Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե 27 տարի կառավարման համակարգը արդյունք չի տալիս, ողջամտությունը պահանջում է փոխել այն

Եթե 27 տարի կառավարման համակարգը արդյունք չի տալիս, ողջամտությունը պահանջում է փոխել այն
31.07.2018 | 03:03

Այսօր մի քանի միլիոն դոլարը թալանչիներից հետ բերելը համարվում է նշանակալի իրադարձություն, մինչդեռ քանի միլիարդավոր դոլարներ չեն ստեղծվել, չեն գործարկվել կառավարման համակարգի ոչ իրատեսական, հանցավոր, երբեմն էլ միտումնավոր անտարբերության պատճառով: Գիտատեխնիկական մեր մշակումները գիտակցաբար չներդնելու պատճառով հանրապետությունը արդեն կորցրել է նվազագույնը մեկ միլիարդ դոլար: Նախորդ կառավարությունում հասկացան դա, և չորս գերատեսչություններ՝ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունները, ջրպետկոմի հետ, դեռևս այս տարվա հունվարին քայլ կատարեցին խնդիրը լուծելու ուղղությամբ։ Նոր կառավարությունում, չնայած իմ համառ զանգերին (գյուղնախարարության վարչությունների պետեր Բաղդասարյան Արթուր, հ. 091-301607, Նազարյան Ռուդիկ, հ. 011-523411), բազմանշանակ քչախոս են, ինչ-որ մեկն արգելակում է հաջորդ քայլը։ Պարոն վարչապետ, գուցե միջամտե՞ք, առավել ևս, որ այս նույն խնդրով 27.06.2018 և 06.07.2018 Ձեզ ուղարկված գրություններս անպատասխան են։ Ստացվում է, որ այս առումով կառավարման համակարգում դրական տեղաշարժ առայժմ չկա: Ինչու՞։ Որո՞նք են պատճառները։


Այս տարվա մայիսին «Իրատեսը» (թիվ 33) տպագրեց իմ «Ի՞նչ է սա. բանականության կորու՞ստ, ծրագրավորված թալա՞ն, թե՞ ազգադավություն» հոդվածը, որը նշված խնդիրները նախորդ կառավարությունների կողմից համերաշխորեն անտեսելու բացահայտման փորձ էր:
Իրողությունը հնարավորինս վերլուծելով` հանգել էի սարսափելի մի եզրահանգման. տնտեսության առաջընթացը գիտատեխնիկական մեր մշակումներով իրացնելը ուղղակիորեն խոչընդոտում է արտերկրի ֆինանսական կառույցներից վարկեր, դրամաշնորհներ ստանալուն, դրանք «ատկատավորելուն» ու թալանելուն, որովհետև, եթե վիճակը լավ է, այնքան էլ չես կարող «հիմնավորել», թե ինչու քեզ պետք է օգնեն:
Հետևաբար, «որքան վատ, այնքան լավ», ու ոչ մի գիտատեխնիկական նորույթ, տնտեսության հերն էլ անիծած, քարեդարն էլ բավական է, միայն թե ավարտին հասցվեն իրենց դղյակները, հարատևի իրենց ցոփ ու շվայտ կյանքը:


Արդյունքը։ Նախորդ վարչապետն իր վերջին ասուլիսում փաստեց, որ մեր տնտեսությունը նման է խոպանի, այն եկամտաբեր, մրցունակ չէ, իսկ գյուղատնտեսությունում, հատկապես սահմանամերձ շրջանների, հատել ենք նաև կարմիր գիծը` գյուղերը դատարկվում են, ծնելությունը նվազել է գրեթե 2 անգամ: Վերջին բացահայտումները ցույց տվեցին, որ այս ամենի պատճառը` համատարած թալանը, հանրապետությունում իրագործվում է ամենաբարձր մակարդակով:
Հիմա նոր իրավիճակում ենք, ունենք նոր կառավարություն, որը պայքար է սկսել թալանչիների դեմ, և հույս ունենք, որ կունենանք ստեղծագործելու, արարելու սպիտակ դաշտ, որտեղ քեզ ոչ թե կխանգարեն, այլ ամեն ինչով կաջակցեն, որ գիտատեխնիկական միտքը` որպես տնտեսության առաջընթացի լոկոմոտիվ, գտնի իր տեղը:


Հասկանալի է, որ ֆինանսապես աղքատ երկրում, երբ վարկ ստանալն ավելի է դժվարացել, որովհետև այն վարկաբեկվել է, և առկա է դեֆոլտի վտանգը, հիմնական շեշտը պետք է դրվի տնտեսության այն ոլորտների վրա, որոնք քիչ ծախսերով կարճ ժամկետում կարող են ապահովել առավելագույն արդյունք: Այս առումով վերջերս շատ է խոսվում տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսության վիճակը արմատապես բարելավելու հնարավորության, նաև չիր, չամիչ, լոլիկ, վարունգ արտահանելով երկրի վալյուտային պաշարները կայունացնելու մասին: Այս բոլորը անհրաժեշտ են, և ոչ ոք չի առարկում:
Բայց, սատանան տանի, այդ ամենի մասին բարձր ամբիոններից խոսելուց առաջ չէր խանգարի հայացքը բարձունքից իջեցնել ներքև, հառել մայր հողին, բույսին, արոտում արածող կենդանուն, հասկանալ, որ գոյատևելու շարունակականությունը ապահովելու Աստծո պատվիրանով առաջնայինը մարդու համար կենդանական ծագմամբ սննդամթերքն է` կաթը, միսը, կաթնամսամթերքը, և որ դրանց բավարար և մատչելի առկայության դեպքում միայն կարելի է մտածել «բարձր մատերիայի» մասին: Այս կերպ մտածելով, առավել ևս գործելով, երևի կհասկանանք, թե ինչու արդեն 27 տարի տավարի մթերատվությամբ աշխարհում նախավերջինն ենք (Հնդկաստանից առաջ, որտեղ կովը «սրբազան» կենդանի է), ինչու մեր արոտները կիսով չափ են զբաղված (երբ մեր «արտադրած» միսը արտերկրում մեծ պահանջարկ ունի), ինչու դրանց բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ (երբ առկա են վերականգնման փորձարկված տեխնոլոգիաներն ու տեխնիկական միջոցները), ինչու անհետացան գյուղամերձ, ամենապահանջված արոտները (արածացնելու «հարմար» տարածք չունենալով` գյուղացին լքում է իր «փոքրիկ հայրենիքը»` գյուղը), ինչու ենք մեր հողերը վարակում թռչնաղբի և գոմաղբի մեջ առկա ախտածին մանրէներով (ունենալով համապատասխան հակամիջոցներ)` վարակելով նաև գյուղմթերքը, ու փախչելով այդ իրողությունից, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությունը տեղափոխում ջերմոցներ, որտեղ ամեն ինչ արհեստական է` հողից, պարարտանյութից, ջրից, լույսից սկսած, իսկ լոլիկն անհամ-անհոտ է, ներսը` կանաչ, բետոնապինդ, նաև բավականին թանկ, բայց միշտ գեղեցկադեմ, ժպտերես, ինչպես փողոցային գեղեցկուհին` իր կեղծ, արհեստածին, ոչ բնական, դատարկ էությամբ:
Հաստատ առաջընթացը այսպես չէինք պատկերացնում, երբ շուկայում փնտրում էինք «Անահիտ» տեսակի լոլիկը, «Նազրվան» վարունգը և նույնիսկ հետաքրքրվում, թե ո՞ր գյուղի աճեցրածն են դրանք, որովհետև գիտեինք, որ ամեն մի «հող ու ջուր» ունի բերքի իր անկրկնելի համն ու հոտը:


Բախվելով դառը իրականության հետ` «ինչու»-ները մեզ շարունակում են հետապնդել. գրեթե ամեն տարի բնության արհավիրքներից` երաշտ, ջրհեղեղներ, տարածքային հրդեհներ, հողատարման երևույթներ, մենք միլիոնավոր դոլարներ ենք կորցնում: Իսկ ինչու՞ չենք օգտագործում Աստծո կամոք մեզ տրված առավելությունը` շրջապատի նկատմամբ տեղանքի մեր բարձր դիրքը, երբ մեզ մոտ «արտադրվող» տարեկան 8 մլրդ խորանարդ մետր անձրևաձնհալ ջուրը գրեթե ամբողջությամբ «փախչում» է հարևան երկրներ (ամբարվում է ընդամենը 15 տոկոսը), երբ այն կարելի է «պահ» տալ մեր արոտներին, խոտհարքներին, հատկապես անջրդի հողերին (ունենք այդ տեխնոլոգիաները, մեքենաները), դրանցով չեզոքացնել նշված վտանգները, նվազեցնել կամ իսպառ վերացնել Սևանից ջրառը, ստեղծել գյուղատնտեսության և բնապահպանության արդյունավետության բարձրացման նոր իրավիճակ, մասնավորապես վերագործարկել ստորգետնյա ցամաքած աղբյուրները (ջրպետկոմի նախագահի հավաստմամբ` միայն այդ պատճառով մեր համայնքների կեսից ավելին այսօր խմելու ջուր չունի), բարձրացնել Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը, ինչի անկման պատճառով տեղի գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը միլիոնավոր դոլարների վնաս են կրում:


Շարունակենք «ինչու»-ները. մասնավորապես, ինչպե՞ս բացատրել, որ արջի և գայլի, բնության արհավիրքների հետ կռիվ տվող անասնապահը կաթի 1 լիտրի իրացումից եռապատիկ-քառապատիկ պակաս է վաստակում վերամշակողից ու, այս իրողությունից զզված, իր քրտինքով ստեղծած կաթը շաղ տալիս Հանրապետության հրապարակում, սպառնալով այլևս կով չպահել, այն դեպքում, երբ խնդրի արմատական լուծման բանալին, պրակտիկորեն զրոյական ծախսերով, ննջում է գյուղնախարարության դարակներում:
Այս «ինչու»-ները անկախության տարիների մեր ուղեկիցներն են ու քայլում են մեզ հետ առայսօր. դրանք մեր ամոթն են, խայտառակությունը, նաև ցուցանիշը` առկա և առաջիկա խնդիրները լուծելու անկարողության: Եվ դրա հիմնական պատճառը քառորդ դարից ավելի երկրի իրողություններին համարժեք կառավարման համակարգ չունենալն է:
Կառավարությունները գալիս ու գնում են, խնդիրները` մնում, որովհետև չկա ոլորտի զարգացման հայեցակարգ, ռազմավարություն ու ամեն մի նոր նախարար վերաձևում է ոլորտը իր հայեցողությամբ, սովորաբար ջնջելով նախորդի ստեղծածը, ապավինելով ոչ թե տնտեսագիտության օրենքներին, երկրի բնակլիմայական պայմաններին, արտադրաշուկայական հարաբերություններին, ներքին և արտաքին անվտանգությանը, համաշխարհային փորձին, այլ իշխանական լծակների ուժին:


Իսկ տնտեսությունը ուժ չի սիրում, ու սկսվում է համառ, անիմաստ, սովորաբար «գորգի» տակ ընթացող պայքարը կառավարչի ու «բան» ստեղծողի միջև, որը, ինչպես տեսանք, արդեն 27 տարի ավարտվում է կառավարչի հաղթանակով` անհամար աղետներ բերելով երկրին:
Մինչդեռ մասնավոր սեփականության, մրցակցության պայմաններում տնտեսությունը պետք է զարգանա ինքնաբերաբար` շուկայական հարաբերությունների օրենքներով, բայց մեզանում դա հնարավոր չէ լիարժեք իրագործել, որովհետև տնտեսության մյուս կարևոր կեսը` պետական կառավարման համակարգը, մոնոպոլ վիճակում է, պրակտիկորեն չունի մրցակից, ինչը բացառում է զարգացումը` թարմ, օրիգինալ մտքերի, նոր մոտեցումների լուծումներով, դանդաղաշարժ է, անվճռական:


Այս առումով բնորոշ է տավարաբուծության ոլորտի կառավարումը: Հայտնի է, որ այն փոշիացած է. 200000 գյուղացիական տնտեսություններից 160000-ը (80 տոկոս) ունեն միջին հաշվով 3 գլուխ տավար, ինչը, տնտեսագիտության օրենքներով, թույլ չի տալիս ունենալ ժամանակակից պահանջներին համապատասխան, եկամտաբեր կաթի ու մսի արտադրություն, ու արդեն 27 տարի ոլորտը հոգեվարքի մեջ է, չկա եկամուտ, և դրանով ամեն ինչ պատճառաբանված է, այդ թվում` արտագաղթը: Լուծումը միակն է` խոշորացնել տնտեսությունը, բայց ի՞նչ միջոցներով, ո՞ր անասնագլխաքանակի հաշվին, մինչև ի՞նչ չափի է արդյունավետ խոշորացումը, ո՞ր տեխնոլոգիաները և մեքենաներն են նախընտրելի: Նախորդ վարչապետը խնդիրը տեղափոխեց կառավարման հարթակ, հայտարարելով, որ 3-4 կով պահելով մենք առաջ չենք շարժվի և շեշտեց արտադրացուցադրական, ուսուցողական տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը, որտեղ ֆերմերը կսովորի, թե ինչն ինչպես պետք է անել եկամուտ ստանալու համար, և մենք առաջ կշարժվենք: Ցավոք, առաջ չշարժվեցինք, մնացինք նույն տեղում, որովհետև կառավարության ղեկավարը նշված խնդիրների լուծումը դարձյալ թողեց ֆերմերներին։ Բայց եթե նրանք կարողանային լուծել այդ խնդիրները, ապա 27 տարվա ընթացքում վաղուց լուծած կլինեին։ Նշանակում է` չեն կարողանում (դրանք այնքան էլ հեշտ լուծելի չեն)։ Լուծումների փոխարեն, որպես օգնություն, կառավարությունը ստեղծեց օժանդակ նոր կառույցներ, ծրագրեր, որոնք պետք է իրագործեին ֆերմերի բոլոր ցանկությունները։ Այժմ ֆերմերին, նախկին երկուսի փոխարեն` կոոպերատիվ, լիզինգ, «օգնում են» ևս չորսը՝ ձեռներեցության աջակցության, սուբսիդավորման, վարկավորման, երաշխիքների տրամադրման ծրագրերը, որոնք, փաստորեն, է՛լ ավելի են մեծացնում նրա կախվածությունը չինովնիկական վերնախավից, սահմանափակում նրա ինքնուրույնությունը։ Գումարեք այս ամենին կառավարության ղեկավարի հայտարարությունը, որ ոլորտը եկամուտ չի բերում, վարկի տոկոսադրույքն էլ 14 է (եկամուտ չկա, չես կարողանում ապրել, բայց տոկոսը պետք է վճարես, մայր գումարն էլ պետք է վերադարձնես. ինչպե՞ս, պարո՛ն վարչապետ)։ Գյուղնախարարությունում խուսափում են այս հարցի կոնկրետ պատասխանից։ Մենք ստեղծել ենք առաջ շարժվելու բոլոր պայմանները, մենք իրավունք չունենք խառնվելու տնտեսավարողի գործերին, ասել` սա այսպես արա, նա` այնպես»։ ՈՒ վե՞րջ, թույլ տանք, որ ոլորտը լրիվ քայքայվի՞, կաթն ու միսն էլ Բանգլադեշի՞ց բերենք։ Ոչ ոք չի ասում, որ կառավարությունը պետք է սեփականատիրոջը տեխնոլոգիա և մեքենայացում սովորեցնի, բայց նաև ոչ ոք չի արգելում, որ կառավարությունը, միավորելով գիտատեխնիկական ներուժը, համաշխարհային փորձը, համագործակցելով կայացած ֆերմերի հետ, ստեղծի այդ եկամտաբեր ուսուցողական ֆերման ու եկամուտ չստացողներին ուղղորդի այնտեղ։ Ինչու՞ դա չի արվում, մանավանդ որ կար նախորդ վարչապետի հորդորը, մեր և Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ի երջանկահիշատակ հիմնադիր Վասիլ Հակոբյանի հետ համատեղ մշակած նախագիծը, որով հնարավորություն էր ստեղծվում առկա շինարարական, նյութատեխնիկական, մեքենաշինական, լսարանային-ուսուցողական, հանգստի, գործող ֆերմայի օրինակով ցույց տալ կամավորության սկզբունքով մասնավորի տավարը կենտրոնացնելով, տավարաբուծությունից մեծ օգուտ ստանալը։
Իմ կարծիքով` այդ հնարավորությունների առկայության դեպքում դրանք չօգտագործելը, խնդիրը չլուծելը հավասարազոր է ազգադավության։ Իսկ խնդիրը չի լուծվում նաև, որովհետև մերոնք կուրորեն հետևում են զարգացման ամերիկյան մոդելին, որի հիմքում խորհրդատվությունն է, ագրոգիտասփյուռը (27 տարի խորհուրդ ենք տալիս, ու քարից հաց քամող հայ գյուղացին այդպես էլ չի ընկալում այդ խորհուրդները)։ Այս ամենը զավեշտի թեմա կլիներ, եթե այսօրվա իրողություններն այսքան ողբերգական չլինեին։


Ակնհայտ է, որ տնտեսությունը կարող է առաջ շարժվել, երբ կառավարվում է բանիմաց, երկրին նվիրված մարդկանցով, առաջնորդվում իրողություններից բխող զարգացման հայեցակարգով, ռազմավարությամբ։ Այս եռամիության հիմքը կադրերն են` մեր բոլոր խնդիրներին պաշտոնապես լուծում տվողները։ Ցավոք, նրանց զգալի մասը անտեղյակ է ոլորտից ու հայտնվել է կառավարման համակարգում. Երևանի կենտրոնում գտնվող, գյուղի հետ ոչ մի կապ չունեցող ուսումնական հաստատության ավարտականով, ժամանակին կոնվեյերից վերցրել է իր «գիտնական» լինելու դիպլոմը և ունի լավ հովանավորներ։ Հասկանալի է, որ այս մարդիկ չեն կարող մշակել ոլորտի զարգացման հայեցակարգը, ռազմավարությունը, արդյունավետ կառավարել համակարգը։ ՈՒրեմն, եթե ուզում ենք քայլ կատարել այս ոլորտում, ապա առաջի հերթին պետք է լուծել կառավարման համակարգի կադրերի հարցը՝ նրանց նաև ժամանակակից գիտելիքներով լիցքավորելու խնդիրը։ Թե չէ, երևանյան տժժացող ասֆալտի վրա պլակատներով կովի կառուցվածքը ուսումնասիրելով, բոլշևիկյան ժամանակների մեքենաների շահագործման կանոնները սերտելով մենք մասնագետներ չենք պատրաստի, գյուղոլորտն էլ չի ունենա բանիմաց կառավարիչներ։ Իզուր չէր տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի մտահոգությունը և հորդորը. «Գյուղնախարարություն, գնա՛ գյուղ»։
Իհարկե, մենք ունենք նաև խելացի, բանիմաց, փորձառու, գյուղացու ցավն ու դարդը կիսող, իրավիճակով մտահոգ կադրեր, որոնց հայտնվելը կառավարման համակարգում մեծ հարցականի տակ է, որովհետև կադրերին նկատում և «ղեկավարելու» են ուղարկում ոչ թե «ղեկավարվողի»՝ գյուղացու, ֆերմերի, այլ կուսակցության կարծիքը հաշվի առնելով։ Իսկ վերջինս առաջադրում է իր «քաղաքական» դեմքերին, որոնց մեծ մասը անտեղյակ է ոլորտից, բայց պարտավոր է ղեկավարել։ Մինչդեռ թվում է, թե ոլորտի ղեկավար լինելու նախապայմանը «գյուղացու» դեմք ունենալն է։


Գերակշռում է այն կարծիքը, որ գործ անում են տեղակալները, վարչության պետերը, բայց, դիտարկելով գյուղատնտեսության նախարարության վերջին կադրային տեղաշարժը, նկատում ես, որ պրակտիկորեն փոփոխություն չկա, նույն մարդիկ են՝ դանդաղաշարժ, անվճռական։ Այս տարվա հունվարի 15-ին նույն մարդկանցով ընդունված որոշումը` արոտի բազմաֆունկցիոնալ մեքենա ներդնելու մասին, ես ոչ մի կերպ, արդեն 2-րդ ամիսն է, չեմ կարողանում տեղից շարժել, որովհետև վարչության պետերը՝ պարոններ Ռուդիկ Նազարյանն ու Արթուր Բաղդասարյանը, վերևից հրահանգ են ստացել ընթացք չտալ, ի՞նչ օգուտ իրենց այդ մեքենան ներդնելուց, և իմ զանգերին պատասխանում են բազմանշանակ անորոշությամբ։ Հասկանում ես, որ ոչինչ էլ չի փոխվել, և մի քանի տարի հետո մի ուրիշ վարչապետ նույն եռանդով կշարունակի թվարկել մեր երկրի տարեցտարի ահագնացող, բայց չլուծվող խնդիրները, որովհետև չի լուծվում կառավարման համակարգի փոփոխության խնդիրը։
Ստացվում է, որ նոր «քաղաքական» դեմքի մուտքը նախարարություն այնքան էլ նկատելի չէ։ Եվ դա, ցավոք, այդպես էլ պետք է լինի, որովհետև նախարարին խորհուրդ տվողները, վերը նշված պատճառներով, իրենք խորհրդի կարիք ունեն, բացի այդ, ձևավորված մթնոլորտի համաձայն, իրենց վերապահված է «Դուք ճիշտ եք, շեֆ», «հիանալի լուծում տվեցիք, շեֆ» և նման հաճոյախոսություններ։


Բավականին տխուր և հեռանկարի առումով մտահոգիչ իրավիճակ. իսկ ինչու՞ չփորձել նոր մոտեցումներով, հեղափոխական այս նոր ալիքի հետքերով իրոք ժողովրդավարացնել ոլորտի կառավարումը. կառավարիչների՝ նախարարների, նրանց տեղակալների, վարչությունների պետերի և այլոց, թեկնածությունները թող առաջադրեն կառավարվողները՝ շահառու գյուղացիները, ֆերմերները, որոնք բոլորից լավ գիտեն, թե ով ով է, իրենից ինչ է ներկայացնում, իսկ վերջիններս էլ հանրային խորհրդի և հանրային հեռուստաալիքներից մեկի միջոցով թող ներկայացնեն ոլորտի զարգացման իրենց տեսլականը, քննարկեն և համապատասխան հեռախոսազանգով տան իրենց քվեն։


Հասկանում եմ` խնդիրը բազմապլանային է, բայց այն առաջնային է, վճռորոշ, նաև այլընտրանքային. ի վերջո, եթե 27 տարի կառավարման համակարգը արդյունք չի տալիս, ողջամտությունը պահանջում է փոխել այն, փնտրել նոր լուծում։
Իսկ միլիոնավոր, միլիարդավոր «գետնին ընկած» դոլարները, որոնց մասին հպանցիկ խոսեցի հոդվածի սկզբում, դրանց մանրամասները կփորձեմ ներկայացնել առանձին հոդվածով` խնդիրը դիտարկելով ոլորտի բնակլիմայական, արտադրաշուկայական, ներքին և արտաքին անվտանգության, բանկային համակարգի և համաշխարհային փորձի համատեքստում;


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 11469

Մեկնաբանություններ