել, որ այցը ձեռնարկվել է հենց Բաքվի նախաձեռնությամբ, և պայմանավորվածությունները ձեռք են բերվել հապճեպորեն։ Իսկ թե որն է եղել իսկական պատճառը, միայն ենթադրել կարելի է։ Համենայն դեպս, համատեղ բրիֆինգում պարոն Ռուհանին երկրների փոխգործակցության արագ ակտիվացման հույս հայտնեց, ինչը կարելի է մեկնաբանել նաև որպես հիշեցում, որ վերջին տարիներին տարածաշրջանի շրջանակներում փոխգործակցություն չի էլ եղել։ Փոխգործակցության անհրաժեշտության մասին խոսեցին թե՛ Ի. Ալիևը, թե՛ այաթոլլահ Խամենեին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ո՛չ ընդդեմ Հայաստանի ու ԼՂՀ-ի, ո՛չ ընդդեմ Ռուսաստանի Ադրբեջանի հետ փոխգործակցությունը Իրանին պարզապես պետք չէ, մնում է միայն մեկ վարկած. այս կերպ Թեհրանը Բաքվին հասկացրել է, որ ակնկալում է հենց արտատարածաշրջանային «խաղացողների» հեռացում Ադրբեջանից։
Ի. Ալիևի ներկայությամբ Թեհրանում, տեղեկությունների համաձայն, ստորագրվել են. Ադրբեջանի և Իրանի երիտասարդության ու սպորտի նախարարությունների համագործակցության հարցում փոխըմբռնման հուշագիրը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ոլորտում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության և Իրանի ներքին գործերի նախարարության համագործակցության հարցում փոխըմբռնման հուշագիրը, հիդրոօդերևութաբանության հարցերում և դրա հետ կապված աշխատանքներում համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության և Իրանի տրանսպորտի ու հիդրոշինարարության նախարարության փոխըմբռնման հուշագիրը, «Օրդուբադի և Մարազադի ՀԷԿ-երի շինարարության ու շահագործման ոլորտում Ադրբեջանի ու Իրանի կառավարությունների համագործակցության մասին» համաձայնագիրը։ Ի դեպ, Ի. Ալիևը հասցրել է նաև առանձնազրույց ունենալ Մ. Վայեզիի հետ, ինչը ևս բացահայտորեն իր նպատակն ունի։
Արդեն Ի. Ալիևից հետո ապրիլի 14-15-ը Իրան մեկնեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` իբր իր իրանցի պաշտոնակից Հոսեյն Դեհկանիի հրավերով։ Մեր կասկածները, ինչպես հենց Ի. Ալիևի այցի բուն պատճառի պարագայում, նույնն են` դե, այդպես չեն վարվում հյուրերի հետ, եթե նրանք ինքնակոչ չեն ¥թեկուզ և պաշտպանության նախարարի այցի մասին պայմանավորված լինի անձամբ Ի. Ալիևը¤։ Բանն այն է, որ լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները այցի վերաբերյալ հաղորդումներն ուղեկցում էին... Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի լուսանկարով։ Մեկ անգամ ևս կրկնենք. Իրանն այն երկիրը չէ, ուր որևէ բան տեղի է ունենում «հենց այնպես», Իրանում հիանալի իրազեկ են հարևան երկրների բոլոր պաշտոնատար անձանց, ինչպես նաև արևելյան հյուրընկալության էթիկետի կանոններին։ Բայց ադրբեջանցի հյուրերի հետ կապված երկու դեպքում Իրանը խախտեց այդ էթիկետը։ Եվ անկասկած` ոչ պատահմամբ. կարելի է ենթադրել, որ այդ կերպ պարզապես Ադրբեջանին հիշեցրել են «իր տեղը» տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Եվս մի անհեթեթ բան. Ի. Ալիևի պաշտոնական այցը տևում է մեկ օր, իսկ Զ. Հասանովի պաշտոնական այցը` երկու։ Չոր փաստերը վկայում են հետևյալը. այդ բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել է ռազմական ոլորտում Ադրբեջանի պահանջմունքները բավարարելու պատրաստակամության մասին։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Թեհրանը խոստացել է Բաքվին մատակարարել անհրաժեշտ զինտեխնիկա և օգնություն զինված ուժերի վարժեցման գործում, ցույց կտա ժամանակը։ Թեև մեզ համար նման բաները նորություն չեն։ Մի քանի դեպք է եղել դեռ 90-ականներին, որ Իրանը առարկայական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչի մասին, ի դեպ, Հյուսիսային Իրանում իր նախընտրական քարոզչական շրջագայության ժամանակ անցյալ տարի հայտարարեց նաև Իրանի նախագահի պոստի նախկին թեկնածու գեներալ Մոհսեն Ռեզային։ Բացի այդ, Իրանի պաշտպանության նախարարությունը խոստացել է աջակցություն ցուցաբերել Բաքվին` անվտանգության հարցերում։ Ինչ է դա նշանակում, և ինչի դիմաց է Թեհրանը պատրաստ օգնելու Ադրբեջանին, դժվար է ասել։ Միգուցե այն բանի դիմաց, որ Ադրբեջանում դադարեն գործ սարքելուց «իրանցի լրտեսների» գլխին կամ «գիտնականների» ու «բանաստեղծների» անվան տակ իրենց գործակալներին այլևս «չգործուղեն» Հյուսիսային Իրան։ Ժամանակը ցույց կտա։
Իսկ ահա Զ. Հասանովի պատասխան խոսքում բացահայտորեն առկա են այն թեմաները, որոնք իրանական կողմը ստիպել է Ադրբեջանին քննության առնել։ Բաքվեցի նախարարը Իրանն անվանել է Ադրբեջանի բարեկամ, ինչպես նաև նրա հարևան և տարածաշրջանային մեծ դերակատար։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանի հետ համագործակցությունը «Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն է»։ Վերջապես, նա հայտարարել է, որ Բաքուն երբեք որևէ երկրի, այդ թվում` Իսրայելին, կամ որևէ կազմակերպության թույլ չի տա ռազմական բազա ստեղծել Ադրբեջանում։ Դե, Զ. Հասանովը, իհարկե, ստել է։ Սակայն դա վաղուց արդեն ոչ ոքի չի զարմացնում։ Զարմացնում է այն, որ իրանցիները լռեցին։ Թեև հենց իրանական կողմն էր ժամանակին ի հայտ բերել ու հավաստել, որ ԱՄՆ-ը իր տեղորոշիչներն է տեղաբաշխել Կասպից ծովի առափնյա գոտում. մեկը` Ռուսաստանի սահմանագլխին, իսկ երկրորդը` Իրանի սահմանագլխին։ Իհարկե, տեղորոշման կայանների տեղակայումն այնքան էլ կոռեկտ չէր լինի ռազմաբազա անվանել, բայց որ այդ տեղորոշիչները սպասարկում են հենց ամերիկյան զինծառայողները, և որ, հնարավոր է, դրանց պաշտպանության նպատակով Ադրբեջանում են գտնվում ամերիկացիների դյուրաշարժ ռազմաբազաները` «Caspian Guard» ծրագրի շրջանակներում, որին միայն 2005-2011 թթ. ԱՄՆ-ը իր, այսպես կոչված, Եվրոպական հրամանատարության շրջանակներում հատկացրել էր մոտ 130 մլն դոլար, որի հիմնական մասը բաժին է հասել Ադրբեջանին։ Նույնիսկ 2012-ին «Caspian Guard»-ի մասին հիշել Մոսկվայում ու Թեհրանում, ընդգծելով, որ ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնելու կասպյան ավազանի պարեկումը` հենվելով Ադրբեջանում գտնվող հրամանատարական-շտաբային կետի վրա, իսկ դա Ռուսաստանին ու Իրանին ստիպում է ուժեղացնել Կասպից ծովի իր ռազմանավային խմբավորումները։ Վերջապես, սահմանային գոտում տեղի ունեցած մի շարք ողբերգական միջադեպերի կապակցությամբ, որոնց զոհ դարձան իրանցի սահմանապահները, Իրանում համառորեն հայտարարում էին, որ տեղեկություններ ունեն և՛ իրանա-ադրբեջանական սահմանամերձ գոտում, և՛ նույնիսկ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի հակամարտության գոտում ամերիկյան ու իսրայելական հետախուզական կենտրոնների ու հատուկ նշանակության ջոկատների բազավորման մասին։
Ահա այստեղ էլ հստականում են այն մտքերը, որ Ի. Ալիևի հետ հանդիպմանը արտահայտել են նախագահ Հ. Ռուհանին և այաթոլլահ Ա. Խամենեին։ Իրանը, այո, խոստանում է «օգնել», բայց միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զերծ լինի բոլոր այն տարրերից, որոնք «փոփոխություններ են մտցնում տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ», և Բաքվից ակնկալում է «փոխգործակցություն» այդ հարցերում։ Իսկ մնացածը, ինչպես ասում են, հետո։ Եվ հասկանալի է, թե ինչ նկատի ուներ Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, երբ Զ. Հասանովին ասում էր, թե Թեհրանը «հանձին իր հարևանի ուզում է տեսնել ուժեղ Ադրբեջան» և խոսում «երկու պետությունների առևտրային հարաբերությունների հնարավորությունները անհապաղ ուսումնասիրելու և դրանց ընդլայնման խոչընդոտները վերացնելու» մասին։ Չէ՞ որ գլխավոր խոչընդոտն այն է, որ Ադրբեջանը գրեթե անվերապահորեն ծառայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի հետապնդած շահերին։ Եվ, ի դեպ, հայտարարությունը, թե առաջիկայում Իրան է այցելելու Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը, հավելումով, որ «Իրանն ու Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», նույնպես անուղղակիորեն վկայում է այն մասին, որ Բաքվին Թեհրանի կողմից ներկայացվող բոլոր պահանջները ներկա փուլում կապված են Իրանի ազգային անվտանգության ապահովման խնդրի հետ, այդ թվում` տեղեկատվական ոլորտում։
Վերջում, որպեսզի ավելի հասկանալի լինեն մեր կանխատեսումներն ու ենթադրությունները, բերենք ցանկը Իրանի հետ կապված փաստերի ու իրադարձությունների, որ տեղի են ունեցել Ի. Ալիևի և Զ. Հասանովի Թեհրան կատարած այցերի ժամանակ: Ահա. 1) ապրիլի 9-ին Վաշինգտոնում, Սենատի ունկնդրումների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, թե Իրանը հնարավորություն ունի երկու ամսում արտադրելու մեկ միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ տրոհվող նյութեր, և փաստորեն, վերստին խոսեց «ռազմական լուծման» հավանականության մասին, միաժամանակ ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել Համիդ Աբութալեբիին ՄԱԿ-ում Իրանի դեսպանի պոստում նշանակելուն, 2) ապրիլի 11-16-ին իրանցի երեք գեներալներ` գեներալ-մայոր Աթաոլլահ Սալեհին, Իրանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռըզա Փոուրդաստանը և Իրանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, Հեյդարին հրապարակավ հայտարարեցին, որ Իրանի զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության մեջ են, ցանկացած պահի կարող են արձագանքել արտաքին սպառնալիքին և կպատասխանեն ցանկացած ագրեսիայի, 3) ապրիլի 13-ին Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ դերծովակալ Հաբիբոլլա Սայարին հաղորդեց, որ Թեհրանը հրաժարվել է ԱՄՆ-ի ափերի մոտ նավատորմի տեղաբաշխումից և մարտական առաջադրանքի փոփոխման կապակցությամբ հետ է կանչել այն նավախումբը, որ նախատեսվում էր ուղարկել Ատլանտյան օվկիանոս, սակայն չպարզաբանեց, թե այդ ինչ փոփոխություն է, 4) ապրիլի 13-ին Իրանի ազգային ընկերությունը հյուսիսային նավթային կուտակարանում սկսեց նավթը Ռուսաստանից ներմուծվող պարենամթերքով, այլ ապրանքներով փոխանակման նախապատրաստությունը. դա այն նույն գործարքն է, որ դեռ փետրվարին առաջ էր բերել ԱՄՆ-ի բուռն վրդովմունքը, 5) ապրիլի 14-ին Իրանը վերստին կոչ արեց հիմնել Մերձկասպյան երկրների համագործակցության կազմակերպություն, մեկ անգամ ևս մերժելով տարածաշրջանի գործերին ոչ կասպյան պետությունների միջամտության հնարավորությունը:
Ինչպես կարելի է նկատել, Ի. Ալիևի և Զ. Հասանովի Թեհրան կատարած այցերի շրջանում Իրանի և Ադրբեջանի շուրջ տիրող արտաքին իրադրությունը, իրոք, սրման միտում է ունեցել: Անգամ եթե ադրբեջանական ղեկավարությունը երկյուղներ ունեցած չլիներ էլ մի ինչ-որ արագ «Ղրիմը Ղարաբաղում» տարբերակի հավանականության առումով, միանգամայն պարզ է, որ պաշտոնական Բաքուն ջանում է տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման բոլոր դեպքերի համար կանխապահովել Իրանի եթե ոչ աջակցությունը, ապա գոնե բարիդրացիական խաղաղասիրական վերաբերմունքը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ