Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀԿ. Քաղաքական իրողությունները թերեւս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձեւախեղման

ՀՀԿ. Քաղաքական իրողությունները թերեւս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձեւախեղման
22.06.2019 | 00:51

Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարել է ՀՀԿ-ն. «Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: Արձանագրելով, որ
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:


Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:
ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (ՀՀ նախագահի կողմից իր պարտավորությունների ստանձման օրը՝ 2018 թ․ ապրիլի 9-ը) նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Սահմանադրական դատարանի նախագահի մասով անգամ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի նեղ եւ գերտառացի մեկնաբանության ժամանակ ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանը, որ ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թ․ մարտի 21-ին, պետք է «շարունակի պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների՝ 2005-ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:


Սակայն նույնը վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանի մյուս անդամներին: Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2005 թ․փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը եւ տվյալ դեպքում սահմանադիրը ՍԴ անդամի եւ ՍԴ դատավորի միջեւ չի դիտարկում որեւիցե տարբերություն։
Ըստ ՀՀ Սահմանադրության` թե՛ Սահմանադրական դատարանի անդամի, թե՛ սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները նույնն են` Սահմանադրական դատարանի կազմում իրականացնել սահմանադրական արդարադատություն:
Ըստ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի` Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը:


Եթե Վ. Գրիգորյանի մեկնաբաբնությունը ճիշտ լիներ, դա կնշանակեր, որ 2018 թ. ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների տեղերը թափուր են եւ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ դատավորների ընդհանուր ժողովը եւ թե՛ Կառավարությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին երեքական դատավորի թեկնածու առաջադրելուն: Սակայն ակնհայտ է, որ այդպես չէր, քանի որ որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում նման անհեթեթ ձեւով մեկնաբանել Սահմանադրությունը: Սակայն քաղաքական իրողությունները թերեւս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձեւախեղման:
Ավելին, Վ․ Գրիգորյանի կողմից նշված փաստարկների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու Սահմանադրական դատարան. մեկում պաշտոնավարում են ՍԴ անդամները, իսկ մյուսում՝ ՍԴ դատավորները։ Իրավունքում կա տրամաբանական եզրահանգման ձեւ, որը կոչվում է reductio ad absurdum: Եթե նորմի որեւէ մեկնաբանություն արդյունքում հանգեցնում է աբսուրդի (օրինակ` երկու ՍԴ ունենալ), ապա նորմի այդ մեկնաբանությունը չի կարող ընդունելի լինել:
ՀՀԿ-ն հայտարարում է.
Նշված զարգացումները երկրում սահմանադրականությունը խարխլելու գործող իշխանությունների ջանքերի եւ դատական համակարգի հանդեպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս մայիսին սկսված հարձակումների շարունակությունն են:
Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Մենք շարունակելու ենք հետեւողական պայքարը երկրում Սահմանադրության եւ օրինականության պահպանման ուղղությամբ՝ ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ միջազգային հարթակներում»:

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ