Հայաստանյան թավշյա հեղաշրջման առաջին «հմայքը» նրա արագությունն է: Արժանին պետք է մատուցել ոչ այնքան ամենքին ու ամենը, այդ թվում և պետությունը, «ասֆալտներին» փռող «պերսոնին», որքան նրան մոդերացնողներին: Հասկանալի է, քվանտային ու Շումանի ռեզոնանսի այս օրերում, երբ իռացիոնալության կայացման նորմը հենց արագությունն ու արագության «արանքներով» ճեղքումն է, այնուհանդերձ, մեզանում գործընթացները սկսել են հավասարվել արդեն լույսի արագությանը, եթե ոչ ավելին:
Այո, գիլիոտին է բարձրացվում արդեն չորրորդ իշխանությունը: Առաջին երեքի հարցը լուծված է: Գրեթե: Եվ եթե անգամ ՍԴ անդամները քաջություն ունենան, պահպանեն իրենց բաժին ընկած սահմանը, պետք է հասկանանք, որ արգելակների, բարոյականության, պետականության կորստի, ինստիտուտների անհագ ոչնչացման հետ որևէ խնդիր չունեցող «պերսոնը» ոտքը գազից չի քաշելու, սկսելու է նույն պառլամենտի իր ձեռնհասների օգնությամբ կատարել սահմանադրական փոփոխություններ, մինչև հասնի ՍԴ, այն է` դատական համակարգի իսպառ ոչնչացման:
Միով բանիվ, հերթում է չորրորդ իշխանությանը «ծնկի բերելու» հրամայականը: Չնայած, ինչպես տեսաք, «երկուսը մեկում» ֆորմատը գործեց. Ե՛վ Հրայր Թովմասյանի նկատմամբ «տեռոր կիրառվեց»` ի դեմս «Հայելի» կայքի ու ակումբի (որը պատկանում է Թովմասյանի քրոջը), և՛ անհագ ճնշում կիրառվեց ազատ խոսքի, մամուլի նկատմամբ:
Չմտնենք Բերմունդ, արձանագրելու, թե հայաստանյան որ լրատվամիջոցն է բոլոր անցնող տարիների ընթացքում ինչ ցանկացել, ինչպես ցանկացել գրել, «ումով» ցանկացել՝ գրել: Եվ ինչպես է ստացվել, որ այդքանից հետո նույն այդ ազատ` ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավարը, նախ` պատգամավոր դարձել, և ապա` վարչապետ, ընդ որում` անարյուն, անձու, անսևժապավեն, անասֆալտափռում, և այդպես շարունակ:
Ազատ խոսքը, հենց առաջին օրը նրա կողմից «հակապետական» անվանված (ի դեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «պետական» լրատվամիջոցը, պետք է կարծել «Ազատություն» ռադիոկայանն է, Սորոսի կողմից ֆինանսավորվող մի քանի այլ «պետական» կայքեր ևս), էլ առավել են շտապում չորրորդ իշխանության հարցում:
«Հայելի» ակումբի դեմ վայրագությունը... Ձգենք պաուզան, բացատրելու` ինչու վայրագություն, որովհետև, եթե «ձվերի ակցիան» իսկապես անշահախնդիր լիներ, նաև «գաղափարական», մինչ այդ պետք է կապտամազիկ Ասյային հռչակեր «ազգի թշնամի», մյուսներին, որոնք ադրբեջանցիների հետ բարեկամություն են քարոզում, զենքից ականջօղեր պատրաստում, կախում ականջներից, Իլհամին «կիրթ» անվանում, Ադրբեջանի համար ընդունելի որոշում որոնում, առաջին ձուն պետք է նետեին հենց նրա վրա, նոր հասնեին Հրայր Թովմասյանենց «տան շեմին»:
Ասենք ամենակարևորը. հանձնառություն ստանձնած, ազատ խոսքի վրա ձու նետած «խուլիգանները» մեծ բացթողում ունեցան հանձնարարությունը կատարելիս. նրանք մատնեցին իշխանություններին` ցուցանելով, որ ոչ թե «խաղաղ» ակցիա, այլ հետապնդում են իրականացնում` «բլթացրեցին» բուն նպատակը` «Հրայր Թովմասյանի քույրը` Անժելա Թովմասյանը, ընդհանրապես իրավունք չունի որևէ գործունեություն ծավալելու Հայաստանի Հանրապետությունում»:
ՈՒ հիմա ավելորդ է նաև արձանագրել, որ սույն ձու նետողների նկատմամբ իշխանությունը պետք է կիրառեր «ձվադրման» հոդված` տուգանք, և ոչ թե քաղաքական հետապնդման: Բոլոր դեպքերում արձանագրենք. լայնալիճ բացվեց նաև չորրորդ իշխանության հանդեպ ռեպրեսիաների Օվերտոնի պատուհանը:
Կնետվի՞ այնտեղից այդ իշխանությունը, որի «միս-արյունից» է «բաղկացած» նաև օրվա իշխողը, թե՞ հայտնի չափաբանության համաձայն` նույն ծառի ճիպոտը կքշի առաջին հերթին հենց իրեն, որովհետև, բացի մոդերացնող «բաք-օֆիսների» ճշմարտություններից. կան նաև այլ ճշմարտություններ, որոնք ոչ արագ, սակայն խիստ հետևողական ու անվրեպ գործում են ու արձանագրում` սուր վերցնողը սրից է ընկնում:
Կոդային, քվանտային այս օրերում կարծում եք զու՞ր էր, որ չորրորդ իշխանության դեմ պայքարը սկսվեց հենց «Հայելուց», որի մեջ «պերսոնը» նայել էր իրեն, գարշել ու հիմա ջարդում է այն։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ