Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մինչև 150000 դրամ ստացողի եկամուտները չեն ավելանում, փոխարենը ծախսերն են շատանում»

«Մինչև 150000 դրամ ստացողի եկամուտները չեն ավելանում, փոխարենը ծախսերն են շատանում»
15.02.2019 | 03:29

«Քո որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով դեմ է արտահայտվել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած նախագծին: «Իրատեսը» ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ փորձել է պարզել, թե ինչ խնդիրներ կան նախագծում, և ինչն է հատկապես մտահոգում իրենց:

-Նախ` փորձենք հասկանալ` ի՞նչ խնդիր են ցանկացել լուծել առաջարկվող փոփոխություններով,- ասաց պարոն Նահապետյանը։- Երկու նպատակ են դրել` բարձրացնել ներդրումային գրավչությունը և կրճատել ստվերը: Կարո՞ղ են լուծել այդ խնդիրներն այս փոփոխություններով։ Ոչ: Ինչու՞, որովհետև ներդրումային գրավչության տեսանկյունից աշխատուժի հարկերը բոլոր արժանահավատ ուսումնասիրությունների համաձայն, իրենց կարևորությամբ ներդրողների համար գործոնների առաջին տասնյակի մեջ չեն էլ մտնում: Բայց եթե նույնիսկ մտնեին էլ, Հայաստանն այդ ցուցանիշով աշխարհում առաջինն է 26 այլ երկրների հետ մեկտեղ: Մյուս երկրների համեմատ մեզ մոտ հարկերը ցածր են, ուստի այն բացասական արդյունքը, որ ստանալու ենք նախագծի ընդունման դեպքում, չի փոխհատուցվելու ներդրումներով:
Երկրորդ խնդիրը, որ դրվել էր, ստվերի կրճատումն է` չգրանցված աշխատողներ, աշխատավարձի թերհայտարարագրումներ։ Կառավարությունը հիպոթեզ է առաջ քաշում, թե, մի կողմից, շահութահարկի ու դիվիդենդի հարկի հանրագումարը 23 տոկոս դարձնելով, մյուս կողմից, եկամտահարկը համահարթ 23 տոկոս դարձնելով՝ կվերանա մոտիվացիան աշխատողներին չգրանցելու հարցում, որովհետև, միևնույնն է, չգրանցելու դեպքում առձեռն աշխատավարձ վճարելու համար ստիպված են լինելու դա որպես շահույթ և դիվիդենդ ձևակերպել ու նույն 23 տոկոսը վճարել։ Սա կեղծ պնդում է, որովհետև, նախ, շահութահարկի և դիվիդենդի հարկի հանրագումարը ոչ թե 23, այլ 22,1 տոկոս է, երկրորդ՝ գրանցված աշխատողի համար գործատուն նաև մոտ 3 տոկոս այլ վճարումներ է անում, ուստի փաստացի բեռը մոտ 26 տոկոս է: Այսինքն, գրանցված ու չգրանցված աշխատողների դեպքում շարունակում է մոտ 4 տոկոս բեռի տարբերություն մնալ, և մոտիվացիան չի վերանում: Դեռ չեմ խոսում շահութահարկ չվճարողների մասին, որոնց դեպքում այս կարգավորումն ընդհանրապես ոչ մի խնդիր չի լուծում։ Դրված երկու նպատակներից որևէ մեկին այս նախագծով հնարավոր չէ հասնել:
-Ասում եք` մեզ մոտ աշխատուժի ուղղակի հարկերը, մյուս երկրների համեմատ, բարձր չեն, բայց քաղաքացիների համար դրանք ծանր բեռ են:
-Քաղաքացիների համար այնքան էական չէ հարկային բեռի չափը, որքան այն, թե այդ հարկը վճարելուց հետո որքան գումար է մնում որպես տնօրինվող եկամուտ: 366000 մարդ կա Հայաստանում, որոնց աշխատավարձը 150000 դրամից պակաս է: Հիմա 100000 դրամ ստացողին հետաքրքրում է, որ այդ տոկոսները ցածր լինե՞ն, թե՞ որ իր կողմից տնօրինվող եկամտով հնարավոր լինի արժանապատիվ ապրել: Ենթադրենք՝ այդ մարդու համար հարկը զրոյացնում ենք, նա այդ 100000 դրամով կարողանալու՞ է երջանիկ լինել: Փոխարենը զարգացած մի շարք երկրներում աշխատավարձի 60 տոկոսի չափով անգամ հարկ են պահում, բայց մնացյալ տնօրինվող եկամտով հնարավոր է արժանապատիվ ապրել ու անգամ կուտակել: Հավաքագրված մեծ հարկերով այդ պետությունները զարգացնում են ենթակառուցվածքներ, ապահովում են որակյալ ու անվճար կրթություն, առողջապահություն: Դրանք տնտեսական զարգացման գործոններ են, որոնք պետք է ապահովեն, որպեսզի նույն ջանքը ներդնող Հայաստանի ու Գերմանիայի քաղաքացիները մի օր նույն եկամուտն ունենան, որ աշխատանքը «թանկ» լինի։ Այսօր մենք փորձում ենք «բարելավել» ներդրումային միջավայրը հարկերը իջեցնելով, բայց արդյունքում բաց ենք թողնելու որակյալ կրթություն ստացած աշխատուժ ձևավորելու հնարավորությունը, որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ կառուցելու, կյանքի միջին տևողությունը առողջապահությամբ երկարացնելու հնարավորությունը: Վերջին նշածներս հենց ներդրողներին հետաքրքրող գործոններ են, որոնք չենք կարողանալու բարելավել, եթե չունենանք այդ բյուջեն:
-Հայտարարության մեջ նաև նշել էիք, որ նախագծում տեղ գտած առաջարկները ուղղահայաց և հորիզոնական արդարության սկզբունքներին դեմ են։
-ՈՒղղահայաց արդարությունը մի սկզբունք է, ըստ որի շատ ստացողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քիչ ստացողը՝ ավելի քիչ: Հորիզոնական արդարության սկզբունքը ենթադրում է, որ միևնույն եկամուտն ունեցողները պետք է հարկվեն նույնչափ: Առաջարկվող նախագիծը համահարթեցնում է եկամտային հարկի դրույքաչափը: Եվ եթե 150000-2000000 ու 2000000-ից ավելի աշխատավարձ ստացողների համար դա որոշակի թեթևացում է բերում, ապա մինչև 150000 դրամ աշխատավարձ ստացող 366000 աշխատողների համար դրույքաչափը մնում է նույն 23 տոկոսի չափով: Շատ աշխատավարձ ստացողներին նման արտոնություն շնորհելով՝ բյուջեն կորուստներ է ունենում, որը նախատեսում են փոխհատուցել ծխախոտի, գազավորված քաղցր հյութերի, սեղմած բնական գազի, ալկոհոլի և այլ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափի էական բարձրացմամբ: Սա առաջացնելու է գնաճ, հետևաբար, մի կողմից մինչև 150000 դրամ ստացողի եկամուտները չեն ավելանում, փոխարենը ծախսերն են շատանում, նրա վրա է ընկնում պետություն պահելու անհամաչափ մեծ բեռը: Սա` ուղղահայաց արդարության մասով: Հորիզոնական արդարությունը խախտվում է հաշվապահների, իրավաբանների, դիզայներների, խորհրդատվական գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցների հանդեպ: Նրանք դուրս են մնում թե՛ միկրոբիզնեսի կարգավորումից, թե՛ շրջհարկի դաշտից` դառնալով ԱԱՀ վճարող: Այսինքն, նույն եկամուտն ունեցող դերձակը հարկվելու է 0 տոկոս, հաշվապահը` 40 տոկոսից ավելի: Սա ևս անարդար է:
-Կա՞ փոխզիջումային որևէ տարբերակ:
-Իդեալական կլիներ, եթե առավել ճկուն պրոգրեսիվ համակարգ դրվեր, բայց դա այս կառավարության ծրագրերի մեջ չի մտնում, նրանք ամեն կերպ ուզում են համահարթը պահել: Միջանկյալ լուծում կարող է լինել եկամուտների չհարկվող շեմ սահմանելը, օրինակ, սպառողական զամբյուղի չափով չհարկվող շեմ ունենալը: Դա որոշ չափով կմեղմեր այն բեռը, որ դրվում է աղքատների վրա: Երկրորդ՝ պետք է բացառել այն, ինչ ուզում են անել հաշվապահների, իրավաբանների ու մտավոր աշխատանքով վաստակող այլ սուբյեկտների դեմ: Դա վատ ազդակ է առ այն, որ մեզ մոտ «մտավոր աշխատանքը պատժվում է օրենքով»:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ