Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ապրենք եկող տարվա սպասումով

Ապրենք եկող տարվա սպասումով
14.12.2018 | 02:16

Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումներն ավարտված են, ընդ որում, առանց քիչ թե շատ լուրջ անակնկալների: Սկզբունքորեն որ թիմերը որ պիտի դուրս գային փլեյօֆյան փուլ, այդ թիմերն էլ դուրս եկան, իսկ որն էլ չկարողացավ լուծել խնդիրը, իրենից բացի ոչ մեկին չի կարող մեղադրել:

A ԽՈՒՄԲ
Հետագայի առումով ոչ Դորտմունդի «Բորուսիան», ոչ էլ առավել ևս «Աթլետիկոն» խնդիրներ չունեին լուծելու, ուստի խմբային վերջին հանդիպումներն ավելի շատ վիճակագրական բնույթի հետաքրքրությունների շարքից էին: Մոնեգասկների հետ մրցավեճում հյուրերն առանձնապես պատշաճ չվարվեցին տանտերերի հետ՝ 2:0, իսկ «Աթլետիկոն» «Բրյուգեի» հետ, դարձյալ արտագնայում, բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հավասար միավորների պայմաններում (13), խմբայինն առաջին տեղով ավարտել են դորտմունդցիները:
Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել է «Բրյուգեն»: Ինչ վերաբերում է մոնեգասկներին, նրանք ձախողեցին Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը, ինչպես որ ձախողում են ներքին առաջնության խաղերը, ու անգամ գլխավոր մարզչին փոխելը թիմի կյանքում ոչ մի լավ բանի չի հասցրել: Ահա այսպիսի անակնկալ անկում այս թիմի խաղային մակարդակում:

B ԽՈՒՄԲ
Իր համար ոչինչ, սակայն մրցակցի համար շատ բան ասող խաղում «Բարսելոնը» խաղադաշտ էր հանել ոչ մարտական կազմ ու գրեթե մոտ էր հաղթանակին, եթե չլիներ «Տոտենհեմի» վերջին րոպեների պոռթկումը, ինչը Մոուրիսիո Պոչետինոյի սաներին հնարավորություն տվեց հավասարեցնելու հանդիպման հաշիվը: Սակայն ամբողջ հարցն այն էր, որ անգլիացիները շատ բաներով կախված էին «Ինտեր»-«Էյնդհովեն» մրցակցության ելքից, որտեղ իտալացիները պիտի չհասնեին հաղթանակի: Հետաքրքիրն այն է, որ այստեղ էլ արձանագրվել է նույն ընթացքը, այստեղ էլ գրանցվել նույն 1:1 հաշիվը, ինչը սակայն եղել է ի վնաս տանտերերի: Այսպիսով այս խմբից «Բարսելոնի» հետ փլեյ օֆ դուրս եկավ «Տոտենհեմը», իսկ վերջինիս պես ութ միավոր վաստակած «Ինտերը» կփորձի ինքնադրսևորվել Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

C ԽՈՒՄԲ
Բնականաբար, առանձնակի լրջության հարց չէր «Ցրվենա զվեզդայի» հետ «Պարի Սեն Ժերմենի» մրցակցության ելքը, եթե, իհարկե, ֆրանսիացիները չդիմեին իրենց այնքան բնորոշ ֆոկուսների: Չդիմեցին, հաղթեցին 4:1 հաշվով՝ մրցաշարն ավարտելով առաջին տեղով, որը վիճակագրության տեսանկյունից սիրտ շոյող ցուցանիշ է, սակայն ոչ ավելին:
Այս խմբում շատ ավելի սկզբունքային դիմակայությունը Լիվերպուլում էր, տեղի համանուն թիմի ու «Նապոլիի» միջև, որտեղ տանտերերին միայն հաղթանակն էր ձեռք տալիս: Յուրգեն Կլոպի սաները պատվով լուծեցին խնդիրը, թեպետ այն առաջին հայացքից այնքան էլ համոզիչ հաշվով չէր: Հանդիպման ելքը որոշել է դարպասի մեն մի հատիկ գրավումը: Շնորհիվ նվաճած երեք միավորի, անգլիացիները հավասարվեցին իտալացիներին ու, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, նվաճեցին փլեյօֆյան բաղձալի ուղեգիրը:

D ԽՈՒՄԲ
«Պորտուն» Թուրքիայում էլ շանս չտվեց «Գալաթասարային»՝ հաղթելով 3:2 հաշվով, թեպետ այդ հաղթանակը ոչինչ չավելացրեց աղյուսակում նրա զբաղեցրած դիրքին, քանզի առաջինից ավելի վեր բարձրանալու տեղ չկա: Ինչ վերաբերում է Մոսկվայի «Լոկոմոտիվին», հաղթելու դեպքում ակումբը կարող էր Եվրոպայի ուղեգիր նվաճել՝ դրանից զրկելով թուրքերին, սակայն ամբողջ հանդիպման ընթացքում Սյոմինի ղեկավարած թիմը չկարողացավ քիչ թե շատ գոլանման գոնե մի պահ ստեղծել: Վերջնահաշվում եղավ այն, որ ոչնչով չմոտիվացված «Շալկեն» խաղավարտին դարձավ գոլի հեղինակ ու դրեց հանդիպման վերջաբանը:

E ԽՈՒՄԲ
Նախապես ասենք, որ «Այաքս»-«Բավարիա» մրցակցության կողմերը վաղօրոք էին լուծել փլեյ օֆ դուրս գալու հարցը, խնդիրն ընդամենը այն էր, թե որն առաջին տեղով կավարտի խմբայինը: Կողմերի այս մրցավեճն էլ խաղաղ հանգուցալուծում է ունեցել, սակայն այն տարբերությամբ, որ եթե Մյունխենում բավարարվել են մեկական գոլ փոխանակելով, այստեղ եռապատկել են այդ ցուցանիշը՝ 3:3: Նկատենք, որ հանդիպման սկզբունքայնությունը միայն հաշվով չէ, որ արտահայտվել է, կրքերը խաղադաշտում առավել քան շիկացած են եղել, ու մրցավարը ստիպված է եղել մեկական հոգու հեռացնելու խաղադաշտից: Ինչևէ, բավարացիները չեն զիջել առաջին հորիզոնականը:
Մարզական առումով զրոյական է եղել «Բենֆիկա»-ԱԵԿ դիմակայության նշանակությունը, քանզի անգամ հաղթանակը հյուրերին չէր տեղաշարժի չորրորդ հորիզոնականից: Այնուամենայնիվ, ԱԵԿ-ը կռիվ է տվել ու պարտվել՝ 0։1:

F ԽՈՒՄԲ
«Քաղաքաբնակների» հաղթանակը կամայինների շարքից է, քանզի նախահարձակ կողմն են եղել գերմանացիները, որոնք հաղթանակի դեպքում կարող էին գոնե Եվրոպայի լիգայում մրցելույթները շարունակելու հավակնություններ ունենալ, սակայն «Մանչեստր Սիթին» այդքան մեծահոգի չի եղել հյուրերի նկատմամբ, ու «Հոֆենհայմը» տուն է դարձել պարտված՝ 1։2: Չեմպիոնների լիգայում մրցելույթները շարունակելու շանսեր էր պահպանում Դոնեցկի «Շախտյորը», սակայն պայմանը «Լիոնին» հաղթելն էր: Խնդիրն ավելի քան հստակ էր, սակայն կաղացել է ուկրաինացիների կատարողականը՝ 1:1:

G ԽՈՒՄԲ
Այս խմբում թե՛ Մադրիդի «Ռեալի», թե՛ «Ռոմայի» համար պատասխան հանդիպումները զուտ արձանագրային բնույթի էին, քանզի երկուսն էլ իրենց հարցերը լուծել էին վաղօրոք ու սպասվելիք դիմակայությունները կարող էին վերածել վարժանքի։ Բնականաբար, ստեղծված վիճակից պիտի փորձեին առավելագույն հատույցով օգտվել նրանց մրցակիցները, որոնք Եվրոպայի լիգայի խաղարկությունում մրցելույթները շարունակելու հավակնություններ ունեին:
Չերկարացնենք. Մոսկվայի բանակայինները «Սանտյագո Բեռնաբեուում» «արքայականին» հաղթել են երեք անպատասխան գնդակի առավելությամբ ու դա համաշխարհային իրադարձություն են դարձնելու, քանզի իսկապես սենսացիոն արդյունք է, իսկ այդ ընթացքում Պլզենի «Վիկտորիան» իտալական «գայլերին» 2:1 հաշվով «հոշոտելը» կդիտարկի նաև եվրոպական պարահանդեսից, այնուամենայնիվ, դուրս չմնալու տեսանկյունից:

H ԽՈՒՄԲ
Վալենսիա կատարելիք այցից Ժոզե Մոուրինիոն հարկավ կուզենար վերադառնալ հաղթանակած ու ոչ միայն նրա համար, որ դա ցանկալի արդյունք կլիներ թիմի համար. չափից ավելի հպարտ ու ամբիցիոզ պորտուգալացու համար Իսպանիան առանձնահատուկ երկիր է մարզական կենսագրության մեջ ունեցած նշանակությամբ: Ինչևէ, ամբիցիաները բավարարված չեն, թիմը պարտվել է՝ 1։2, սակայն հետևանքի առումով այդ պարտությունը ոչինչ է, քանզի «Մանչեստր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խաղարկության իր մասնակցությունն ավելի վաղ էր լուծել ու այն էլ «Յուվենտուսի» հետ խաղում:
Վերջինիս համար ոչնչով չպարտավորեցնող խաղ էր դիմակայությունը շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ, ուստի եկեք լուրջ չվերաբերվենք թուրինցիների կրած պարտությանը՝ 1:2 ու միայն հավելենք, որ այդ հաղթանակը տանտերերին հնարավորություն չտվեց վեր բարձրանալու վերջին հորիզոնականից, ինչը նշանակում է, որ Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունքը մնաց իսպանացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ