Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ընտանիքի գլխավորը մի երեխուն լավ կպահի՞, թե՞ 9-ին. տենց էլ խոշորացումը»

«Ընտանիքի գլխավորը մի երեխուն լավ կպահի՞, թե՞ 9-ին. տենց էլ խոշորացումը»
02.11.2018 | 01:52

Վայոց ձորի Զառիթափ համայնքային կենտրոնից Խնձորուտ 12 կմ դեպի վեր ձգվող ոլորապտույտ ու տեղ-տեղ քարքարոտ ճանապարհը տևում է 45-50 րոպե: Ավտոմեքենա ունեցողներն անգամ հազվադեպ են իջնում Զառիթափ կամ մարզկենտրոն, ուր մնաց չունեցողները: Վերջիններս ամիսներով գյուղից դուրս չեն գալիս: Խնձորուտի սահմանները Նախիջևանի հետ ձգվում են 42 կմ երկարությամբ, իսկ ուղիղ գծով հեռու են մոտավորապես 1,5 կմ: Գյուղն ունի 516 բնակիչ: Երիտասարդները շատ են, նրանցից 50-ը հայոց բանակում պայմանագրային զինծառայությունը գերադասել են «ռուսաստաններից»:


Միջհամայնքային ճանապարհներն ասֆալտապատման կարիք ունեն, գյուղամիջյանը՝ առավել ևս: Խնձորուտ բնակավայրի վարչական ղեկավար ՀՈՒՆԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ զրույցից պարզվեց, որ գյուղը հիմնվել է 1828-ին՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ նահանգներից վերաբնակեցված հայերով: Բնակավայրը կոչվել է Ալմալու և եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ 1946-ին անվանվել է Խնձորուտ։ Գյուղը նախկինում գտնվել է ներկայիս բնակավայրից շատ ավելի վերև ու հեռու, սակայն ջուր չունենալու պատճառով տեղափոխվել է ներկայիս տարածք:


Հունան Օհանյանի մտահոգությունը գյուղից շարունակվող արտագաղթն է. «Եթե գործատեղ չլինի, ժողովուրդը դուրս կգնա, նոր իշխանությունների օրոք հույս ունենք, որ էս հարցին ուշադրություն կդարձվի, հենց միայն վատ ճանապարհների պատճառով շատերն ուզում են լքել գյուղը»: Միայն այգիները մշակելով, անասնապահությամբ ու մեղվապահությամբ զբաղվելը քիչ է, հատկապես եղանակային անակնկալների դեպքում: 540 հա վարելահողից 80 հա սեփականաշնորհված է, իսկ 180 հա գտնվում է սահմանի մոտ և չի մշակվում: Մշակովի հողերի զգալի մասը խնձորի և ընկուզենու այգիներ են, տարվա ցրտահարությունն ազդել էր բերքատվության վրա: Անցած տարիների համեմատությամբ բերքն այս տարի ավելի քիչ է:
Խնձորուտի խմելու ջրի շուրջ 2800 մ ջրագիծը նոր է կառուցվել, իսկ ներքին ցանցը քայքայված է: Ոռոգման ջուր չունեն, խմելու ջրով ոռոգվում են նաև տնամերձ հողամասերը, սեփականաշնորհված այգիների որոշակի մասը չոռոգվելու պատճառով չորացել է:


-Հիմնականում մեզ մոտ պոպոքն ա շատ, գալիս են գյուղից տանում, մեր հիմնական գնորդներն ունենք: Մեզանից 500 դրամով վերցնում, տանում են քաղաքում 1000-1500-ով ծախում: Դա իրանց գործն ա, գոհ եմ, որ էլի մի բան վաճառում եմ, չնայած էլի տուժում եմ: Մեր գյուղապետը մեզ ինչո՞վ կարա օգնի, ոչնչով, ջրի նասոսը փչացել ա, սարքող չկա: Հարցնում ես՝ խոշորացումն ի՞նչ օգուտ տվեց. ի՞նչ պիտի տա: Ընտանիքի գլխավորը մի երեխուն լավ կպահի՞, թե՞ 9-ին, տենց էլ խոշորացումը, գյուղին մի գյուղապետ ա պետք, որ լավ պահի: Ապրում ենք, էլի,- ասում է խնձորուտցի զրուցակիցս և հավելում,- այ, որ մեկ-մեկ գյուղի մեջ հավաքված խոսում ենք, մարդիկ ասում են՝ ընչի՞ թուրքերը մի քիչ շատ չեն կրակում, թող մի քիչ շատ կրակեն, որ մեր պետությունն իմանա էստեղ էլ գյուղ կա, որ մեր գյուղին ուշադրություն դարձնի»:
Խնձորուտը Զառիթափ համայնքի կազմում ներառված Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Նոր Ազնաբերդ համայնքներից մեկն է: Խնձորուտի պայմաններից դժգոհող բնակիչների համեմատ բնակավայրի վարչական ղեկավարն ավելի լավատես է, գյուղը 97 աշակերտով դպրոց ունի, ճիշտ է, մանկապարտեզ չունի, սակայն ունի նախակրթարան, բանիմաց բուժքրոջով բուժկետ, ձմռանը համայնքի ղեկավարի ուղարկած տեխնիկայով ճանապարհները մաքրվում են առատ ձյունից:
Անբարեկարգ ճանապարհների պատճառով մայրուղուց զգալի հեռավորության վրա գտնվող Խնձորուտ համայնքը բիզնես ծրագրերի համար նպատակահարմար չէ, թեև նախկին կառավարության օրոք սահմանամերձ գյուղերն ազատվել են հարկային պարտավորություններից:


«Շատերն են փորձել բիզնեսով զբաղվել, բայց ճանապարհի պատճառով հրաժարվել են: Մենք մի ծրագիր ենք ներկայացրել, գյուղից վերև այգի ունենք, չորացած է, հիմա ուզում ենք էդ տարածքում ոռոգման ջրի հարցը լուծել, քանի որ բոլորն էլ էդտեղ հող ունեն, թող գյուղացին պոպոք ու խնձորի ծառեր տնկի և մշակի: Արտոնությունների մասով ասեմ՝ մեր ուսանողներին նորից այս տարի 50 տոկոս զեղչ եղավ, հողի հարկից ազատված են, ոռոգման ջրի վարձը 50 տոկոս զեղչով է, ոռոգման ջուր ու գազ չունենք: Էս օրերին Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի ջանքերով Կապտաժենի ջրագիծն ա վերանորոգվում, մի աղբյուր ունենք, դա է նորոգվում: Մեր գյուղում խաղահրապարակ չկար, դա էլ կառուցվեց, տրանսպորտ չունենք, բայց համայնքում կա ընդհանուր տրանսպորտ, մանկահասակ երեխաներին տանում է Զառիթափի մանկապարտեզ: Գյուղի կարևոր խնդիրներից մեկը հասարակական տրանսպորտի բացակայությունն է, պատճառը հեռավորությունն է, մինչ օրս ոչինչ չեն արել: Մարդիկ դժվարությամբ են գնում այլ գյուղեր: Գործեր արվում են, էնպես չի, որ ձեռքներս ծալած նստած ենք: Համայնքների խոշորացման մասին չեմ ասի, թե վատ է, դրականն էլ կա: Հետո մի բան էլ ասեմ՝ համայնքի ղեկավարից շատ բան է կախված, եթե նա ուզենա՝ կաջակցի գյուղացուն, չի ուզենա, ոչինչ էլ չի անի: Ի՞նչ ասեմ, ասացի ինչ որ կար, մնացածը թող բնակիչները պատմեն»,- ասում է Հունան Օհանյանը:


Բնակչին լսելու ցանկությամբ թակեցի առաջին պատահած տան դուռը: Բակում 85-ամյա Կիմա տատը կեղևից մաքրում և տեսակավորում էր գետնին լցված ընկույզի կույտը որդու՝ 38-ամյա Վասիլի հետ: Վասիլը մասնագիտություն չունի, աշխատանք՝ նույնպես, սակայն արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն էլ չունի: Տան գործը շատ է, հողի վրա աշխատելուց ու անասուններին խնամելուց աչք չի բացում: Նրա խոսքով՝ այս տարի ընկույզի բերքից դժգոհ են. «Ծառերը չորացան, եղածի մեջ էլ որակ չկա: Ամեն տարի 20 պոպոքի ծառից 20-30 մեշոկ պոպոք էի հավաքում, էս տարի 5-6 մեշոկի հույս էլ չունեմ: Այ, որ աշխատատեղ լինի, երևի էսքան չտանջվենք, էլ ով կմտածի գյուղից գնալու մասին»:
Կիմա տատը նույնպես միացավ մեր զրույցին: Դժվարություններով լի կյանքը տարեց կնոջը չի կոտրել: Արցախյան պատերազմի տարիներին երեխաներին ուղարկել է հեռու, ապահով տեղ, ինքը չի հեռացել, պահել ու հսկել է տունը: Տուն-տեղ է դրել, օրնիբուն աշխատել է, հիմա էլ դադար չունի: «Տանն ամեն ինչ անում եմ, էս տարիքում էլ գործ եմ անում, գործ չանեմ, կչոնթանամ: Ջահելներից շնորհակալ եմ, հարգում, պատվում են, գիտեմ, կան ջահելներ, որ ծնողներին թողել-գնացել են, դա անելու բան չի, ծնողը զավակին ոտքի ա հանում, բայց օր ծերության մնում ա չորս պատի մեջ մենակ: Իսկ գյուղերում էնքա՜ն կան մենակ մնացած ծնողներ»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Կիմա տատը
  • Հունան Օհանյան
  • Վասիլ
Դիտվել է՝ 5014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ