Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրոպացիները կորցրել են պատրանքները

Եվրոպացիները կորցրել են պատրանքները
21.06.2020 | 10:34

Դոնալդ Թրամփը ոտնահարել է միջազգային լիբերալ իրավունքի բոլոր հիմքերը: Նա քամահրանքով է վերաբերվում իր բոլոր ավանդական դաշնակիցներին, արհամարհում կամ գրոհում է մուլտիլատերալ կազմակերպությունների վրա, առաջադրում է անվտանգության իր մերկապարանոց հայեցակարգը՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում: 4 տարուց ավելի կարճ ժամանակում նա դուրս եկավ Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից, Իրանի միջուկային համաձայնագրից, ԱՀԿ-ից, Փոքր ու միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագրից:

Նա ողջունում է բրեկզիտը՝ իբրև մեծ հաղթանակ, ստիպեց վերանայել ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները, հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին՝ չզգուշացնելով եվրոպացիներին, ցանկանում էր խաղաղություն կնքել թալիբների հետ Աֆղանստանում… Կորոնաճգնաժամի ժամանակ գործում էր առանց դաշնակիցների հետ համերաշխության ու առանց նախնական զգուշացման փակեց սահմանները ԵՄ-ի առաջ: ԱՄՆ-ում G7 սամիթի կազմակերպումը, որի ժամկետը դեռ հայտնի չէ, վերջին վիճելի հարցն է եվրոպացիների հետ հարաբերություններում: «Դոնալդ Թրամփը ցանկանում է միջազգային օրակարգը ենթարկել ներքին քաղաքականությանը: Նա նաև ցանկանում է G7 սամիթը դարձնել Չինաստանի դեմ»՝ ափսոսանքով ասում է ֆրանսիացի դիվանագետներից մեկը: Կուտակված հարձակումների պատճառով Ֆրանսիան ու Գերմանիան կորցրել են համբերությունը: Ելիսեյան պալատն այլևս չի թաքցնում իր շփոթվածությունը: «Թրամփի կործանարար գործողությունների հետևում չկա ոչ մի մարտավարություն»՝ արձանագրում են դիվանագետները: Անգելա Մերկելը ապստամբեց՝ հրաժարվելով G7-ը հունիսին Քեմպ-Դևիդում անցկացնել՝ հղում անելով սանիտարական ճգնաժամին: Ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան արդեն ԱՄՆ նախագահից ոչ մի սպասելիք չունեն:


Եվրոպացիներին դուր չի գալիս «Ամերիկան ամենից առաջ» գաղափարը, անկասկած, ավելի մեծ արգահատանք է հարուցում «Դոնալդ Թրամփը ամենից առաջ» վարկածը, որ առաջարկել էր Ջոն Բոլտոնը: Լինի նոր մանրամասներ Ուկրաինայի կառավարության վրա ճնշում գործադրելու փորձերից, որ վարկաբեկող տեղեկություններ ստանա իր մրցակից դեմոկրատ Ջո Բայդենի վերաբերյալ, կամ մեղադրանքը, որ Դոնալդ Թրամփը դիմել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինի օգնությանը՝ նոյեմբերին ընտրություններում հաղթելու համար՝ նախկին խորհրդականի բոլոր այս անկեղծ խոստովանությունները կարող են ավելի շատ փչացնել տրանսատլանտյան հարաբերությունները: Եթե հավատանք Ջոն Բոլտոնին, Դոնալդ Թրամփը գտնում է, որ «զիլ կլիներ Վենեսուելան գրավելը»: Նա կարծում է, որ Ֆինլանդիան Ռուսաստանի մասն է, չգիտեր , որ Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է: Միջուկային բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ համարում է «կոմունիկատիվ վարժություններ», Չինաստանի նախագահին կոչ է անում շարունակել Սինցզյանի «վերադաստիարակության» ճամբարների շինարարությունը:


Եվրոպայի գրասենյակներում ձևավորվում է անկիրթ, գռեհիկ, ազդեցիկ ու տղայական նախագահի ընդհանրական կերպար, որին գրավում են ավտորիտար ղեկավարները և ով իր անձնական օրակարգը խառնում է արտաքին քաղաքականությանը, նրանք այլևս աջակցություն չեն հայտնում Թրամփի ոչ ուղղամիտ ոճին, ոչ աշխարհընկալմանը և նրա վերընտրութունը համարում են մղձավանջ: Ոմանք արդեն հիմա հույսեր են կապում Ջո Բայդենի ընտրության հետ: «Քաղաքական ճգնաժամի (իմպիչմենտի գործընթաց), սանիտարական ճգնաժամի, տնտեսական ճգնաժամի և սոցիալական ճգնաժամի (Ջորջ Ֆլոյդի սպանությունը) պատճառով գոլորշիացել է Դոնալդ Թրամփի գերազանցությունը հարցումներում: Արդեն կարելի է դիտարկել Բայդենի աշխատակազմը»՝ գտնում է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալին: Ջո Բայդենի մուտքը Սպիտակ տուն լավ նորություն կլիներ տրանսատլանտյան հարաբերությունների համար: Բայդենը հավատում է ավանդական ալյանսներին և մուլտիլատերալիզմին: Նա ցանկանում է ամրապնդել Եվրոպայի հետ կապերը՝ Չինաստանին ավելի լավ դիմակայելու համար: Բայց միամիտ է կարծել, որ Բարաք Օբամայի օրոք սկսված Եվրոպայից հեռացումը Ջո Բայդենի ընտրությամբ կկասեցվի: Դեմոկրատական կուսակցության թեկնածուն կապված է ՆԱՏՕ-ին ու լիբերալ արժեքներին, նա խոստացել է վերադառնալ Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին և կարող է նորից միանալ փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրին, բայց ԱՄՆ-ի հեռացումը համաշխարհային գործերից կշարունակվի, ինչպես և տարաձայնությունները Եվրոպայի հետ, ում ԱՄՆ-ը մեղադրում է, որ բավականաչափ միջոցներ չի ծախսում իր պաշտպանության վրա: Խելամիտ չէ կարծել, որ իր նախընտրական խոստումների մեծ մասը կատարող Դոնալդ Թրամփը չի վերընտրվի:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Ուրեմն աշխարհին մնում է սպասել 2024-ին, երբ Դոնալդ Թրամփն այլևս կհեռանա Սպիտակ տնից: Եվս չորս տարի՝ քաոսի ու անկայունության միջազգային հարաբերություններում, որից օգտվում է նաև, ըստ Ջոն Բոլտոնի, Թրամփի «սիրած բռնապետ» Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ-ին առայժմ փրկում է փաստը, որ Թրամփն այնքան էլ հետևողական չէ իր խոստումներում, ավելի ճիշտ՝ ամեն ինչ հարմարեցնում է իրավիճակին: Օրինակ՝ հայտարարեց Սիրիայից հեռանալու մասին, բայց նավթային շրջաններից ամերիկացիները չեն հեռացել: Փաստ է, որ ԱՄՆ-ը չունի արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ, և Թրամփը պետքարտուղարներին փոխում է՝ երբ ցանկանում է, փոխելով նաև քաղաքականությունը: Նա պարզապես լավ շարժիչ է վատ մեքենայի, որ առանց վարորդի է շարժվում: Բայց ԱՄՆ պետական կառուցվածքը այնպիսին է, որ Թրամփի շատ որոշումներ մնում են կես ճանապարհին, ու դա նրան ավելի ագրեսիվ է դարձնում: Եվրոպան 3 ու կես տարի ժամանակ ուներ սեփական քաղաքականություն մշակելու, բայց՝ չարեց, ու պետք չէ հիմա բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել ԱՄՆ նախագահին, որ վերսկսել է նախագահական քարոզարշավը, նա առաջին հանրահավաքը կանցկացնի Օկլահոմա նահանգում` կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո: Նա Թվիթերի իր էջում զգուշացրել է. «Օկլահոմայում անարխիստներին, բռնարարներին ու գողերին կվերաբերվեն բոլորովին այլ կերպ, ոչ այնպես, ինչպես Նյու Յորքում, Սիեթլում կամ Մինեապոլիսում»: Թալսա քաղաքի մի խումբ բնակիչներ և գործարարներ դիմել էին դատարան` զանգվածային միջոցառումը արգելելու կամ մասնակիցների համար դիմակները պարտադիր դարձնելու պահանջով, Օկլահոմայի Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումները: Պատկերացնու՞մ եք՝ քաղաքացին դիմում է դատարան, որ դիմակ կրի, դատարանը մերժում է: Համեմատեք Հայաստանի հետ ու... դիմակ դրեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ