Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երեսուն արծաթը այն գինն է, որ աշխարհը սահմանել է քո հոգին իրեն տալու դիմաց

Երեսուն արծաթը այն գինն է, որ աշխարհը սահմանել է քո հոգին իրեն տալու դիմաց
30.11.2018 | 00:02

«Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Ղուկ. 22; 48)։
Քրիստոսի Խոսքի արձագանքը ղողանջում է նաև մեր ժամանակներում:
Ոմանք զգում են իրենց արած չարագործությունը, զղջում, ապաշխարում, իսկ ոմանք էլ, իրենց նմանին «վնասելով», ցնծում են իրենց ապիկար գործի հաջողությամբ և կորչում անապաշխար, թեպետ վերջիններիս պահվածքը անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է մարդ, առավել ևս իրեն «Քրիստոսի զինվոր» համարողը, չարությամբ մատնել, նենգությամբ դավ նյութել իր նմանի դեմ ու հետո հանգիստ քնել, առանց խղճի խայթ զգալու. այստեղ տեղին է հիշել Պողոս առաքյալի խոսքը. «Նրանց խղճմտանքը դաղված է»: Մարդու չարությունը սահման չունի:


Հուդայի մատնությունը կոչ է` ուղղված այս կարգի մարդկանց, որպեսզի սթափվեն ու գնան ոչ թե իրենց փչացած ու նենգ ցանկությունների հետևից, այլ հետևեն Աստծուն: Կան ցանկություններ, որոնք Տիրոջից չեն, և Աստվածաշունչը դրանք կոչում է ամբարիշտ ցանկություններ:
Հուդան, որը մատնել էր Նրան, տեսնելով, որ Նա դատապարտվեց, խղճի խայթ զգաց և երեսուն կտոր արծաթը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին` ասելով. «Ես մեղք գործեցի, արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27; 3- 4):
Պողոս առաքյալը մեզ հորդորում է հեռու մնալ նախանձ, կռիվ, հայհոյություններ, չար կասկածներ, խարդախություններ ծնող մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանցից, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը, և հավելում. «Իրոք, աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա Տիմ. 6;5-10)։


Ինչու Հուդան մատնեց համբույրով. գուցե նա այնքան էլ վստահ չէր Հիսուսի մեղավորության մեջ և նրա արդարանալու դեպքում չէր ուզում սևերես մնալ, կորցնել նրա աչքերին նայելու հնարավորությունը, բայց սրտագետ Աստված հարցրեց` համբույրո՞վ ես մատնում: Եվ երբ նա հասկացավ, որ իր դավադիր համախոհները Հիսուսին արդարացնելու մտադրություն չունեն, զղջաց, սակայն, իր արածը չկարողանալով ինքն իրեն ներել, ինքնասպան եղավ: Մատնությունն ընդհանրապես ստոր արարք է, մատնիչները` ստորագույն արարածներ, որոնք երբեք ներման չեն արժանանում, նրանք իրենք իրենց են դատապարտում, որովհետև ընկնում են այնքան ցած, որ այլևս անհնար է բարձրանալ. պարզապես նրանց ոչ ոք ձեռք չի մեկնում, նրանք մնում են միայնակ, որովհետև չեն սիրում, չեն ողորմում, չեն կարեկցում, այլ միայն քծնում են, շողոքորթում, հաճոյանում` իրենց շահը հետապնդելով, բայց վերջում գտնում են միայն կորուստ ու կործանում: ՈՒրացողը միայն իրեն է վնասում, իսկ մատնիչը` նաև իր զոհին: Ցավալին, սակայն, այն է, որ մատնիչը միշտ մեկն է, ով կողքիդ է ու բարեկամ է համարվում:


Երեսուն արծաթը ինչի՞ գինն էր։ Ըստ քահանայապետերի` Հիսուսի Արյան գինն էր, Հուդան էլ համամիտ էր, քանի որ առանց սակարկելու համաձայնեց նրանց առաջարկած գումարին, բայց մենք գիտենք, որ մեր Տիրոջ Արյունը անգին է: Նա այդքան գնահատեց ոչ միայն իր` քահանայապետերին արված «ծառայությունը», այլև այն նոր ու հրաշալի կյանքի հնարավորությունը, որ տվել էր նրան Հիսուս: Երեսուն արծաթը այն գինն է, որով մեղավոր մարդը գնահատում է Աստծո` իր համար արված զոհողությունը: Երեսուն արծաթը այն գինն է, որ աշխարհը սահմանել է քո հոգին իրեն տալու դիմաց, և եթե դու ագահ ես, չես հրաժարվի ավելորդ 30 արծաթից: Հուդայի ագահությունից կուրացած կերպարը բացահայտում է Հովհաննես առաքյալը (Հովհ. 12;4-6):


«Ով ունի, նրան կտրվի և կավելացվի, ով չունի, նրանից կվերցվի ունեցածն էլ» (Ղուկ. 19.26). ունի նա, ով գոհանում է իր ունեցածով, իսկ չբավականացողը ամբողջ տիեզերքով էլ չի գոհանա: Քահանայապետերին պետք էր ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել, և ցանկալի էր, որ այդ ձեռքը երբևէ բռնած լինի Հիսուսինը, այսինքն պետք էր Նրան մոտ կանգնած մեկը: Մի բան հստակ է. մատնության, դավադրության, դավաճանության և կ ուրացության հիմքում շահն է, ավելի ճիշտ` շատ կոնկրետ փողը, դրամը, մամոնան, բարեկեցիկ կյանքի սովորական ու մարդկային թվացող ձգտումը, որը մոռացության է մատնում այն փաստը, որ տիեզերքի թագավորը ծնվեց ախոռում և տաքացավ անբան անասունների շնչով, որովհետև բարեկեցիկ պայմաններով ապահովված բանական մարդիկ չցանկացան Նրա հետ կիսել իրենց տան ջերմությունը:
Մեզանից յուրաքանչյուրի մեջ ծպտված հուդա կա, մենք ոչնչով նրանից լավը չենք, բայց դեռ կարող ենք նայել Հիսուսի աչքերին. չկորցնենք դեռևս մերը հանդիսացող այդ հնարավորությունը:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ