Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արդարներին կանչելու չեկա, այլ մեղավորներին` ապաշխարության

Արդարներին կանչելու չեկա, այլ  մեղավորներին` ապաշխարության
17.07.2018 | 00:09

Քրիստոնյա լինել` դեռ չի նշանակում չլինել աղանդավոր, աթեիստ կամ սատանայապաշտ: Անգամ մկրտված լինելը չի նշանակում քրիստոնյա լինել, ինչպես որ ծնվելը դեռ չի նշանակում ապրել:


Նույնիսկ այսօր, երբ աշխարհում մեղքը պաշտամունքի առարկա է, երբ մարդկության ընթացքը ամբողջությամբ կարծես սատանայական շրջասացություն լինի, մենք էլի ամբողջությամբ չենք կարող պատկերացնել նախաքրիստոնեական աշխարհը: Քրիստոնեությունն էր, որ աշխարհին տվեց մեղքի և արդարության գաղափարը և հաստատեց բարոյականության արժեհամակարգը: Սաղմոսերգուն այդպես է նկարագրում մեղավոր մարդկանց մեղավոր աշխարհը. «Անզգամն ասաց իր սրտում, թե` «Աստված չկա»: Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի: Աստված երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին` տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում: Բոլորը միասին խոտորվեցին և անպետք դարձան: Բարություն անող չկա, չկա նույնիսկ մեկ հոգի» (Սաղմ. 52. 1-4):
Ոչ մի արդար մարդ չկար, ոչ իսկ մեկ հոգի, բոլորը խոտորվեցին և միատեղ անպիտան դարձան... ամբողջ աշխարհը չարի ծառայության տակ էր, Ենոքից հետո, որ հուսալով կանչում էր Տեր Աստծու անունը և երկինք վերացավ, կային միայն հատուկենտ արդարներ, որոնք ավելի ու ավելի քիչ բան գիտեին Կենդանի Աստծո մասին, բայց ապրում էին, ինչպես ասում են, խղճի մտոք, ինչի շնորհիվ Աստված հովանի և զորավիգ էր լինում նրանց... Այդպես արդար Նոյին Աստված հայտնեց աշխարհը ջրհեղեղով կործանելու Իր որոշման մասին և ցուցումներ տվեց տապանի կառուցման վերաբերյալ: Նոյը փրկվեց ութ հոգուց բաղկացած իր ընտանիքով, իսկ նրան ծաղրող մարդիկ անհիշատակ կորան:


Արդար Աբրահամին Աստված պարգևեց անհաշիվ սերունդներ` նրան ծերության հասակում ժառանգ շնորհելով, և նրա շառավղից սերեց Իր ժողովրդին: Նախանձախնդիր Մովսեսին առաջնորդ կարգեց այդ ժողովրդին և հանեց նրան եգիպտական գերությունից, ինչը մեղքի ստրկությունից ազատագրության խորհուրդն ուներ: Աստված Իր ժողովրդին բնակեցրեց մի երկրում, որտեղ կաթ ու մեղր էր հոսում, նրա հետ ուխտ կապեց և նրա բազուկը զորավոր դարձրեց իր թշնամիների դեմ... Մեղքի մեջ թաղված աշխարհում այս ժողովուրդը մի նշխար էր, որ օրենքի և մարգարեների միջոցով պահպանում էր Երկնքի հետ կապը և Աստծո հետ մասնակցում էր Նրա փրկության ծրագրի իրագործմանը` որպես մի փոքրիկ թթխմոր, որ հետո պիտի վերափոխեր ողջ աշխարհը: Սակայն գնալով այդ ժողովուրդը ևս հեռացավ Աստծուց` թաղվելով հեթանոսության, ձևապաշտության և արծաթսիրության տիղմի մեջ: Ժամանակը հասավ իր լրումին. աշխարհում ստեղծվել էր կրիտիկական իրավիճակ, քանի որ դեպի կործանում էր գնում երկրի վրա աստվածային ճշմարտությունները կրելու, պահպանելու և տարածելու կոչված միակ ժողովուրդը: Եվ այդ ճակատագրական ժամանակներում Գաբրիել հրեշտակապետը ուղարկվեց Նազարեթ քաղաքից Մարիամ անունով Կույսի մոտ` ավետելու աշխարհի Փրկչի աշխարհգալոցը: Իսկ մինչ այդ աշխարհ էր եկել անապատում կանչողի ձայնը` ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները...» (Ես. 40. 3), Հովհաննես Կարապետը, որը քարոզում էր. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3. 2): Անապատում սատանայից փորձվելուց և հաղթությունից հետո Հիսուս Իր քարոզությունը սկսեց միևնույն խոսքերով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4. 17):


ՈՒրեմն ի՞նչ է ապաշխարությունը, որ Տերը Իր քարոզչությունը սկսում է ապաշխարության կոչով: Ապաշխարությունը մտածողության վեկտորի փոփոխությունն է` հորիզոնականից ուղղահայացի: Ապաշխարությունը մեր հայացքների ուղղումն է առ Աստված: Նա հաշվի չառավ մեր մեղքերը և հայացքը չշրջեց մեզնից: Նա հայտնեց մեզ Իրեն և Ինքն Իրեն տվեց մեզ, որպեսզի ապրենք հավիտյան:
Մինչև Քրիստոս ամեն ինչ ստվեր էր ու խորհուրդ, Քրիստոսի մարդեղացումով սկսվեց շնորհի ժամանակաշրջանը:
Խավարի մեջ լույս ծագեց, մնում է բացենք կամ բուժենք մեր աչքերը և վայելենք լույսը:
Աստված Քրիստոսով ներեց նախաքրիստոնեական աշխարհին, բայց Քրիստոսին մերժող աշխարհին չի ների, որովհետև Քրիստոս էր Ներումը:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ