Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սա է Նոր Հայաստա՞նը

Սա է Նոր Հայաստա՞նը
09.01.2019 | 12:42

Ամեն ինչ ընկնում է հին հունի մեջ` հեղափոխությունը կամացից վերածվում է աթոռակռվի` Էդմոն Մարուքյանը չգիտես ինչու` ուզում է Մանե Թանդիլյանին Աժ փոխնախագահ տեսնել, ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանն ասում է, որ ՔՊ-ն փակում է նրա ճանապարհը` վախենալով ԼՀԿ-ի հզորացումից, այսինքն` կուսակցության ուժը միայն պաշտոն ունենալու մեջ է: Այդ տրամաբանությամբ` Աժ նախագահի ընտրություններում ԼՀԿ-ն Էդմոն Մարուքյանին պարտադիր պիտի առաջադրի ԱԺ նախագահի թեկնածու` և «Ելքի» ավանդույթը կշարունակի, և ընդդիմության «դերը» կբարձրացնի, և Էդմոն Մարուքյանին հնարավորություն կտա Աժ ամբիոնից խոսել, թե ինչ հզոր կուսակցություն է ԼՀԿ-ն ու ինչու՞ է իրեն մերժում ՔՊ-ն` վախենալով մրցակցությունից: Ի՞նչ Սահմանադրություն: Էդմոն Մարուքյանը Սահմանադրությունը հիշում է` երբ իրեն է պետք և իբրև դասական իրավաբան` մոռանում է, երբ իր դեմ է: Նույն խաղերի մեջ է ԲՀԿ-ն, որ որոշել է ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրել Վահե Էնֆիաջյանին և, ըստ մամլուլի` թեկնածությունը համաձայնեցրել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի թեկնածուի հետ: Ո՞ր օրենքով է ընդդիմության թեկնածուն համաձայնեցվում իշխանության ղեկավարի հետ: Թե՞ Նիկոլ Փաշինյանը մեծահոգաբար համաձայնել է` ԱԺ փոխնախագահի պորտֆելը ԲՀԿ-ին տալ, եթե ինքը ընտրի նրան: Բացի դա` ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը և հույս ունեն ստանալ Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզպետների պաշտոնները, նախարարական պորտֆելներ: Ասում եք` ի՞նչն է փոխվել: Ահավոր մեծ փոփոխություն է եղել` անունը կոալիցիա չեն դնի, այլ` համագործակցության հուշագիր, որով իբրև թե ընդդիմադիր քաղաքական երկրորդ ուժը ԱԺ-ում մտնում է իշխանության մեջ: Դե այսքանից հետո ինչպե՞ս ամբողջ ընտրարշավում Նիկոլ Փաշինյանին փառաբանած ու «Լույսի» ձայների հաշվին ԱԺ մտած Էդմոն Մարուքյանը գիշերը քնի կամ ների, որ հին ու նոր տերերը իրեն նորից «գցում են»:


Ոչինչ չի փոխվել նաև ԱԺ աշխատակազմում` առանցքային պաշտոններում ՀՀԿ-ի նշանակածները կամավոր պարտադիր հեռանում են` Աժ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան, տեղակալներ Արսեն Բաբայան և Ռուբեն Գրիգորյան, բայց կան մարդիկ, որ … հին ու նոր իշխանության հետ կապերի հաշվին ուզում են աթոռը պահել: Օրինակ` աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: Նա արդեն ջերմ կապեր է հաստատել Ալեն Սիմոնյանի հետ: Ավելին` հուզիչ հիմավորում էլ է գտել. «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ և շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»: Այսինքն` նախկին ՕԵԿ-ականի սուրբ պարտականությունն է աթոռին կառչելը: Իսկապես` ի՞նչ է փոխվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հեղափոխության առաջին օրից տասնյակ հրապարակումներ են եղել, որ նոր իշխանությունը պարտավոր է գույքագրել տնտեսությունը` պարզելու ունեցած-չունեցածը, հնարավորությունները ու զարգացման հեռանկարները: 8 ամիս հետո նոր իշխանությունը վերջապես հասկացավ այդ հրապարակումների իմաստը ու սկսեց ցուցակագրել… հավերին, խոզերին, կովերին ու բադերին: Դա ուղիղ հետևանքն է գյուղատնտեսության նախարարությունը տնտեսական զարգացման նախարարությանը միացնելու: Հետայսու հավերը, խոզերը, կովերն ու բադերն են արտադրության պատասխանատուն: Որոշ ժամանակից կպարզվի, որ տնտեսական թռիչք է գրանցվել, որովհետև գյուղացիները, ըստ սովորության, թաքցնում են իրական ունեցվածքը՝ շառից-փորձանքից հեռու, իսկ հավերի, խոզերի, կովերի ու բադերի թվի բնական ավելացումը կմեծացնի տնտեսական զարգացումը: Բայց ոչ միայն հացիվ` Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ, լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»։ Հա՞ որ:

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ