«Իրատեսի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆԸ։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կորոնավիրուսով պայմանավորված, այժմ դժոխքի միջով ենք անցնում: Կարո՞ղ էինք շրջանցել դժոխքը:
-Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով: Իսկ համավարակի դեմ պայքարի մարտավարության ձախողումները պայմանավորված են ճգնաժամային կառավարման հմտությունների անտեսմամբ, առողջապահության նախարարության ինքնաբավ կեցվածքով, մասնագիտական կարծիքներին և մոտեցումներին ցուցաբերվող խտրական վերաբերմունքով և սկզբնական շրջանի անհոգությամբ: Հակասական գնահատականները ծնում են հակասական քայլեր, որոնց սրբագրումը հավելյալ ժամանակ և մեծ ջանքեր է պահանջում: Այս ամենի հետևանքով վերջերս պարետն ընդհանրապես հանդես չի գալիս, և հրապարակային տիրույթում միայն վարչապետն է, որն անբացատրելիորեն դեռ համոզված է, որ ինքը միայնակ կարող է լուծել բոլոր հնարավոր հարցերը՝ հակահամաճարակային, առողջապահական, բժշկագիտական, տեղեկատվական, անվտանգային, սոցիալ-տնտեսական, հոգեբանական և այլն:
-Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը խոսում է կառավարական կաբինետը 100 տոկոսով փոխելու մասին: Ընդդիմության ներկայացուցիչների հիմնական դժգոհության հիմնական պատճառը համավարակի դեմ պայքարում կառավարության ձախողած աշխատանքն է: Ո՞րն է «Ժառանգություն» կուսակցություն դիրքորոշումն այս առնչությամբ:
-«Ժառանգությունը» համավարակի դեմ մղվող պայքարի ցածր ՕԳԳ-ն ուղղակիորեն պայմանավորում է կառավարության ընդհանուր գործունեության սկզբունքներով, բացառիկության բարդույթով, ցանկացած քննադատություն, այլ կարծիք իսպառ մերժելու կարծրատիպով, կադրային քաղաքականությամբ, ազգային համաձայնության և փոխգործակցության բացակայությամբ, որն օրինաչափորեն հանգեցրեց խմբիշխանության: Խմբիշխանությունը հակասում է ժողովրդավարությանը, այնինչ վարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության եկան համաժողովրդական շարժման շնորհիվ, որի գերնպատակը արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումն էր, որտեղ արժանիների իշխանություն էր հաստատվելու: Բայց հին համակարգը հաղթեց նոր ուժին, Սերժ Սարգսյանի գերվարչապետական Սահմանադրությունը և հակակշիռները ոչնչացնելու, օրենքը խմբակային նեղ շահերին ծառայեցնելու, անսխալականության, «Բաժանիր, որ տիրես» սկզբունքները հաղթեցին հեղափոխական ռոմանտիզմին: Ժողովրդավարությունը շփոթվեց ամբոխավարության հետ: Արժանիների փոխարեն ասպարեզում հաստատվեցին պատահական մարդիկ՝ անձնական հավատարմության սկզբունքով ընտրված, փորձն ու մասնագիտական գիտելիքները ծաղրի ու քամահրանքի արժանացան: Հեղափոխական խոստումները չկատարվեցին, արդարությունն ու արդյունավետությունը մոռացվեցին, սկսված գործերը մնացին անավարտ: Մենք համոզված ենք, որ համավարակը միայն արագացրեց արատավոր համակարգի ձախող ընթացքը՝ մեծացնելով հիասթափվածների ու ընկճվածների թիվը:
-Արտախորհրդարանական մի քանի ուժեր արդեն խոսում են կառավարության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, կոնսոլիդացիայի մասին: Հնարավո՞ր է՝ քաղաքական ձեր թիմը նույնպես միանա այդ պահանջին ու այս փուլում կամ համավարակի ավարտից հետո պահանջի վարչապետի հրաժարականը:
-«Ժառանգությունը» հանրային-քաղաքական քննարկումների փուլում է, մենք համոզված ենք, որ անձերի կամ նեղ թիմերի փոփոխությունը չի կարող հանգեցնել պետական համակարգի արդյունավետության վերականգնման: Հայաստանի առջև ծառացած խնդիրները կարող են լուծվել միայն ազգային համաձայնության մթնոլորտում, քայլ առ քայլ. հանրային և քաղաքական երկխոսությունը թույլ կտա մեզ չենթարկվել օտար խաղերի, Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդող քաղաքական համակարգ ստեղծել: Մեր կարծիքով, այս ճգնաժամի հանգուցալուծումը կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք կձևավորեն հանրային տրամադրությունները հնարավորինս ամբողջական արտահայտող, բազմակարծ, հստակ գաղափարախոսություններով ուղղորդվող, արհեստավարժ խորհրդարան, սակայն համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը թույլ չի տալիս դեռ խոսել նման ընտրությունների անցկացման ճանապարհային հստակ քարտեզի մասին, որի հանրային քաղաքական պատվերն արդեն ձևավորված է: ՈՒստի կարծում ենք, որ ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ հստակ նպատակներով և սկզբունքներով, մեզ կարող է մոտեցնել այդ նպատակին: Նիկոլ Փաշինյանը դեռ ունի հնարավորություն իրականացնելու հանրային այս պահանջը, եթե պահը բաց թողնվեց, ապա կձևավորվեն այն բևեռները, որոնք կկատարեն հանրության պահանջը: Սուրբ տեղը թափուր չի մնում:
-Հասարակությունը պատրա՞ստ է իշխանափոխության։
-Արտակարգ դրության պայմաններում բարդ է միանշանակ պատասխանել այս հարցին, բայց հասարակությունը փոփոխություններ է ուզում, այդ ազդակներն արդեն ակներև են: Խմբիշխանությունը կանխելու համար ընդդիմադիր ազգային-ժողովրդավարական բևեռը դեռ պետք է բյուրեղանա, պահանջարկը միշտ էլ առաջարկ է ձևավորում: Շեշտված առաջնորդներ դեռ չկան, սակայն կարևորը ոչ միայն առաջնորդներն են, այլև նրանց թիմերը և գաղափարախոսությունը: Նոր ընտրությունը լինելու է ծրագրերի և արհեստավարժ ու նվիրյալ ուժերի ընտրություն, անձնամերժության սխալներն արդեն ակներև են:
-Նիկոլ Փաշինյանը խոսում է քաղաքական ուժերի՝ աղբանոցում հայտնվելու մասին, չշեշտելով, թե կոնկրետ որ ուժի մասին է խոսքը։ Վարչապետի լիազորության շրջանակներո՞ւմ է՝ որոշել, թե որ ուժը որտեղ պետք է հայտնվի:
-Ժողովրդավարական կառավարման սկզբունքը բացառում է նման հայտարարությունները, թե ով որտեղ կհայտնվի, կարող են որոշել միայն քաղաքացիները՝ ընտրությունների ժամանակ: Կոպտությունը և անհանդուրժողականությունը ուժի նշան չեն:
-Կառավարության՝ համավարակի դեմ տարվող աշխատանքները բավարար համարու՞մ եք: Ի սկզբանե կամ այժմ ի՞նչ պետք է անեին գործադիրի ներկայացուցիչները, որ չեն արել և չեն անում:
-Ի սկզբանեի մասին խոսելն այսօր անիմաստ է, համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը անցյալ ժամանակով չի կարող կառավարվել: Իսկ ներկայումս պետք է համախմբել հանրապետության ներքին և արտաքին մասնագիտական, կառավարչական, քաղաքական ներուժը, հաշվի առնել միջազգային և տարածաշրջանային փորձը և ազգային համաձայնության մթնոլորտում գնալ առաջ՝ առանց պոպուլիզմի և խաբկանքների:
-ՈՒժային կառույցների ղեկավարների հաճախակի փոփոխությունը ձեզ անհանգստացնո՞ւմ է, կամ դա ինչի՞ մասին է խոսում: ԱԱԾ նորանշանակ տնօրենը, օրինակ, 27 տարեկանում արդեն գնդապետի կոչում ունի ու ղեկավարում է պետության համար հույժ կարևոր կառույց։
-Խիստ անհանգստացնում է, որովհետև վկայում է կառավարման համակարգի անկայունության և ճգնաժամի մասին, կադրային մասնագիտական բանկը չկա, ԱԱԾ-ն վայրիվերումների փուլում է, փաստաթղթեր են կորչում, գաղտնալսումներ կատարվում, տեղեկատվական արտահոսքեր են լինում հայտնի և անհայտ ուղղություններով: Այս ոլորտում գրչի մի հարվածով գնդապետ դարձած անձի ներուժը չի կարող բավարար լինել: Վարչապետը սխալվում է՝ կարծելով, թե անձնական հավատարմության խոստումները բավարար և անհրաժեշտ պայման են հաջողության համար, այն էլ՝ այնպիսի կարևոր և յուրահատուկ ոլորտում, ինչպիսին հատուկ ծառայություններն են: Հին մոլորություն է:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ