Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
13.07.2018 | 22:07

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հարցազրույց է տվել Euronews-ին: Նրան ուղղված հարցերը վերաբերել են ՆԱՏՕ-Հայաստան, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտությանը:


ԼՂ խնդրի առնչությամբ Փաշինյանը ասել է․«Այդ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Հայաստանի վարչապետ դառնալու առաջին օրերից ես, ցավոք, տեսնում էի, որ Ադրբեջանը սաստկացրել է Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը: Շնորհակալ եմ, որ իրավիճակն այժմ փոխվել է, որովհետև այդ ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի դեմ չէ: Կարծում եմ՝ դա նաև ժողովրդավարության դեմ է, որովհետև Հայաստանը հիմա իրական ժողովրդավարական երկիր է»:

Մեկ այլ դրվագում Փաշինյանը նշել է․ «Կարծում եմ՝ Ադրբեջանը վախ ունի, որ իր սեփական ժողովուրդը, ոգեշնչվելով հայաստանյան գործընթացներից, կարող է Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ նախաձեռնել»: Անդրադառնալով հակամարտության կարգավորման խնդրում ՆԱՏՕ-ի հնարավոր դերակատարության հարցին, Հայաստանի վարչապետն ասել է՝ շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուժեղ ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու ցանկացած փորձ կհանդիպի միջազգային հանրության զորեղ արձագանքին:


Euronews-ի թղթակից Անդրեյ Բեկետովի հարցին՝ «Ի՞նչ կպատահի, եթե Հայաստանի բոլոր կոռումպացված պաշտոնյաները բանտարկվեն», Փաշինյանը պատասխանել է․ «Մեզ համար շատ կարևոր է պայքարը կոռուպցիայի դեմ, բայց և շատ կարևոր է, որ դա արվի խստագույնս օրենքի շրջանակներում՝ չխախտելով մարդու իրավունքները»: «Հայաստանում ես քաղաքական բանտարկյալ էի, և ինձ համար անչափ վիրավորական կլինի, եթե Հայաստանում մենք նոր քաղբանտարկյալներ ունենանք»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում բարեփոխումների շարունակման մասին հարցին նա պատասխանել է, թե կարողացել են մեծ փոփոխություններ կատարել և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմաններ ստեղծել: Հույս է հայտնել, որ այդպիսվ Հայաստանի տնտեսությունն օտարերկրյա ներդրումների համար ավելի գրավիչ կդարձնի:

«Հայաստանի ժողովրդավարությունը մենք ամրապնդելու ենք մեր միջազգային գործընկերների օգնությամբ, կամ առանց նրանց օգնության»,- Euronews-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների առնչությամբ Փաշինյանը նշել է՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր պետություն է, մասնակցում է դաշինքի երկու առաքելությունների՝ Կոսովոյում և Աֆղանստանում: «Սա մեզ հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը: Բայց մենք ՀԱՊԿ անդամ ենք և Հայաստանը տեսնում ենք հիմնականում այդ կազմակերպությունում, անվտանգության այդ համակարգում»,- ասել է Հայաստանի վարչապետը:


«Հայաստանը կմնա Ռուսաստանի հավատարիմ դաշնակի՞ցը, թե հեռանալով Ռուսաստանից, դուք ավելի կմոտենաք ՆԱՏՕ-ին»` պատասխանելով այս հարցին, Փաշինյանն ասել է, թե Հայաստանը կմնա Ռուսաստանի սերտ դաշնակիցը, միաժամանակ հույս հայտնելով զարգացնել հարաբերություները Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ երկրների, ԱՄՆ-ի հետ: «Մենք չենք պատրաստվում շրջադարձ կատարել մեր արտաքին քաղաքականությունում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 6932

Մեկնաբանություններ