Ցանկացած հեղափոխություն առիթ է դառնում նորամուծությունների, նոր, մինչ այդ գոյություն չունեցող երևույթների դրսևորման: Բացառություն չէր նաև թավշե հեղափոխությունը, որից հետո Երևանը դարձավ աղբակուտակ քաղաք: ՈՒ տևական ժամանակ այդպես է: Քանի որ տևական ժամանակ այդպես է, սկզբում մեր աչքերը ընտելացան դրան, այնուհետև՝ միտքը: Այսպես, մենք մեր գլխներում հեղափոխություն արեցինք և եզրակացրինք, որ դա օրինաչափություն է, որ արտառոց չէ ունենալ մայրաքաղաք՝ աղբի ու կեղտի մեջ կորած: Եվ քանի որ ընդունում ենք, թե դա այդպես պետք է լինի, որովհետև մեր պաշտոնյաները նոր են, ու պիտի թողնենք նրանք աշխատեն, և այս թեման էլ արդեն շատ է ծեծկված, անհրաժեշտ ենք համարում Երևանից տեղափոխվել մարզեր:
Հոկտեմբերի 11-15-ին Հայաստանում տեղի ունեցան ավանդական դարձած Թարգմանչաց տոնի արարողությունները: Տոնին հրավիրված էին աշխարհի տարբեր երկրներից և՛ սփյուռքահայ թարգմանիչներ, և՛ գրողներ: Բնական է, նման միջոցառում կազմակերպելու առաջին պայմանն է ուղևորվել Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Եվ քանի որ տոնը ավանդական է և կայանում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսի առաջին կեսին, չենք կարծում, որ Օշականի համայնքապետարանը կամ Արագածոտնի մարզպետարանն ու եկեղեցին տեղյակ չէին այդ մասին: Ի դեպ, տոնակատարության կազմակերպիչն ու հովանավորը, գրողների միությունից բացի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է՝ Մայր Աթոռի հետ համատեղ: Սա նշանակում է, որ միջոցառման օրվան և ժամին տեղյակ են եղել նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևորականությունը և սպասարկող անձնակազմը:
Հոկտեմբերի 12-ին՝ «Կանթեղ» թարգմանչական մրցանակի շնորհման օրը, տեղական ինքնակառավարման մարմիններից ոչ մի ներկայացուցիչ չկար Օշականում, անգամ մարզպետարանը կրթության և մշակույթի վարչության որևէ աշխատակից չէր գործուղել, սակայն խնդիրը չի սահմանափակվում դրանով: Աշտարակից Օշական ճանապարհին խոյանում է հայոց այբուբենի հուշակոթողը ¥հեղինակ՝ Ջիմ Թորոսյան¤: Թե՛ հայաստանաբնակները, թե՛ արտասահմանցի հյուրերը Օշական այցելելիս մի պահ հանգրվանում են այստեղ: Իհարկե, կոթողն իր տեղում է, սակայն կենցաղային ու շինարարական աղբը խեղդել է տարածքը: Զարմանալի է, որ չի հայտնվել մեկը տեղական ինքնակառավարման մարմիններից, որպեսզի գոնե այդ օրը տարածքն ազատել տա աղբից: Կարծում ենք՝ դա բարդ խնդիր չէր, իսկ ահա հուշակոթողի դիմացի հսկայական տարածությունը լցվում է հսկայածավալ շինարարական աղբով, իսկ թե երբ այն բարեկարգ տեսք կստանա, հնարավոր չէ պատկերացնել:
Այնքան էլ մխիթարական վիճակում չէ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շրջակայքը, որն անցյալ տարիներին անմիջապես աչքի էր ընկնում խնամված ու մշակված լինելով, փարթամ կանաչով: Այժմ գրեթե չորացել են թփերը, տառերի պուրակի ծիրանենիները, տեղ-տեղ քանդված ու դեն են շպրտված սալիկները, պուրակը գրեթե թաղված է փոշու մեջ: Չենք կարծում, որ եկեղեցու շրջապատի խնամքն իրականացնող մարդիկ կփորձեն երևույթն արդարացնել ոռոգման ջրի բացակայությամբ:
Հատկանշական է, որ Օշականում տարիներ շարունակ գործել է Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդարանը, որն այժմ տեղափոխվել է Աշտարակ քաղաք. մի՞թե դա պիտի պատճառ դառնա, որ աչքաթող արվեն եկեղեցու թե՛ ներսը, թե՛ դուրսը՝ մոռացության մատնելով, թե ինչ արժեք է ներկայացնում Օշականի եկեղեցին, անտեսելով, թե ով է թաղված հազարամյա պատերի ներսում:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ