Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լռության օր, որ պայմանական է ինչպես աշխարհում ամեն ինչ

Լռության օր, որ պայմանական է ինչպես աշխարհում ամեն ինչ
08.12.2018 | 12:50

Վաղը Աժ արտահերթ ընտրություններ են, այսօր հայտարարված է լռության օր: Դա օրենսդրական պահանջ է, որ փաստացի այլևս պիտի հանվի: Պիտի հանվի այն պահից, երբ լրատվական դաշտում հայտնվեցին սոցիալական ցանցերը, որ ոչ մի օրենքով չեն կարգավորվում, ուստի որևէ արգելք չկա հենց այսօր սոցիալական ցանցերում քարոզչություն անելու: Այսինքն` թերթերն ու հեռուստաընկերությունները հայտնվում են անհավասար պայմաններում` նրանք լռում են, սոցիալական ցանցերը` աղմկում և որևէ օրենք նրանց չի արգելում նախընտրական քարոզչությունը շարունակել: Ոմանք կհամարեն, որ դա անարդար է, ոմանք կասեն, որ ժամանակները փոխվում են ու արգելքները դառնում են անիմաստ: Իսկապես` ինչ-որ անբովանդակ ձևականություն կա այդ օրվա քարոզչության արգելքի մեջ: Միևնույն է` մարդուն չես արգելի մտածել, իսկ մտածելն այս պարագայում դառնում է քարոզչության շարունակություն:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», ՀՅԴ, ՀՀԿ, «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, ՕԵԿ կուսակցությունները: 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող: Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ:


Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ ՄԽՎ-ն, ԵԱՀԿ ԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, SILBA-ն (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) և ENEMO-ն (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։ Կուսակցությունների անցողիկ շեմը 5 տոկոսն է, դաշինքներինը` 7։
Բոլորն ասում էին, որ այս ընտրությունները առանձնանում են ամեն ինչով, բայց ընդունեք, որ բոլոր տարբերություններով հանդերձ` նորից կա բացարձակ ֆավորիտ ու այդ բացարձակ ֆավորիտը իշխանական կուսակցությունն է: Ու այնպես չէ, որ «Իմ քայլը» դաշինքը վարչական ռեսուրսներ չօգտագործեց կամ զերծ մնաց պոպուլիզմից ու հակաքարոզչությունից: Հայաստանում ընդունված տեսակետ է, որ հարցեր լուծողն իշխանությունն է, ընդդիմությունը արանքներում խանգարող ու քննադատող անհասկանալի գործոն է, ուստի միջին վիճակագրական հայը, որքան էլ դժգոհ լինի իշխանությունից, իր կյանքի փոփոխության լծակները միայն իշխանության ձեռքին է տեսնում ու նրան է ձայն տալիս: Սա իրավագիտակցության բացահայտ թուլություն է, սխալ, որ արմատավորվել է տասնամյակներով ու կես տարում հաստատ չէր հասցնի փոխվել: Ընդդիմության դերի ու ազդեցության ընկալումների փոփոխություն բերեց «Ելք» դաշինքը 2017-ի ընտրություններում ու պատահական չէ, որ «Ելքի» կուսակցություններն են այսօր տոն տվողը ընտրություններում: Բայց «Ելքը» անդառնալիորեն մասնատվեց ու երեք կուսակցություններից ամեն մեկը գնաց իր նախնական ճանապարհով` հակառակ մեկ կուսակցություն դառնալու հեռանկարի, որ ամրագրված էր «Ելքի» հուշագրով: Ու դա լավ է: Փաստացի` ՔՊ-ն ու ԼՀԿ-ն մնացին Արևելքում, «Հանրապետությունը» պաշտպանեց Արևմուտքի հետ ինտեգրման գաղափարը: Բոլորն ունեն իրենց հիմնավորումները: 12 օր այդ հիմնավորումները ներկայացվեցին ընտրողին` առավել կամ պակաս համոզիչ` ինչպես ստացվեց, բայց ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունների, զարգացման վեկտորների տարբերությունը մնաց հիմնականը:

Ընտրությունների երկրորդ բլոկում էին հին կուսակցությունները` ԲՀԿ-ն ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ: Տարբեր տարիների կոալիցիոն նախկին գործընկերները այսօր հայտնվել են տարբեր դիրքերում, չորսն էլ իրենց համարում են ընդդիմություն: Բացի` թերևս ԲՀԿ-ից, որ այդպես էլ մնում է ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր: Այդ քառյակի հնարավորություններն էլ անհավասար են` ԲՀԿ-ի հասարակական ընկալումը մնում է բարեգործությունը, որի հաշվին էլ կուսակցությունը նպատակ ունի երկրորդ քաղաքական ուժը լինելու դափնին պահպանել: ՀՀԿ-ն նույնպես հայտարարում է, որ երկրորդն է լինելու` հավասարակաշռելու ՔՊ-ի «անհավասարակշիռ» քաղաքականությունը: ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը նույնպես դեմ չէին լինի երկրորդը լինելուն, բայց չի բացառվում, որ երեքն էլ չլինեն ԱԺ-ում:


Ընտրությունների երրորդ բլոկում «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություններն են: Նրանց մեջ առաջատարը ՍԾ է, որ ընտրություններից առաջ ձևավորվելով` հասցրեց ավելին, քան նույնպես ընտրություններից առաջ ձևավորված մյուս երկուսը: Այս բլոկում լուծվում էր գաղափարների հանրայնացման ու ճանաչելիության խնդիրը: Միայն ՍԾ-ն էր հայտարարում երկրորդ բևեռ դառնալու մասին: Թեպետ համարվում է, որ ընտրություններում մեծ թվով կուսակցություններն ապահովում են մասնակցային ժողովորդավարությունը, իրականում աուտսայդերները փոշիացնում են ֆավորիտների ձայները: Երրորդ բլոկի կուսակցությունները, թերևս, հենց այդ դերն են ունենալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վաղը ժամը 8-ից 2 574 916 ընտրողները 13 ընտրատարածքներում գրելու են 7-րդ գումարման Աժի կազմավորման բանաձևը 3+N կամ 11-N սկզբունքով: Գործող Ընտրական օրենսգրքով` ԱԺ-ում լինելու են նվազագույնը 3 ուժեր` ո՞ր ուժերն ու քանի՞ մանդատով, պարզ կդառնա դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: 10-ին արդեն հայտնի կլինի 11-ից քանի՞սն են մերժվել ու քանի՞սն են հավանություն ստացել` տոկոս-մանդատ հարաբերակցությամբ: Թեպետ ընտրարշավում կային կանխատեսումներ, որ արտահերթ ընտրություններով ձևավորված 7-րդ գումարման ԱԺ-ն նույնպես 5 տարի չի գործի ու 1-2 տարուց նոր արտահերթ ընտրությունների խնդրի առաջ կկանգնի, տուրք չտանք ֆորս մաժորների ու քաղաքական դավադրությունների տեսությանը` բարի երթ 7-րդին:

Դիտվել է՝ 3313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ