Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Պետք չէ ամբողջ կեղտը բարդել ՀՀԿ-ի վրա»

«Պետք չէ ամբողջ կեղտը բարդել ՀՀԿ-ի վրա»
09.10.2018 | 01:25

ՀՀԿ-ական ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ կարծում է, որ քաղաքական իրավիճակն ու ՀՀԿ-ի հանդեպ հանրային վերաբերմունքն այսպիսին չէին լինի, եթե կուսակցությունը ժամանակին գնար ինքնամաքրման, վերաիմաստավորման ճանապարհով։ Ըստ մեր զրուցակցի, սխալ է անկախության տարիների բոլոր թերություններն ու բացթողումները վերագրել ՀՀԿ-ին, ճիշտ չէ նաև այն, որ նախորդ նախագահների վատ ժառանգության պատասխանատուն էլ «Հանրապետականն» է համարվում։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերին են ընտրությունները լինելու, իսկ ՀՀԿ-ն էլ հորդորել է չխանգարել պետությանը, երկրին առաջ ընթանալու հարցում։ Ինչու՞ է ՀՀԿ-ն խանգարում, պարոն Ալեքսանյան։
-Իսկապես անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ ՀՀԿ-ն էլ ոչ մի խնդիր չունի խանգարելու։ Որքան հասկանում եմ, ՀՀԿ-ն ժամանակացույցի հետ կապված է տեսակետներ հայտնել, որ նախապատրաստվելու համար ժամանակը չի բավարարում։ Ընտրությունների պատասխանատուն իշխանությունն է, եթե նրանք ունեն միջոցներ ու հնարավորություններ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու, ուրեմն կարող են կյանքի կոչել այդ միջոցառումը։ Բանակցություններ են անցկացնում Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ-ի և կարծում եմ նաև՝ ՀՀԿ-ի հետ, ու եթե նման ժամկետում ընտրությունների կազմակերպման հնարավորություն կա, կարող են կազմակերպել։ Որքան շուտ լինեն ընտրությունները, այնքան լավ, որովհետև այսպես, թե այնպես այդ ընտրությունները լինելու են։ ՀՀԿ-ն էլ ոչ թե դեմ է դրան, այլ նախապատրաստական խնդիրներ է տեսնում։ Բանակցությունների ընթացքում բոլոր հարցերն ի հայտ կգան։
-ՀՀԿ-ից անընդհատ հիշեցնում են, թե կառավարության ծրագրում ամրագրված է, որ մինչև մայիս պետք է լինեն ընտրությունները, և այս շտապողականությունն անհասկանալի է։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ են իշխանություններն ընտրել հենց դեկտեմբերը։
-Եթե ասել են մայիս, դա չի ենթադրում, որ անպայման պետք է ընտրությունները ձգվեին մինչև մայիս։ Իսկ շտապելու պատճառն ակնհայտ է։ Այսօր ժողովրդի ուղիղ մանդատ ունի միայն ԱԺ-ն, այսինքն չկա լիարժեք իշխանություն, Փաշինյանը վարչապետ է, բայց իշխանության առաջնային մանդատը խորհրդարանին է։ Այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի, և դա որքան շուտ լինի, այնքան լավ։ Անկախ որևէ հանգամանքից, փաստ է, որ իշխանությունը պետք է ամբողջական լինի, որ քաղաքականությունը միասնական լինի, իհարկե այլ հարց է՝ ճիշտ, թե սխալ քաղաքականություն է վարվում։ ՀՀԿ-ն էլ է այս կարծիքին, Փաշինյանը հենց ՀՀԿ-ի շնորհիվ վարչապետ ընտրվեց։
-Եթե դեկտեմբերին կայանան ընտրությունները, ՀՀԿ-ն պատրա՞ստ է նորից քաղաքական մրցակցության, կհաղթահարի՞ նվազագույն շեմը։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ խորհրդարան անցած ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին։
-Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն չմասնակցեց և, կարծում եմ, ճիշտ չարեց։ Ամեն ինչ կախված է ՀՀԿ-ից։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին կուսակցության վերափոխմանը, որ ժողովրդի վստահությունը վաստակեին։ Եթե ՀՀԿ-ն շարունակի նույն ձևով աշխատել, ինչպես հիմա, շատ քիչ ձայներ կհավաքի։ ՀՀԿ-ն ունի վերափոխվելու բոլոր հնրավորությունները և խորհրդարական ընտրություններին մասնակցելով ձայներ կհավաքի։ Հաճախ եմ ասել` ՀՀԿ-ն պետք է մաքրվի պատեհապաշտներից, թալանչիներից։ Այսօր իշխանություններն օգնում են, որ ՀՀԿ-ն մաքրվի։ Բայց կուսակցությունը պետք է նախաձեռնությունն ինքը վերցնի և լուծի ինչպես կազմակերպական, այնպես էլ ներկուսակցական խնդիրները։ Այն, ինչն այսօր ջրի երես է դուրս գալիս, միշտ խանգարել է ՀՀԿ-ին։ Երկրում իսկապես աղքատության ցուցանիշը շատ բարձր է, սոցիալական անարդարություն, բևեռվածություն կա։ Սա չի կարող ոչ մեկը ժխտել։ Այլ հարց է, որ այդ ամենը միայն ՀՀԿ-ի իշխանության տարիների հետևանք չէ, այլ 90-ականներից կուտակված խնդիրներ են։ Եթե այսօր էլ Փաշինյանն այդ խնդիրները չլուծի, իրենն է համարվելու նաև նախորդների վատ բեռը։ Նույն պատեհապաշտներն այսօր փորձում են արդեն ՔՊ-ի անունով մտնել իշխանություն։ Սա կոմունիստների ժամանակներից սկսած արատավոր երևույթ է, երբ հենց նմանների պատճառով է իշխանությունն այլակերպվում։ Եթե այսօրվա իշխանությունն էլ այս առումով քայլեր չձեռնարկի, երկու տարի հետո նմանվելու է ՀՀԿ-ին, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն նմանվեց ՀՀՇ-ին։ Դրա համար պետական ինստուտներում պետք են արմատական փոփոխություններ։ Վերցրեք, կարդացեք ՀՀԿ-ի համագումարների ժամանակ հնչած ծրագրային ելույթները, ազատվել կոռուպցիայից, թալանչիներից, այսօր նույնն ասում է նաև Փաշինյանը։ Բայց այդ ամենն իրական կլինի այն ժամանակ, երբ ասողը նույն կերպ վարվի ներկուսակցական կյանքում։ Հանրությունն էլ ավելի կվստահի նման իշխանությանը։ ՀՀԿ-ն այսօր պետք է պարտադիր վերափոխվի, արդեն մեր աղբը ներսից հանել ենք, պետք է վարակազերծվի, որ ժողովրդի շրջանում հավատ ներշնչի, ինչն ամենագլխավորն է։ Ժողովրդի վստահություն վայելելն այսօր համար մեկ խնդիրն է բոլոր կուսակցությունների համար։ Նաև իշխանությունը պետք է կարողանա այդ վստահությունը պահել, ինչը ևս պակաս կարևոր չէ։
-Ի դեպ, իշխանությունը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի, այսինքն վերափոխվելն անգամ չի օգնի։
-Այդ ծայրահեղ մոտեցումը չեմ ընդունում, ՀՀԿ-ում կան շատ պարկեշտ, ազնիվ մարդիկ։ Չեմ ընդունում նաև քաղաքականությունն ու հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելը։ Համաժողովրդական շարժումը պետք է միավորի բոլոր առողջ ուժերին, ի վերջո, կուսակցականությունը չէ խնդիրը, առողջ ուժեր կան և ՀՀԿ-ում, և մյուս կուսակցություններում։ Եթե այս իշխանությունն ուզում է արդյունքի հասնել, ոչ թե նեղ կուսակցական մոտեցում պետք է ցուցաբերի, այլ միավորի առողջ ուժերին։ Քաղաքականությունը բարեկամներ շահելու արվեստ է։ ՀՀԿ-ում շատ մարդիկ կան, որոնք կողջունեն, որ Փաշինյանը ճիշտ քայլեր անի, կոռուպցիայի դեմ պայքարի, պատեհապաշտներին էլ քաղաքական լուսանցքում թողնի, ընտրությունները լինեն առանց կեղծիքների, իսկ արտաքին քաղաքականությունն էլ հաջողի։ Եթե այս քայլերով առաջ գնա ՀՀԿ-ն և՛ կողջունի, և՛ կդաշնակցի նրա հետ։
-Ասում եք՝ քաղաքականությունը բարեկամներ շահելու արվեստ է, բայց այս իշխանությունն իր տեսակետը կիսողին համարում է յուրային ու հեղափոխական, չկիսողին` հակահեղափոխական ու սև։ Ստացվում է՝ դաշնակիցներ ունենալու խնդիր չունեն։
-Որ դաշնակիցների խնդիր ունեն, դա միանշանակ է, պարզապես այստեղ վստահության հարց կա։ Փաշինյանի իշխանությունը չի վստահում քաղաքական ուժերին, քանի որ շահերի խնդիր կա։ ՀՀԿ-ն շատ բազմագույն է, միայն սև ու սպիտակ գույները չեն այդ կուսակցությունում։ ՀՀԿ-ում այո, կան պատեհապաշտներ, որոնք ռևանշի ցանկություն ունեն, բայց երկրի ճակատագրով անհանգստացողներ էլ շատ կան։ Պետք է տարբերել մեկը մյուսից։ Կուսակցությունը գործող օրգանիզմ է, տարբեր գույներով, դրանք երբեք չի կարելի միմյանց հետ խառնել։ Բարեկամներ պետք է լինեն այն մարդիկ, որոնք լավ բան տեսնելու ժամանակ կողջունեն, իսկ վատն անկեղծ կասեն։ Այո, կան մարդիկ, որոնց չպետք է վստահել, նրանք կծող հատկություններ ունեն։ Այսօրվա իշխանության քաղաքականությունը շատ մարդկանց շահերին է հարվածում, և երբ իշխանությունն էլ ամբողջական չէ, դժվար է շատերին վստահել։ ՀՀԿ-ն պետք է քավարանով անցնի, ընդունի սխալները։ Այս կուսակցությունը նաև շատ լավ գործեր է արել։ Այն, ինչ այսօր ունենք, նաև ՀՀԿ-ի ավանդը կա դրանում։ Պետք չէ ամբողջ կեղտը բարդել ՀՀԿ-ի վրա։ ՀՀԿ-ն չի վերցրել իշխանությունը, իշխանություններն են ժամանակին վերցրել ՀՀԿ-ին և օգտագործել նրա բարի համբավը։ ՀՀԿ-ն վերջին տասը տարում է իրական իշխանություն եղել։ Մինչ այդ չի ունեցել լիարժեք իշխանություն, երկրորդ նախագահի ժամանակ կիսատ-պռատ իշխանություն էր, ընդամենը վարչապետի պաշտոնն ուներ ու ընդամենն աջակցել է Ռոբերտ Քոչարյանին։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ն միշտ իշխանության է եղել և ողջ կեղտը նրանն է։ Այդ կուսակցությունում էին լուսավոր մարդիկ՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան։ Լուծել է բազմաթիվ լուրջ, պետական խնդիրներ, երբեմն նաև կուսակցական շահերը ստորադասելով։ Եվ պատերազմական տարիներին, և քաղաքացիական հակադրությունները հարթելու տեսանկյունից մեր կուսակցությունը դրական դերակատարում է ունեցել։ Չպետք է ՀՀԿ-ին միայն այսօրվա համապատկերում դիտարկել։ Ի դեպ, հետխորհրդային երկրներում այս վիճակն ընդհանուր է, երբ 90-ականներին համայնքնային սեփականությունը բաշխվել է մարդկանց, որի ընթացքում մեծ սխալներ են եղել։
-Դուք ցանկանում եք ասել, որ ՀՀԿ-ն կրում է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների սխալների բեռը, իսկ ինչու՞ դրանցից չազատվեց ժամանակին։
-Այո, նույն մեքենան է. և առաջին, և երկրորդ նախագահները նույն քաղաքականությունն են վարել, ցավոք, նույնը շարունակեց նաև երրորդ նախագահը։ Արմատական փոփոխություններ չեն եղել։ Այս քսան տարիների սխալն այն էր, որ 90-ականներին շտապեցին և, պետական ինստիտուտները չստեղծված, տնտեսությունն անցավ շուկայական հարաբերությունների, ինչի պատճառով թալանի սկիզբ դրվեց։ Փողը դարձավ կուլտ ու վերացրեց քաղաքական դաշտը, ստեղծվեցին մարդ-կուսակցություններ։ Պետք է հենց այդ հեղափոխությունը կատարվի, որ փողը ոչ թե նպատակ, այլ միջոց դառնա։ Հիմա տեսեք, 50 մլն տալիս են, բանտից ազատվում են, գումար տալիս են, բանակից ազատվում են, տուգանքը վճարում են ու մեքենան արագ վարում։ Այսինքն, փողով խնդիրներ են լուծում, ստացվում է՝ փող ունեցողը բանտ չի նստում, չունեցողը նստում է։ Այս հոգեբանությունը պետք է փոխվի։ Մի անգամ եղավ դրա փորձը, բայց դրանից հետո եղավ հոկտեմբերի 27-ը։ Դա դժվար բան է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չի կարող դա միայնակ անել, առանց հասարակության դա չի ստացվի։ Առանց քաղաքական էլիտայի գործուն աջակցության խնդիրներ չեն լուծվի։ Այնպես որ, այսօր բոլոր խնդիրները ՀՀԿ-ի մեջ չեն։ Փաշինյանը վայելում է հասարակության վստահությունը, սակայն եթե իրական բարեփոխումներ չեղան, հիասթափությունն անխուսափելի է։
-Այսօր Նիկոլ Փաշինյանի կադրերի առնչությամբ, մեղմ ասած, մեծ վերապահումներ կան։ Եթե իշխանական էլիտայի աջակցությամբ պետք է խնդիրներ լուծվեն, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ խնդիրներն իսկապես կվերանան։
-Խնդիրները պետք է լուծի ոչ միայն իշխանական, այլև քաղաքական ողջ էլիտան։ Իշխանությունները, այո, ունեն կադրային ոչ բավարար ռեսուրս։ Դրա համար պետք է ընթացքում ներգրավեն այլ կուսակցությունների լավագույն կադրերին, պրոֆեսիոնալներին, փորձառուներին։ Հեռու եմ այն կարծիքից, թե միայն երիտասարդներով հնարավոր է երկրում զարգացումներ արձանագրել։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ