Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաղաքացիական հասարակությունը չկարողացավ հանձնել ստուգարքը

Քաղաքացիական հասարակությունը  չկարողացավ հանձնել ստուգարքը
16.10.2018 | 00:49

Քաղաքացիական հասարակությունը սովորաբար հիմնված է սկզբունքների վրա, որոնցից առաջինն ու կարևորը քաղաքական կողմ չլինելն ու քաղաքական և հասարակական գործընթացներին համակողմանի և անաչառ գնահատական տալն է:
Իշխանափոխությունից հետո, սակայն, Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների զգալի մասը կարծես մոռացել է իր գործունեության հիմնական նպատակի մասին: Տպավորություն է, թե մեր երկրում մի օրվա մեջ վերացել են կոռուպցիան, ծանոթով պաշտոնների նշանակելու դեպքերը, բռնությունը, այլակարծության մերժում առհասարակ գոյություն չունի, խոսքի իրավունքի գերակայությունը սրբագույն արժեք է բոլորի համար, պետական ապարատում աշխատողները սայթաքումներ ու վրիպումներ չեն անում, ծառայողական մեքենաները աշխատանքից զատ չեն ծառայում չինովնիկներին, դե իսկ քաղաքական այլ ուժի հարելու համար ոչ ոք մյուսին անարգանքի սյունին չի գամում:
Եթե Հայաստանում գործեին վերոնշյալ խաղի կանոնները, դա լավագույն տարբերակը կլիներ բոլորիս համար, ու այդ ժամանակ քաղաքացիական հասարակության խոր թմբիրի մեջ գտնվելու հանգամանքն արդարացված կլիներ:


Առնվազն տարօրինակ է, երբ անկախ դատական համակարգի համար պայքարողները հանկարծ լռում են, երբ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսային ձայնագրության հրապարկումից հետո պարզ է դառնում, որ նրանք դատավորին հրահանգ են տվել: Ամենավերջին բառերով ու հայհոյանքներով վիրավորում են քաղաքական այլ հայացքներ ու կարծիք ունեցող մարդկանց, իսկ ազատ խոսքի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն անգամ ձևական հայտարարություն չեն տարածում: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հասարակական հիմունքներով ակտիվիստները, պարզվում է, իշխող քաղաքական թիմերի շահերի պաշտպանությամբ են զբաղվում: ԱԱԾ-ն գիշերով մտնում է լրատվական կայքի խմբագրություն, տնտղում, զննում, քննում, վերցնում համակարգիչները, կրիչները, տեխնիկան ու դրանք տանում, իսկ մամուլի ազատության խնդիրներով զբաղվող ՀԿ-ները լռում են, կամ էլ ասում, թե ԱԱԾ-ի գործողություններն արդարացված էին: Գործող Ընտրական օրենսգիրքը փոփոխելու ժամանակ՝ դեռևս 2017-ին, քաղհասարակությունը ներկայացնող իրավաբանները մտահոգություն էին հայտնում, թե ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, բայց այժմ այդ նույն դրույթի ամրագրումն ու կիրարկումն անհրաժեշտություն են համարում:


Եվրոպական տարբեր կառույցներից դրամաշնորհ ստացող կազմակերպությունները հասկանալի չէ, թե ինչու են այս գործելաոճն ընտրել ու չտեսնելու տալիս ակներևը: Եթե նրանց գործունեության նպատակը Հայաստանում առկա ամենատարբեր խնդիրների մասին բարձրաձայնելն է, եվրոպական փորձն այստեղ կիրառելը՝ սեմինարների ու քննարկումների միջոցով, մարդու իրավունքների պաշտպանությունն է, ապա անչափ հետաքրքիր է, թե ինչ հաշվետվություն են նրանք ներկայացրել վերջին 5 ամիսների համար: Դրան էլ հավելած, որ քաղհասարակության ներկայացուցիչների գերակշռող մասն էլ նոր կառավարության անդամ է դարձել:
Ստեղծված իրավիճակը ենթադրել է տալիս, որ մեր երկրի քաղհասարակությունը խոր ճգնաժամի մեջ է, քանի որ հասարակություններն, առհասարակ, կառուցվում են սկզբունքների վրա: Նախորդ իշխանությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների առաջամարտիկներն իրենց շնորհանդեսների կամ հրապարակային ելույթների ժամանակ ջանք ու եռանդ չէին խնայում ցույց տալու համար, թե ձևավորվել են սկզբունքների ու անաչառության վրա հիմնված հասարակական ինստիտուտներ: Բայց յուրաքանչյուր կառույցի կայացվածության աստիճանը չափվում ու որոշվում է արտակարգ իրավիճակների ժամանակ, ու տեսանք, որ հայաստանյան քաղհասարակությունը ստուգարքը չկարողացավ հանձնել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ