Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թրամփը Ռուսաստանի հետ գործարքի մեջ չի եղել

Թրամփը Ռուսաստանի հետ գործարքի մեջ չի եղել
25.03.2019 | 15:25

Երկու տարի սպասելուց հետո ամերիկացիները որոշ նախնական պատասխաններ ստացան 2016-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կիրակի օրը տեղեկացրեց, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը գործարք չի հայտնաբերել Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական արշավի մասնակիցների և ռուսական կողմի ջանքերի միջև 2016-ին` գրում է The Washington Post-ը:

Սակայն Մյուլերը չի տվել նույնքան հստակ պատասխան հարցին` չի՞ միջամտել նախագահ Թրամփը արդարադատության մարմինների աշխատանքին: Որտեղ ծուխ է, ոչ միշտ կրակ կա: Չնայած Թրամփի պաշտոնյաների ու ռուսների կասկածելի հանդիպումներին, Մյուլերը գտնում է, որ հետաքննությունը ՙչի հաստատել, որ Թրամփի նախընտրական արշավի անդամները գործարքի մեջ են եղել կամ համակարգել են իրենց գործունեությունը Ռուսաստանի կառավարության հետ՚: Վերցնենք առանքային մեկ օրինակ` 2016-ի հունիսին Թրամփի շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչների ու ռուս փաստաբանի հանդիպումը խորապես անմիտ էր: Շտաբը պետք է տեղեկացներ ՀԴԲ-ին ռուս փաստաբանի հանդիպման շահագրգռության մասին, ոչ թե նրան իր արշավի մերձավոր շրջանակ թողներ: Ելնելով Բարի կիրակնօրյա եզրակացությունից` դա Թրամփի ընտրարշավի ու Մոսկվայի առավել ընդարձակ համակարգման արտացոլում չէ: Դա պետք է թեթևացում բերի ամերիկացիներին, որ անհանգստացած էին, թե իրենց բարձրագույն ղեկավարությունը գործել է իբրև օտար պետության գործակալ 2016-ի ընտրությունների ժամանակ: Բայց Թրամփի տարօրինակ մերժումը` ընդունել ռուսական միջամտությունը և նրա չդադարող հարձակումները Մյուլերի հետաքննության վրա ավելի մեծ տագնապ են հարուցում: Մինչև հիմա բացառված չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Թրամփի անհանգստացնող պատկառանքը պարգև չէ նախագահական ընտրարշավում Կրեմլի օգնության դիմաց: Առավել հավանական է, որ Թրամփը ռուսաստանցների ապոլոգետն է: Դա մխիթարական չէ: Թրամփի ու նրա կողմնակիցների դասն այն է, որ Մյուլերի հետաքննությունը վհուկների որս չէր: Կան պետական ծառայողներ, որ ճշմարտության ու պարտքի շահերը վեր են դասում ցեղային լոյալությունից ու նրանցից շատերն աշխատում են արդարադատության նախարարությունում: Վերջին 2 տարիներին նախագահը սխալվում էր` փնովելով ու քայքայելով այդ հաստատությունը, նաև կիրակի օրը դատափետելով` Բարի զեկույցից հետո: Հույս ունենք, որ նյութը հրապարակելիս Բարը շատ ավելի կհենվի թափանցիկության վրա: Այլընտրանքը դառնում են անպատասխան մնացած հարցերը և տանջող կասկածները նախագահի վարքագծի վերաբերյալ:
The Washington Post


Հ.Գ. 22 ամսվա հետաքննությունը վարում էին ՀԴԲ-ի նախկին տնօրենը, 19 իրավաբաններ ու հատուկ ծառայությունների 40 գործակալներ, 500 խուզարկություններ են եղել ու նույնքան վկաներ, 2880 դատական ծանուցագրեր, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը լայն իրավասություններ ուներ` պարզելու միջամտե՞լ է Կրեմլը ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրություններին և խոչընդոտե՞լ է Թրամփն արդարադատությանը: Մյուլերը գործում էր հանդարտ, ԶԼՄ-ներին մեկնաբանություններ չէր տալիս, դեմոկրատները 2 տարի նրանով վախեցնում էին հանրապետականներին ու Սպիտակ տանը: Այդ ընթացքում 34 քաղաքացիների մեղադրանք ներկայացվեց: Այդ թվում` Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոհենին, քաղտեխնոլոգ Պոլ Մանաֆորտին, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայք Ֆլինին, բայց որևէ մեկին չառաջադրվեց ՌԴ-ի հետ գործարքի մեջ մտնելու մեղադրանք: Մարտի 24-ը կարելի է համարել Դոնալդ Թրամփի ամենաերջանիկ օրերից մեկը` հատուկ դատախազը նրան մեղադրանք չներկայացրեց: 22 ամսվա հետաքննությունը, որ թերթերի առաջին էջորում ու լուրերի գլխավոր սոյւժեներում էր, ավարտվեց երկու կարճ նամակով արդարադատության նախարարությունից Կոնգրես որ կարելի է ամփոփել ՙԳործարք չի եղել՚ բառերով: Հենց այդ երկու բառը` no collusion, 2 տարի գրում էր Թրամփը Թվիթերում` մեկնաբանելով մեղադրանքները Ռուսաստանի հետ կապերի մասին: Բայց չի կարելի ասել, որ Թրամփի խնդիրներն ավարտվեցին: Հետաքննության արդյունքը` Թրամփնն ու նրա շրջապատը մաքուր են, Ռուսաստանը միջամտել է 2016-ի ընտրություններին տրոլլերի ֆաբրիկայի օգնությամբ: Թեպետ Ռուսաստանն ամեն ինչ հերքում է: Մյուլերը չկարողացավ պատասխանել` խոչընդոտե՞լ է Թրամփը արդարադատությանը: Ուսումնասիրելով ներկայացված ապացույցները, նա վճռեց, որ մեղադրանքի համար դրանք բավարար չեն: Թրամփը գոհ է, հանրապետականները` նույնպես, դեմոկրատները պահանջում են եզրակացությունը ներկայացնել բնագրով: Զուգահեռ նախագահի գործունեությունը ուսումնասիրում է Կոնգրեսի 7 հանձնաժողով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ