«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սեփականության վերաբաշխում

Սեփականության վերաբաշխում
16.12.2019 | 13:08

Ռուբեն Հայրապետյան-Խաչատուր Սուքիասյան հեռահար բանավեճը բավական ուշագրավ է։ Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը Սուքիասյանի հասցեին բավական կոշտ էր արտահայտվել՝ ներկայացնելով «Բջնի» գործարանը սեփականացնելու խնդիրը։ «Խաչատուր Սուքիասյանին և Ռուբեն Հայրապետյանին բոլորը գիտեն: Խաչատուր Սուքիասյանը ո՞նց կարա կապվի ընդհանրապես իմ հետ, որ ես զիջեմ: Դեռ 2010թ., եթե չեմ սխալվում, ասել եմ՝ եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ… Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ, ես պատրաստ եմ հենց հիմա, իմ տված փողը տող տան, հետ տամ իրենց: Ես սա հրապարակայնորեն մամուլի ասուլիսում եմ ասել: Բացի դրանից, ես, սրանից մի 2-3 ամիս առաջ էլ, Ծառուկյան Գագիկի հետ խոսում էինք, ասացի՝ ասա թող հենց հիմա փողերս տա, էլի տամ, ավել-պակաս թող չխոսի: Բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում: Եթե ես այդ գործարանը, ասենք, ուրիշ մարդու կվաճառեմ 10 միլիոն պակասով, ապա իրեն՝ մի միլիարդ դոլարով: Այսինքն՝ ի՞նչ եմ ուզում ասել. իրեն՝ երբեք: Ես մի բան էլ ասեմ:

Խաչատուր Սուքիասյանը կարող է գեղեցիկ-գեղեցիկ խոսել, կանգնի կամերաների առաջ, գիտունիկի տեսքով: Ընդամենը տղամարդ թող լինի, իր միակ տղայի հարսանիքի՝ զալը զարդարելու փողերը տանի տա: Տենց տեսակների հետ… Գիտե՞ք, ինձ համար զզվելի է արդեն, որ շարունակեմ նրա մասին խոսել»,- ասել էր նա։ Բնականաբար Սուքասյանը սա անպատասխան չէր թողել․ «Անձը, ով երեկ երեկոյան հոխորտում էր, հայտնի է իր բազմաթիվ կեղծ մատնություններով, տեսակով զրպարտիչ է, խոսք տանող-բերող: Ամբողջ կյանքում զբաղվել է միայն այդ գործով: Նա ինչ-որ աստիճանի հասնելու համար միշտ «քցել է», ինչպես նաև քծնել է ժամանակի գլխավորին: Այդ անձի տեսակին ծանոթ են նրա հետ քիչ թե շատ առնչություն ունեցողները: Այդ անձին զգուշացնում, մյուսներին բարեկամական խորհուրդ եմ տալիս, ընտանեկան թեմաների մեջ չխառնվել: Ամեն մեկը թող զբաղվի իր ընտանիքով: Կնոջը հարիր բամբասանքներին պատասխանել չեմ ցանկանում, դա իմ գործը չէ: Իր խոսքերը 50 անգամ ավել վերադարձնում եմ իրեն, սակայն մնում եմ զուսպ: Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն: Քաղաքացիներն էլ լավ գիտեն, ով եմ ես, իսկ ով է նա»։


Հակաիշխանական ու իշխանամերձ գործարարների կռիվը միշտ և այսօր եղել է սեփականության վերաբաշխման շուրջ։ Այսօր Խաչատուր Սուքիասյանը ստացել է «քարտ-բլանշ» ժամանակին իրեն պատկանող գործարանը հետ վերադարձնելու, սակայն պարզվում է, այն որքան նրան է եղել, այնքան էլ Ռուբեն Հայրապետյանին է, որովհետև այս տարիների ընթացքում վերջինս պակաս ներդրում չի ունեցել այդ գործարանը զարգացնելու ուղղությամբ։ Հիմա այս իրավիճակի միակ ելքը իրավական ճանապարհն է, բայց այս հարթությունում էլ հավասարակշռությունը խախտվում է, քանի որ իշխանամերձ գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմն է օրենքն ու իշխանությունը, դրա համար հազիվ թե իրավական հարթությունում Հայրապետյանը կարողանա շահեկան վիճակում հայտնվել։


Այնպես որ, իշխանափոխություններն առաջինը հարվածում են գործարար մարդկանց և առաջ է գալիս նրանց ունեցածը «խլելու», ետ վերադարձնելու հարցը։ Եվ վայ եկել է տարել նրան, ով օրվա իշխանության բարեհաճությունը չի վայելելու։ Նա դառնալու է թիրախ և ուր էր թե միայն սեփականությունից զրկվելու հարցով ամեն ինչ ավարտվեր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ