Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դարձյալ Ռոբերտ Քոչարյանը

Դարձյալ Ռոբերտ Քոչարյանը
02.09.2019 | 09:37

2019-ի օգոստոսի 31-ին ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65 տարեկան: Նրա գրասենյակը հայտարարեց, որ ստացել է և շարունակում է ստանալ շնորհավորանքներ։ Ծննդյան օրը հենց շնորհավորանքներ ստանալու համար է: Բազում շնորհավորանքների հանրագումարից այն տպավորությունն է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե Արցախի կամ Հայաստանի նախագահն է եղել, այլ՝ Ռուսաստանի: Համենայն դեպս՝ ամռան վերջին օրը նրան հիշել են ավելի շատ Ռուսաստանում, քան Հայաստանում: Մի կողմ թողնելով ականավոր ու ոչ այնքան ականավոր քաղաքական, հասարակական, ռազմական, մարզական, մշակութային գործիչների, բիզնեսմենների հոգու պոռթկումը, արձանագրենք, որ նրա 65-ամյակն աննկատ անցավ Նազարբաևի ու Լուկաշենկոյի համար, որ նույնպես հոբելյար էր: Գուցե ոմանք հակված են ՀՀ նախկին նախագահին շնորհավորողներին համարել նրա ստվերային Մատյան գունդը, բայց դա մեծ չափազանցություն է: Հատկապես ռուսաստանցիների պարագայում, որ չգրված օրենքով հարկադրված էին շնորհավորել, երբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ Պուտինի շնորհավորանքին ոչ ոք չէր կասկածում՝ հատկապես սեպտեմբերի 3-ին ՀՀ ՍԴ վճռից առաջ:

Զարմանալի չի լինի, եթե մի քանի օր անց պարզվի, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նորից է հանդիպել ՍԴ նախագահին: Ի՞նչ է ասում ՌԴ նախագահը: Առաջին հայացքից արտառոց ոչինչ՝ «Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։ Ընդգծելով երկրորդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ Պուտինը Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել: Դա առաջին հայացքից, իրականում Պուտինի անխուսափելի շնորհավորանքը մեսիջ է Հայաստանի իշխանությանն ու ժողովրդին, որ Պուտինը «յուրայիններին» չի գցում, թեպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկի աղմկահարույց հայտարարությունը կասկածների տեղիք էր տալիս, որ ռուսները բախտի քմահաճույքին են հանձնել հերթական հովանավորյալին, կամ պահանջում են իրենց նպատակներին համահունչ հայտարարություններ նրանից կամ նրա փաստաբաններից, որ նույն նշանակությունն ունի: Այլապես ինչո՞վ բացատրել, որ ազատագրված շրջանները չեն համարվել Արցախի տարածք՝ ըստ փաստաբանի, որ ծանրագույն հարված է բանակցություններում Հայաստանի դիրքերին և միաժամանակ Լավրովի պլանի արդարացում: Վերջապես՝ Պուտինը փաստացի շնորհակալություն է հայտնում ՀՀ նախագահին՝ իր երկիրը ռուսներին վաճառելու կամ պարտքի դիմաց հանձնելու համար, որ Ռուսաստանում գուցե արժանի է երախտագիտության, իսկ Հայաստանում պետական դավաճանություն է:


Ռուսները մշտապես միջամտել են և շարունակում են միջամտել հետխորհրդային տարածքի այն պետությունների կյանքին, որ թույլ են տալիս այդ միջամտությունը: Որոշ դեպքերում կոշտ ուժով, որոշ դեպքերում՝ փափուկ: Սա տևական հիբրիդային պատերազմ է ռազմավարական դաշնակիցների միջև, որտեղ չեն լինում ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ, դիրքային, համառ ու մշտական պայքար է՝ ամեն պահ ու ամեն հարցում: Պարզապես Ռոբերտ Քոչարյանը դարձել է պայքարի գործիք ու փորձում է այդ պայքարն օգտագործել՝ իր գույքի ու ունեցվածքի՝ առավելագույնը, նվազագույնը՝ ազատության համար: Եվ պետք չէ ուշաթափվել, որ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին: Շատ ավելի վտանգավոր է ոչ թե Պուտինի անդեմ ուղերձը, այլ՝ Պուտինի հայաստանաբնակ զինվորիկների ամենօրյա անդուլ գործունեությունը, նրա հինգերորդ շարասյունը տրոյական ձի է հայկական պետականության դեմ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Ի թիվս այլ շնորհավորանքների՝ բնականաբար իրենց սրտի խոսքն էին ասել Արցախի նախկին ու ներկա իշխանությունները: Բնականաբար՝ չափազանցելով իրենց առաջին նախագահի դերն ու նշանակությունը: Դա էլ թողնենք իրենց խղճին, ամենազարմանալին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքն էր:


Պարզվում է՝ ՀՀԿ-ն մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ռոբերտ Քոչարյանին «արդարադատության համար պայքարում»: Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը համոզված է, որ «արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»: Եթե տոնական պաթետիկայից դուրս գանք, ստացվում է, որ ոչ ՀՀԿ-ն, ոչ Սերժ Սարգսյանը մինչև հիմա «չեն հասկացել», որ իր ամբողջ պաշտպանությունը Ռոբերտ Քոչարյանը կառուցում է մեղքը ուրիշների, այդ թվում՝ իրենց վրա, գցելու մարտավարությամբ՝ ես անմեղ եմ, իրավիճակն է մեղավոր, ես քնած էի, որոշումները ընդունել են նրանք, որ կամ այն աշխարհում են, կամ Ռուսաստանում, կամ Հայաստանում են ու վայելել են այն իշխանությունը, որ ես պահպանեցի նրանց համար: Ժամանակը իրոք սուտը ճշմարտությունից երբևէ կզատի, բայց երբ բանսարկությունը արդարադատությունից անջատվի, երբ ամբոխահաճո ու կեղծ հայրենասիրությունը նահանջի իրական հայրենասիրության առաջ, պատմությունը ընդհանրապես չի հիշելու ոչ Ռոբերտ Քոչարյանի անունը, ոչ էլ Սերժ Սարգսյանի: Իսկ մինչ այդ դեռ երկար խաղարկելու են Ռոբերտ Քոչարյանի վաղուց ավարտված շախմատային պարտիան՝ ստեղծելով դիրքային առավելության տպավորություն տանուլ տված խաղում: Հայաստանը ճանապարհ չունի դեպի հետ, առաջ գնալու ժամանակն է:

Դիտվել է՝ 2538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ