Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրիտանացիներին պետք է թայմ աուտ

Բրիտանացիներին պետք է թայմ աուտ
18.01.2019 | 13:24

Բրիտանիայի խորհրդարանում Թերեզա Մեյի դարակազմիկ պարտությունից հետո, երբ Համայնքների պալատը մերժեց բրեկզիտի համաձայնագիրը, թվում է, այլևս ԵՄ-ից կանոնակարգված դուրս գալու հույս չկա` Tages-Anzeiger-ում գրում է Քրիստոֆ Մյունգերը: Լոնդոնյան դրաման հիշեցնում է «Ապստամբ` առանց պատճառի» ֆիլմը, որի հերոսները արտառոց մրցավազքի էին դուրս եկել` մրցակիցները մեքենաներով սլանում էին օվկիանոսի վրա կախված զառիթափի եզրով: Հաղթողը նա էր լինելու, ով վերջինն էր մեքենայից դուրս ցատկելու: Բրիտանական տարբերակում միմյանց հետ մրցում են խորհրդարանն ու կառավարությունը: Անդունդի վրայով թռիչքի հետևանքներն այստեղ էլ կարող են ողբերգական լինել` տանջալից անորոշության պատճառով տնտեսությունն արդեն ստագնացիայի մեջ է, կառավարությունը մտածում է արտակարգ իրավիճակների մասին, ոստիկանությունը զգուշանում է Դուվրում բեռնատարների կիլոմետրանոց խցանումներից, սուպերմարկետները սպասում են խուճապահար գնորդներին, որովհետև այլևս մայրցամաքից բրիտանական կղզիներն ապրանքներն անարգել չեն հասնելու: Առավել լուրջ են լինելու, թերևս, քաղաքական հետևանքները: Երբ շոտլանդացիները ընտրելու հնարավորություն ունենան, նրանք, հավանաբար, Եվրոպան Լոնդոնից կնախընտրեն: Բայց առաջին հերթին` բրեկզիտը կամրապնդի Հյուսիսային Իռլանդայի երիտասարդ բնակիչների դիրքերը, որ ցանկանում են միավորվել Իռլանդիայի Հանրապետության հետ: Այս սցենարները հաշվի առնելով` բրիտանացիներին շտապ թայմ աուտ է պետք, դադար` շունչ քաշելու ու մտքերը հավաքելու: Կոլեկտիվ նյարդային ցնցում ապրած ազգը չի կարող ողջամիտ որոշում ընդունել: «Իշխանության դժվար կանխատեսելի գործոնի» դերը Մեծ Բրիտանիայում ժողովրդի համար չէ նախատեսված, բայց 2016-ի հունիսին` ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի ժամանակ ներկայացուցչական ժողովրդավարությունը հանկարծ վերածվեց ուղղակիի:

Սակայն դա նաև իրավիճակի հանգուցալուծման շանս է տալիս, եթե ժողովրդին ներգրավեն ճգնաժամի հաղթահարմանը` նրան հնարավորություն տան ևս մեկ անգամ բրեկզիտի վերաբերյալ իր տեսակետը հայտնել: Կարող է լինել երկու փուլ` նախ բրիտանացիները կարող են քվեարկել Թերեզա Մեյի համաձայնագրին, որ այդքան վճռական մերժեց խորհրդարանը: Բացառված չէ, որ ժողովուրդը պատգամավորներից տարբերվող որոշում կընդունի: Եթե ժողովուրդը մերժի Մեյի համաձայնագիրը, ինչպես խորհրդարանը, պետք է հնարավորինս արագ անցկացնել երկրորդ հանրաքվեն`ցանկանում են բրիտանացիները բրեկզիտ առանց համաձայնագրի, այսինքն` պատրաստ են անդունդի վրայով ցատկի: Թե՞ ցանկանում են պարզապես մնալ ԵՄ-ում: Ուինստոն Չերչիլն ասում էր. «Հիմար է այն մարդը, որ երբեք կարծիքը չի փոխում»: Բայց դրա համար բրիտանացիներին պետք է ժամանակ` գոնե մի քանի ամիս: Թայմ աուտ` ուղղակի ժողովրդավարության համար: Դա պետք է նաև ԵՄ-ին, որ չպետք է պահանջի մարտի 29-ն լքել ԵՄ-ն: Բրյուսելին պետք Մեծ Բրիտանիայում այնպիսի քաոս, որ հարկադրված լինեն անդունդի վրայով թռչել` բոլորը տանուլ տալով:
Քրիստոֆ Մյունգեր, Tages anzeiger


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն` հայտնել է Համայնքների պալատի նախագահ Անդրեա Լիդսոմը: Վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի համաձայնագրի իրադրության կարգավորման պլանը կներկայացնի հունվարի 21-ին: Լոնդոնը իրադարձությունների զարգացման մի շարք հնարավոր սցենարների, այդ թվում՝ ԵՄ-ից երկրի «ամենակոշտ» ձևով դուրս գալու եւ ընդհանրապես՝ Brexit-ի չեղարկման ճանապարհ է բացել: «Պլան Բ»-ի բովանդակության մասին ոչինչ հայտնի չէ: Կառավարությունը խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ է վարում ԵՄ-ից դուրս գալու պայմանների հարցի շուրջ: Կոնսուլտացիաներին չեն մասնակցում լեյբորիստները: Նրանք հայտարարել են, թե Մեյի կառավարությունի ի վիճակի չէ կառավարել երկիրը և Մեծ Բրիտանիան շահավետ պայմաններով դուրս բերել ԵՄ-ի կազմից: Բայց նրանք էլ Մեյի հրաժարականը պահանջելուց բացի` այլ ելք չեն առաջարկում: Հունվարի 29-ին էլ կրկնվելու է նույն պատկերը: Վարչապետ Թերեզա Մեյն ունի երկու ճանապարհ` հրաժարական տալ և նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կամ համաձայնել երկրորդ հանրաքվեին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ