Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ նպատակ է հետապնդում քննիչ հանձնաժողովը

Ինչ նպատակ է հետապնդում քննիչ հանձնաժողովը
26.07.2019 | 00:41

Երբ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթում նշեց, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործի անցավ։ Երեկ արդեն առաջին նիստն է տեղի ունեցել, հրավիրվել է պաշտոնատար անձ։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի առնչությամբ բավական կոշտ տեսակետներ են հնչել՝ ընդհուպ այն, որ դա հետապնդում է բանակի, սպայական կազմի վարկաբեկման նպատակ։ Այս ամենից զատ կա մի նրբություն, որը, չգիտես ինչու, իշխանությունն իրեն հարմար ժամանակ գործի է դնում, իսկ երբ պետք չէ, չի էլ հիշում։


Այս մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն արցախյան հակամարտության առնչությամբ բազմիցս նույն միտքն է հնչեցրել. դա Արցախի ղեկավարության և արցախցու հարցն է։ Բայց այս սկզբունքը ինչու՞ հաշվի չի առնվում, երբ որոշում են քննել մի բան, որը տեղի է ունեցել Արցախում, ավելին, հայկական երկրորդ պետության վրա է Ադրբեջանը հարձակվել, ոչ թե Հայաստանի։ Հիմա, երբ ապրիլյան պատերազմն են քննում, հարցրե՞լ են Արցախի ղեկավարությանը, հրամանատարական կազմին՝ նրանք ուզու՞մ են, որ այդ հարցը հենց այս պահին, այդ կազմով քննության առարկա դառնա։ Կամ երբ հանձնաժողովը որոշում է տարբեր «տրամաչափի» պաշտոնյաների կանչել հարցաքննության, արդյոք ծրագրու՞մ է, որ Արցախից էլ պետք է որոշ անձանց կանչի։ Թե՞ Հայաստանում մի հանձնաժողով է ստեղծվում Արցախում կատարվածի մասին սեփական եզրահանգումներն անելու և դա, իբրև անհերքելի իրողություն, ներկայացնելու Արցախին։


Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե այս հանձնաժողովի նպատակն է պարզել` մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրա՞ստ են եղել այդ զարգացումներին, ինչպես նաև բարձրացնել բանակի նկատմամբ հասարակության վստահությունը։ Ենթադրենք, պարզեցին, որ պատշաճ ձևով պատրաստ չեն եղել (այլ հարց է, թե պատշաճության չափն ինչպես են գնահատելու և ամենակարևորը՝ ովքեր են գնահատողները), ի՞նչ ձևով են դա հանրությանը ներկայացնելու, մեղավորնե՞ր են մատնանշելու։ Կամ այդ հարցի պատասխանն ինչպե՞ս է բանակի հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու։ Հաշվի առնելով, որ այս նուրբ հարցը քննվում է քաղաքական կառույցում, հազիվ թե հանձնաժողովը խուսափի քաղաքական բնութագրումներից ու հայտարարություններից, որքան էլ Անդրանիկ Քոչարյանը հակառակը պնդի։ Իսկ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերում նման մոտեցումը ոչ միայն պատասխաններ չի տա, հարցերին, այլև նոր հարցեր կառաջացնի։ Դիտարկելով նաև քննիչ հանձնաժողովի կազմը, մեղմ ասած, «ամենաանշառ» բանը, որ կարող է լինել, տարատեսակ տեղեկատվական արտահոսքերն են, ինչն առավել վտանգավոր է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ