«Բարսելոնը» նոր մարզիչ ունի
17.01.2020 | 01:26
Էռնեստո Վալվերդեի «գահակալության» ժամանակը կատալոնյան «Բարսելոնում» ավարտված է։ Ընթացիկ մրցաշրջանում անվստահ ելույթները, որքան էլ լա լիգայի առաջին հորիզոնականում է (լրացուցիչ գործակիցների հաշվին է 40 միավոր ունեցող Մադրիդի «Ռեալից» առաջ), Սաուդյան Արաբիայում անցկացված Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում բացահայտ ձախողումն ակումբի ղեկավարությանը հարկադրեցին դիմել վիրահատական քայլի՝ հրաժարվել 55-ամյա մասնագետի ծառայությունից, ով այդպես էլ արդյունքի չհասավ եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր խաղարկությունում, եթե չասենք, որ երկու անգամ էլ խայտառակ ձախողեց։ Թերևս ավելորդ չհամարենք հիշել այդ ձախողումների մանրամասները։
Առաջինը 2017/2018 մրցաշրջանում էր։ Մինչև քառորդ եզրափակիչ ոչ մի պարտություն չկրած կատալոնյան ակումբը սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթում է «Ռոմային» ու, թվում է, հաջորդ փուլ դուրս գալու խնդիր չկա։ Սակայն այց Հռոմ ու ջախջախիչ պարտություն 0։3 հաշվով։
Հաջորդ վրիպումը եղավ մեկ տարի անց, միայն թե կիսաեզրափակչում։ Սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ ավելի քան համոզիչ հաղթանակ «Լիվերպուլի» նկատմամբ ու պատասխան դիմակայությունում կատարյալ ֆիասկո 0։4 հաշվով։
Այո, Էռնեստո Վալվերդեն կատալոնյան ակումբի ղեկին եղած իր երկուսուկես տարիներին թիմը ներքին առաջնությունում երկու անգամ հասցրեց չեմպիոնական բարձունքի, մեկական անգամ էլ տեր դարձրեց երկրի գավաթին ու սուպերգավաթին, սակայն եկեք խոստովանենք, որ «Բարսելոնի» տրամաչափի թիմի համար սա գոհացուցիչ ցուցանիշ չի կարող լինել, որովհետև այն ուրիշ թռիչքի թիմ է։
Ասենք, որ ակումբի ղեկավարության հետ Վալվերդեի հեռանալը վաղօրոք էր համաձայնեցված, ու այն լինելու էր մրցաշրջանի ավարտից հետո, սակայն երկրի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Աթլետիկոյից» կրած պարտությունը, երբ թվում էր, թե հաղթանակն արդեն իսկ կատալոնցիների գրպանում է, կատալիզատորի դեր խաղաց։ Ակումբի ղեկավարությունում տագնապեցին, որ թիմը նման մի անակնկալ ձախողում էլ կունենա Չեմպիոնների լիգայում (նկատենք՝ այստեղ դեռևս առանց պարտությունների է ելույթներ ունենում) ու վաղաժամկետ գնացին պայմանագրի խզման։ Դա եղավ հունվարի 14-ին, բառացիորեն երկու օր առաջ։
Հետաքրքիր է, որ առանց ժամանակ ծախսելու, ակումբի ղեկավարությունը միանգամից հայտնեց նոր նշանակված գլխավորի անունը։ Այդ մարդը Կիկե Սետիենն է, որի անունն առանձնապես շատ բան չի ասում։ Ավելին՝ 61 տարեկան այս մասնագետը ոչ մի անգամ թոփ ակումբ չի գլխավորել, ոչ մի տիտղոս չի նվաճել։ Նրա գլխավորած ակումբներից ամենահայտնին «Բետիսն» է, ուր Կիկեն հայտնվեց 2017-ի մայիսին ու որտեղից հեռացավ 2018/2019 մրցաշրջանի ավարտից հետո՝ անբավարար արդյունքի պատճառով։
Բնականաբար մենք ի զորու չենք լիարժեք գնահատական տալու այս մարզչի գործունեությանը, սակայն ակնհայտորեն բարսելոնյան ակումբի ղեկավարության համար վճռորոշ է եղել այն, որ նրա ղեկավարած «Բետիսը» ազգային առաջնության վերջին տուրում «Սանտյագո Բեռնաբեուում» 2։0 հաշվով ապտակեց «Ռեալին», ու դա նրա կողմից «արքայականին» ստորացնելու առաջին դեպքը չէր։ Նրա գլխավորած «Բետիսը» մեկ տարի առաջ էլ է նույն կերպ վարվել «սերուցքայինների» հետ։ Ճիշտ է՝ այդ անգամ նվազագույն հաշվով հաղթանակով, սակայն այստեղ ոչ այնքան խփած գոլերի քանակն է կարևորը, որքան պարտության մատնելու փաստը։
Ի միջի այլոց, Սետիենը հաճելի հիշողություններ ունի և «Բարսելոնի» հետ կապված։ Նա վերջին մարզիչն է, ով «Կամպ Նոուից» գլուխը բարձր է հեռացել. նրա «Բետիսը» «Բարսելոնի հետ 2018-ի նոյեմբերին ունեցած մրցավեճում կատալոնցիներին չորս անգամ հարկադրել է գնդակը հանել դարպասից։ Ճիշտ է՝ կատալոնցիներն էլ նույնն արել են երեք անգամ, սակայն երեքը բնականաբար չորս չէ, ու սա ձեզ կասի անգամ յուրաքանչյուր առաջին դասարանցի։
Ինչպես տեսնում եք վերը բերված փաստերից, այս մարզչի նշանակումը դժվար է միանշանակ ընկալել գոնե մեզ նման հասարակ մահկանացուների մակարդակում, սակայն ակնհայտորեն կատալոնյան ակումբի ղեկավարությունում նրա անձի նկատմամբ վստահության բարձր քվե կա, այլապես չափազանց ռիսկային է ներկայանում մինչև 2022 թվի համար կնքված պայմանագիրը։
Կատալոնիայում Սետիենին գոնե ներկա փուլի համար ակնհայտորեն համարում են իդեալական տարբերակ՝ որպես մարզիչ հասանելի է, գիտի, հասկանում է ակումբի փիլիսոփայությունը; Ի միջի այլոց ինքը մարզիչն էլ երբեք չի թաքցրել «Բարսելոնի» ցուցադրած խաղի նկատմամբ ունեցած հիացքը, հրապարակայնորեն մեկ անգամ չէ, որ բարձր է արտահայտվել կատալոնյան ակումբի խաղի փիլիսոփայությունը կառուցած Յոհան Կրոյֆի մասին, թեպետ այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Եթե լինենք օբյեկտիվ, նրա ղեկավարած «Բետիսը» ինչ-որ առումով իրենով էր արել Կրոյֆի գաղափարները՝ թիմը խաղում էր կարճ փոխանցումներով՝ շեշտը դնելով խաղի համընդհանուր վերահսկողության վրա։ Հետաքրքրական մի փաստ նշենք։ «Լեգանեսի» հետ խաղում անցած տարի «Բետիսը» գնդակի տոտալ վերահսկողություն իրականացրել է դիմակայության ողջ ժամանակի 82,5 տոկոսում։ Բացի այդ հենց ինքը՝ Սետիենն էլ համոզված է, որ կարճ փոխանցումներով մրցակցի տուգանային հրապարակին հասնելը խաղի կառուցման առավել շահավետ տարբերակ է։ Ի դեպ՝ խաղի ընկալման նման մտածողությամբ նա հիշեցնում է 2009-2012 թվականների Խոսեպ Գվարդիոլային, ով այդ ժամանակահատվածում կատալոնյան թիմի գլխավոր մարզիչն էր։
Այս և սրանց հար նման մյուս բաները նկատի ունենալով՝ կասկած չկա, որ նորանշանակ մարզիչը շատ արագ լեզու կգտնի «Բարսելոնի» ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի թիվ մեկ աստղ Լիոնել Մեսիի հետ, ինչը պակաս կարևոր գործոն չէ։ Նկատենք, որ համաշխարհային ֆուտբոլի գերաստղի նկատմամբ Սետիենը միշտ էլ ընդգծված վերաբերմունք է ունեցել, «Բարսելոնի» հետ «Բետիսի» ունեցած խաղերից մեկից հետո նրա վերաբերյալ հաճոյախոսությունների մի ողջ շարան է արել՝ արգենտինացուն հայտարարելով մեծագույն ֆուտբոլիստ՝ բարձր դասելով անգամ լեգենդար Պելեից։
Ակնհայտ է, որ Սետիենի այս նշանակմամբ վրա է հասնում նրա կյանքի աստեղային ժամը։ Հանուն «Բարսելոնում» աշխատելու, այս թիմն իր կենսագրության մաս ունենալու, նա Բարտոմեուի գլխավորությամբ գործող ակումբի ներկայիս ղեկավարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։ Նկատենք, որ Բարտոմեուի նկատմամբ վստահության սուր դեֆիցիտ կա։ Ավելին ասենք. հենց այդ պատճառով էր, որ Խավին, ով ներկայումս մարզում է քաթարական «Ալ Սադդը», հրաժարվեց «Բարսելոնը» գլխավորելուց՝ սպասելով Բարտոմեուի հեռացմանը։
Հարկ է նշել, որ «Բարսելոնի» գլխավորի պոստում ոչ պակաս ակտիվ դիտարկվում էր և Ռոնալդ Կումանի թեկնածությունը, ով ներկայումս գլխավորում է Հոլանդիայի ազգային հավաքականը։ Տեսական մակարդակում Կումանը կարծես թե անգամ դիտարկում էր երկու պոստերը համատեղելու հնարավորությունը, սակայն կատալոնյան ակումբում հոլանդացուն տեսնում էին միայն ամբողջովին իրենցը լինելու տարբերակում, իսկ Կումանը Եվրոպայի առաջնության շեմին պատրաստ չէր լքելու հարազատ երկրի հավաքականը։
Իտալական լրատվամիջոցների մատուցմամբ «Բարսելոնի» գլխավոր մարզչի պաշտոնում քննարկվում էր և անգլիական «Տոտենհեմի» նախկին գլխավոր Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը, ով Կատալոնիայում, ի դեմս «Էսպանիոլի», աշխատանքային փորձ ունի, սակայն «Բարսելոնի» ներկայացուցիչների հետ շփումից հետո արգենտինացի մասնագետը բացասական պատասխան էր տվել։
Տարբերակները որքան էլ շատ են եղել, այդուհանդերձ ճակատագիրն, ինչպես տեսնում ենք, կանխակալ է եղել Կիկե Սետիենի նկատմամբ, ու հուսանք, որ այս մասնագետն այստեղ իրապես կփայլի՝ համաշխարհային ֆուտբոլի գերակումբներից մեկի հետ դառնալով ֆուտբոլային նորանոր նվաճումների հեղինակ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ