ՈՒժեղները կարող են հանդիպել և սկզբնական փուլում
03.12.2019 | 03:17
Կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվի առաջնության վիճակահանությունը. հավաքականները բաժանվել են ըստ խմբերի (այս պահի դրությամբ այդ ընտրանիները թվով 20-ն են, մինչդեռ եզրափակչին մասնակցելու է 24-ը): Վիճակահանության մի փուլ էլ լինելու է ավելի ուշ, եկող տարվա մարտի 31-ին է ավարտվելու Ազգերի լիգայի փլեյ օֆը, որի արդյունքով չորս ընտրանի կմիանա եղած քսանին: Սակայն օրվա մեր հիմնական ասելիքը սրա մասին չէ, այլ նրա, որ խմբերից մեկը, ի դեմս 2018-ի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի, 2014-ի աշխարհի չեմպիոն Գերմանիայի, 2016-ի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ընտրանիների, հավաքել է գերբարդ կազմ: Այն արդեն իսկ տարբեր խոսակցությունների, տարընկալումների տեղիք է տվել: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Վիճակահանությունից առանձնապես ոգևորված չէ «Բավարիայի» ու ազգային հավաքականի պաշտպան Յոզուա Կիմիխը. «Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է հաղթել ընտրական խմբում ու հետո նույն խմբում հայտնվել աշխարհի 2018 ու Եվրոպայի 2016 թվի չեմպիոնների հետ»:
Միանշանակ չէ և Գերմանիայի ընտրանու գլխավորի՝ Յոախիմ Լյովի դիրքորոշումը. «Սա մահվան խումբ է: Մյունխենյան հանդիպումները կդառնան ֆուտբոլի իսկական տոն: Սպասումները չափազանց մեծ են: Մեր երիտասարդ հավաքականի համար դա կլինի իսկական փորձություն, սակայն մոտիվացիան չափազանց մեծ է: Սա ընտրական խմբում հաղթելու համար մեզ շնորհված պարգև է»:
«Մեզ բաժին է հասել ամենաբարդ խումբը, սակայն դրա հետ պիտի հաշտվել: Կարծում եմ, որ Յոախիմ Լյովն ու Ֆեռնանդու Սանտուշը նույն կերպ են կարծում», -ասել է Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը:
«Ոչ մեկը չէր կամենա Գերմանիային կամ Ֆրանսիային, -ասել է Ֆեռնանդու Սանտուշը: -Սակայն ոչ մեկը չէր կամենա և Պորտուգալիային: Պորտուգալիան վստահ է, որ կարող է խաղալ ընդդեմ ցանկացած մրցակցի: Ես կանխազգում էի, որ մեզ նման խումբ է բաժին հասնելու, ու բաժին էլ հասավ: Մենք չենք դադարել հավակնորդ լինելուց այն պատճառով, որ մեր խմբում են Ֆրանսիան ու Գերմանիան»:
Հիմա փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչպես եղավ, որ այս երեքը հայտնվեցին մի խմբում: Բանն այն է, որ որ ՈՒԵՖԱ-ն զամբյուղներն այլևս չի կազմում՝ նկատի ունենալով հավաքականների ունեցած գործակիցը, այլ առաջնորդվում է ընտրականում հավաքած միավորներով: Այն մանրամասների մեջ ներկայացնելու հարկ չկա, ուստի ընթերցողին անհարկի չծանրաբեռնենք ու բավարավենք այսքանով՝ փաստելով, որ այո, ուժեղները կարող են հանդիպել և սկզբնական փուլում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ