Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ահաբեկչություն Ահվազում. ձեռագիրը Հարավսլավիայի դեմ ագրեսիայի նախաձեռնողներինն է

Ահաբեկչություն Ահվազում. ձեռագիրը Հարավսլավիայի դեմ ագրեսիայի նախաձեռնողներինն է
05.10.2018 | 01:51

Անկասկած, անցյալ սեպտեմբերն ամենաշատը հիշվում է երկու ահաբեկչությամբ՝ Սիրիայում ռուսական «Իլ-20» ռազմական ինքնաթիռի կործանմամբ և իրանական Ահվազ քաղաքում արյունոտ ահաբեկչությամբ: 2018-ի սեպտեմբերի 22-ը և 23-ը երբևէ կմտնեն մեր տարածաշրջանի նորագույն պատմության մեջ որպես փաստացի պատերազմի հայտարարման տարեթվեր: Ծայրահեղ դեպքում՝ Սիրիային և Իրանին, և հենց Իսրայել-ԱՄՆ-ի կողմից, Սաուդյան Արաբիան հաշվի մեջ չէ: Սանիտարա-սահմանային խամաճիկ պետությունները միշտ այդպիսին էլ մնում են, լինի դա Պիլսուդսկու ժամանակների Լեհաստանը, թե ժամանակակից Սաուդյան Արաբիան: Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի գազանային ահաբեկչությունը, որի զոհերի ու վիրավորների (մեծամասնությունը՝ կանայք և երեխաներ) քանակը մի կարգ բարձր է, քան Իրանի ԻՀՊԿ-ի զինծառայողների թիվը, ակնառու ապացույց է այն բանի, թե ժողովրդավարության արևմտյան «պաշտպանների» և Իրանի ժողովրդի բարօրության իսրայելյան «ջատագովների» համար ինչքան կարևոր են մարդու իրավունքները: Ամեն ինչ արված է ամերիկյան չափորոշիչներով. հարվածը հասցնել հենց այս կամ այն երկրի համար սուրբ համարվող օրը: Աշխարհը հիշու՞մ է, որ ՆԱՏՕ-ն Հարավսլավիայի ռմբակոծումներն սկսեց սերբերի և Բալկանների մյուս ուղղափառ ժողովուրդների համար սրբազան օր՝ հունիսի 28-ին, Սուրբ Վիտի օրը (Վիդովդան): Իրանի համար ընտրված էր սեպտեմբերի 22-ը՝ Սրբազան պաշտպանության շաբաթի սկիզբը, որը նվիրված էր Իրաքի հետ պատերազմում Իրանի հաղթանակին: Կեցցե Իսրայելը. գոնե լռում է, մեջ չի ընկնում «Իրանի ժողովրդին խորհուրդներով», ի տարբերություն ԱՄՆ-ի, որի ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Նիքի Հեյլին, անամոթաբար հայտարարել է աշխարհին, թե «իրանցիները ոչ թե մեզ՝ ամերիկացիներին, պետք է մեղադրեն, այլ նայեն հայելու մեջ»: Եթե կարճամիտ ցուցադրամոլ Թրամփը մտածում է, թե վախեցնելով կարող է Իրանին ստիպել հանձնվելու, ապա ԱՄՆ-ի ներկայիս կառավարող վարչակազմը վերնախավի անկման բացահայտ ցուցիչ է. ամեն նոր նախագահ նախորդից վատն է:


Մյուս կողմից, Ահվազի ահաբեկչությունը այն շղթայի հերթական օղակն է, որն սկսվեց իսրայելցիների կողմից ռուսական ռադիոէլեկտրոնային հետախուզության «Իլ-20» ինքնաթիռը Լաթակիայի մոտակայքում հարվածի տակ դնելուց և 15 ռուս զինվորականի զոհվելուց հետո: ՌԴ ՊՆ սեպտեմբերի 23-ի վերջնական վճռով այդ ողբերգության մեղավոր է ճանաչվել Իսրայելը: Թե դա ինչի կհանգեցնի, ցույց կտա ամենամոտ ապագան: Առայժմ հայտարարվել է, որ «ապասառեցված է» Սիրիային ռուսական «C-300» ԶՀՀ-ների մատակարարման հարցը: Իզուր չէ, որ ԱՄՆ-ի պետքարտուղար և ԿՀՎ-ի նախկին տնօրեն Մայքլ Փոմփեոն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի բացման առթիվ հարցազրույցում արդեն բարձրաձայն ակնարկում է Մոսկվային, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ պատերազմ է ուզում: Պարզ է, որ Վաշինգտոնը վաղուց էր պատրաստվում այդ հայտարարությանը: Սեպտեմբերի 23-ին Փոմփեոն հայտարարեց, որ Թրամփի վարչակազմին «առայժմ չի հաջողվել հակահարված տալ ամբողջ աշխարհում Ռուսաստանի ապակայունացնող բազմաթիվ գործողություններին»: Ըստ նրա, «Ռուսաստանն Ամերիկայի շահերի դեմ աշխատում է ՈՒկրաինայում, Սիրիայում և աշխարհի այլ «թեժ» կետերում»: Ի դեպ, սա էական խոստովանություն է, որով փշրվում է Հայաստանի ամերիկամետ քաղաքացիների այն համոզմունքը, թե «Արցախի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հակասություններ չունեն»: Ինչպես տեսնում ենք, ունեն: Ահվազի ահաբեկչությունն էլ ապացուցում է, որ ԱՄՆ-ի նպատակն է պատերազմներ հրահրել Իրանի սահմաններին, այդ թվում՝ հյուսիսային, Իրանը շրջապատել անկայունության օջախներով և այլն, ինչը ձեռնտու է եղել և է միայն ԱՄՆ-ին, Իսրայելին և նրանց խամաճիկ դաշնակիցներին, ի դեմս Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլն:


Հետևենք, թե ինչ է կատարվել Սիրիայում: Սեպտեմբերի 21-ին հաղորդումներ եղան, որ «եթերից հանվում են» ավելի վաղ տեղադրված տեսակադրերը, որոնցում ցուցադրվում էր իբր «Իդլիբում սիրիական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման փորձը»: Հետո եղան չհաստատված լուրեր, որ տխրահռչակ «Սպիտակ սաղավարտների» անդամներին զանգվածաբար հանում են Իդլիբից: Բայց տեսահոլովակի արաբերեն և անգլերեն տարբերակները մնացել և ընկել էին սիրիական SANA գործակալության ձեռքը: Եվ SANA-ն հրապարակեց քիմհարձակման բեմադրության տեսակադրերը: Ըստ SANA-ի, ընդամենը տեսագրվել է «քիմիական հարձակման» 3 սցենար: Հոլովակը 5-րոպեանոց է: Նրանում «Սպիտակ սաղավարտների» հետ կապված մարդիկ ջուր են լցնում իբր քիմիական զենքից տուժած մարդկանց վրա: Լավ երևում է, որ նկարահանման մասնակիցները տարբեր սցենարներում փոխում են դերերը և ներկայանում մեկ որպես «քիմհարձակման» զոհեր, մեկ որպես «տուժածներին» օգնող բուժաշխատողներ: Նաև նկատելի է, որ միևնույն մարդկանց հագուստների մանրամասները տարբեր են: Այդ տեսագրությունը պատրաստվել էր սիրիական կառավարական ուժերին քիմիական հարձակման մեջ մեղադրելու և ԱՄՆ-ի ու նրա արբանյակների կողմից Սիրիայի վրա որպես զանգվածային հարվածի առիթ օգտագործելու համար:


Իսկ նույն օրվա երեկոյան կատաղի բախումներ եղան սիրիական բանակի և թուրքամետ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) միջև: Այդ ՍԱԲ-ն այժմ լիովին Թուրքիայի նախագահ Էրդողանի անձնական հովանավորության տակ է: Տեղական աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի զինվորականները մի քանի ական են արձակել Հալեպ նահանգի Էլ Բաբ քաղաքում գտնվող թուրքամետ զինյալների կրակակետերը ճնշելու համար: Ի պատասխան ՍԱԲ-ի զինյալները մի քանի հրթիռ են արձակել Էլ Բաբի հարևան Թադեֆ քաղաքում գտնվող սիրիական զինվորականների դիրքերի վրա: Հետո կրակի տարափ է սկսվել երկու կողմից, որը չի դադարել սեպտեմբերի 21-ի ամբողջ երեկոյան: Դա վերջին մեկ տարում ամենախոշոր փոխհրաձգությունն էր կողմերի միջև:


Սեպտեմբերի 22-ին SANA-ն հաղորդել է, որ, այսպես կոչված, ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան ԻՊ-ի ահաբեկիչներին ուղղաթիռներով տարհանել է Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգից, բայց հայտնի չէ, թե ուր: SANA գործակալությունն ուշադրություն է դարձնում, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան պաշտոնապես պայքար է հռչակում ԻՊ-ի դեմ, բայց իրականում փրկում է նրա պարագլուխներին, նրանց հետախուզական տվյալներ տրամադրում սիրիական ստորաբաժանումների տեղաբաշխման մասին: ԱՊՀ ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ԻՊ-ի 2500 զինյալներ 2018-ին տեղափոխվել են աֆղանա-պակիստանյան սահմանային գոտի: Նա նշել էր, որ զինյալները հետագայում էլ են գործում «Մեծ խալիֆաթ» ծրագրի իրականացման համար: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն, հղում անելով տեղական աֆղանական աղբյուրներին, հաղորդել էր չճանաչված ուղղաթիռների մասին, որոնցով ահաբեկիչները տեղափոխվում են Աֆղանստանի այն շրջանները, որոնք սահմանակից են ԱՊՀ-ին:


Ինչպես նկատում ենք, Սիրիայում ռուսական «Իլ-20»-ի կործանումից և իրանական Ահվազում ահաբեկչությունից հետո իրադրությունը շատ արագ է փոխվում: Եվ ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ինչ կկատարվի հետագայում: Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Խադդադը սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ ռուսական C-300 ԶՀՀ-ները Սիրիային թույլ կտան պաշտպանվել Իսրայելի թշնամական գործողություններից և վերջ տալ դրանց: Ցավակցություն հայտնելով «Իսրայելի լկտի վարքի և սիրիական հողի դեմ նրա ագրեսիայի հետևանքով» կործանված «Իլ-20»-ի անձնակազմի զոհվելու կապակցությամբ, Խադդադը նշեց, որ Իսրայելի հարվածները ձեռնարկություններին և գիտական կենտրոններին «հաստատում են Իսրայելի պետական ահաբեկչությունը»: Սիրիացի դիվանագետը նաև նշեց, որ Թել Ավիվը «ամենաբազմազան օգնությունն է ցույց տվել ահաբեկչական խմբավորումներին, որ նրանք Սիրիայում պարտություն չկրեն»: Հիշեցնենք այդ հայտարարության կապակցությամբ, որ սեպտեմբերի 24-ին ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն, բացի Սիրիային արագ կերպով (2-3 շաբաթում) C-300 մատակարարելու և Սիրիայում ռուսական բազաների անվտանգությունն ուժեղացնելու մասին հայտնելուց, հայտարարել է, որ ռուս զինվորականներն իրականացնելու են արբանյակային նավարկագիտական, կապի համակարգերի և սիրիական օբյեկտների վրա գործող մարտական ավիացիայի ռադիոտեղորոշիչ կայանների (ՌՏԿ) ռադիոէլեկտրոնային ճնշում: Նախարարն ընդգծեց, որ Իսրայելի խնդրանքով 2013-ին Մոսկվան կասեցրել է Սիրիային C-300-ի մատակարարումը, բայց «Իլ-20»-ի միջադեպից հետո իրադրությունը կտրուկ փոխվել է: Եթե պարզ մեկնաբանենք Շոյգուի ասածը, ապա կհասկանանք, որ Ռուսաստանը, ըստ էության, Սիրիայի երկնքում անթռիչք գոտի է մտցնում, ճիշտ է, միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների ավիացիայի համար:


Իսրայելն արձագանքում է, չնայած փորձում է ցույց տալ, թե առանձնապես բան չի պատահել: Մեկ Թել Ավիվից քմծիծաղ է գալիս, թե իրենց օդաչուները «C-300-ի հաշիվն էլ կտեսնեն», կամ «մենք չենք ուզում խայտառակել Ռուսաստանն ու ռուսական սպառազինությունը»: Կարծես սիրիական C-200-ները չեն խփել իսրայելական երկու F-16: Արդյո՞ք իսրայելական ավիացիան «խայտառակել է» հնացած ռուսական ԶՀՀ-ն, թե՞ հակառակը: Մեկ էլ Թել Ավիվից սպառնում են «C-300-ը ոչնչացնել Սիրիայում», մոռանալով գրել, թե ինչպես: Հատկապես հաշվի առնելով Շոյգուի նախազգուշացումը: Այնպես որ, համամիտ ենք ռուսական ԶԼՄ-ներից մեկի գնահատականին, որ Իսրայելում այժմ «տագնապ է՝ ցուցադրական հանգստության դեպքում»: Համենայն դեպս, զինվորականները, ոչ թե քաղաքացիական անձինք Իսրայելի պաշտպանության բանակում, կարծում ենք, հստակ հասկանում են, որ Սիրիայի ռազմական հրամանատարության ցանկության դեպքում ոչ մի ռազմական ինքնաթիռ չի հեռանա ոչ Միջերկրական ծովի, ոչ էլ Սիրիայի հարևան Լիբանանի երկնքից: ՈՒ չնայած հիմա մենք խոսում ենք Իսրայելի ու նրա հոգսերի մասին, մի քանի վայրկյանով շեղվենք դեպի Թուրքիա, որովհետև այնտեղ վերջին օրերին (սեպտեմբերի 23-24-ին) 170 զինվորական է ձերբակալվել: Եվ Իթլիբում զինյալներն իսկույն խոստացան, որ «մոտակա օրերին կորոշեն»՝ համաձայնե՞ն Պուտին-Էրդողան պայմանավորվածության պահանջներին, թե՞ ոչ: Էլի՞ ենք ժխտելու, որ, առանց բացառության, տարածաշրջանային վերջին իրադարձությունները, ներառյալ Ահվազի ահաբեկչությունը, միմյանց հետ կապված են հազարավոր տեսանելի և անտեսանելի թելերով: Թե՞, այնուամենայնիվ, կընդունվի այն, ինչը պնդում են Իրանի հատուկ ծառայությունները շատ վաղուց, դեռ 2014 թ. ամռանը ԻՊ-ի կողմից իրաքյան Մոսուլը գրավելուց, որ Իրաքում ու Սիրիայում քաոս ստեղծած ահաբեկիչների թիկունքում կանգնած են ԱՄՆ-ը և Իսրայելը, իսկ մյուս երկրները նրանց կամակատարներն են:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ