Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2019-ը` հետհեղափոխական սինդրոմի տարի

2019-ը` հետհեղափոխական սինդրոմի տարի
11.01.2019 | 02:58

«Իրատեսի» հյուրն է քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-2018-ը ամփոփելով` ո՞րն էր ամենագլխավորը` Ձեր գնահատականով:
-Հայաստանում ամենագլխավոր իրադարձությունը իշխանափոխությունն էր:
-Իշխանափոխությու՞ն, թե՞ հեղափոխություն:
-Իշխանափոխություն, որ ձևով հեղափոխություն էր:
-Դեկտեմբերի 9-ի ընտրություններով հեղափոխությունը ավարտվե՞ց:
-Նայած` ինչ ենք հասկանում հեղափոխություն ասելով: Եթե հասկանում ենք սոսկ իշխանափոխության կապիտալիզացիա, ավարտվեց: Եթե հասկանում ենք արմատական փոփոխություններ` քաղաքական ու տնտեսական համակարգերում, էլիտայի ներսում ու հասարակական հարաբերություններում, հոգևոր համակարգում, այդ հեղափոխությունը նույնիսկ չի սկսվել:
-ՈՒթ ամիս հետո՞ էլ չի սկսվել:
-Այո, ըստ գործող վարչապետի` հեղափոխությունը քաղաքական փուլից անցնում է տնտեսական փուլի: Ի՞նչ է հասկացվում տնտեսական հեղափոխության անվան տակ, հստակ չէ: Հստակ չեն համակարգային ծրագրերը: Թավշե գործընթացներից հետո ամենագլխավոր թերությունը` չկան հստակ պատկերացումներ, թե ինչ է ուզում անել իշխանությունը: Կան կարգախոսներ, բայց չկա ալգորիթմ, թե ոնց են այդ կարգախոսներով հասնելու հայտարարվածին: Օրինակ` ասվում է, որ տնտեսության մեջ մեր գերակայությունը պետք է լինի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունը: Ի՞նչ է դա նշանակում: Բացատրությունը պետք է ներկայացվի ոչ թե լայվի ռեժիմում գծակարգերով, այլ կոնկրետ ալգորիթմով: Ասենք` ի՞նչն է խանգարում, որ մինչև հիմա չենք ունեցել: Ո՞ր օրենքները, կամ` ո՞ր օրենքների բացակայությունը: Ի՞նչ կառուցվածք է պետք, ինչքա՞ն ֆինանսներ, ի՞նչ մասնագետներ: ՈՒ միանգամից ծագում է կրթության հարցը, որովհետև ՏՏ տեխնոլոգիաների ղեկավարները տարիներով բողոքում են կրթական բազայի պակասից: Սա ընդամենը մեկ ոչ ամբողջական ալգորիթմի օրինակ է: 7-8 ամսում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մենք ընդամենը լսել ենք շատ լավ կարգախոսներ տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ: Հասարակության մտածող հատվածը, որ ընտրել է այսօրվա իշխանություններին, սպասում է բացատրությունների: Սպասում է նաև ներդրողը, որովհետև ներդրողի համար շատ կարևոր է հասկանալ` ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան, ինքը այդ ծրագրերում կարո՞ղ է տեղավորվել, թե՞ ձեռնտու չէ:
-Մեկ ալգորիթմ ունենք` դեկտեմբերի վերջին իմացանք, թե կառավարության կառուցվածքի ինչ նախագիծ է առաջարկվում: Նույնիսկ երկրորդը կա` 7-րդ գումարման ԱԺ-ն` անծանոթների խորհրդարանը, որի մանդատ են ստացել նույնիսկ իրար չճանաչող մարդիկ: Այդ ալգորիթմները կարո՞ղ են իրար հետ աշխատել: 17-ի փոխարեն 12 նախարարությունների ձևավորման սկզբունքը օպտիմալացու՞մն էր, թե՞ կառավարման համակարգի կատարելագործումը:
-Կարծում եմ` որ կարողանանք գնահատական տալ, սկզբից պիտի ունենայինք կառավարության տեսլականը` ի՞նչ է ուզում անել ընդհանրապես: Եթե վերլուծվել է, որ 17 նախարարությունն է խանգարել ռազմաարդյունաբերական համալիր, ՏՏ տեխնոլոգիաներ, զարգացած գիտություն ու կրթություն ունենալուն և որպեսզի այլևս չխանգարի, գյուղնախարարությունը պետք է միացվի տնտեսական զարգացման նախարարությանը, տրանսպորտի նախարարությունը հասկանալի չէ ինչ անենք, մշակույթի նախարարությունը գիտության ու կրթության մաս դարձնենք, սփյուռքի նախարարությունը փակենք, մեկ տարբերակ է: Եթե ասվի` ի՞նչ է ծրագրված ու այդ ծրագիրը ինչպե՞ս պիտի իրականացվի 12 նախարարություններով, կարող ենք գնահատական տալ: Բայց սկզբից հայտարարվում է օպտիմալացման մասին, այն էլ` ընդունված բյուջեի պայմաններում, հետո ասում են, որ կլինի կառավարության ծրագիրը, որը, փաստացի, հարմարվելու է հրապարակված սխեմային և բնականաբար փոփոխություններ են լինելու պետբյուջեում, որ ընդունվել է 17 նախարարությունների համար: Այսինքն` շարժակազմը դրվել է շոգեքարշից առաջ:
-Պատճառը ո՞րն է:
-Դժվարանում եմ ասել: Մեղմ բառ գտնեմ` անփորձությունը:
-Անփորձ մարդը նախ պատասխանատվություն չէր ստանձնի, հետո` կփորձեր սովորել:
-Լավատեսորեն համարենք ընդամենը անփորձություն: Իսկ 7-րդ գումարման ԱԺ-ն շատ տրամաբանական խորհրդարան է և լիովին համապատասխանում է 2018-ի ապրիլից դեկտեմբերի 9-ը հասարակության տրամադրություններին: Գուցե դեկտեմբերի 29-ին արդեն այլ տրամադրություններ էին, կամ այլ տրամադրություններ են լինելու փետրվարի 28-ին: ՔՊ-ի 70 տոկոս ստանալը լիովին կանխատեսելի էր: Հասկանալի է, որ երբ քո խմբակցությունում 88 պատգամավոր կա, հազիվ թե նրանց մեծամասնությունը հանրությանը ծանոթ լինի: 2018-ի մայիսին ձևավորված կառավարության դեպքում էլ նախարարների մեծ մասն անծանոթ էր, նախարարների ու մարզպետների անունները մինչև հիմա էլ շատերին անծանոթ են մնում, որովհետև հաճախակի փոխվում են:
-Դատելով` ովքեր են հրաժարվել «Իմ քայլի» մանդատներից, կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինելու, նույնիսկ առողջապահության ու կրթության նախարարներն են վերանշանակվելու, թեև նրանց աշխատանքից դժգոհությունները անչափ էին, ի՞նչ սպասումներ են նոր կառավարությունից լինելու:
-Կադրային փոփոխություններն էլ կախված են հարցից` ի՞նչ տեսալական ունի կառավարությունը ներկայի համար: Համակարգային ի՞նչ հեղափոխություն է ուզում անել կառավարությունը: Ի՞նչ է նշանակում տնտեսական հեղափոխությունը, ի՞նչ ալգորիթմներով է կատարվելու, ի՞նչ կառուցվածք է պետք: Եվ պիտանի՞ է կոնկրետ անձը այդ խնդիրները լուծելու համար: Կառուցվածքային փոփոխությունները ԱԺ-ն դեռ պետք է հաստատի: Կարծում եմ` կառավարության ծրագրի ներկայացումից հետո են լինելու կառուցվածքային փոփոխությունները, և կառավարությունը պետք է հիմնավորի փոփոխությունները` ինչու՞ են ստեղծվում սուպերնախարարություններ:
-Կառավարության կառուցվածքի նախագիծը հրապարակվեց ու առաջ բերեց դժգոհությունների ալիք, ով չալարեց` քննադատեց, բայց չեղան կոնկրետ առաջարկներ: Օրինակ` սփյուռքի նախարարությունը ոչ թե փակել, այլ նոր խնդիրներ դնել ու լուծումների մեխանիզմներ տալ: Կամ` մշակույթի նախարարությունը ոչ թե կրթության ինչ-որ մաս դարձնել, այլ կոնկրետ այս հայեցակարգով ու այս մեխանիզմով պահել: Չի՞ ստացվում, որ անփորձ կառավարությունը չի կարողանում, իսկ փորձառու հանրությունը չի ցանկանում ու ի վերջո` այդ տեսալականը ոչ ոք չունի:
-Այդ տեսալականը կառավարությունն ու վարչապետը պարտավոր են ներկայացնել ԱԺ-ին:
-Իսկ եթե չեն պատկերացնում ու հերթական պոպուլիստական կարգախոսներն են հրամցնելու՞:
-Եթե չլինի տրամաբանական բացատրություն` ինչու՞ են նախարարությունները միացվում իրար կամ փակվում, ինչու՞ է կոնկրետ այս անձը նախարար, կստացվի, որ այդ քայլերի հիմնական դրդապատճառը իրավիճակային լուծումն է բյուջետային դեֆիցիտի, այսինքն` գործազրկությունն ուղղակիորեն մեծացնելու հաշվին բյուջեի տնտեսում անել: Կրկնում եմ` դա իրավիճակային է ու դեռ հարց է` իսկ վերլուծվե՞լ է` 50000 աշխատողի աշխատավարձ խնայելով սոցիալական ռումբ չե՞նք դնում` արտագաղթ, սպառման անկում, քաղաքական անկայունություն: Այսինքն` բազում հարցեր կան, որ պետք է պատասխան ստանան: Նոր կառավարությունն այլևս չունի 100 օրվա պաշտպանական վահանը, որովհետև արդեն 8 ամիս աշխատել է: Կրճատվողը գոնե պետք է իմանա` ինչու՞ է աշխատանք կորցնում: Հանուն հայրենիքի՞, թե՞ անփորձության զոհ դարձավ:
-Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկզբունքային սխալ է արել գերակայությունների հարցում` հայտարարելով, որ ռևերսներ չեն լինելու ու արտաքին քաղաքականությունը չի վերանայվելու:
-Եթե գլոբալ նայենք, ոչ մի ոլորտում ռևերս չի արվել: Բացի կոռուպցիայի դեմ պայքարի որոշ տարրերի:
-Կոռուպցիայի դեմ պայքարը թիրախայի՞ն է, թե՞ համակարգային:
-Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ինստիտուտ է` իր վերլուծական մասով, օպերատիվ տվյալներով, գործիքներով: Այս պահին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մեկ ուղղությամբ ենք հաջողության հասել` պետության առաջին դեմքերը կոռուպցիայի մեջ չկան, այսինքն` փողը ներքևից վերև չի գնում:
-Դա բավարա՞ր էր` հայտարարելու, որ Հայաստանում կոռուպցիան վերացված է:
-Կոռուպցիայի առաջն առնելու համար օրենսդրական փոփոխություններ են պետք, իրավական խմդիրներ կան: Կոռուպցիայի դեմ պայքարը միայն կոռուպցիոներին բռնելը չէ, այլ` կոռուպցիան կանխելը: Դրական է նաև, որ նոմինալ առումով չկան մենաշնորհներ, ոչ ոք չի արգելում ինչ-որ ապրանք ներմուծել:
-Դա մենաշնորհը վերացրե՞լ է:
-Մենաշնորհը չի վերացել տնտեսական հիմքերով` եթե մեկը տասնյակ տարիներ իր ներմուծման-արտահանման խողովակները ձևավորել է, միլիարդներով փող ունի, նրա հետ մրցակցելը ռեալ չէ: Այնուամենայնիվ, եթե այս միտումները պահպանվեն, դա էլ ժամանակի մեջ հնարավոր է:
-Հնարավո՞ր է, որ հունվարի 14-ից աշխատանքները սկսող 7-րդ գումարման ԱԺ-ն սկսի վերանայել այն պայմանագրերը, որոնցով Հայաստանում տարբեր ընկերությունների բնական մենաշնորհներ են տրվել, ասենք` Գազպրոմին:
-Որպեսզի կարողանաս Գազպրոմի մենաշնորհի առաջն առնել, այլընտրանք պիտի ունենաս: Այս պահին դա այնքան էլ ռեալ չէ: Այլընտրանքն այդքան էլ շատ չէ` հարևան Իրանն է ու խնդիրը Իրանի գազի գինն է: Ես մեկ րոպե չեմ կասկածում, որ եթե Իրանը 165 դոլարից պակաս գնով մեզ գազ մատակարարի, Հայաստանի մանևրի հնարավորությունը բազմապատկվելու է:
-Չե՞ք կարծում, որ այդ հարցը լուծվում է ոչ թե Երևան-Թեհրան, այլ Թեհրան-Մոսկվա հարթության մեջ, որտեղ տասնյակ այլ հարցերի մեջ Հայաստանին գազ տալու հարցը մանրադրամ է:
-Ես չեմ կարծում, որ Հայաստանն այս պահին այնքան ռեսուրսներ ունի, որ կարողանա աշխարհաքաղաքական կենտրոնների խաղին խառնվել ու ներքին պայմանավորվածությունների վրա ազդել, որովհետև նրանց համար մեր փոքր հարցը կարող է գլոբալ պայմանավորվածության միայն մեկ կետ լինել: Բայց փորձել պետք է, խնդիրը ոչ թե համաձայնագրեր վերանայելն ու փոխելն է, այլ այլընտրանք ստեղծելը: Կարծում եմ` դրանով վաղուց էր պետք զբաղվել: Կստացվի, թե ոչ` հարց է: Դա և մենթալիտետի խնդիր է, և միջպետական հարաբերությունների, և գլոբալ աշխարհաքաղաքական. Իրանն անընդհատ ինչ-որ պատժամիջոցների տակ է, որ կարող են նաև մեզ առնչվել: Կրկնում եմ` այդ հարցին պետք է անդրադառնալ երբ այլընտրանքային ինչ-որ դագանակ ձեռքիդ ունես, ոչ թե ինչ-որ հայտարարություն անել, հետո ասվածի տակից դուրս գալու մասին մտածել: Սկզբից Յուրի Խաչատուրովին հանել, հայտարարել` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղը մերն է, հետո ասել` դա այդքան էլ կարևոր չէ: Կամ` ասել` գազի գինն իջեցնելու ենք, հետո պայքարել գինը գոնե նույնը պահելու համար: Քաղաքականության մեջ թռիչքից առաջ հոպ չեն ասում: Ներքին քաղաքականության մեջ լեգիտիմության ռեսուրսի հաշվին կարող ես ինչ-որ հայտարարություններ անցկացնել, արտաքին քաղաքականության մեջ դա կապիտալ չէ: Ինչպես կապիտալ չէ ժողովրդավարությունը ԵՄ-ում, Բրյուսելում չես կարող ասել` ես ժողովրդավարական երկիր եմ, որովհետև հեղափոխություն եմ արել, քեզ կպատասխանեն` այս դռնից ոչ ժողովրդավարներ չեն մտնում, թեպետ թե մտնում են, թե հարցեր են լուծում: Մեր պրագմատիկ դարում չեմ կարծում, որ ժողովրդավարությունն առաջին արժեքն է: Ժողովրդավարությունը արժեք է դառնում, երբ ունես նաև այլ արժեքներ ու ռեսուրսներ:
-Ժողովրդավարության ռեսուրսը համարվում է հետհեղափոխական իշխանության գլխավոր լծակը, չե՞ք կարծում, որ դա ուղղվելու է հենց Նիկոլ Փաշինյանի դեմ: Նախ` առանց նրա ՔՊ-ն որպես քաղաքական ազդեցիկ ուժ ոչինչ է, երկրորդ` օբյեկտիվորեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրելու` թե ԵԱՏՄ-ի անդամակցության հետևանքով հունվարի 1-ից սկսված թանկացումների, Վրաստան-Հայաստան բեռնափոխադրումների չլուծված հարցի պատճառով հացահատիկի թանկացման, կառավարության օպտիմալացման հետևանքով` կրճատումների ու ևս մեկ տասնյակ այլ պատճառներով: Եվ ի վերջո` քաղաքականությունը ԱԺ-ից փողոց է դուրս գալու:
-Լեգիտիմությունը լավ է, քանի դեռ վարկանիշդ բարձր է, այդ պատճառով ցանկացած smart իշխանություն փորձում է իր պիկի պահին շատ գործ անել, որ վարկանիշը պահի: Բայց լեգիտիմությունը բավականին լուրջ բեռ է դառնում, մանավանդ մի երկրում, որից աշխարհաքաղաքական կենտրոնները ոչ պոպուլյար որոշումներ են ակնկալում: Այդ պայմաններում smart իշխանությունն ունի հետաքրքիր գործիք` ընդդիմություն, որը, երբեմն փոխհամաձայնությամբ, թույլ չի տալիս ոչ պոպուլյար քայլեր իրականացնել դրսի թելադրանքով: ՈՒ հող է ստեղծում, որ իշխանությունն ասի` իմ բարձր լեգիտիմությունն էլ թույլ չի տալիս, որ դա անեմ, ինձ դրա համար չեն ընտրել: Հայաստանում այդ ուժեղ ընդդիմությունը այս պահին չկա, և դա լուրջ վտանգ է` իմ կարծիքով: Երբ չունես ընդդիմություն, զրկված ես արտաքին աշխարհի հետ շփումներում որոշակի գործիքներից: Ժամանակին այդ գործիքից օգտվել են Հայաստանի 3 նախագահներն էլ:
-Այդ ընդդիմությունը կարող է ստեղծվել ԱԺ-ու՞մ, թե՞ փողոցում:
-Իմ կարծիքով` փողոցում: Քաղաքական ընդդիմությունն այսօր փողոցում է հայտնվել` ի դեմս ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, «Մենք»՚-ի 2 կուսակցությունների, որ որոշակի ուղղվածություն ունեն արտաքին քաղաքական կտրվածքով: Նաև` նոր կուսակցություններ են ստեղծվում: Իշխանափոխության արդյունքում մենք ստացանք ընդդիմության վակուում` ընդդիմադիր դաշտը նոր պիտի ձևավորվի: Բոլորն էլ ձգտում են արագության, թե ՀՅԴ-ն, թե ՀՀԿ-ն, թե «Մենքի» կուսակցությունները ձգտելու են արագ վերադասավորել ուժերը և ընդդիմության թափուր մնացած տեղը լրացնել:
-Ազգայնականությունը կարո՞ղ է գլուխ բարձրացնել:
-Հաշվի առնելով, որ և պահպանողական, և աջ ուժեր են գալիս` գուցե: Հայաստանի ընդդիմադիր դաշտում ամեն ինչ դիֆուզ վիճակում է, ամորֆ: ՀՅԴ-ն կփորձի իր նոմենկլատուրան փոխել, որ նորովի դաշտ մտնի: ՀՀԿ-ն ուշ թե շուտ պիտի վերակառուցվի ու ղեկավարի հարց լուծի:
-Բայց Սերժ Սարգսյանը չի ուզում հեռանալ` կարծես:
-Սերժ Սարգսյանը չէր ուզում նաև իշխանությունից հեռանալ, ու ի՞նչ ստացվեց: Ես ժամանակին ասում էի, որ երրորդ ժամկետի գնալը Սերժ Սարգսյանը կարող է չմարսել: Եթե ասում ենք, որ կուսակցությունները պետք է վերակազմավորվեն, նոմենկլատուրան փոխեն, նշանակում է` մարդիկ, որ ասոցացվում են հին վարչակարգի հետ, պիտի հեռանան: Մանավանդ ստեղծվում են նոր կուսակցություններ, որ բավականին մեծ ռեսուրսներ ունեն: Ամեն ինչ կախված է նրանից` ով ինչքան արագ կհամարձակվի փոխվել ու նորովի դաշտ մտնել: Խորհրդարանում էլ է նույն պայքարը: ԲՀԿ-ն կարգավիճակով է ընդդիմություն և օրենքով ուզի-չուզի ընդդիմություն պետք է լինի, ԼՀԿ-ն փորձելու է ընդդիմության դեր խաղալ` մինչև որոշակի սահման:
-2020-ի հունվարին 2019-ը մեկ բառով ինչպե՞ս կբնորոշեք:
-Հետհեղափոխական սինդրոմի տարի:


Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 4080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ