Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը թռցրեց Պուտինի հաղթանակը

Թրամփը թռցրեց Պուտինի հաղթանակը
18.10.2019 | 14:16

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հաղորդել է, որ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում թուրքերի հարձակումը կասեցնել 120 ժամով: Դա անհրաժեշտ է, որ քրդերին հնարավորություն տան 5 օրում դուրս գալ սահմանամերձ գոտուց, որ Թուրքիան համարում է «անվտանգության գոտի»: Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Մայք Փենսը հաստատել է, որ քրդական ջոկատներն արդեն սկսել են հեռանալ: Փենսի խոսքով՝ պայմանավորվածություն կա, որ Թուրքիայի ռազմական գործողությունը չի շարունակվի, եթե քրդերը 5 օրում վերջնականապես հեռանան սահմանամերձ գոտուց: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ Անկարան ժամանակավորապես է կասեցնում իր գործողությունը: «Լիովին կդադարեցվի, երբ քրդական ուժերը ամբողջությամբ դուրս գան այդ շրջանից»՝ ասել է նա: Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրեց, որ Թուրքիայից «հիանալի նորություններ կան»: «Շնորհակալություն Էրդողանին: Միլիոնավոր կյանքեր փրկվեցին»՝ գրել էր Թրամփը: Մայք Փենսն ասել է, որ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները կհանվեն, երբ Անկարան ավարտի ռազմական գործողությունը Սիրիայում: Քրդերի ներկայացուցիչները չեն մասնակցել Վաշինգտոնի ու Անկարայի բանակցություններին և առայժմ չեն մեկնաբանել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հայտարարությունները:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինից թռցրեց Սիրիայում հաղթանակի դափնիները: Կների՞ Պուտինը Էրդողանի հերթական շրջադարձը դեպի ԱՄՆ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Անկարայից տեղեկություն է ակնկալում ԱՄՆ եւ Թուրքիայի պայմանավորվածությունների վերաբերյալ: Այսինքն՝ ինչպես հայտարարվում էր՝ Էրդողանն իր ամեն քայլը Սիրիայում չի համաձայնեցնում Պուտինի հետ:


Թուրքիան հարձակումը սկսել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնությամբ, հիմա Վաշինգտոնն ու Անկարան կնքում են սեպարատ համաձայնություն՝ խաղից դուրս թողնելով Ռուսաստանին: Անկարայում վստա՞հ են, որ Մոսկվային կօգտագործեն սեփական շահերի համար: Անպատիժ: Իսկ Սիրիա՞ն: Ճիշտ ժամանակը չէ՞, որ Կրեմլը հիշի Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը ու Անկարայից պահանջի ազատել «անվտանգության գոտին»:

Այն անվտանգության գոտին, որի ստեղծման շուրջ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պայմանավորվել են Անկարայում, ներառելու է սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանը, խոսքը վերաբերում Է միայն այն տարածքներին, որ այժմ վերահսկվում է Թուրքիան՝ հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել Է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: «Թուրքերը խոսում են անվտանգության գոտու մասին, որը նրանք իրենք կցանկանային տեսնել, եւ նրանք հենվում են այն բանի վրա, ինչ մենք ավելի վաղ արել էինք օգոստոսին, երբ անվտանգության գոտին ձգվում Էր Եփրատից մինչեւ Իրաքի հետ սահմանը»,-նրա խոսքը մեջբերել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Իսկ այժմ մենք ունենք այլ իրադրություն, երբ թուրքերը 30 կիլոմետր առաջ են շարժվել Սիրիայի հյուսիսարեւելյան տարածաշրջանի կենտրոնական մասում եւ մինչ այժմ մարտեր են մղում այնտեղ: Եվ այժմ մենք հենց դրա վրա ենք կենտրոնացնում մեր ուշադրությունը, որովհետեւ հենց այդ տեղամասն ենք մենք սահմանում որպես Թուրքիայի կողմից վերահսկվող անվտանգության գոտի»,-ասել Է Ջեֆրին: Նրա խոսքով՝ պլանով նախատեսվում է, որ քրդերն իրենց ուժերը պետք է դուրս բերեն «այն շրջաններից, որոնք այժմ վերահսկում են թուրքերը»: Փաստացի՝ քրդերը պետք Է հեռանան M4 ճանապարհից այն կողմ, որը ձգվում Է սիրիա-թուրքական սահմանին զուգահեռ: Ջեֆրին նշել Է, որ խոսքը չի վերաբերում այն տարածքներին, որոնք թուրքերն այժմ չեն վերահսկում։


Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կոալիցիայում ներառված քրդական խմբավորումները համաձայնել են ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջարկած հրադադարին՝ հայտնել է հրամանատար Մազլում Քոբանին, հաղորդում է Reuters-ը։ Քոբանիի խոսքով՝ համաձայնությունը Թուրքիային թույլ չի տա իր նպատակներին հասնել։ Նա նշել է, որ պայմանավորվածությունը վերաբերում է Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջաններին, որոնք անցնում են Ռաս էլ Այն և Էալ Աբյադ քաղաքներով։ SDF-ի ներկայացուցիչ Էլդար Հալիլը նշել է, որ հրադադարի համաձայնել են «արյունահեղությունը դադարեցնելու համար»։ Հալիլը նշել է, որ «հրադադարի պայմանավորվածությունն ուժեղ դիմադրության արդյունք է, որոնք ցույց են տվել թուրքական զորքերին և նրանց վարձկաններին քրդերը»։ Այսինքն՝ քրդերը նորից դավաճանեցին Դամասկոսին՝ լիովին «մոռանալով», որ ռուսների միջնորդությամբ Բաշար Ասադը պաշտպան կանգնեց իրենց թուրքերից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից է զվարճացել՝ հայտարարելով, որ թույլ է տվել թուրքերին ու քրդերին կռվել, որովհետև նրանք նման են երեխաների, որ կռվելու կարիք ունեն՝ գրում է Times of Israel-ը: Տեխասում իր կողմնակիցների հետ հանդիպմանը Թրամփն ասել է. «Ասացի՝ թող մի որոշ ժամանակ կռվեն: Ինչպես երկու երեխաների դեպքում, պետք է թողնես կռվեն ու հետո բաժանես: Նրանք մի քանի օր կռվեցին, և բավականին դաժան էր»: Թրամփն ընդգծել է նաև, որ մի կաթիլ ամերիկյան արյուն չի թափվել:


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Սիրիայում գործողությունների պատճառով Անկարայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կչեղարկվեն միայն տարածաշրջանում լիակատար հրադադարի հաստատումից հետո: Վաշինգտոնը միշտ կապ է պահպանում «սիրիական պաշտպանական ուժերի հետ» և օգնում դուրս բերել նրանց անվտանգության գոտի, որը գտնվում է սիրիա-թուրքական սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա: Նա նշել է՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի համաձայնագրերը ենթադրում են, որ Անկարան պարտավորվում է Քոբանի քաղաքի բնակչության դեմ ռազմական գործողություններ չիրականացնել:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում պատասխանել է իր Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը՝ հայտարարելով, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը կնպաստեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: «Պարոն նախագահ, ավելի շատ մարդկային կյանքեր կփրկվեն, եթե մենք հաղթենք ահաբեկչությանը, որը մարդկության ոխերիմ թշնամին է: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով Թրամփի թվիթերյան գրառումը, որ պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի:
Թրամփը փարատել է նաև Եվրոպայի տագնապները՝ «Իսլամական պետությունը լիովին վերահսկողության տակ է, և մենք շարունակում ենք ավելի շատ ճնշել նրանց: Մենք ունենք հրաշալի իրավիճակ»: Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակից լինել ԻՊ-ի ոչնչացմանը: «Մենք համաձայնության ենք եկել, ըստ իս, քաղաքակրթության շահերից ելնելով, որը դուրս է Թուրքիայի, Սիրիայի և բոլոր այն պետությունների սահմաններից, որոնք կարող են ներգրավված լինել այս սարսափելի պատերազմում, որը կարող է միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել: Մենք կարողացանք ինչ-որ բան անել»,- ընդգծել է նա:
Ոչ ոք չի կարող ասել՝ ի՞նչ կկատարվի 120 ժամում՝ մինչև հոկտեմբերի 18-ը, ժամաը 00-ն: Նախ հայտնի չեն Ռուսաստանի վերաբերմունքը և Սիրիայի արձագանքը, կա նաև Իրանը: Սիրիայում հերթական անսպասելի շրջադարձն է, հստակ է միայն, որ դավաճանությունը ծնում է դավաճանություն, և դա վատ հիմք է, որի վրա հազիվ թե խաղաղություն կառուցվի տևական ժամանակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ