Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատմության ավարտը, որ սկիզբ է

Պատմության ավարտը, որ սկիզբ է
20.10.2018 | 13:45

Բնավ չեմ հավակնում Ֆրենսիս Ֆուկույամայի դափնիներին, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ազդարարում էր պատմության ավարտը, իսկ մեկ տասնամյակ հետո ընդունեց, որ այդ ավարտը ընդամենը նոր սկիզբ էր` ինքը շտապել էր ու սխալվել: Իրադաձությունները Հայաստանում վկայում են, որ Ֆուկույաման երկու դեպքում էլ ճիշտ էր` և սխալվելիս, և սխալն ընդունելիս: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ.

«Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի առաջին փոխվարչապետի միջև 116-րդ նստաշրջանում կայացած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները: Ճանաչում է Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում:
Ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ Ընտրական օրենսգիրքը վերանայելիս միջազգային ստանդարտներին հետևելու հանձնառությունը:
Նկատում է, որ առաջարկված փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և դրական են թվում:
Մասնավորապես ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են ընտրելու իրավունքը դյուրացնելու, մամուլի հասանելիությունն ընդլայնելու, ընտրական գործընթացի առավել թափանցիկությունն ու դիտորդների իրավունքներն ապահովելու և ընտրական կեղծիքի դեմ պայքարելու համար:


Ողջունում է ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի և Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկությունների:
Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների կիրառումը, որը ենթադրում է.
-ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման նվազեցում, ընտրական գրավի գումարի նվազեցում,
- դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետների նվազեցում, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացում,
- զինված ուժերում ազատ քվեարկության ապահովման երաշխիքներ։
Հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ կապված ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների հետ, ինչպիսիք են տարածքային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։
Նշում է, որ այս վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։


Սա` դե ֆակտո: Փաստացի` Վենետիկ հանձնաժողովն ընդունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները` դնելով իր ավանդական պայմանը` «եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»: Նախորդ գումարման խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի համար ևս այս պայմանը կար: Ու` կատարվեց: Եվ այնուամենայնիվ, եթե այդ պայմանն էլ չկատարվի` Վենետիկը տվել է իր սկզբունքային համաձայնությունը, որովհետև հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները: Ճանաչում է Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում, մնացածը` ըստ տեքստի: Ի՞նչ է կատարվում Հայաստանում:

Հոկտեմբերի 22-ին հրավիրված է արտահերթ նիստ` օրակարգում ունենալով Ընտրական օրենսգրքի ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը և արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն մտադիր է նիստը ձախողել` քվորումի բացակայության պատճառով: Այսինքն` սաբոտաժ անել: Որքանո՞վ են լուրերն իրական, կպարզվի միայն նիստը սկսվելուց հետո: Զուգահեռ ՀՀԿ-ից ավելի ու ավելի հաստատուն ձայներ են լսվում` ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Եվ` ոչ թե 2-3-5 տոկոս հավաքելու, այլ` ծանրակշիռ ներկայության ու իշխանության «ախորժակը փակելու» համար: Ռեա՞լ են այդ ցանկությունները մի կուսակցության համար, որի նախագահը ապրիլին ասաց. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ու հանձնեց իշխանությունը, կպարզվի դեկտեմբերին: Ինչու՞ է ՀՀԿ-ն, որ համաձայնություն է տվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրել, ընդդիմանում Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, որը նաև իր համար է, 2-ից բարձր տոկոս ձայներ հավաքելու դեպքում, բացում խորհրդարանի դուռը: Ռեյտինգայինի վերացու՞մն է պատճառը, թե՞ կան խորքային խնդիրներ: Համենայն դեպս` ՀՀԿ-ում ոչ բոլորն են համարում ճիշտ Աժ արտահերթ ընտրություններին մասնակցելը` համարելով, որ հայտնվելու են մյուս ուժերի թիրախում ու դա վարկանիշի նոր անկում է բերելու: Եվ միայն եկող շաբաթ է ՀՀԿ-ն խոստանում իր մասնակցության հարցը փակել` կամ այո, կամ` ոչ: Ըստ ամենայնի` այո «այո»-ն կամ «ոչ»-ը կախված են լինելու նաև Ընտրական օրենսգրքի ընդունումից, որը տարբեր պատճառներով ձեռնտու չէ նաև ԲՀԿ-ին: Չնայած ԲՀԿ նախագահի ու շարքայինների ՀՀԿ-ամերժ տարատեսակ հայտարարություններին, այս հարցում նրանք նորից կարող են դաշնակցել: Դաշինք, որ սակավ հավանական դարձրեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությունը` թողնելով մեկ վերապահում` քաղաքական ուժերի կոնսենսուսը: Հիմա նորից այդ կոնսենսուսը դառնալու է առևտրի թեմա: Բայց ի՞նչ առևտրի: Արտահերթ ընտրություններով ձևավորվելիք խորհրդարանի կազմը նախապես Բաղրամյան 26-ում կամ Մելիք Ադամյանում չի ձևավորվելու` ինչպես եղել է նախկինում, քվոտաներ, այս ու այն ուժերի մանդատների բաշխվածության պայմանավորվածություններ չկան ու չեն կարող լինել: Ուրեմն` ո՞րն է ՀՀԿ-ի դիմադրության պատճառը` ևս մեկ անգամ խորհրդարանի ամբիոնից քննադատել իշխանությա՞նը: Բայց դա բումերանգ է, որ շատ արագ վերադառնալու է նետողին` արդեն դեկտեմբերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կառավարությանն առընթեր ԸՕ մշակումները պատրաստած հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ու ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նիստին, նշել էր, որ շուտով լավ լուրեր կլինեն Վենետիկի հանձնաժողովից: Կարճ ժամանակից` Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել էր. «Երբեք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։
Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ»: Ինչու՞ էր Արփինե Հովհաննիսյանը համոզված, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն չի լինելու: Որովհետև նախապատրաստական աշխատա՞նք էր կատարված: Երկրի դե՞մ: ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ասել էր. «Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունը և երեք անդամ պետությունները»: Մինչև Սվիտալսկու հայտարարությունը` հանդիպում է եղել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, որից հետո է հնչել ԵՄ դեսպանի գործող իշխանություններին սատարելու հայտարարությունը` հակառակ ԱԺ փոխնախագահի: Կան նաև այլ մանրամասներ ու իրադարձություններ, որոնք, սակայն, չեն փոխում պատկերը: ՀՀԿ-ն մտադիր է կրակել մինչև վերջին փամփու՞շտը: Նույնիսկ դատարկ պարկուճներո՞վ: Որ ի՞նչ:

Դիտվել է՝ 3704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ