Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պետական կառավարման հարցեր քննարկելիս չի կարելի մտածել ու գործել կենցաղային մտածողությամբ»

«Պետական կառավարման հարցեր քննարկելիս չի կարելի մտածել ու գործել կենցաղային մտածողությամբ»
23.04.2019 | 04:31

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու գործադիրի ներկայացրած նախագիծը խորհրդարանը երեկ ընդունեց առաջին ընթերցմամբ: Կարելի է ասել, որ ԱԺ քաղաքական մեծամասնության շնորհիվ մի շարք նախարարություններից հրաժարվելու ու սուպերնախարարներ ունենալու օրենսդրական փաթեթը կյանքի կոչվելու փուլում է: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների, դրանցից բխող ռիսկերի ու հետևանքների, կրճատումների ու լավ մասնագետներին պետական համակարգում պահելու հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

-Ձեր խմբակցությունը կառավարության կառուցվածքի սեփական տարբերակն էր առաջարկում, բայց իշխող մեծամասնությունը կարծես ականջալուր չեղավ այդ առաջարկներին:
- Մեր կողմից ներկայացված առաջարկները հիմնավորել էինք մի քանի գործիքակազմով: Դրանցից առաջինը սահմանադրականությանը համապատասխանությունն էր, երկրորդը՝ մեր կողմից ներկայացված տարբերակի հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը, երրորդը՝ տրամաբանական ու ալգորիթմային մոտեցումները: Այս երեք դրույթներն էլ, որ ներդրել էինք մեր փաթեթում, կառավարության ներկայացրած օրինագծում բացակայում էին: Հենց այնպես նախագիծ ներկայացնելը, որը սոսկ ցանկության արդյունք է, ու որտեղ որևէ հաշվարկ չկա, զուրկ է հիմնավորվածությունից, խոսում է մեկ բանի մասին՝ սայլը տեղից չի շարժվել:
-Հաշվարկ ասելով` նկատի ունեք օպտիմալացման հետևանքով կրճատվող աշխատակիցների՞ն:
-Նաև Ձեր ասածը, բայց ավելի գլոբալ եմ մտածում հաշվարկ բառն օգտագործելիս: Եթե ինչ-որ բան փոխում ենք, նպատակն այն պետք է լինի, որ տվյալ փոփոխության արդյունքում կառույցի արդյունավետությունը բարձրանա: Բայց նախքան այդ պետք է հասկանանք, թե արդյունավետությունն ինչպե՞ս ենք բարձրացնում, որովհետև սատանան թաքնված է մանրուքներում: Իհարկե, մարդկանց ավելի կամ պակաս քանակը նույնպես դերակատարում ունի, շատ քանակի դեպքում հնարավոր է արդյունավետության բացասական միտում ունենանք, հետևաբար պետք է հասկանալ՝ որն է աշխատակիցների օպտիմալ քանակը: Փաստն այն է, որ որևէ պատճառաբանություն, հիմնավորում ու տրամաբանություն չկա արդեն իսկ խորհրդարանի հավանությունը ստացած օրինագծի հիմքում, ինչն էլ մտահոգիչ է: Հենց այնպես չի կարելի ասել, որ կառավարության թվակազմը պետք է կրճատել: Եթե տրամաբանությունն այն է, որ նախարարություններն ըստ գործառույթների են միավորում, օրինակ՝ տնտեսական բլոկի նախարարությունները մեկտեղվում են մեկ մարմնի մեջ, հասկանալի է, բայց իշխանության կողմից առաջարկվող կառուցվածքի մեջ բացակայում է նույնիսկ այդ տրամաբանությունը: Կան գերատեսչություններ, որ թեև նույն գործառույթների տրամաբանության մեջ են, բայց առանձին են հանդես գալիս: ՈՒնենք ներքին անվտանգությունը համակարգող ոստիկանություն, որ որևէ համակարգի մեջ չկա, բայց փոխարենն ունենք արտակարգ իրավիճակների նախարարություն: Մինդեռ կարելի էր այս երկուսը միավորել ու ավելի արդյունավետ կառավարում ակնկալել: Ասում են՝ ուզում ենք խուսափել սուպերվարչապետական համակարգից, բայց դրան միտված քայլեր չենք տեսնում, և դա գուցե այն պատճառով, որ ավելի հեշտ է իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնել:
-Ասում են՝ իշխանությունն առաջնորդվել է հետևյալ տրամաբանությամբ՝ որ ոլորտի համար հարմար թեկնածու են ունեցել, այդ նախարարությունն էլ պահել են:
-Ինքս էլ լսել եմ այդ մասին, բայց չեմ ուզում հավատալ, որ իշխանություններն այդ տրամաբանությամբ են առաջնորդվել, դա կառավարման չափազանց սխալ մեթոդ է: Եթե անձով ենք պայմանավորում գործադիր իշխանության կառուցվածքը, ապա պետության զարգացման առումով ապագա չենք կարող ունենալ: Պետք է ինստիտուցիոնալ մտածենք, հասկանանք, որ պետականության ապագան կայուն ու աշխատող ինստիտուտները պետք է լինեն, այլ ոչ անհատները: Անձինք անընդհատ կարող են փոխվել, բայց ով էլ որ ղեկավարի ինստիտուտը, դժվար թե կարողանա փչացնել այն:
-Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե նախարարությունների միավորումն այս փուլում սոսկ մեխանիկական է լինելու: Այսինքն՝ կմիավորվեն ու ընթացքում կհասկանան՝ ինչպես կլինի հետագան:
-Լավ առաջնորդները վատերից տարբերվում են նրանով, որ ոչինչ ինքնահոսի չեն թողնում, նախապես իմանում են՝ ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, ու պատրաստվում են այդ զարգացումներին` իրենց փաթեթներով, լուծումներով, ճանապարհային քարտեզներով և այլն: Բայց եթե ամեն ինչ թողնում ենք ինքնահոսի, ապա պետք է պատրաստ լինենք, որ կառուցվածքների վերադասավորումը կարող է փոխվել կամ սոցիալական այլ երևույթներ առաջ գան, ու կորցնենք վերահսկողությունը: Նախկինում էլ էր գործում այդ տրամաբանությունը, ինչը որևէ դրական արդյունքի չէր հանգեցնում: Կարճ ասած՝ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու: Այդ տրամաբանությամբ առաջնորդվող ղեկավարները թե՛ մարդկանց ճակատագրերը, թե՛ պետության կառավարումն անուղղակիորեն բախտի քմահաճույքին են թողնում: Մի հանգամանք ևս պետք է կարևորենք ու հիշենք՝ հոսանքը միշտ ներքև է իջնում:
-Եթե գլոբալ դիտարկենք՝ օպտիմալացման այս ծրագիրը պետական բյուջե հավելյալ գումար մուտքագրելու համա՞ր է կյանքի կոչվում:
-Նախագծի մեջ գրված չէր, որ կրճատումների միջոցով մեծ խնայողություններ կլինեն, ու ինչպես հասկացա՝ աշխատանքից ազատվող մարդկանց թիվը մի քանի տասնյակի՝ առավելագույնը 100-ի կամ 200-ի է հասնելու: Ձեզ հուզող հարցը բարձրաձայնել եմ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստի ժամանակ, բայց վերջնական պատասխան չեմ ստացել: Հիմնավորման մեջ գրված է, թե նպատակը «կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումն է», բայց հարցն այն է՝ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով, եղանակներով են հասնելու արդյունավետության բարձրացման: Պատասխանը գուցե իրենք էլ չունեն:
-Վարչապետն ասում է, որ եթե մարդը լավ մասնագետ է, ապա աշխատանքը կորցնելու մասին չպետք է մտածի: Մյուս կողմից, ո՞րն է երաշխիքը, որ լավ մասնագետը, ամիսներ տևող անորոշությունից հիասթափված, արդեն իսկ հեռացած չի լինի պետական համակարգից:
-Ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, այո, բարդ է հասկանալ՝ ով է գնում, ով է մնում: Բացի այդ՝ պետական ապարատում միջավայրն այդքան էլ գրավիչ չէ, ու չի բացառվում, որ համակարգում մնան այնպիսի մասնագետներ, որոնք շուկայում իրենց տեղը գտնել չեն կարողանում: Սա կարող է հանգեցնել մասնագետների հոսունության, մարդիկ կնախընտրեն մասնավոր ոլորտը` պետական կառավարումը թողնելով ոչ այդքան լավ մասնագետներին: Անգամ դատական համակարգում կա այդ միտումը, լավ դատավորները, միջավայրի և հազար ու մի այլ հանգամանքներից ելնելով, նախընտրում են մասնավոր հատվածում աշխատել: Ստեղծվում է իրավիճակ, երբ պետական գերատեսչություններում միջակ մասնագետներ են աշխատում, մասնավորում՝ լավագույնները, մինչդեռ վերջիններիս զգալի մասը պետական ապարատում պետք է աշխատեր: Իսկ իշխանությունների վարած քաղաքականությունը միտված չէ այդ նպատակի իրագործմանը, հակառակը` դեռ մի բան էլ կարող է վանել գործի նվիրյալ, պետական մտածողությամբ լավագույն կադրերին:
-Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ այն համոզմանն էր, որ եթե մշակույթի նախարարության աշխատակիցները մի քանի ամիս շարունակ գործադուլ անեն, մշակութային կյանքում ինչ-որ բան տեղի չի ունենա:
-Ամենևին համակարծիք չեմ այդ տեսակետի հետ, պետական կառավարման ոլորտում կամ պետական կառավարման հարցեր քննարկելիս, դրանք լուծելիս չի կարելի մտածել ու գործել կենցաղային մտածողությամբ, դա պետական գործչին ու իր կայացրած որոշումներին հարիր չէ: Պետք է բացառապես համալիր մտածողություն դրսևորել, երբ առանցքում պետությունն է ու երկրի կառավարումը: Մշակույթի նախարարությունը չպետք է նույնականացնել թատրոների կամ թագարանների ինչ-որ մի խնդիր լուծելու հետ, դա այդ կառույցի գործառույթների անգամ մեկ տոկոսը չէ: Այն համապետական, նույնիսկ համազգային նշանակություն ու առաքելություն ունի, իսկ մշակույթի գործիչները Հայաստանի հանրապետության ու հայ ժողովրդի անուղղակի դիվանագետներն են, որոնց միջոցով ներկայացնում ենք մեր երկրի, ժողովրդի ստեղծագործական ներուժն ու աշխարհով մեկ առաջ տանում ազգային ցանկություններն ու իղձերը: Պետք է այս համատեքստում ու տրամաբանությամբ մտածել՝ մշակույթի նախարարությունը չիջեցնելով ստորին ու կենցաղային մակարդակի գործառույթ կատարող գերատեսչության սանդղակի: Իսկ եթե նախկինում վատ է աշխատել, ապա չի նշանակում, թե այժմ պետք է փակել, որ սկսի ավելի լավ աշխատել: Եվ այս առումով մշակութային գործիչների զայրույթն ու անբավարարվածությունը տեղին է, նրանք պետք է արժանի վերաբերմունք ստանան պետությունից: Ի վերջո, պետությունը ժամանակի մեջ մշակույթ է, մշակույթը՝ տարածության մեջ պետություն:
-Բայց մշակութային գործիչները կարճ ժամանակ անց մշակույթի առանձին նախարարություն ունենալու անհրաժեշտության մասին դադարեցին խոսել:
-Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ մշակութային մի շարք գործիչներ խուսափում են խոսելուց կամ խնդիրների մասին բարձրաձայնելուց: Եթե նախկինում խուսափում էին՝ մտավախությամբ, թե իշխանություններն իրենց նկատմամբ ճնշումներ կգործադրեն, այժմ խոսել չեն ցանկանում՝ մտածելով, որ իշխանությունը կօգտագործի ժողովրդական զանգվածներին, ու «քննադատները» հարձակման թիրախ կդարձնեն նաև իրենց: Չէ՞ որ այժմ որևէ մեկը, եթե համարձակվում է սոցիալական ցանցերում կամ հրապարակայնորեն ելույթ ունենալ ու օբյեկտիվորեն քննադատել իշխանություններին, սկսում են քարկոծել, անիծել, բանադրել և այլն: ՈՒ մարդը, մտավորական լինելով հանդերձ, ասում է՝ ինչի՞ս է պետք քննադատող հայտարարություն անեմ, որ ժողովուրդն էլ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերի:

Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ