Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նախարարությունների օպտիմալացման գործընթացում «սայլը ձիերից առաջ է դրված»

«Նախարարությունների օպտիմալացման գործընթացում «սայլը ձիերից առաջ է դրված»
12.03.2019 | 01:04

Կառավարության կառուցվածքային փոփոխություններն օրեր առաջ վերջապես գործադիրի հավանությանն արժանացան: Երկուսուկես ամիս պահանջվեց նոր իշխանության ներկայացուցիչներից` հաստատելու համար որոշ նախարարությունների կրճատման ու այլ նախարարությունների հետ միավորման փաստաթուղթը, որը դեռ պետք է խորհրդարանի հավանությանն արժանանա, նոր միայն կյանքի կոչվի: Կառավարման փորձագետ ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆՆ այն տեսակետին է, որ ոլորտի մասնագետների կարծիքը լսելի պիտի լիներ որոշում կայացնողների համար, քննարկում ծավալվեր փոխադարձ ընկալելի մթնոլորտում` բոլոր կողմերին գոհացնող արդյունավետ լուծումներ գտնելու համար: «Իրատեսի» հետ զրույցում փորձագետը վստահեցրեց՝ չկշռադատված ու խորապես չուսումնասիրված որոշումները կարող են ցավոտ լինել ու վատ անդրադառնալ կառավարման համակարգի և մեր կյանքի որակի վրա:

-Կառավարության կազմի ծրագիրը խորհրդարան դեռևս չի ուղարկվել, հստակ է միայն, որ նախարարությունների զուտ տեխնիկական միավորում է լինելու: Այս ձգձգումներն ինչի՞ հետ են կապված: Կառավարությունում գլուխ չե՞ն հանում՝ միավորման ինչպիսի արդյունավետ լուծում գտնել, թե՞ այնքան են խորամուխ եղել խնդիրը հնարավորինս ճիշտ լուծելու հարցում, որ այն ամիսներ է տևում:
-Ճիշտ նկատեցիք՝ պետական կառավարման համակարգի օպտիմալացման գործընթացը, որ մեկնարկեց դեռ ընտրություններից առաջ, որոշ ժամանակ անց կանգ առավ նախարարությունների մեխանիկական միավորման ու քանակի կրճատման փուլում: Կառավարությունում որոշում կայացնողները, գուցե հասկանալով, որ պետական կառավարման համակարգը զգայուն է, այնուհանդերձ, զգուշավորություն ցուցաբերեցին, ինչով էլ պայմանավորված էր գործընթացի դանդաղումն ու փուլերի բաժանումը: Կառավարության վերջին նիստի ժամանակ կայացված որոշումը վերաբերում էր գործադիրի կազմի կմախքին, ինչից հետո ընդհանուր մատրիցայի մեջ պետք է բաշխվեն գործառույթներն ըստ նախարարությունների: Թե՛ մասնագիտական շրջանակում, թե՛ կառավարության ու հասարակության մեջ որևէ տարակարծություն չկա, որ կառավարման համակարգը պետք է արդյունավետ լինի, օպտիմալացման խնդիրը չի վիճարկվում, այլ հարց է՝ ինչպես հասնել դրան: Այն ճանապարհը, որ այսօր մեզ առաջարկվում է, կառավարման մասնագիտական տեսանկյունից՝ հակառակ ճանապարհ է: Կառավարման աքսիոմն ասում է՝ գործառույթների ծավալն է որոշում կառուցվածքը, ոչ թե հակառակը: Սկզբից անհրաժեշտ է հստակեցնել խնդիրը, թե յուրաքանչյուր ոլորտային, ճյուղային գերատեսչության հետ կապված պետությունն ինչ խնդիր է իր առջև դնում, ինչպիսի ռազմավարություն ունի, ինչ արդյունք է ակնկալում և ուր է ուզում գնալ: Թիրախավորել է պետք այդ ամենը, հետո բխեցել խնդիրները, յուրաքանչյուրի համար գործառույթների այն ծավալն առանձնացնել, որ վերաբերում է ոլորտային գերատեսչությանը: Հասկանալ՝ այդ գործառույթների իրականացման համար ինչպիսի մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, ինչ որակավորում ու պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներ են անհրաժեշտ: Այժմ, սակայն, տեսնում ենք, որ գործադիրը շարժվում է այլ տրամաբանությամբ. նախ ֆիքսել է կառավարության կառուցվածքը, ապա փորձում է հասկանալ դրանում ներառված գերատեսչությունների գործառույթները: Այս մոդելը հղի է վտանգներով ու կարող է կառավարչական կոլապսների հանգեցնել: Իսկ ի՞նչ է լինելու, եթե հանկարծ ուսումնասիրություններ անելուց հետո պարզ դառնա, որ այդ գործառույթների իրականացման համար աշխատակիցների ու ստորաբաժանումների թիվը բավարար է, նույնիսկ` մի բան էլ պակաս: Արդյո՞ք նորից տարանջատելու ենք այդ նախարարությունները:
Մյուս կողմից, ըստ ներկայացվող ծրագրի, միավորման ընթացքում պահպանվելու են հիմնական գործառույթներն իրականացնող ստորաբաժանումները, միավորվելու են աջակցողները՝ ֆինանսական, իրավաբանական, արտաքին կապեր և այլն: Բայց արդյո՞ք ուսումնասիրություն արվել է, թե աջակցող ստորաբաժանումը միավոր ժամանակահատվածում ի՞նչ քանակությամբ փաստաթուղթ է շրջանառում, և երբ անձանց կրճատումներ ունենանք, արդյո՞ք այդ գործառույթը չի տուժի: Հարց է նաև` ուսումնասիրվե՞լ է, ենթադրենք, իրավաբանական վարչության աշխատակիցների աշխատանքի ժամային ծանրաբեռնվածությանը: Իսկ գուցե ոչ թե կրճատել, այլ ավելացնե՞լ է պետք աշխատակիցների թիվը: Վերլուծելով այս ամենը՝ կրկին գալիս ենք այն եզրահագման, որ մինչև չհասկանանք, թե յուրաքանչյուր գերատեսչությունից գործառույթների ինչ ծավալ ենք ակնկալում, ինչ խնդրի հետ գործ ունենք, չենք կարող արդյունավետ կառուցվածք ձևավորել:
-Ինչպես նկատեցիք՝ մեխանիկական միավորումից հետո հնարավոր է պարզ դառնա, որ դա լավագույն լուծումը չէր, այդ դեպքում ի՞նչ է անելու պետությունը: Եվ ո՞րն է երաշխիքը, որ, օրինակ, ֆինանսական ու իրավաբանական բաժինների լավագույն մասնագետները կշարունակեն աշխատել:
-Պետական կառավարման մեջ ճյուղային ու ոլորտային քաղաքականություն իրականացնող մարմինը նախարարությունն է, պետական այլ մարմին նման լիազորություններ չունի: Պետությունն այնպիսի ռազմավարություն ու տեսլական պետք է ունենա, կարողանա այնքան ճիշտ թիրախավորել խնդիրները, որ չխաթարվի միասնական կառավարման քաղաքականությունը: Սրա համար է անհրաժեշտ պահպանել առանձին նախարարությունները:
Լավագույն կադրերի առնչությամբ ասեմ հետևյալը. պետական համակարգում բարձր որակավորում ունեցող, իրապես պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը հրամայական է: Դրանից է մեծապես կախված համակարգի գործունեության, հետևապես` նաև մեր կյանքի որակը: Բայց վերջին շրջանում ծավալված գործընթացների տրամաբանությունը չի նպաստում այդ խնդրի լուծմանը: Այդ գործընթացներն այնքան էլ թափանցիկ ու հրապարակային չէին: Քննարկումներն անցկացվում են ինչ-որ գաղտնիության պայմաններում, հանրությունից ու համակարգի աշխատակիցներից թաքուն: Ժամանակ պահանջվեց, մինչև ծրագիրը հասանելի դարձավ թե ՛ մասնագետների, թե՛ թիրախային խմբի շահառուների համար: Համակարգում աշխատող պետական ծառայողները վերջին պահին են իմանում իրենց վերաբերող որոշումների մասին: Մինչդեռ մենք խոսում ենք պետական համակարգում լավագույն կադրերին ոլորտում պահելու մասին: Իսկ արդյո՞ք պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնց թիկունքում որոշումներ են կայացվում, նստել-սպասելու են, թե իրենց ճակատագիրն ինչպես է դասավորվելու: Պետական համակարգից առաջինը դուրս կգան ու այլ աշխատանք կգտնեն լավագույն կադրերը, և համակարգում կմնան, վարչապետի ասած, հավելյալ արժեք չստեղծողները, մարդիկ, որոնք հնարավորություն չունեն այլ ոլորտում հաստատվելու, տասնյակ տարիներ աշխատել ու լճացել են պետական համակարգում: Նախքան որոշում կայացնելը պետք է խորապես ուսումնասիրվեր այս ամենը, և թիրախային որոշումներ ընդունվեին:
Մենք այլևս այն համակարգում չենք, որտեղ մարդկանցից թաքուն որոշումներ պետք է կայացվեն: Առավել բաց, թափանցիկ, մասնակցային կառավարմանն ընդառաջ քայլ ենք կատարել, ինչը բխում էր հեղափոխության տրամաբանությունից:
-Մշակույթի նախարարությունն ասում է, թե իրենց առջև ՊՈԱԿ-ների մի թվից մյուսին անցնելու խնդիր դրված չէ, մինչդեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ի ելույթում վարչապետը շեշտեց, թե «պոակիզմին» ու «ծիգիզմին» պետք է վերջ դնել: Ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը:
-Հարցը համակողմանի հասկանալու համար պետք է մի փոքր հետ գնալ և տեսնել` ինչպես առաջացան ՊՈԱԿ-ները, և ինչ դեր ու անելիք ունի պետությունն այս հարցերում: Խորհրդային տարիներին պետությունը զբաղվում էր հանրային կյանքի կառավարման և կարգավորման բոլոր ոլորտներով` թե՛ ապրանքների արտադրմամբ և առևտրով, թե՛ ծառայությունների մատուցմամբ, բայց շուկայական հարաբերությունների տրամաբանությունը ենթադրում էր բեռնաթափել այդ գործառույթների զգալի մասը, ուստի պետական հիմնարկները վերակազմակերպվեցին ու դարձան ՊՈԱԿ-ներ: Դրանք աստիճանաբար, ամբողջովին կամ մեծապես պետք է զրկվեին պետական ֆինանսավորումից: Բայց կառավարման բարեփոխման գործընթացն արդյունավետ չընթացավ, ՊՈԱԿ-ներն էլ պետական միջոցները վատնելու համար ստեղծված կոռուպցիոն բուրգում շարունակեցին «առանցքային» նշանակություն ունենալ: ՊՈԱԿ-ների տնօրենները չդարձան արդյունավետ մենեջերներ, շարունակեցին մնալ հիմնարկի «դիրեկտորների» կարգավիճակում, որոնց գլխավոր նպատակը նախարարության ղեկավարի հետ լավ հարաբերություն ունենալն ու պետությունից շատ փող պոկելն էր:
ՊՈԱԿ-ներից ազատվել պետք չէ, պարզապես դրանք պետք է դնել ֆունկցիոնալ այն տրամաբանության մեջ, որ ինքնուրույն դառնան ու գոնե մեծ մասամբ անկախ լինեն պետական ֆինանսավորումից: Խնդրի լուծման մի քանի եղանակներ կան: Այն կացնային եղանակը, որով այսօր փորձում են լուծել հարցը, արդարացված չէ: Այն կարող է հանգեցնել մասնագիտական ծառայությունների խաթարման: Մշակութային ՊՈԱԿ-ների պարագայում, օրինակ, գործ ունենք տարբեր առանձնահատկություն ունեցող օջախների հետ, որոնց միավորումը կարող է խաթարել ՊՈԱԿ-ի ստեղծագործական առանձնահատկությունը: Ճիշտ մենեջմենթի և գրագետ մատուցման դեպքում մշակույթը կարող է շատ եկամտաբեր լինել: Վիեննայում, օդանավակայանից սկսած, այցելուին Մոցարտի պատկերով հուշանվերներ են վաճառում: Նույնը` եվրոպական բոլոր մշակութային քաղաքներում: Անհրաժեշտ է իրականացնել մշակույթի կապիտալիզացիա, ինչի դեպքում պետական ֆինանսավորումն էապես կարող է կրճատվել: Մեր ազգային այցեքարտն է մշակույթը, և արդյունավետ մենեջմենթի պարագայում մենք նույնպես կարող ենք լուրջ ֆինանսական հոսքեր ապահովել:
Ներկայումս ընթացող օպտիմալացման գործընթացների մեջ մեթոդաբանական սխալ է թույլ տրվում, նախկին համակարգի արատավոր փորձը պրոյեկտվում է ներկա իրավիճակում: Եթե համակարգն այն ժամանակ ֆունկցիոնալ առումով սխալ է աշխատել, եզրակացվում է, որ այդ սխալն ինստիտուտիցիոնալ է: Գլխացավը գլխատումով չեն բուժում, պետք է հասկանալ ցավի պատճառն ու պայքարել գլխացավի դեմ:
-Նախարարություններում կա՞ն արհեստավարժ մասնագետներ, որ առանց պետական ապարատին վնաս հասցնելու կարող են դուրս գալ օպտիմալացման բեռի տակից:
-Պետական համակարգում աշխատում են իրապես պրոֆեսիոնալներ, իհարկե, կան նաև ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր բեռ են պետության համար, հետևաբար պետք է ճշգրիտ մեխանիզմներով ու գործիքակազմով բացահայտել իրապես արհեստավարժներին ու ժամավաճառներին: Մարդկային ռեսուրսների կառավարման մեջ կիրառվող ներկայիս գործիքակազմերը հնարավորություն են տալիս իրականացնելու անաչառ, օբյեկտիվ զտում` հիմնված մասնագիտական գիտելիքների և կարողությունների բացահայտման վրա: Պետության գործառույթների լիարժեք իրականացումը պայմանավորված է հենց պրոֆեսիոնալ պետական ծառայողներով:
-Վարչապետ Փաշինյանը, օրինակ, այն համոզմանն է, որ եթե մշակույթի նախարարության աշխատակիցները մի քանի ամիս շարունակ գործադուլ անեն, մշակութային կյանքում ինչ-որ բան տեղի չի ունենա:
- Մշակույթի նախարարությունում կան այնպիսի ստորաբաժանումներ, որ եթե անգամ մեկ օր չաշխատեն, որևէ թատերական խումբ, ցուցահանդես դուրս չի գա երկրից: Նրանք ամենօրյա ռեժիմով սպասարկում են տասնյակ քաղաքացիների, իրականացնում են փաստաթղթային այն ծառայությունները, որոնց մեկօրյա դադարեցումը կխաթարի այս համակարգի աշխատանքը: Այնպես որ, այն անձինք, որ վարչապետին նման տեղեկություն են տվել, սխալվել են: Մարդիկ էլ կան, ասում են, թե առանց նախարարության էլ մշակույթ կստեղծվի: Այո, առանց առողջապահության նախարարության էլ կանայք երեխա լույս աշխարհ կբերեն, առանց գյուղատնտեսության նախարարության մարդկությունը 6000 տարի հող է մշակել: Նախարարությունը, այո, մշակույթ չի ստեղծում, բայց պահպանում և հանրահռչակում է այն: Բուն գործընթացն ու այդ գործընթացի կառավարումը հարկ է զատել իրարից ու չզբաղվել մանիպուլյացիաներով:
-Վտանգավոր չէ՞, երբ մի քանի նախարարություններ միավորվում են մեկ նախարարության մեջ՝ ստվերելով կարևորագույն այն խնդիրները, որ կարող են լինել տարբեր ճյուղերում: Օրինակ՝ մշակույթի նախարարությունն ուղիղ կապ չի ունենալու կառավարության ու վարչապետի հետ, հետևաբար, փլուզման վտանգի առջև կանգնած մշակութային ժառանգության հարցը կարող է համապատասխան արձագանք չստանալ գործադիրի կողմից:
-Կա այդպիսի վտանգ, իհարկե, բայց այդ վտանգը ոչ թե միտումնավոր, այլ աշխատանքի ծանրաբեռնվածությունից կարող է առաջանալ: Կրթության նախարարության ենթակայությամբ գործում է երկուսուկես հազար ՊՈԱԿ, մշակույթի նախարարության ենթակայությամբ՝ մոտ 70: Հիմա երկուսուկես հազար ՊՈԱԿ ունեցող նախարարության նախարարը որի՞ն ուշադրություն դարձնի: Ասում եք` փլուզման վտանգի առջև կանգնած մշակութային հուշարձան, բայց այսօր մենք ունենք վթարային դպրոցներ, որտեղ երեխայի կյանքին է վտանգ սպառնում: Եթե նույնիսկ նախարարը չքնի ու աշխատի 24 ժամ, դարձյալ չի հասցնի: Դժվարանում եմ ասել, թե ինչպես է կազմակերպվելու այդ սուպերնախարարության փաստաթղթաշրջանառությունը, ինչը բավական բարդ ու բյուրոկրատական գործընթաց է: Մենք կառավարչական օպտիմալացման փոխարեն շարժվում ենք ծանր ապարատի հետ աշխատելու տրամաբանությամբ:

Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ