Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քաղաքական պատասխանատվություն չենթադրող ծրագիր է գրվել»

«Քաղաքական պատասխանատվություն չենթադրող ծրագիր է գրվել»
12.02.2019 | 01:16

Խորհրդարանում քննարկման դրված կառավարության ծրագրի շուրջ «Իրատեսը» զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:


-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր է: Դուք տեսե՞լ եք տնտեսական հեղափոխության հիմքերը, և որո՞նք են դրանք:
-Կառավարության ծրագիրը հեղափոխական կլիներ, եթե հստակ նախանշվեին այն բևեռները, որտեղ հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել, ձևակերպվել են մի շարք խնդիրներ և մշակվել են ամբողջական լուծումներ: Օրինակ` եթե գրված լիներ՝ փոխելու ենք միջքաղաքային և ներհամայնքային տրանսպորտային համակարգը, սահամանելու ենք հստակ չափորոշիչներ ուղևորատար, բեռնատար, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտային համակարգի գործունեության համար կամ գյուղացիական տնտեսությունները պետության հոգածության ներքո ենք առնելու, գոտիավորելու ենք դրանք, ներդնելու ենք այնպիսի համակարգ, որ բերքը բավարարի ներքին սպառման համար, ներդնելու ենք գյուղատնտեսության պետական ապահովագրական համակարգ, ապա վստահորեն կարող էինք ասել` ծրագիրը հեղափոխական է: Կառավարության ծրագիրը պետք է լիներ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ` գործողությունների չափելի արդյունքներով: Այդ պարագայում առաջարկված ծրագրի և կատարված գործողությունների միջև հնարավոր կլիներ համեմատություն կատարել:
-Իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, ասելով, թե կառավարության 5-ամյա ծրագրերը սովորաբար այդ տեսքն են ունենում, իսկ թվերը, գործնական քայլերը տարեկան բյուջեում են ներկայացված լինում: Այս տարվա բյուջեն հաստատված է, ինչը վարչապետը որակեց իներցիոն: Ստացվում է` այս տարի իներցիայո՞վ ենք ապրելու:
-Այդպիսի հակադարձումներին պետք է հումորով վերաբերվել: Հնգամյա ծրագիրը ռազմավարական բնույթ ունի, իսկ բյուջեն, որպես տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթ, պետք է անելիքների չափն ու մարտավարական քայլերն արտահայտի հենց հնգամյա ծրագրի տիրույթում, ինչից էլ պետք է բխեն ապագա օրենքները: Իսկապես խնդիր է, երբ ծրագրի ամեն պարբերության վերջում ինչ-որ ականջահաճո նախադասություն է գրվում, և դա որակվում է որպես վերջնարդյունք: Կառավարության ծրագիրը, հավանաբար, կգովերգվի ԱԺ-ում ու կընդունվի ձայների մեծամասնությամբ, բայց դրանից ծրագրի որակը չի փոխվի: Այնպիսի ծրագիր է գրվել, որը քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում: Իշխանությունները հետագայում կարող են ասել, թե մենք մեր ծրագրում ասել էինք, որ քաջալերում ենք աշխատանքն ու արժանապատիվ կյանքը, ասել էինք, որ ՀՀ-ում չպիտի լինի բազմաչափ աղքատություն, բայց որ այդ ամենը կա, դրա միակ մեղավորը դուք եք, ոչ թե իշխանությունը: Խոսվում է մեր քաղաքացիների համար հավասար մեկնարկային պայմանների ապահովման մասին, բայց, փաստորեն, պահում են կենսաթոշակների կուտակային բաղադրիչը: Սա արդեն անհավասարաչափ է, քանի որ հասարակությունը բաժանված է երկու մասի՝ համակարգի մաս կազմողները և չկազմողները: 2019 թվականի բյուջեն իներցիոն կոչելը իսկապես ճիշտ բնութագրում էր, բայց մի բան հստակ է. դատելով ծրագրի անչափելիությունից` իներցիոն է նաև կառավարության ծրագիրը:
-Բազմաթիվ մասնագետներ այս ծրագիրը «կենացային» որակեցին, որտեղ միայն ցանկություններ են: Ձեր տեսակետը:
-Կառավարության ծրագիրը զուրկ է գործիքներից, չափելի ոչինչ չկա: Սոցիալ-տնտեսական քաղաքականության, մատչելի, որակյալ կրթության ու առողջապահության, մյուս ոլորտներին վերաբերող պետության պոզիտիվ պարտականությունների մասին հստակ ձևակերպումներ չկան, կյանքի որակի վրա ազդող գործիքակազմի կիրառման վերաբերյալ մոտեցումներ գոյություն չունեն: Այս ծրագիրն անորոշ գործողություններով և անորոշ ուղղությամբ գնացող երկրի համար է: Պետական ինստիտուտների դերը նվազագույնի է հասցված, առհասարակ բացակայում է ներմուծումների հատվածը: Եթե սա համարում են ամբողջացրած ծրագիր, ապա ասելիք չունեմ: Լավ կլիներ, որ ծրագրում վերանայումներ ու շտկումներ արվեին քանի դեռ հնարավորություն ունեն:
-Մեր երկրում տնտեսական դիվանագիտության զարգացման անհրաժեշտություն կա՞:
-Իհարկե կա, մենք պետք է աշխարհին ներկայանանք որոշակի ապրանքներով, ինչը կարող է դառնալ հայկական բրենդ: Ճիշտ է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունք ունենք, բայց դեռ կան որոշակի բարդություններ երկկողմ փաստաթղթերի ճանաչման հարցում:
Պետք է ուսումնասիրել բարեկամ բոլոր երկրների շուկաները, կազմել այն ապրանքատեսակների և ծառայությունների ցուցակները, որոնք կարող են մեր երկրում նոր տեսակի բիզնեսի ստեղծման խթան դառնալ, և այդ պրոդուկտով կարող ենք մուտք գործել նոր տարածքներ: Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, բայց անհրաժեշտ չափի արդյունք չունենք, որի արտահանումը որակական էֆեկտիվություն կունենար: Պետությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի արտահանման շուկաների աշխարհագրությունը բալանսավորելու ուղղությամբ: Երկրներ կան, որոնց նկատմամբ տարվող քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենում մեր տնտեսավարողների վրա: Պետական ինստիտուտները պետք է օգնեն տնտեսավարողներին գտնելու նոր շուկաներ և լուծելու առկա խնդիրները:
-Հայաստանում առայժմ խոշոր ներդրումների ականատես չենք լինում: Ի՞նչ պետք է անի իշխանությունը մեր երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելու համար:
-Ըստ կռավարության ծրագրի՝ պակասելու են շահութահարկն ու եկամտային հարկը՝ 2-3 %-ով, փոխարենը մի քանի անգամ ավելացվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը և ավելացված արժեքի հարկով նոր ոլորտներ են հարկվելու: Այս տրամաբանությամբ՝ կառավարությունը պետք է ունենա ավելի շատ խնայողություն` փոխարենը բախվելով գնողունակության պակասի հետ, ինչը դժվար թե ներդրողի համար գրավիչ լինի:
-Կառավարության ծրագրի ոչ «թվային» մոդելն արդյո՞ք չի հաստատում այն ենթադրությունները, թե այս իշխանությունն անցումային՝ մեկ-երկու տարվա կյանք ունի:
-Կառավարության ծրագիրը գործադիրի գործունեության արդյունքները չափելու հնարավորություն չի ընձեռում, մինչդեռ հասարակությունը սպասելիքներ ուներ, որոնց մասով պետք է առարկայական անդրադարձ լիներ: Ես չեմ ուզում կրկնել որոշ քննադատների միտքը, թե ծրագրում պետք է բացառապես թվեր լինեն. պետք է գործի պարզ բանաձև` շարադրվեն ակնկալիքները, նկարագրվեն դրանց հասնելու գործիքները և ներկայացվեն արդյունքերի արդար բաշխման ձևերը:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ