Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման

Ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման
05.09.2019 | 14:09

Հայ հանրությունը նոր խաղալիք է գտել՝ Վիտալի Շիշկինին, որ ստույգ հայտնի չէ՝ ընդդիմադի՞ր է, ֆաշիստական հայացքներ ունեցո՞ղ, հայամե՞տ, թե՞ հայատյաց: Տեսակետները տարբեր են, փաստը մեկն է՝ նա բնակվում է Գյումրիում: Նախ տեղեկացվեց, որ «Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել», հետո ապաստան տրամադրելը ժխտվեց: Ընդհանրապես ինչ արագությամբ տեղեկությունները տարածվում, նույն արագությամբ հերքվում են: Հայաստանի միգրացիոն ծառայության փաստաթուղթը վկայում է. «Առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա ՌԴ վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով»:
Շիշկինը փետրվարից Հայաստանում է, բայց աղմուկը բարձրանում է հիմա: Նա ինքն իրեն անվանում է նախկին քաղբանտարկյալ. «Հայաստանում ես ստացել եմ փախստականի կարգավիճակ՝ այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանում հետապնդվում եմ քաղաքական հայացքների համար: Փախստականների տարբեր տեսակներ կան՝ կրոնական, զինվորական, և ես ի սկզբանե ցանկանում էի փաստաթուղթ ստանալ քաղաքական հիմքով, որովհետև ես նախկին քաղբանտարկյալ եմ» և հույս ունի կազմակերպել Գարեգին Նժդեհին նվիրված իր գրքի շնորհանդեսը, ում նույնպես Ռուսաստանում անվանում են ֆաշիստ:


Փաստացի՝ խնդիրը ոչ այնքան Վիտալի Շիշկինի անձն է, որքան նրա շուրջ ծավալվող իրադարձությունների հասարակական գնահատականը: Հերթական անգամ հերթական անձը դառնում է լակմուսի թուղթ, որ երևան բերի հասարակության վերաբերմունքը ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլև՝ Հայաստանի ինքնիշխանության ընկալմանը: Օրինակ, բնավ զարմանալի չէ, որ Կարեն Բեքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հասել ենք մառազմի այն աստիճանի, որ սովորության համաձայն մուկն ու կատու խաղացողը, այն էլ մշտապես մկան դերում, չի նկատում, որ արդեն պետության ու ժողովրդի անունից է նույն խաղը խաղում, և սարսափելին՝ միևնույն է մկան դերում…
Մնացել էր հակահայկական ակցիաներում ակտիվությամբ հայտնի ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը: Ամեն խաղը խաղացել էինք, մնացել էր հակահայկական ակցիաներում իր ակտիվ մասնակցությամբ հայտնի, ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը:


Փաստացի, մեկ անձի հիվանդագին ամբիցիաների ու բարդույթների ապահովման հիվանդագին փորձերը՝ ժողովրդին «վաճառելու են» սուվերենության սոուսի ներքո: Ահավորն այն է նաև, որ հասարակության ինչ-որ հատվածի համար իրավիճակի ողջ լրջությունը դեռ տեանելի չէ:
Նորից մուկն ու կատու, նորից մկան դերով…
Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ դերակատարում ունեն այս գործընթացներում, հասկանու՞մ են, որ պատասխանատվություն են կրում այս անորակ, արժեք ու կարմիր գծեր չճանաչող շոուի համար: Շոու, որ կարող է պետությանն անդառնալի կորուստների առաջ կանգնեցնել:
Բոլոր մակարդակների պատասխանատուների համար օր-օրի փոքրանում է գիտակցելու և քայլ անելու ժամանակը: Եթե քայլեր անելու չեն մոտիվացնում ազգային ու պետական շահերը, հիշեք՝ ոչ մի մուկ չի պլստալու…»։
Ո՞րն է «սուվերենության սոուսը»: Կամ՝ որևէ անգամ Կարեն Բեքարյանն ու ընկերությունն իրենց հարց տվե՞լ են, թե ինչու և ինչպես Հայաստանը կարող է պահանջել ու չստանալ Ռուսաստան փախած իր քաղաքացիներին, որ Հայաստանում հետաքննության տակ են: Թերևս՝ ոչ: Պատահական չէ, որ Շիշկինի պատմությունը դառնում է «նախկինների» ու «ներկաների» հերթական սահմանաբաժան՝ դրսևորելով տեսակետների արմատական տարբերությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տասնամյակներով «փոքր եղբայր» խաղալն իր անպարագիծ հավատարմությամբ հանգեցրեց հայ-ռուսական հարաբերությունների հենց այս հարթությանը, որտեղ երկու պետությունները չունեն իրավահավասար գործընկերային փոխհարաբերություններ: Կրեմլը իր ազդեցությունն ընդլայնում է այնտեղ ու այնքան, որտեղ ու որքան թուլություն ու դիմադրունակության բացակայություն է տեսնում: Այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար մեծ իմաստնություն պետք չէ: Խնդիրն այն է, որ հայ հանրության մեջ լավ զարգացել է անգործունակության սինդրոմը՝ «Մենք թույլ ենք, նրանք՝ ուժեղ» նշանաբանով: Սրանից էլ ածանցյալ՝ մենք այսքան հավատարիմ ենք, թող նրանք էլ մեզ պահեն մտայնությամբ: Անկախությունը նախևառաջ սեփական քայլերի պատասխանատվություն է, նաև՝ արժանապատվություն: Ուժեղանալու այլ ճանապարհ մարդկության պատմությունը չի հնարել:

Դիտվել է՝ 2593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ