Պատգամավորները դեռ հանգստանում են
17.01.2020 | 00:53
Խորհրդարանականները դժվարությամբ են վերադառնում հետամանորյա խարխճանքներից, ոմանք ընդհանրապես չեն վերադարձել: Հունվարի 8-ից մինչ օրս պատգամավորների ճնշող փոքրամասնությունն է աշխատանքի վերադարձել:
«ՈՒ՞ր են ձեր գործընկերները»,- հարցրինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Դե, երևի դրսից են աշխատում, հանդիպումներ են ունենում կամ էլ հանգստանում են»,- քմծիծաղով պատասխանեց մեր զուցակիցը: Ցավով պետք է արձանագրել, որ պետությանն անմնացորդ ծառայելու խոստում տված թավշե իշխանության ներկայացուցիչները ո՛չ հանդիպումների են, ո՛չ էլ, առավել ևս, դրսից են աշխատում: Նրանք ուղղակի շրջագայում են, երկար քնում ու վայելում «վաստակած հանգիստը»: Պարտաճանաչներն իրենց աշխատասենյակներում են, նախագծեր են մշակում, բառ ու տառ փոխում օրենսդրական փաթեթների մեջ, պատահականորեն մանդատ ստացածներն էլ հարցազրույցներ են տալիս ու ազատ ֆռֆռում: Սա բնավ մեր երևակայության արդյունքը չէ, այդ մասին նրանց Facebook-յան գրառումներն ու լուսանկարներն են վկայում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եռօրյա նիստին, օրինակ, չորս-հինգ պատգամավոր էր մասնակցում, ու դա այն դեպքում, երբ հանձնաժողովը 14 անդամ ունի: Հանուն արդարության պետք է ասել՝ հանձնաժողովի բոլոր պատգամավորները երեք օրերին էլ եղել են խորհրդարանում, ուղղակի նրանցից ամեն մեկը պարբերաբար «հավես չէր ունենում» նիստին մինչև վերջ ներկա գտնվելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ