Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գալը գալիս եմ, բայց չգալու հաշիվ է

Գալը գալիս եմ, բայց չգալու հաշիվ է
14.05.2019 | 13:50

Եվրոպան ցանկանում է կապվել արևելյան հարևանների հետ և նրանց դուրս բերել Ռուսաստանի ներգործությունից: Որոշ դեպքերում ստացվում է՝ գրում է Եվա Ֆիշերը Handelsblatt-ում։


Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա։ Ամբողջ շարք երկրներ հարց են տալիս՝ ու՞մ են ուզում հարել՝ ու՞մ հետ զարգացնել առևտուրը, քաղաքական ո՞ր համակարգով կողմնորոշվել։ Սեփական մոդելը քարոզելու համար ԵՄ-ն 10 տարի առաջ նախաձեռնեց «Արևելյան հարևանության» նախագիծը։ ԵՄ-ն մտադիր է բարելավել հարաբերությունները 6 պետությունների հետ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի։ Բրյուսելում նշում են գործընկերության 10-ամյակը։ Արևելյան հարևանների ու Կովկասի երկրների կայունությունը վիթխարի նշանակություն ունի ոչ միայն անվտանգության քաղաքականության տեսակետից, այլև եվրոպական էներգամատակարարման: Այս 6 երկրները ԵՄ անդամակցության թեկնածուներ են։ «Արևելյան գործընկերության շնորհիվ վերջին 10 տարում մենք կառուցել ենք ավելի խոր երկկողմ և բազմակողմ հարաբերություններ բոլոր 6 գործընկերների հետ՝ արդյունքներով, որ էական նշանակություն ունեն և երկու կողմերի, և տարածաշրջանների համար»՝ ասել է թերթին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։


Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի՝ միանշանակ եվրոպամետ երկրների հետ, կնքվել են ասոցացման, ազատ առևտրի և առանց վիզայի ռեժիմի համաձայնագրեր։ Հայաստանի հետ, որ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, ստորագրվել է գործընկերության համաձայնագիր։ Շուտով նոր համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի հետ, որ դիրքավորվում է ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ։


Առավել ծանր են հարաբերությունները Բելառուսի հետ, որ համարվում է Եվրոպայի վերջին բռնապետությունը: Այնտեղ կա միայն համակարգող խումբ, որը պետք է նպաստի ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության զարգացմանը։ Բելառուսը շատ խիստ է կապված Ռուսաստանին: Ռուսաստանն ի դեմս Բելառուսի տեսնում է ռազմավարական բուֆերային գոտի իր և ՆԱՏՕ-ի երկրների միջև։ Ղրիմի անեքսիայից հետո Մինսկում տագնապում են, որ Վլադիմիր Պուտինը երկու երկրներից կարող է ստեղծել մեկ վելիկոռուսական պետություն, այդ պատճառով Բելառուսի ղեկավարությունը նույնպես կապեր է որոնում Եվրոպայի հետ։


2009-ի մայիսին Պրագայում կայացավ Արևելյան գործընկերության հիմնադիր հանդիպումը: Այդ ժամանակից Եվրոպական կենտրոնական բանկից տարածաշրջան է փոխանցվել 8,7 միլիարդ եվրո: Ապրիլի վերջին գործում են 95 նախագծեր։ Գումարի մեծ մասը հատկացվել է Ուկրաինային (5,5 միլիարդ եվրո), ապա՝ Վրաստանին (1,84 միլիարդ եվրո)։ Ամենից քիչ (96,3 միլիոն եվրո) ներդրվել է Ադրբեջանում:


«Չնայած անվիճելի հաջողություններին, որ ձեռքբերվել են ամբողջ տարածաշրջանում, կան ոլորտներ, որտեղ հնարավոր են բարելավումներ»՝ ընդունում է Ֆեդերիկա Մոգերինին։ Մարդու իրավունքների խախտումները, պետությունների անբավարար իրավական բնույթը, պետության վատ կառավարումը, կոռուպցիան և խոսքի ազատության սահմանափակումները առաջվա պես խնդիրներ են մնում ԵՄ-ին հարևանող երկրներում։ Խաղաղությունը ևս տարածաշրջանում ինքնին ենթադրելի չէ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես թշնամիներ են ու հարաբերություններ չունեն։ Հարաբերությունները Վրաստանի հետ հաճախ են վեճեր հարուցում ԵՄ-ում։ Ինչպես Արևելյան Բալկանների դեպքում՝ ԵՄ-ն մի կողմից ռազմավարական հետաքրքրություն ունի, որ երկիրն իրեն մոտ պահի և սահմանափակի այլ ուժերի ազդեցությունը։ Բայց դա միաժամանակ խնդրահարույց է՝ անկայուն երկրների ինտեգրումը կարող է ապակայունացնել ԵՄ-ն։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ անորոշությունը, կարելի է դիտարկել Մոլովայի օրինակով։ Սկզբում Ուկրաինայի ու Ռումինիայի միջև գտնվող այդ փոքրիկ, գյուղատնտեսական երկրի հետ մեծ հույսեր էին կապում Արևելյան հարևանության ծրագրում: Սակայն 2015-ից Մոլդովան վերածվեց մշտական հոգսերի առարկայի։ Այդ ժամանակ մոլդովական հաշվեհամարներից անհետացավ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի, 3 բանկ սնանկացավ, եվրոպամետ կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, տնտեսական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով 3,5 միլիոնից հարյուր հազարավոր քաղաքացիների հեռացան երկրից։ Նոր կառավարությունը երկիրը հեռացրեց ԵՄ արժեքներից։ Անհանգստությունը, որ պատմությունը կկրկնվի Վրաստանի հետ, մեծ է՝ շատ են խոսակցությունները, որ Վրաստանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ հեռանկարներ, որպեսզի առավել նպատակամետ բարեփոխումներ անեն և երբեք ԵՄ-ից երես չթեքեն։ «Ռազմավարական առումով Վրաստանը կպատրաստվի ԵՄ-ի հետ լիարժեք ինտեգրման ապագա քաղաքական քայլերին, երբ ժամանակը գա»՝ թերթին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան՝ պահանջելով ապագայի տեսալական ու հաջորդ ամբիցիոզ քայլերի գործողության ծրագիր։ Ճիշտ է՝ նույնիսկ ԵՄ-ի բարեհաճ շրջանակներում Վրաստանի անդամակցության մասին խոսքը 25 տարի հետո է: Բրյուսելի անվճռականությունը Մոսկվային բարարար ժամանակ է տալիս՝ խարխլելու ԵՄ-ի տարածաշրջանային ազդեցությունը։ Ապատեղեկատվությունը պրոբլեմ է Արևելյան հարևանության երկրներում: ԵՄ-ն արդեն հատուկ խումբ է ստեղծել տեղական մեդիատարածքի դիտարկման համար։ Բացի այդ՝ փաստը, որ սահմանների շուրջ վեճեր ունեցող ոչ մի երկիր չի կարող ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, խթանում է Պուտինի ագրեսիվ ու էքսպանսիոնիստական քաղաքականությունը։ Պատահական չէ, որ ի դեմս Վրաստանի ու Ուկրաինայի Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ են ԵՄ-ի անդամակցության առավել հավանական 2 թեկնածուները։
Եվա Ֆիշեր, Handelsblatt


Հ﮳Գ﮳ Բրյուսելի հանդիպմանը նախատեսվում էր Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ տնտեսական հարցերը լուծված են, խանգարողը քաղաքական է՝ Բաքուն պահանջում է, որ համաձայնագրում արձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, Բրյուսելն առարկում է, որ իր փաստաթղթերում չեն կարող տարընթերցումներ լինել Հայաստանի հետ կնքված համագործակցության համաձայնագրի Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող դրույթից։ Մինչև բրյուսելյան հանդիպումը իրարամերժ տեղեկություններ էին տարածվում համաձայնագրի կնքման պայմանների ու ժամկետների մասին: Փաստորեն՝ մայիսի 13-ին Բաքուն ու Բրյուսելը համաձայնագիր չեն կնքել։ Ավելին՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված հանդիպումից հետո պետք ընդհանուր հռչակագիր ընդունվեր, որի համար անհրաժեշտ էր Եվրամիության անդամ 28 երկրների և ԱլԳ 6 երկրների միաձայն համաձայնությունը: Դոյչե վելլեն, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ հռչակագիրը չի ընդունվել, քանի որ Ադրբեջանը վետո է դրել:
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ոտքի վրա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Նա «Ազատության»-ը ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։ «Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, վարչապետը պատասխանել է﮳ «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։


Այս պայմաններում առաջանում է անխուսափելի հարց՝ ի՞նչն էր այդպես Փաշինյանին վանում Բրյուսելից, որ ամեն ինչ արեց հնարավորինս քիչ մնալու համար՝ նախ թռավ Լյուքսեմբուրգ, հետո շտապեց Պեկին։ Մեղմ ասած՝ դա անթաքույց արհամարհանք է ԵՄ-ի նկատմամբ: Գալը՝ գալիս եմ բայց չգալու հաշիվ է՝ սկզբունքով։ Նույնիսկ նման աշխատանքային այցերի դեպքում հանդիպումներ են նախատեսվում ԵՄ ղեկավարության հետ՝ Փաշինյանի օրակարգում ոչ Տուսկը կար, ոչ Մոգերինին, ոչ ոք: Նա նույնիսկ ավանդական լուսանկարում չկա: Պեկին մեկնելը պատրվակ է՝ թե Սի Ձինպինը, թե Լի Կեցյանը այնքան փորձառու են, որ կհասկանային՝ ինչու՞ է Հայաստանի վարչապետը մի քանի ժամ ավել մնում Բրյուսելում։ Ընդամենը 5 ժամանոց այցը ԵՄ մայրաքաղաք քաղաքական գնահատական է որակվելու՝ որ կողմից էլ նայես: Ու դա հօգուտ Հայաստանի չէ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ