Առանց մեզ չի լինում
24.01.2020 | 05:32
Դեկտեմբերի 22-ից ավստրիական Գրաց քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի հերթական առաջնությունը: Քաղաքը լոկ պայմանականորեն կարելի է անվանել առաջնության անցկացման վայր, քանի որ սահադաշտը գտնվում է նրա շրջագծից 14 կմ հեռավորության վրա, իրենից ներկայացնում է հարմարեցված կառույց, ավելի շատ հիշեցնում է վրանային շինություն կամ անգար: Սա նման կարգի առաջնությունների պրակտիկայում լավ էլ անսովոր բան է, սակայն կազմակերպիչները հարկադրված են գնացել նման քայլի, քանզի ձմեռային մարզաձևերի քաղաքի թիվ մեկ կառույցում՝ Eisstadion Liebenau-ում, մրցումներն անցկացնելու տարբերակը ձախողվել է այն պատճառով, որ հոկեյի թիմն այն ժամանակին վարձակալել է իր խաղերի համար ու ինչ-որ առաջնության համար հարկ չի համարել գնալ զիջումների։ Սույնը գոնե մեր ընկալման համար փոքր-ինչ անհասկանալի է, բայց երևի ճիշտը նրանք են իրենց շահերի պաշտպանությամբ։
Այս առաջնության առնչությամբ ի միջի այլոց մի բան էլ կա, որը քիչ տարընկալումների տեղիք չի տալիս։ Խոսքը վերաբերում է ողջ քաղաքը օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովայի պատկերով հեղեղած պլակատներին, սակայն կուրյոզն այն է, որ նա չի մասնակցում այս առաջնությանը։ Պատճառն այն է, որ Ռուսաստանի ընտրանիում նրա համար տեղ պարզապես չի գտնվել։ Մինչդեռ, առաջնությանն ընդառաջ, կազմակերպիչները չեն էլ կասկածել, որ մարզուհին պարզապես չի կարող չլինել Ռուսաստանը ներկայացնող մարզիկների եռյակում։ Ասենք, որ այդ եռյակում չէ և մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևան, ինչպես որ եռյակում չէ և Ելիզավետա Տուկտամիշևան։ Փաստորեն Ռուսաստանը մարտի է գնացել երեկվա երեխաներով։ Պարզապես այդ երեխաներն այնքան հասուն ու հզոր են, այնպիսի գերբարդ ծրագրերի տեր, որ մարզաձևի երբեմնի երևելիները նրանց հետ մրցակցությունից դուրս են։
Փոքր-ինչ առաջ անցնելով ասենք, որ Ալեքսանդրա Տրուսովան, Աննա Շչերբակովան ու Ալյոնա Կոստորնայան մրցակցությունից դուրս են առաջնությանը մասնակցող բոլո՛ր մարզուհիների հաշվարկով ու թե մրցակից էլ ունեն, նրանք երբևէ Ռուսաստանը ներկայացրած մարզուհիներ են, ովքեր, հույսները կտրած, որ երբևիցե կարող են լինել երկրի հավաքականում, փոխել են քաղաքացիությունն ու համալրել այլ երկրների ընտրանիները։ Մասնավորապես ռուս կանանց մենասահքի ֆանտաստիկ եռյակը կարող է փոքրիշատե դիմադրության արժանանալ Եկատերինա Ռյաբովայի, Վիկտորյա Սաֆոնովայի, Եկատերինա Կուրակինայի կողմից, ովքեր համապատասխանաբար ներկայացնում են Ադրբեջանը, Բելառուսը, Լեհաստանը։
Բնականաբար մենք մանրամասների մեջ կարող ենք ներկայացնել, թե ռուսական հրաշք եռյակի աղջիկներից որն ինչ գերբարդ տարրի էլ չէ, տարրերի է տիրապետում ու հավանաբար դրանք կներկայացնեինք, եթե լիներ մեր Եվգենյա Մեդվեդևի մասնակցության պարագան, բայց քանի որ նա չկա մասնակիցների մեջ, ձեր թույլտվությամբ փաստը չհամարենք առաջնային, մանավանդ որ այն տվյալ պարագայում ավելի շատ կհետաքրքրի մասնագետներին, իսկ նրանք առանց մեր հուշման ու հիշատակման էլ ամեն ինչ ավելի քան խորությամբ գիտեն։
Սակայն պիտի այնուամենայնիվ նշենք, որ Մեդվեդևայի բացակայության պայմաններում առաջնությանը մեդալային պայքարի առումով այնպես չէ, որ մենք մասնակցություն չունենք։ Իհարկե, վատ է, որ այն չի լինելու Հայաստանի հավաքականը ներկայացնողների մակարդակով, բայց ունենք այն, ինչ ունենք։ Եվրոպայի այս առաջնությունում Ռուսաստանի տղամարդկանց մենասահքը ներկայացնողներից մեկը մեր հայրենակիցն է՝ 16-ամյա Արթուր Դանիելյանը, որը հավաքականում հայտնվել է շնորհիվ այդ երկրի առաջնությունում բրոնզե մեդալի արժանանալու։
Իհարկե, այնպես չէ, որ Արթուրի մասին ընթերցողին ժամանակին չենք տեղեկացրել, սակայն եկեք չգնանք պատանեկան հասակում նրա ձեռքբերումների հիշատակումով, այլ միանգամից խոսենք այսօրվանից, այսօրվա ռեալությունից։ Երեկ չէ առաջին օրը եղել է տղամարդկանց կարճ ծրագիրը, մեր պատանյակը ցույց է տվել երրորդ արդյունքը։ Երեկ Արթուրն արդեն հանդես է եկել ազատ ծրագրում։ Ցավոք, առաջնությունն ավարտվել է ուշ երեկոյան, իսկ թերթի աշխատանքային ձևաչափը հնարավորություն չի տալիս ներկայացնելու արդյունքը։ Առավել անհամբերներին առաջարկում ենք օգտվել «Իրատեսի» կայքէջից, ու տա Աստված, որ ընթերցողները երջանկանան մեր տղայի հաղթական ելույթի մասին կարդալով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ