Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեզ համար դժվար է հասկանալ ռուսներին, մենք շատ ենք տարբեր»

«Մեզ համար դժվար է հասկանալ ռուսներին, մենք շատ ենք տարբեր»
09.05.2014 | 14:27

Այսօրվա դրությամբ համաշխարհային արտքաղաքական օրակարգի կարևոր խնդիրներից մեկը հետևյալ հարցն է. «Կկայանա՞, արդյոք, Ռուսաստան-Չինաստան դաշինքը», որին ռուս փորձագետները ոչ առանց հիմքի հավելում են ևս մեկը՝ «Իսկ պե՞տք է, արդյոք, առհասարակ ՌԴ-ին ՉԺՀ-ի հետ դաշինքը»։ Նկատենք, որ չինական լրատվամիջոցներում, ի տարբերություն ռուսականի, այդ թեման գերիշխող չէ։ Թեև նշվում է բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը, այդուամենայնիվ, դատելով ըստ ամենայնի, Չինաստանում չեն շտապում փոխել պրագմատիկ մոտեցումը՝ արտաքին քաղաքականության հավասարամետ զարգացումը։ Ավելին, ոչ մի դաշինքի մեջ չմտնելու սկզբունքը, կարծես, մնում է Պեկինի զինանոցում։ Սակայն այստեղ ուշադրությամբ հետևում են ուկրաինական ճգնաժամում Կրեմլի դրսևորած վարքագծին և շատ հետաքրքիր հետևություններ են անում։ Այսպես, չինական ամենաընթերցվող հրատարակություններից մեկում՝ «Արևելյան օրաթերթում», օրերս մի ընդարձակ հոդված էր տպագրվել ՈՒկրաինայի իրադարձությունների և Ռուսաստանի գործողությունների մասին։ Նրանում շարադրված էին, ի դեպ, շատ լղոզված մոտեցումներ, որոնց հեղինակները մի շարք հայտնի կոնֆլիկտագետներ էին։ Հոդվածի լեյտմոտիվը հետևյալ կարծիքն էր. «Մեզ համար դժվար է հասկանալ ռուսներին, մենք շատ ենք տարբեր»։ Բացի այդ, բնակչության արդեն ակնհայտ և անշեղորեն աճող ազգային ինքնագիտակցության պայմաններում չինական հանրության մեջ ձևավորվում է այն մոտեցումը, որ Մոսկվան քիչ պարտք չի մնացել Պեկինին՝ հարաբերությունների երկար տարիների ընթացքում, և ժամանակն է այդ ամենը հիշեցնելու, և չպետք է թույլ տալ, որ նա Չինաստանը ներքաշի իր խնդիրների մեջ։ Այնպես որ, լիակատար կողմնորոշման, առավել ևս «ընդդեմ բոլորի ինչ-որ բարեկամության» մասին խոսակցություններն ու հույսերը կարող են զուրկ լինել բոլոր հիմքերից և Չինաստանում ոչ մի պաշտպանություն չգտնել։ Սակայն հետաքրքիր կլիներ դիտարկել, թե այդ թեմային ինչպես են վերաբերվում ոչ թե պրոպագանդիստները, այլ ռուս լուրջ մասնագետները։ Հետաքրքրական է, որ շատ, նույնիսկ պաշտոնական հետազոտողներ ընդունում են, որ Պեկինի ու Մոսկվայի հարաբերություններում դժվարություններ ու տարաձայնություններ կան։ Ահա, օրինակ, ինչ է գրում հայտնի չինագետ Անդրեյ Վինոգրադովը Միխայիլ Լեոնտևի «Օդնակո» կայքի իր էջում։ Ընդ որում, անհնար է հեղինակին և այդ ինտերնետռեսուրսը կասկածել ռուսական իշխանության հանդեպ որևէ ընդդիմադիր կեցվածք ունենալու մեջ։ Մեջբերենք հոդվածի առանձին դրույթներ։
«Արդյոք մեզ պե՞տք է դաշինք կազմել Չինաստանի հետ»։ Այս հարցը դեռևս քննարկվում է վերջին ժամանակներս ինչպես փորձագիտական, այնպես էլ ավելի լայն շրջանակներում։ Եվ, անկեղծ ասած, դա չի կարող չուրախացնել։ Անձամբ հեղինակին, որն այդ երկրի ուսումնասիրությանը նվիրել է իր կյանքի ավելի քան 40 տարին, ժառանգական արևելագետ-չինագետին, մի գիտնականի, որ երկար տարիներ ՌԳԱ Հեռավոր Արևելքի ինստիտուտի պատերի ներսում զբաղվել է հենց ռուս-չինական հարաբերություններով, բազմիցս գրել է այն մասին, որ, վերջապես, անհրաժեշտ է հաղթահարել եվրացենտրիզմը և սկսել ավելի շատ ուշադրություն դարձնել մեր արտաքին քաղաքականության արևելյան ուղղությանը։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Այնպես որ, այդ հարցադրումը չի կարող չուրախացնել։ Պատկերացրեք նման բան 90-ական թվականներին կամ նույնիսկ 2000-ականների սկզբին։ ՈՒղղակի ասենք. դա շատ դժվար կլիներ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության չինական, ինչպես նաև ամբողջ արևելյան ուղղությունը պարզապես երկրորդական տեղում էր. այն անուշադրության էր մատնված, փաստորեն թողնված էր ՌԴ կոմկուսի անդամ ընդդիմադիրների քմահաճույքին, որոնք սխալմամբ չինական կոմկուսը համարում էին իրենց դաշնակիցը։ Դա հանգեցրեց այն բանին, որ ռուս-չինական հարաբերությունների դինամիկան սահմանվում էր ոչ այնքան Մոսկվայում, որքան Պեկինում, իսկ մեր խոշորագույն հարևանի հանդեպ ռուսական քաղաքականությունն ավելի շուտ պատասխան քայլերի բնույթ էր կրում, ընդ որում՝ ոչ միշտ էր պատշաճ կերպով կշռադատված։ Ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծումը, որն ընկալվում է որպես այդ բնագավառի գլխավոր հաջողություն. այլապես ինչով կարելի է բացատրել, որ այն կոչվում է Շանհայի, իսկ նրա կենտրոնակայանը գտնվում է Պեկինում։ Եվ ահա այսօր մենք արդեն խոսում ենք դաշինքի անհրաժեշտության (կամ ցանկալիության) մասին։ Դա աշխարհաքաղաքականության մեջ վերջին տասը տարում տեղի ունեցած լրջագույն փոփոխությունների հետևանք է։
Բայց կան, ինչպես ասում են, նրբություններ, այն նույն մանրուքները, որոնցում էլ հենց թաքնված է վտանգը։ Վտանգ, որի մասին նախազգուշացնում են այժմ շատ հետազոտողներ. նոր թմբիրի և նոր առասպելների ի հայտ գալը, որոնք լիովին համեմատելի են նրանց հետ, որ բնորոշ էին մեր վերնախավին 90-ականներին (միայն Եվրոպայի առնչությամբ)։ Դա հայտարարությունն էր այն մասին, թե «մենք Չինաստանի հետ, ի տարբերություն Եվրոպայի, միշտ բարեկամ ենք եղել»... Եվ անգամ կոչ՝ «ամեն կերպ օժանդակելու ՉԺՀ-ի տնտեսությանն ու ռազմական հզորությանը», քանի որ «մենք պետք է աջակցենք դաշնակցին՝ Արևմուտքի դեմ մղվող պայքարում»։

«ՈԽԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»
Սկսենք այն դրույթից, թե մենք «միշտ բարեկամ ենք եղել»։ Տեսնենք, թե ռուս-չինական փոխհարաբերությունների պատմությունն ինչպես է մատուցվում Պեկինում։ Ցարական Ռուսաստանը դիտվում էր որպես իմպերիալիստական երկիր, որը նպաստել է 19-րդ դարում Չինաստանի ստրկացմանն ու կողոպուտին։ Բոլոր պայմանագրերը մեր երկրի հետ, բացի 1689 թ. Ներչինսկի պայմանագրից (որը հետևանք էր ռուսական զորքերի պարտության) և ներկայումս գործող վերջին պայմանագրից, Չինաստանում անվանում են «անիրավահավասար»։ Ներառյալ նաև ՍՍՀՄ-ի ու Չինաստանի միջև 1950 թ. փետրվարի 14-ին կնքված «Բարեկամության, դաշինքի ու փոխօգնության մասին» պայմանագիրը, որը Չինաստանին թույլ էր տալիս Սովետական Միությունից 50-ական թվականներին ստանալ հսկայական տնտեսական և քաղաքական օգնություն։ Այսինքն, այն տարիներին, որ մեզանում անվանում են երկու ժողովուրդների և երկու երկրների եղբայրական բարեկամության տարիներ, իսկ չինական պատմության մեջ «համագործակցության և պայքարի» տարիներ, երբ Չինաստանը, Մաո Ցզեդունի խոսքերով ասած, հարկադրված էր «մեկ կողմի հակվելու»։
ՍՍՀՄ-ը հանրապետական Չինաստանին հսկայական օգնություն ցուցաբերեց և՛ գոմինդանական բանակի, և՛ հենց «Գոմինդան» կուսակցության ստեղծման գործում, միաժամանակ աջակցելով ՉԿԿ-ին (և կառավարելով նրա ստեղծման գործը)։ Եվ այդ կապակցությամբ չին պատմաբանները մեր հանդեպ նաև միանգամայն կոնկրետ դժգոհություններ ունեն։ Բայց եթե մենք խոսում ենք կոնֆլիկտների մասին, ապա չինացիների համար կարևոր է մեկ այլ փաստ. 1929 թ. սովետական զորքերը Բլյուխերի հրամանատարությամբ Չին-արևելյան երկաթուղում տիրող իրադրության կարգավորման համար (այն շարունակում էր լինել Ռուսաստանի սեփականությունը) մտան Չինաստանի տարածք, ջախջախեցին Չժան Սյուելյանի բանակը և վերականգնեցին սովետական ինքնիշխանությունը երկաթուղու նկատմամբ։ ՈՒ Չինաստանում այդ ընդհարումն այսօր, ի տարբերություն մեզ, համարում են լիարժեք պատերազմ, ընդ որում, մի պատերազմ, որը ևս գաղութատիրական բնույթ էր կրում։ Դամանյան կղզու մասին չեմ էլ գրի. պատմական այդ դրվագի մասին շատ է գրվել։ Ավելացնեմ միայն, որ դա 60-ականներին միակ սահմանային միջադեպը չէր. մի քանի միջադեպ էր եղել ինչպես Հեռավոր Արևելքում, այնպես էլ Ղազախստանի հետ Չինաստանի սահմանագլխին։ Ընդ որում, Ժալանաշկոլի շրջանում միջադեպին մասնակցում էին ոչ միայն տանկեր, այլև ինքնաթիռներ։
70-ական թթ. Չինաստանը ՍՍՀՄ-ը համարում էր իր գլխավոր թշնամին միջազգային ասպարեզում և ձգտում էր հանդես գալ «սովետական հեգեմոնիզմի դեմ պայքարի միասնական միջազգային ճակատ» ստեղծելու նախաձեռնությամբ։ Ընդ որում, ինքն էլ ակտիվորեն պայքարում էր։ 1979 թ. սկզբին չինական զորքերի ներխուժումը Վիետնամ, որը մեր երկրները կանգնեցրեց միջուկային պատերազմի եզրին, դրա վկայությունն է (պետք է ասել, որ հենց դա Չինաստանին հնարավորություն տվեց ստանալու արևմտյան օգնություն և արդիականացում սկսելու)։
Հասկանալի է, որ մեր հարաբերությունների պատմության չինական գնահատականը վերին աստիճանի սուբյեկտիվ է, բայց մենք պետք է հաշվի առնենք այն։ Իհարկե, մեր համատեղ պատմության հարցում եղած տարբեր հայացքները չպետք է խանգարեն համագործակցությանը։ Բայց, մյուս կողմից, չի կարելի մոռանալ Ռուսաստանի շահերը, որոնք բնավ էլ ոչ միշտ և բնավ էլ ոչ ամենուրեք են զուգադիպում չինականին, հատկապես տնտեսության ոլորտում։

ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Պետք է հիշել, որ Չինաստանը շատ կոշտ ու պրագմատիկ գործընկեր է ինչպես առևտրային հարաբերություններում, այնպես էլ միջազգային բոլոր գործերում։ Ընդ որում, վերին աստիճանի կենտրոնացած քաղաքականություն վարող գործընկեր (այսինքն, հնարավորություն ունի այն վարելու համալիր կերպով, հետևողականորեն ու «միատեսակ»)։ Եվ այստեղ մենք չինական կողմին շատ հաճախ տանուլ ենք տալիս մեզ բոլորիս քաջ հայտնի պատճառներով (ինչը կանոնավորապես քննարկվում է «Օդնակո» կայքում)։
Հենց այդ պատճառով էլ «աջակցել չինական տնտեսությանն ու չինական ռազմական հզորությանը» կոչերն իմ մեջ ծայրաստիճան տարակուսանք են առաջ բերում։ Մեզ համար գերական ռուսական տնտեսությունն ու ռուսական ռազմական հզորությունն են։ Ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Այդ դիրքը թուլացնող չինական ցանկացած գործողություն մեզ ձեռնտու չէ։ Եվ ընդհակառակը, այդ դիրքը բարելավող գործողությունները շատ օգտակար են։ Մեր չին գործընկերների գործողություններում երկուսն էլ կան։ ՈՒ մենք պետք է դա շատ հստակորեն հասկանանք։ Չնայած բարեկամության ու ռազմավարական դաշինքի մասին խոսակցություններին, որ չինացիները հաճույքով վարում են (ու վարել են) ամենատարբեր գործընկերների հետ (այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Գերմանիայի. http://andreyvinogradov.odnako.org/)
Ահա այսպիսի իրադրություն է այդ բազմառասպելականացված «հավերժ բարեկամությունում»։ Իսկ ինչ վերաբերում է ավելի պրագմատիկ ոլորտներին, ապա բերենք անցած տարի ՉԺՀ-ի և ՌԴ-ի միջև կատարված ապրանքաշրջանառության մի քանի տվյալներ. արտահանությունը Չինաստանից Ռուսաստան կազմել է 49,59 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ ԱՄՆ՝ 368,42 մլրդ, Ճապոնիա՝ 150,28 մլրդ, Կորեայի Հանրապետություն՝ 91,18 մլրդ դոլար։ Իսկ Չինաստան կատարված ներմուծման գծով Ռուսաստանն անգամ տասնյակ չի մտել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ