Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փաշինյանի մոտ անսխալականության սինդրոմ է, նա թշնամիներ է փնտրում»

«Փաշինյանի մոտ անսխալականության սինդրոմ է, նա թշնամիներ է փնտրում»
16.04.2019 | 01:35

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո թվում էր, թե Ազգային ժողովում ներկայացված ուժերը բավական ակտիվ ու արդյունավետ գործունեություն պետք է ծավալեն ու փորձեն այլընտրանք դառնալ: Շատերն այսօր արդեն քննադատում են վարչապետին ու նրա գլխավորած ուժը, բայց մտածում են` եթե ՔՊ-ն չլինի իշխանության, ապա ո՞վ է լինելու: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

«Մարդիկ չեն տեսնում այն այլընտրանքը, որ ասեն` դեմ ենք ներկա իշխանություններին և պաշտպանում ենք, օրինակ, ԼՀԿ-ին կամ ԲՀԿ-ին: Ասեմ, որ ԼՀԿ-ի վարկանիշն այս պահին ավելի արագ է անկում ապրում, քանի ԲՀԿ-ինը: Ոչ թե գրագետ ու համակարգված են աշխատում, այլ քաղաքական ուժերի ոչինչ չանելու ֆոնին նրանց մի աննշան քայլն էլ երևում է: Եթե որոշ ժամանակ անց, օրինակ` այս տարվա աշնանը, ընտրություններ տեղի ունենան, ապա նախկին իշխող ուժ «Հանրապետականն» ու «Դաշնակցությունը» խորհրդարանում կհայտնվեն: Թեև ՀՀԿ-ի մասին մարդիկ ընդհանրապես լսել չեն ուզում, բայց ընդամենը երկու օր առաջ այն կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության լիիրավ անդամ դարձավ: Այս հանգամանքն իշխող քաղաքական ուժի պարտությունն է, քանի որ այն ուժը, որն ասոցացվում էր քրեաօլիգարխիկ համակարգի հետ, «հեղափոխությունից» մեկ տարի հետո առանց ռեբրենդինգի կարողացավ վերականգնվել ու որոշակի գործողություններ իրականացնել: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելուն, ապա դա իշխող քաղաքական ուժի համար տրամաբանական է, այն իր համակիրներին մոբիլիզացնելու տեխնոլոգիաներից մեկն է: ՈՒղղակի մյուս ուժերը պետք է հասկանան, թե ինչպիսի հակընդդեմ տեխնոլոգիաներ կիրառեն»,- ասում է նա:


Քաղաքագետն ընդգծում է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած «հեղափոխությունը» ենթադրում էր արմատական ու իրավիճակային փոփոխություն: Ենթադրելի էր, որ դրա հետ մեկտեղ պետք է վերանար քրեաօլիգարխիկ համակարգը, նոր հայեցակարգեր պետք է առաջ գային` սահմանադրական, հարկային ու մաքսային, տնտեսական, գիտակրթական և ամենատարբեր փոփոխություններ: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը ցույց տվեց, որ իրականությունն այլ է. «Այն մեծ մասամբ նվիրված էր տեղի ունեցած «հեղափոխությանը», դրա ժամանակագրությանը: Անգամ Ստրասբուրգում բացված «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում Նիկոլ Փաշինյանը մեկիկ-մեկիկ նկարագրում էր` «այս նկարում ես եմ, այս նկարում երեխան է ճանապարհ փակում» և այլն: Ցուցահանդես-միջոցառմանը կարելի էր այլ անվանում տալ` «Ես և հեղափոխությունը»: ԵԽԽՎ-ի կարևոր ամբիոնը կարող էր օգտագործել` ընդգծելու համար Հայաստանի դերը եվրոպական ընտանիքում, բայց դա անելու փոխարեն 540-րդ անգամ Փաշինյանը կրկնեց, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը չի փոխվել` չհստակեցնելով, թե որն է մեր երկրի եվրոպական օրակարգը: Ընդամենը մեկ քննադատություն հնչեց, թե ինչու Եվրախորհուրդը չի աշխատում Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության հետ ու չի նպաստում այնտեղ ժողովրդավարության զարգացմանը: Սա վկայում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց քաղաքական օրակարգում դատարկություն է, ոչ մի հարց, հայեցակարգային որևէ մոտեցում իշխանությունները չունեն: Իշխանության ներկայացուցիչները նկատելի երեք հարցերի են անդրադարձել միայն` կառավարության ծրագիր, կառուցվածք և Հարկային օրենսգիրքը, բայց դրանցում առկա խնդիրների լուծումները լավագույն տարբերակով չեն կյանքի կոչվել: Ավելին` կառավարության կազմի ծրագիրը մինչ այս պահը չի ընդունվել»:


Ըստ մեր զրուցակցի՝ օրակարգերի բացակայության պատճառով է, որ տարատեսակ շոուներ են կազմակերպվում, սակայն այդ շոուները մեկ կամ երկու օրվա կյանք ունեն. քննարկվեցին, անցավ-գնաց: Զարմանում է՝ Հայաստանի անկախության հանրաքվեն նվա՞զ կարևոր է քաղաքացու օրվանից, կամ` Շուշիի ազատագրման օրը, որ հայ ժողովրդի պանծալի հաղթանակն է, նշանակալի իրադարձություն չէ՞: Իսկ մաքսատան միջադեպը, ընդգծում է Բադալյանը, քաղաքացու օրվա նման, նույնպես կարճաժամկետ շոուի տեխնոլոգիա էր. «Կոնկրետ այդ երիտասարդը մեղավոր ու պատասխանատու չէ այնտեղ դրված դրոշի համար: Ցանկացած պետական հիմնարկում աշխատողն աշխատանքային պայմանագիր է կնքում, որտեղ նշված է, թե տվյալ մարդն ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի: Արդյո՞ք այդ տղայի աշխատանքային պայմանագիրը սահմանում էր, որ նա պետք է հետևի սենյակում առկա գույքին ու իրերին: Փաշինյանի` անընդհատ մաքրություն անելու մոլուցքը վկայում է նրա՝ ավտորիտար համակարգի կրող լինելու մասին, որովհետև ժողովրդավար երկրներում ղեկավարները նման բաներով չեն զբաղվում»:


Ինչ վերաբերում է երկրի տնտեսությանն ու ներդրումներին, ապա Արմեն Բադալյանը վստահ է՝ օրինակ «Սպայկա» ընկերության շուրջ լարված իրավիճակը հարթելու համար երկրի ղեկավարությունը կալանավորման փոխարեն այլ լուծում պետք է գտներ: Նրա համար անհասկանալի է` ինչպե՞ս ստացվեց, որ մեծ սուպերմարկետների ցանց ունեցող անհատի մոտ ԱԱԾ-ն ստուգումներ իրականացրեց, բայց ամբողջ պատմությունը փակվեց-գնեց` 16 մլն դոլարի տուգանքը վճարելուց հետո, բայց երբ հարցը 15 մլն-ի մասին է, որոշում են կալանավորել վերոնշյալ ընկերության տնօրենին։ «Վարչապետն իշխանության գալուց հետո հայտարարեց, թե խորհրդարանում ներկայացված ՀՀԿ-ականները խանգարում են ներդրումային դաշտ ձևավորելուն: 4 ամիս է արդեն, որ հանրապետականները խորհրդարանում ներկայացված չեն, բայց, բացի երկու ձեռնարկություն բացելուց, լուրջ ներդրումներ չեն եղել: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի կողմից ներդրումներ չկան, մյուս կողմից կալանավորում են ներսի ներդրողներին: Այս պարագայում ի՞նչ է թվում իշխանության ներկայացուցիչներին` ներդրողներ կլինե՞ն, թե՞ ոչ: Գործարարների ու ներդրողների հետ վեճերը պետությունը պետք է փորձի կարգավորել հաշտեցման միջոցով, արդյունքում կշահի երկրի տնտեսությունը, ու բիզնեսը չի տուժի: Իսկ ձերբակալություններ ու տույժ-տուգանքներ նշանակելով` միայն պետական բյուջեն լցնելու խնդիրն է լուծվում»:


Մեր զրուցակիցը նաև շեշտում է՝ Փաշինյանի հեղինակությունը գնալով ընկնում է, դա նաև վարչապետն է քաջ գիտակցում, բայց մյուս կողմից էլ մտածում է` ինչո՞ւ է այդպես: Ըստ քաղտեխնոլոգի՝ երկրի առաջնորդն ինքն իրեն մտածում է. «Չէ՞ որ ես հեղափոխություն եմ արել, կառավարությունը լրջագույն բացթողումներ ու ձախողումներ չի ունեցել, բայց, այս ամենին զուգահեռ, ինչու՞ է ընկնում իմ վարկանիշը: Գուցե այն պատճառով, որ նախկին իշխանության ներկայացուցիչները «Ֆեյսբուք»-ում ֆեյք էջեր ունենալու վրա միլիոններ են ծախսում, որ մանիպուլացնե՞ն ժողովրդին»։ «Փաշինյանը համոզված է, թե ինքը միշտ ճիշտ է, շրջապատն է ամբողջովին սխալ, ու պետք է պայքարել դրա դեմ: Հետևաբար` առաջ է գալիս թշնամիներ փնտրելու երևույթը: Եվ եթե ուշադիր հետևեք նրա գործողություններին, ապա միշտ թշնամի է փնտրում ու ոչ թե երկարաժամկետ, այլ իրավիճակային: Օրեր առաջ թշնամին ԲՀԿ-ն էր, այնուհետ` մաքսատան աշխատակիցը, հետո` ՀՀԿ-ն, որն իբր տրանսգենդեր կնոջն անձնագիր էր տվել, չնայած դրա իրավասությունը ոչ թե կուսակցությունը, այլ ոստիկանությունն ունի: Քաղաքական ուժն իր կողմնակիցներին շուրջը պահելու երկու ձև ունի` կա՛մ լուսավոր ապագա ունենալու խոստում ես տալիս, մատնանշում նպատակ-թիրախները, ու մարդիկ գալիս են քո հետևից, կա՛մ մատնանշում ես թշնամիներիդ: Երկուսն էլ վարկանիշը բարձր պահելու տեխնոլոգիաներ են, և տեսնում ենք, որ Փաշինյանը սեփական վարկանիշը բարձր պահելու համար առաջնորդվում է երկրորդով: Նրա մոտ այժմ անսխալականության սինդրոմ է: Գիտի, թե ամեն ինչ ճիշտ է անում, իսկ սխալների համար մեղավոր են իրեն չհասկացող մյուսները»:


Քաղաքագետ Բադալյանի համոզմամբ՝ Փաշինյանի թիմում շուտով խմբավորումներ են առաջանալու, և դա բնական երևույթ է, որ կարող է լինել, օրինակ, աշխատանքային կոլեկտիվում, կուսակցության ներսում կամ էլ իշխանության մեջ` լիդերի բաղձալի պաշտոնը զբաղեցնելու համար: Հիշում է՝ ՀՀԿ-ի դեպքում դա տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի հակասությամբ, ՀՀՇ-ի դեպքում` Էդուարդ Եգորյան-Վազգեն Մանուկյան իրարամերժությամբ:


Նշում է՝ իմքայլական ամենատարբեր մարդիկ փորձելու են հնարավորության դեպքում փոխարինել առաջին դեմքին, ու ինչքան էլ վարչապետը սոսնձի դեր կատարի, ինչ-որ ժամանակ անց նրա վարկանիշն անկում է ապրելու, և այդ 88 հոգին տարբեր խմբեր են ձևավորելու:


Անդրադառնալով Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը՝ հստակեցնում է՝ այն ոչ թե ռուսամետ, այլ պուտինամետ է: Որոշ հրապարակախոսներ, ընդգծում է Արմեն Բադալյանը, որ նախկինում ռուսամետ քաղաքականության համար քննադատում էին Սերժ Սարգսյանին ու նրան վասալ անվանում, այժմ լռում են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է հնարավորը` համոզելու համար Պուտինին, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխել: Հարց է բարձացնում՝ եթե հայ-ռուսական հարաբերությունները վատացել են, ապա ինչու՞ է Փաշինյանն անձամբ զանգում ու զեկուցում, թե տարբեր երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ինչ է խոսել: Այդպես անգամ Սերժ Սարգսյանը չէր անում: Քաղտեխնոլոգի կարծիքով` եթե Եվրամիության դեսպանների գնահատականերին, կապված ԱԺ-ում տրանսգենդեր կնոջ ելույթի հետ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց ու ասաց` մի՛ խառնվեք մեր ներքին գործերին, ապա նույն բանը տեղի չունեցավ, երբ, օրինակ, անցած տարի նոյեմբերին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Տարասինն ու արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեցին, թե ՀՀ իշխանություների վրա ԱՄՆ-ը մեծ ճնշում է գործադրում:


Ինչ վերաբերում է հանգամանքին, թե Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Պուտինը Հայաստան չի այցելել, մեկնաբանում է. «Փաշինյանը րոպեն մեկ իր մոտ է գնում, էլ ինչո՞ւ գա Հայաստան: Եթե Պուտինին պետք լինի, Հայաստան այցելելով, շոու անել, ապա կգա, շոուն կանի, կգնա: Երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի, նա, հնարավոր է, գա Հայաստան: Այդ ժամանակ Փաշինյանը կգնա, կկանգնի ՌԴ նախագահի կողքին, որ իր աջակիցներն ասեն` օ՜: Արտաքին քաղաքականությունը միայն Չինաստանից ճանապարհներ բարեկարգելու ու Ճապոնիայից ընտրությունների համար համապատասխան սարքեր ձեռք բերելու համար ֆինանսավորում խնդրելով չի պայմանավորված: Օրինակ՝ ո՞րն է Հայաստան-Իրան տնտեսական օրակարգը, կամ եթե հանդիպեն Փաշինյանն ու Թրամփը, ապա ՀՀ վարչապետն ի՞նչ է ասելու ԱՄՆ նախագահին: Կասի` ես ՀՀ վարչապետն եմ, ապա կշարունակի` հեղափոխություն եմ արել: Թրամփն էլ կասի, թե` դա արդեն 1500 անգամ ասել ես, հետո՞: Արաբական աշխարհի, Հնդկաստանի հետ որևէ շփում չկա, Լատինական Ամերիկայի տեղն ընդհանրապես չգիտեն, Ֆրանկոֆոնիան էլ եկավ-անցավ: Վարչապետը մի տարվա մեջ այցելել է մեկ-երկու եվրոպական երկիր, մյուս դեպքերում նրա այցերը պաշտոնական չեն եղել, այլ ուղղակի ինչ-որ մի միջոցառման կամ գագաթնաժողովի շրջանակում»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ