Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սահմաններում կտրուկ աճել է լարվածությունը. Ադրբեջանը, կարծես, պատրաստվում է պատերազմի

Սահմաններում կտրուկ աճել է լարվածությունը. Ադրբեջանը, կարծես, պատրաստվում է պատերազմի
25.09.2018 | 00:49

Նախ՝ անդրադառնանք դեռ միայն սահմաններին վերջին օրերին ծավալված իրադարձություններին, այսինքն, քաղաքական արենայում տեղի ունեցածը այժմ հիմնականում դեռ մի կողմ թողնենք:


Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Կոթի, Վազաշեն գյուղերի և ավտոճանապարհների գնդակոծությունից հետո, սեպտեմբերի 14-ին, ժամը 20:30-ից մեկ ժամ տևողությամբ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել են նույն մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տները, ինչպես նաև մանկապարտեզի շենքը՝ վնասելով այն: Թեթևակի վնասվել են նաև տներից երկուսը: Հենակետերում լարվածությունը սկսվել է դեռ սեպտեմբերի 14-ի առավոտվանից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 1-ը:


Թեև ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի ԶՈՒ պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակին, սակայն ապարդյուն, քանի որ հայկական բնակավայրերին և մեր զինծառայողներին ուղղված գնդակոծությունները դրանից հետո էլ շարունակվել են: Դա նշանակում է, որ հիշյալ գրասենյակը կամ մատը մատին չի տվել, կամ էլ, եթե Ադրբեջանին հորդորել է չխախտել հրադադարը, որոշակի նպատակի հետամուտ մեր թշնամին բանի տեղ չի դրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հորդորները: Այդպես լինելու է նաև այսուհետ, եթե, իհարկե, մեծ պատերազմն ավելի շուտ չսկսվի: Ադրբեջանը նախկինում ասել և, քանի դեռ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չի կատարել, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին, «միջազգային հանրություն» կոչվածին և այլոց այսուհետ էլ ասելու, պատճառաբանելու է, թե նախահարձակ է եղել հայկական կողմը, իրենք ստիպված պատասխանել են:


Որքան էլ «տարօրինակ է», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայսօր չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, դրանց կատարումը չի պահանջել Ադրբեջանից և միջազգային հանրությունից: Հիշեցնենք, որ հիշյալ պայմանավորվածությունների (սահմաններին կրակոցներն արձանագրող հատուկ տեխնիկայի տեղադրում և այլն, և այլն) կատարման դեպքում Ադրբեջանը զրկվելու է նախահարձակ լինելու և մեղքը հայկական կողմի վրա գցելու հնարավորությունից:
Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 15-ին, ժամը մոտ 23։45-ից վերստին սկսել են կրակել Կոթի գյուղի ուղղությամբ: Գնդակներից մեկը խոցել է այդ պահին Կոթիի կենտրոնում գտնվող գյուղացիներից մեկին` 1957 թ. ծնված Սուրեն Սեփխանյանին, դիպել նրա սրունքի հատվածին, բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Թե կրակոցների հետևանքով գյուղն ինչ վնասներ է կրել, այս պահին դեռ հայտնի չէ: Թշնամու կրակոցներն ավելի շատ ուղղված են եղել Հայաստանի 3-րդ բանակային կորպուսին: Ադրբեջանի զինուժը հիմնականում կրակել է հրաձգային զինատեսակներից, օգտագործել է նաև խոշոր (մինչև 12,7 մմ) տրամաչափի հրաձգային զենքեր: Մեր զինծառայողներն իրենց գործողություններով կարողացել են լռեցնել թշնամուն։


Թշնամին նույն օրվա` սեպտեմբերի 15-ի երեկոյան սկսել է Արենի գյուղի շրջանում գնդակոծել Հայաստանի տարածքը:
Սեպտեմբերի 16-ի ժամը 22:20-ից մինչև 23:40-ը հրաձգային զենքերից ընդհատումներով կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի վրա, սակայն մեր զինծառայողների պատասխան կրակը դադարեցրել է գնդակոծությունը:
Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը գնդակոծել է Կոթի, Բաղանիս գյուղերը, ինչպես նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերը: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանի տեղեկացմամբ, գնդակոծությունը տևել է ավելի քան մեկ ժամ՝ սեպտեմբերի 16-ի ժամը 23:50-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 1-ը, «գնդակոծությունից վնասվել են գյուղի առանձնատների տանիքների շիֆերներ, տների պատեր»: Նույն գիշեր, ժամը 00:20-ից մինչև 00:40-ը թշնամին գնդակոծել է նաև Բաղանիս գյուղը, վնասել տների տանիքներ: Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը մոտ 30 րոպե անդադար գնդակոծվել է Ոսկեպարը։


ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, սեպտեմբերի 19–ին, ժամը 13:30-ի սահմաններում հակառակորդի կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980 թ., ծառայում էր 2011-ից, Տավուշի ԶԿ):
Ադրբեջանը Հայաստանին արդեն մեղադրել է սահմանին բնակվող ադրբեջանցիների վրա հարձակվելու մեջ, մեր երկրի դեմ, այսինքն՝ ՀՀ-ն որպես թիրախ ընտրած լայնածավալ զորավարժություններ են սկսվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական ուժերին մի հաղորդագրությամբ մեղադրել է սահմանային տարածքների խաղաղ բնակիչների դեմ զենք օգտագործելու և խափանարար քայլեր կատարելու մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված է. «Հայկական ուժերը գնդակոծել են Թովուզ քաղաքի մերձակայքում տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերն ու այդ քաղաքի մի քանի բնակելի տարածքներ, որի հետևանքով որոշակի վնաս է հասցվել այդ տարածքների բնակիչներին և ենթակառուցվածքներին»:


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմաթ Հաջիևը, շփման գծերի մերձակայքում բնակվող խաղաղ քաղաքացիների դեմ գործողության իրականացումը միջազգային իրավունքի չափանիշներին դեմ համարելով, նշել է, որ խափանարարական նման քայլերի պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա: Պաշտոնական Բաքուն պարբերաբար հանդես է գալիս ՀՀ-ի դեմ ուղղված նման հայտարարություններով: Հայկական կողմը, մերժելով նման մեղադրանքները, Ադրբեջանին մեղադրելով հրադադարը խախտելու և շփման գծում ուժեր կուտակելու մեջ, հայտարարում է, որ Ադրբեջանի նպատակը իրավիճակի սրումն է և սահմանային տարածքներում հայատյացության տարածումը: Օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած ամիս հայտարարել է. «Իմ՝ վարչապետ դառնալուց հետո, Ադրբեջանը քանի անգամ խախտել է հրադադարը և Նախիջևանում գտնվող շփման գծերում զինուժ է կուտակել»:


ՀՀ վարչապետը, նշելով, թե Նախիջևանի ու Հայաստանի սահմանագծում հակառակորդի զինուժի որոշակի տեղաշարժ է նկատվում, ընդգծել է, որ ուժերի նման կուտակում արձանագրվել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակահատվածում: Օտարերկրյա որոշ լրատվամիջոցներ կասկածից դուրս են համարում, որ Բաքվի ու Երևանի հնչեցրած փոխադարձ մեղադրանքները մեծացնում են բախման ու պատերազմի հավանականությունը, ինչը, անկասկած, երկու կողմերին ահռելի վնասներ կպատճառի:
Ադրբեջանը սեպտեմբերի 17-ից երկրի լեռնային տարածքներում սկսել էր 5-օրյա լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Դրանք մի քանի օրվա տարբերությամբ հաջորդեցին սեպտեմբերի 11-ից սկսված Հայաստանի «Շանթ-2018» եռօրյա զորավարժություններին: Ադրբեջանի զորավարժություններում ընդգրկված են տարբեր տեսակի և նշանակության զորամիավորումներ:


Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարության ներքո անցկացվող զորավարժությունում ներգրավված են 20 000 զինծառայողներ, 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, տարբեր նշանակության ճակատային ավիացիայի տասնյակ միջոցներ: Նույն աղբյուրի համաձայն, ադրբեջանցի զինծառայողները փորձարկելու են նոր զենքեր:

Զորավարժությունների ընթացքում մշակվելու են մի քանի ուղղություններով հակառակորդի պաշտպանության տանկային ճեղքման, Ղարաբաղի տարածքում Հայաստանի ռազմական խմբավորումների և առաջնագծի ստորաբաժանումների ջախջախման պլաններ, ԼՂ-ի վրա հարձակումը ռազմավարական և ռազմական թիրախների ոչնչացման ճանապարհով, հակառակորդին հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ հասցնելու սխեմաներ: Ադրբեջանի ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ, որպես որոշակի հակառակորդ, նշված է հենց Հայաստանը ¥նախկինում պաշտոնական հաղորդագրություններում օգտագործվում էր «պայմանական հակառակորդ» եզրը¤: Ի դեպ, Ադրբեջանը սկսելով լայնամասշտաբ զորավարժություններ, միջազգային պարտավորությունների խախտմամբ, այդ մասին չի տեղեկացրել ԵԱՀԿ պետություններին: Կարծում ենք, արժե ուշադրություն դարձնել նաև այս հանգամանքի վրա:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին հարցին, ասել է, որ այն, ինչ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում խաղաղության մթնոլորտի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության, թե՛, առավել ևս, գործողությունների առումով. «Սա դատապարտելի է և անընդունելի: Մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ: Սա, բնականաբար, անընդունելի է: Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ ԼՂ-ն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին»:


Բաքվում դեռ հուլիսին հայտարարել են, որ մոտ ապագայում պատրաստ կլինեն «ազատագրելու տարածքները», ինչն ավելի վաղ չեն արել, քանի որ թույլ չեն տվել որոշակի քաղաքական հանգամանքներ: «Որոշակի քաղաքական հանգամանքներ» ասելով ի՞նչ նկատի ունեն. կարծում ենք, այս հանգամանքին ևս պետք է ուշադրություն դարձնել:
«Իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին աստիճանաբար սրվում է, ինչը սկզբունքորեն կանխատեսելի էր։ Ավելին, պետք է իրատես լինել առաջիկայում լարվածությունը, ըստ ամենայնի, կունենա հարաճուն բնույթ,- ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:- Բաքվում չեն թաքցնում, որ նախապատրաստվում են լայնամասշտաբ ռազմագործողությունների, ինչը նույնպես նորություն չէ։ Այդ առումով Արցախի պետական սահմանին անցած ամիսների հարաբերական անդորրը տագնապահարույց էր։ Ակնհայտ էր, որ հակառակորդը դադար է վերցրել և նախապատրաստվում է նոր հարված հասցնելու ուպատեհ ռազմաքաղաքական պահի։ Ըստ այդմ, առանց պատրանքների տրվելու, պետք է հաշիվ տանք մեզ, որ ռազմագործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է, ինչին պետք է պատրաստ լինել՝ հանկարծակիի չգալու համար։ Անշուշտ, ադրբեջանական կողմը կշարունակի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տարբեր հատվածներում լարվածություն ստեղծել։ Ընդ որում, ի թիվս այլոց, իբրև նոր թիրախ հակառակորդը ընտրել է Արենին։ Սահմանի այդ տեղամասը, ըստ ամենայնի, դեռ երկար կմնա հակառակորդի «ուշադրության կենտրոնում»։ Ստեղծված իրավիճակում հայկական կողմի, այդ թվում և երկրի առաջին դեմքի արձագանքը պետք է լինի հատու, սաստող, կտրուկ, սակայն զերծ անհարկի հուզականությունից։ Այսպես, օրինակ, հակառակորդի ոչնչացված երեք զինծառայողի մասին կարող էր հայտարարել մեկ այլ պետական պաշտոնյա։ Այդուհանդերձ, կրկնում եմ՝ հայկական կողմի պատասխանը ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներին պետք է շարունակի լինել հուժկու–սթափեցնող, քանզի հակառակորդը միայն ուժի լեզուն է հասկանում։ Եվս մեկ նկատառում, որի մասին խոսել եմ բազմիցս։ Մենք չպետք է անտեսենք այն դիվանագիտական ռեսուրսը, որը մեր բանակը վաստակել է 2016-ի ապրիլի քառօրյա մարտերի արդյունքում։ Այո՛, թեև մենք կորցրել ենք մի քանի հենակետ, սակայն վերջնարդյունքում երկրորդ ադրբեջանական ագրեսիան ձախողվել է, Արցախի պաշտպանության բանակը վերահաստատել է Արցախի պետական սահմանը։ Վերը նշվածը հայկական կողմերի ձեռքին կարևոր հաղթաթուղթ է, որը հիմք է ստեղծում մեզ համար բանակցային գործընթացում հանդես գալու ուժի դիրքերից»։


Պարոն Ջամալյանի նշած դիվանագիտական ռեսուրսը 2016 թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են՝ սահմաններին կրակոցներն արձանագրող ու նախահարձակին հայտնաբերող հատուկ տեխնիկայի տեղադրում, դիտորդների իրավասությունների ընդլայնում ու նրանց քանակի ավելացում, որոնց այն ժամանակ Ալիևը որպես ռազմական լայնածավալ գործողություններ սկսած, նախահարձակ ու մեղավոր կողմի՝ Ադրբեջանի ղեկավար, ստիպված տվել է իր համաձայնությունը, սակայն հետագայում չի կատարել: Ինչպես նշեցինք, որքան էլ «տարօրինակ է», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայսօր չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, դրանց կատարումը չի պահանջել Ադրբեջանից և միջազգային հանրությունից: Այսինքն, անտեսել է, առաջին հերթին, մեր 100-ից ավելի զինվորների ու սպաների կյանքի գնով ձեռք բերված այդ անգնահատելի դիվանագիտական ռեսուրսը, չի օգտագործել հայկական կողմի ձեռքին եղած այդ կարևոր հաղթաթուղթը, որը մեզ համար հիմք է բանակցային գործընթացում թելադրողի ու պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու համար: Եթե չենք սխալվում, այս առումով անգործություն է դրսևորել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը և Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծմանը, ազատամարտիկ, ռազմական և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն ասել է, որ Ադրբեջանում պատրաստվում են պատերազմի, իսկ մենք պետք է հատկապես ներքաղաքական հարցերում շատ զգոն լինենք, թույլ չտանք, որ հասարակությունը պառակտվի, բաժանվի «սևերի» ու «սպիտակների», որովհետև պատերազմների ժամանակ բանակի ամրության հիմքերից մեկը թիկունքն է։
Ընդգծենք, որ վերը շարադրվածն ընդամենը մակերեսին եղածն է, իսկ թե ինչու է առաջացել այս վտանգավոր, պայթյունավտանգ իրավիճակը, կանդրադառնանք առաջիկայում:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ