Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տուրիստները զարմանում են, երբ իմանում են, որ էս չքնաղ տեղից հեռացող էլ կա»

«Տուրիստները զարմանում են, երբ իմանում են, որ էս չքնաղ տեղից հեռացող էլ կա»
11.12.2018 | 01:40

Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին փռված Նորատուս գյուղը հայտնի է որպես մարզի հնագույն բնակավայր, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, խաչքարային արվեստի յուրահատուկ բացօթյա թանգարան, վայր, որը խորհրդավոր տպավորություն է ստեղծում Հայաստանի մասին: Ավանդության համաձայն` Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, երբ թշնամու զորքը մոտենում է բնակավայրին, Վարազնունի իշխանը որոշում է խաչքարերը ծածկել թիկնոցներով, որոնք զորքի տպավորություն են թողնում: Լենկթեմուրի զորավարները, կարծելով, թե իրենց առջև հզոր բանակ է կանգնած, նահանջում են, սակայն լուսադեմին հասկանում են հայերի խորամանկությունը, վերադառնում ու գրավում են բնակավայրը՝ վերցնելով մեծաթիվ գերիներ:


Նորատուսի գերեզմանոցում մի փոքրիկ մատուռ կա, որի մասին նույնպես ավանդապատում է պահպանվել: Ասում են՝ հայ իշխանները խնդրել են Լենկթեմուրին ազատ արձակել այնքան գերի, որքան կտեղավորվի մատուռում: Մտածելով, որ մատուռում երկու տասնյակից ավելի մարդ չի տեղավորվի, վերջինս համաձայնում է: Գերիները շարքով մտնում են մատուռ, սակայն այն չի լցվում: Թշնամու զորավարները մտնում են մատուռ և տեսնում ծնկաչոք աղոթող վանականների, իսկ ներս մտնող գերիները, դառնալով թիթեռներ, թռչում են պատուհանից դուրս ու, գետնին իջնելով, դարձյալ վերածվում մարդկանց:


Գյուղի կենտրոնում գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դ. վերջին։ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար 9-10-րդ դդ., եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (9-10-րդ դդ., ճարտարապետ` Խաչատուր)։
Նորատուսի խաչքարերի գերեզմանատանը պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Գերակշռում են 13-14-րդ դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված է` կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսի գերեզմանոցում բազմաթիվ են նաև տարբեր ձևի ու չափի տապանաքարեր՝ հարթ, ուղղանկյունաձև, օրորոցաձև և այլն: Հարթ տապանաքարերի (սալատապան) վրա հիմնականում մարդկանց գծապատկերներ են: Մյուս շիրմաքարերը հարդարված են խաչերով, բուսազարդերով, կենցաղային տարբեր տեսարաններով (որսի, խնջույքի, աշխատանքի և այլն):


Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարագործ վարպետներ, կազմողներ՝ Քիրամ, Մելիքսեթ, Խաչատուր, Անանես, Ակոբ, Ներսես, Հովհաննես և այլք:
Նորատուսի մոտ, Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից պեղվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։
Միջնադարում Նորատուսը համարել են գյուղաքաղաք, որն առավելապես հայտնի է 9-17-րդ դարերին թվագրվող ավելի քան 800 գեղաքանդակ խաչքարերով ու տապանաքարերով:
Նորատուսի գերեզմանատունն իր մեծությանբ երկրորդն է Ջուղայի պատմական գերեզմանատնից հետո, 2500 հատ խաչքար, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Խաչքար կանգնեցնելու սովորույթը հնագույն ժամանակներից է գալիս, այն հանդիսացել է ոչ միայն տապանաքար, այլև նվիրված է եղել որևէ նշանավոր իրադարձության: Ջուղայի գերեզմանոցը վանդալիզմի ճարակ դարձավ 1998-2005 թվականներին՝ Ադրբեջանի կողմից: 2007 թ. ազերիների նկարահանած տեսաերիզում երևում է, թե ինչպես են վայրագորեն ավերվում հայկական խաչքարերը: Սակայն որոշ ժամանակ անց հայ անվանի նկարիչ-խաչքարագործները նկարներով և հիշողությամբ վերականգնեցին Ջուղայի խաչքարերից շուրջ 500-ը, որոնք այսօր տեղադրված են Խոր վիրապի, Գառնիի ճանապարհներին, երկու ամենամեծ մարմարյա խաչքարեր տեղակայված են Էջմիածնի Մայր տաճարի բակում:
Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում:


Նորատուսի գերեզմանոցում հայկական մշակութային ժառանգության կարևոր մաս կազմող խաչքարային արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ պատկերացում են տալիս այդ արվեստի զարգացման փուլերի մասին, յուրաքանչյուր խաչքար մյուսից տարբերվում է մշակման տեխնիկայով, զարդաձևերի ու հորինվածքային առանձնահատկություններով:
Խաչքարերի և տապանաքարերի մեջ շատ են արձանագրված և թվակիր օրինակները: Դրանք հարուստ նյութ են պարունակում հայ ժողովրդի պատմության, պատմական աշխարհագրության, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, նիստուկացի, մշակույթի և այլ բնագավառների մասին:

«ԷՍ ՏԵՍԱԿ ԳՅՈՒՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԵՍ ԳՏՆԻ»


Խաչքարերի գերեզմանոցի մուտքի մոտ, մի մեծ քարի վրա համաչափ շարված ասեղնագործ գլխարկների, գուլպաների ու մանկական «փափուչների» կողքին արևին թիկնած նստել է նորատուսցի 73-ամյա Սիրանուշը, որին գյուղում Սատանի Սիրան են անվանում: Պատմում է, որ պապերը 1828-ին Նորատուս են գաղթել Արևմտյան Հայաստանի Բայազետ գավառից, տուն ու տեղ են դրել ու ապրել գերդաստանով: Սակայն սակավախոս պապը, չցանկանալով շփվել համագյուղացիների հետ, հեռացել է սարերն ու ապրել այնտեղ: Համագյուղացիներն ասել են՝ հո սատանա չե՞ս, մեն-մենակ ապրում ես սարերում: ՈՒ անունը կնքել են սատանա:
Տիկին Սիրանուշը նախքան ամուսնանալը շեն տան աղջիկ է եղել: «Ընտանիքս մեծ ա եղել, գնացել եմ պատերազմի հաշմանդամի ընտանիքում հարս, կիսուրի կիսուր եմ ունեցել, 11 ծոռ ունեմ, վայ թե մի 20 էլ թոռ, հիմա տղիս հետ եմ ապրում, հարսս մահացավ, թոռներիս ես եմ պահում, երկու տղա թոռներս էս պահին ծառայում են Արցախում: Ժամանակին լավ ենք ապրել, հիմա ենք վատ ապրում: Դե, մենք էլ գյուղի տատիներով նստել գուլպա-գլխարկ ենք գործում, որ ծախենք. տուրիստներ շատ են գալիս մեր գյուղը: Էս տեսակ գյուղ աշխարհում չես գտնի»:


Գյուղում 3000 տնտեսություն կա, սակայն բնակիչներից շատերն ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստան: «Գնում վարկ ենք վերցնում, բերում վարում-ցանում ենք, կարկուտը զանում տանում ա, բան չի թողում, ըսենց զուլում կլնի՞, որ մեր գլխին գալիս ա: Ցորեն, գարի, կարտոֆիլ ենք ցանում: Գյուղի կողքերը չիչխանի թփեր ինչքան ուզես կա, բայց ո՞վ կեթա հավաքի, էդ փշերը հոգեհան են անում, ամեն մարդու բան չի, գնա հավաքի: Բայց գնացողներ կան, բերում քամում, մշակում ու շուկայում ծախում են: Առավոտից իրիկուն նստած ենք էստեղ, բալքի տուրիստները մի բան առնեն: Կյանքը քաղցր բան ա, ամա տառապանքով լի, բայց դե բողոքելով, տրտնջալով ապրում ենք, չենք ուզում հեռանալ մեր հող ու ջրից»:


Սևանա լճի ափին գտնվող Նորատուս համայնքն ունի սեփական անտառային տարածք, պատմամշակութային հարուստ ժառանգություն: Այս ամենը հնարավորություն է տալիս համայնքում կազմակերպելու պատմամշակութային, գիտական, հանգստի և արկածային տուրեր՝ միաժամանակ հնարավորություն տալով զարգացնելու տնտեսությունը, ստեղծելու հանգստավայրեր: Փոքր ներդրումներ կատարելով հնարավոր է ապահովել մեծ եկամուտ, ստեղծել նոր աշխատատեղեր, բարձրացնել համայնքի բնակիչների կենսամակարդակը: Այս և նման հարցերի շուրջ զրուցում էի խաչքարերի գերեզմանատան դիմաց գործող փոքր շուկայում զանազան իրեր վաճառող կանանց հետ, որոնք համոզված են, որ կգա այն օրը, երբ շենացող Նորատուսում փակ դռներ այլևս չեն լինի: «Գյուղն իր բնակչով է հարուստ, էս հարստությունը թողել գնացել են մի կտոր հացի հետևից, տուրիստները զարմանում են, երբ իմանում են, որ էս չքնաղ տեղից հեռացող էլ կա»,- հրաժեշտից առաջ ասաց տիկին Սիրանուշը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ